«Հայերը Գերմանիայից ներողություն են պահանջում», հաղորդում է գերմանական n-tv ապրիլի 2-ին: Նույնը երեկ հրապարակել էին նաեւ մի շարք այլ աղբյուրներ, ինչպես օրինակ «Դի վելթը», «Ռայնիշե փոստը» եւ այլն: Գերմանացիները թուրքերի կարեւոր դաշնակիցն էին առաջին համաշխարհայինի ժամանակ, Գերմանիան մեղսակից է 100 տարի առաջ օսմանյան կայսրության հայերի կոտորածներին, վերապրողների ժառանգները դաշնային կառավարությունից ներողություն են պահանջում, հաղորդում է n-tvՙ ներկայացնելով իր բնութագրմամբՙ «Մերձավոր Արեւելքի հայկական ամենամեծ եկեղեցու»ՙ Դիարբեքիրի սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այիքի վերոբերյալ խոսքերը: «Իմ կարծիքով, գերմանացիներն էլ պատասխանատու են», ասել է Այիքը: Այն հանգամանքը, որ դաշնային կառավարությունը ցայսօր հայոց կոտորածները ցեղասպանություն բառով չի բնորոշել, նրա համար երկրորդական է: «Մի ներողությունը բավարար կլիներ», ասել է Այիքըՙ հավելելով, թե բարի քայլ կլիներ սուրբ Կիրակոս եկեղեցուն տրվելիք ֆինանսական օգնությունը, քանի որ եկեղեցու նորոգումը մոտ 200 000 եվրո պարտք է թողել հիմնադրամին:
n-tv այնուհետ շարադրում է, թե ապրիլի 24-ին հայերը նշում են 1915-ի ոճրագործության 100-ամյակը, որին հայերի տվյալներով 1,5 միլիոն զոհ է գրանցվել, թուրքերը ուռճացված են համարում թիվը, կտրականապես մերժելով, որ կատարվածը ցեղասպանություն էր: Բազմաթիվ երկրների խորհրդարաններ, միջազգային կազմակերպություններ հայերի տեղահանություններն ու բնաջնջումը ճանաչել են որպես ցեղասպանություն, կայզերյան Գերմանիան գիտեր ու որեւէ բան չձեռնարկեց կանգնեցնելու այն, նշում է n-tvՙ հիշեցնելով լրագրող Յուրգեն Գոթթշլիխի վերջերս լույս տեսած «Նպաստ ցեղասպանությանը» գիրքը, իսկ այդուհետՙ ապրիլի 1-ին Բեռլինում լույս տեսնող «Թագեսշպիգելի» ընդարձակ հրապարակումն այն մասին, թե Բունդեսթագում առաջիկա ապրիլ 24-ին հայտարարված նիստի նախօրեին դարձյալ կրքերը չեն հանդարտվում, քաղաքական կուսակցությունները միակարծիք չեն հայոց կոտորածները ցեղասպանություն եզրով բնորոշելու հարցում: Միություն կազմած քույր կուսակցություններիՙ Քրիստոնյա դեմոկրատական, Քրիստոնյա սոցիալական, ինչպես նաեւ Սոցիալ դեմոկրատական կուսակցության խմբակցությունների ղեկավարության, արտգործնախարարության ճնշումների հետեւանքով բանաձեւի վերնագրում նորից մերժվել է ցեղասպանություն եզրույթը, ինչին կողմ են Բունդեսթագում ներկայացված մյուս երկու կուսակցություններըՙ Կանաչներն ու Ձախերը:
Կորդուլա Էոբելի եւ Հանս Մոնաթի հեղինակած «Մեծ կոալիցիան ջնջեց ցեղասպանություն բառը» վերնագրյալ հոդվածը ապրիլի 1-ին, 2-ին արտատպել էին ընթերցողների լուրջ բանակ ունեցող գերմանական լրատվամիջոցները: Ակներեւ է, որ «ցեղասպանություն» անվանելու կոալիցիայի երկյուղը Թուրքիայի հետ կոնֆլիկտն է, գրում են գերմանացի հեղինակները: Բունդեսթագում ապրիլի 24-ին 65 րոպեանոց քննարկում է նախատեսված, եթե վերնագրում ջնջվում է ցեղասպանություն եզրույթը, ապա 2005-ին ընդունված բանաձեւն ի՞նչ վերընթերցում է ունենալու, երբ վերնագրից զատ 10 տարի առաջ ընդունված բանաձեւի տեքստում այդ եզրույթն արդեն շրջանառված է, հայերի շատ բնական հարցը ներկայացնում են նաեւ «Թագեսշպիգելի» հոդվածագիրները:
Անցյալ ամիսներին Բունդեսթագում ոչ ֆորմալ բնույթի աշխատանքային մի խումբ է ձեւավորվել, որում ընդգրկված են եղել 4 խմբակցությունների քաղաքական գործիչներՙ որոշելու, թե ցեղասպանության 100-ամյակին ինչ վերաբերմունքով են արձագանքելու:
Կանաչների պատգամավոր Չեմ Էոզդեմիրի եւ Ձախերից Պետրա Պաուի համար հստակ էր, որ ցեղասպանություն բառը պիտի արձանագրության վերնագրում տեղ գտնի: Սրան համակարծիք են եղել նաեւ բանաձեւի հեղինակ ՔԴ- ՔՍ միությունից Քրիստոֆ Բերգները (Christoph Bergner) եւ Դիիթմար Նիիթանը (Dietmar Nietan): Այնուհետ արտգործնախարարության միջամտությամբ այն հանվել էր: Հոդվածագիրները նշում են, որ Թուրքիայում հունիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ մտավախություն կա, որ սա կարող է Թուրքիայի դեմ քայլ դիտարկվել եւ որ պակաս կարեւոր չէ, Թուրքիան Իսլամական պետության դեմ պայքարում որպես գործընկեր անհրաժեշտ է Գերմանիային: Կոալիցիոն պատգամավորները ապրիլի 21-ին կրկին քննարկման են դնելու հարցը, բայց որ վերնագրում փոփոխություն կկատարվի, թերթի հեղինակներին հավանական չի թվում:
Ապրիլի 24-ին Բունդեսթագում ընդդիմադիր կուսակցությունները 3 տարբեր նախագծեր են ներկայացնելու, սակայն հնարավոր է, որ նախապես մեկի շուրջ համաձայնություն կնքված լինի: ՍԴ կուսակցությունը ներկայացնող Նիիթանը ասում է, թե անձնապես հիասթափված է, որ վճռական պահին քաջությունը չի բավարարում ասելու այն, ինչ իրականում եղել է: Բացի այդ էլ, շեշտում է պատգամավորը, անցած 10 տարիներին Թուրքիայում էլ քննարկումը փոփոխության է ենթարկվել, երբ Բունդեսթագը ցեղասպանություն ասի, մենք թիկունք կկանգնենք հասարակության այն շերտին Թուրքիայում, որոնք կողմ են առերեսմանը: Բերգների կարծիքով էլ, հստակ անվանել է պետք 100 տարի առաջ կատարվածը: Արտգորնախարարությունը այս կարծիքներին հակառակ գտնում է, որ հիշողության մշակույթը չի կարող «դրսից կամ վերեւից պարտադրվել», ինչպես իր ձեւակերպման մեջ ներկայացրել է Եվրոպայի հարցերով պետնախարար Միշայել Ռոթը (Michael Roth): «Ժամանակ եւ տարածություն է պետք, որ հասարակությունն աճի, ասել է սոցիալդեմոկրատ պաշտոնյանՙ հավելելովՙ մենք ողջունում ենք, որ հայերի անվերջ ցավը, տեղահանումն ու սպանությունը Թուրքիայում այլեւս տաբու չեն, եւ դրանց մասին հրապարակային, նաեւ քննադատական քննարկում կա: Ռոթը հիշեցրել է, որ Գերմանիայի համար կարեւոր է հայերի եւ թուրքերի միջեւ երկխոսությունը, իսկ պատմաբանների հանձնաժողովի եզրակացությունը կձեւակերպի կատարված ոճրագործությանը համապատասխան եզրույթը:
«Գերմանիան կարող է ուժեղացնել ճնշումը Թուրքիայի վրա, կարծիք է հայտնում Չեմ Էոզդեմիրըՙ տարածաշրջանում դրական տեղաշարժ գրանցելու առումով: Այդ դեպքում Թուրքիան կնորմալացնի հարաբերությունները Հայաստանի հետ, կբացի սահմանը, կարող է միջնորդի դեր խաղալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւՙ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Հայաստանին նորից Ռուսաստանի թեւի տակ մտցնելու փոխարեն, սահմանի բացումը Երեւանի համար դարպաս կարող է դառնալ դեպի Եվրոպա, շեշտել է Էոզդեմիրը:
Ապրիլի 2-ին գերմանահայոց կենտրոնական կազմակերպությունը, որ վերջին շրջանում լուռ էր, հանդես եկավ մամլո հաղորդագրությամբ: «ՔԴ – ՔՍ Միության եւ ՍԴ կուսակցության խմբակցությունների ղեկավարները ուրանում են Հայոց ցեղասպանությունը» վերնագրյալ հաղորդագրության մեջ հստակ ձեւակերպված էՙ Ֆոլքեր Քաուդերը (Volker Kauder) եւ Թոմաս Օփփերմանը (Thomas Oppermann) երկյուղում են Անկարայից: Հրապարակավ Քաուդերը հալածյալ քրիստոնյաների շահերի պաշտպան է ներկայանում, բայց երբ խոսքը քրիստոնյա Հայաստանի ցեղասպանության ճանաչման մասին է , ռեվիզիոնիստ է դառնում, ընդգծում է ԳԿԽ ատենապետ Նազարեթ Աղեկյանը ՙ հավելելովՙ անտանելի է տեսնել, թե մի Քաուդեր, մի Օփփերման Անկարայի ռեւիզիոնիստական քաղաքականությունն ինչպես են որդեգրում»: Փոխատենապետ Մադլեն Վարդյանի շեշտադրմամբՙ փոփոխությունները նաեւ արտգործնախարարության ցանկությունից են բխում, Բունդեսթագի պատգամավորները Շթայնմայերի դիրեկտիվները կատարելու փոխարեն պատասխանատու ենՙ որպես ազատ կամարտահայտության կրողներ:
Գերմանիա