VI մաս
«Հետախույզի մասնագիտությունը նյութական բարեկեցության ճանապարհ չէ»
…Դպրոց 101. Մոսկվայից – Գորկի մայրուղիով 25 կմ դեպի ձախ: Այդ ուսումնական հաստատությունը, իսկ ավելի ճիշտ՝ հատուկ նշանակության դպրոցը, հիմնադրվել է 1938թ. Դա բարձրագույն հետախուզական դպրոց է, որին ուսանողները եւ դասախոսներն անվանում էին «25 կիլոմետր», կամ ավելի կարճ՝ «Անտառ»: Այդ շինությունն իրոք անտառում է, շրջափակված կանաչ ցանկապատով: Տարբեր բաժնեմասերում տեղաբաշխված էին դպրոցի ադմինիստրացիան, լսարանները, հանրակացարանը եւ ճաշարանը: Ի՞նչ էին ուսուցանում այդ լսարաններում՝ հետախուզական մասնագիտության հիմունքները, սովորում եւ հղկում օտար լեզուների գիտելիքները եւ զբաղվում էին ակտիվ սպորտով: Եվ իհարկե, այդ դպրոցում ամենակարեւորը եւ ոգեշնչողը հատուկ կարեւորության առարկա թիվ 1-ն էր՝ « спецдисциплина 1», կամ, ինչպես ասում էին, «հատուկ կարգապահություն 1», այսինքն՝ հետախուզության հիմունքը կամ հետախուզության արվեստը:
Իհարկե, 1 տարի սովորելը 101 հատուկ դպրոցում, բավարար չէր խորը գիտելիքներ ստանալու համար, այն էլ հետախուզության պես բարդ արհեստում, սակայն այդ մեկ տարին ուսանողների մեջ կերտում էր կայուն հետաքրքրություն այդ մասնագիտության նկատմամբ, եւ ամենակարեւորը, ուսանողներն ընկալում էին, որ հետագայում իրենց տրամադրվելու է լայնարձակ հարթություն՝ նախաձեռնություն հանդես բերելու համար:
Հարկ է նշել, որ դասընթացների մասնակիցների մեծ մասը ուներ մեկից երկու բարձրագույն կրթություն, կյանքի փորձ, տիրապետում էր օտար լեզուների: Սակայն սա եւս բավարար չէր ուսուցման հիմնական նպատակի համար: Հիմնական նպատակը՝ ինֆորմացիայի աղբյուրների հավաքագրելն էր: Հետախուզության մեջ հենց սկզբից կայանում են միայն այն անձինք, ովքեր կարողանում են օգյեկտիվ եւ իրատեսորեն գնահատել սեփական հնարավորությունները, խորապես ընկալում են իրենց «արտասահմանցի զրուցակցի» հոգեբանությունը (հետախուզական դպրոցներում հաճախ պաշտոնաթող հետախույզների հրավիրում են աշխատելու ուսանողների հետ որպես հավաքագրման օբյեկտի): Հետախույզի համար անհրաժեշտ հատկանիշներն են՝ նպատակասլացություն, համառություն, կամք, համակրանք ներշնչող հատկություններ:
Ընթերցողս արդեն հասկացավ, որ խոսքը Խորհրդային հետախուզական դպրոցի մասին է, որտեղ պատրաստվել են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Իվան Աղայանցը, Վիլյամ Ֆիշերը (նույն ինքն Ռուդոլֆ Աբելը), Գորդոն Լոնսդեյլը (նույն ինքն Կոնոն Մոլոդին), Եփրատը (նույն ինքն Աշոտ Հակոբյանը), Անիտասը եւ Անրին (Գոհար Լեոնովան եւ Գեւորգ Վարտանյանը):
Այս մարդիկ (ինչպես եւ բոլոր ի ծնե հետախույզները), միշտ ապրել են ստվերում: Ստվերը միշտ նրանց կյանքի ուղեկցողն է եղել ե՛ւ հաջողությունների, ե՛ւ ձախողումների՝ հաղթանակների ու պարտությունների ժամանակ:
Այժմ մի քանի խոսք մեր հայ հետախույզների մասին: Իվան Աղայանցը աշխատել է Թեհրանում, Ֆրանսիայում, հետո Կենտրոնում, որտեղ հասավ մինչեւ գեներալ-մայորի կոչման: Նշեմ, որ այն ժամանակների համար սա հետախուզության մեջ հազվագյուտ երեւույթ էր: Աղայանցը մասնագիտական հմտությունների մի ամբողջ փաթեթ էր, ենթակաները նրա հետ աշխատում էին հեշտ եւ ներդաշնակ, խնդիրները հստակ դնելու հմտությունն էր Աղայանցին շատ օգնում: Այդ մասին է պատմում նաեւ Գեւորգ Անդրեյի Վարտանյանը, որը նրան համարում է իր ուսուցիչը: Ամեն ինչից զատ նա տիրապետում էր օտար լեզուների՝ ֆրանսերեն, պարսկերեն, թուրքերեն, որոշ չափով իսպաներեն եւ անգլերեն:
1937 թ. նա մեկնեց Ֆրանսիա, հետո Իսպանիա, ռեզիդենտուրայում աշխատելիս լուրջ փորձությունների ենթարկվեց, փրկեց Իսպանիայի կոմունիստներ Դոլորես Իբարուրիին, Խոսե Դիասին:
Հայրենական մեծ պատերազմը սկսվելուց 72 ժամ առաջ Իվան Աղայանցը օպերատիվ տվյալներ ստացավ ֆաշիստների ԽՍՀՄ սահմանը հատելու ճշգրիտ ժամկետի մասին: Պատերազմը սկսվեց եւ 30-ամյա Իվան Աղայանցը մեկնեց Թեհրան, որտեղ Իվան Ավալով ծածկանվան տակ ղեկավարեց ռեզիդենտուրան:
Այստեղ էր, որ նրա ենթական՝ «Անրին» (Գեւորգ Վարտանյանը) եւ ռեզիդենտուրայի այլ աշխատակիցները 1943թ. կանխեցին «Մեծ եռյակի» ղեկավարների դեմ պատրաստվող դիվերսիան: Օպերացիան պատրաստել էր Հիտլերյան Գերամնիայի ՍԴ-հետախուզության պետ Վալտեր Շելենբերգը եւ հայտնի «սպիավոր մարդը»՝ Օտտո Սկոցենին: Օպերացիան կոչվում էր Weitsprung (բառացի թարգմանությունը՝ հեռացատկ), խորհրդային հետախուզությունն այն անվանեց «երկար ցատկ»: Ձախողվեց ԽՍՀՄ, Անգլիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարների դեմ մահափորձը:
Կարծում եմ, շատերն են տեսել «Թեհրան-43» ֆիլմը, Գեւորգ Վարտանյանի մասին շատ չեմ խոսի, քանի որ նրա մասին կան գրքեր եւ բազմաթիվ հոդվածենր (այդ թվում եւ իմ հոդվածը «Ազգ»ում, 21 հունվարի 2019թ.): Պարզապես մի կարճ դրվագ նրա հերոսական կյանքից:
«Ամիրը» ընդունվում է Թեհրանում հետախուզական դպրոց, որը հիմնել էր Անգլիայի հետախուզությունը: Ավարտեց ամբողջ դասընթացը եւ տեղեկություններ ձեռք բերեց դպրոցի բոլոր սաների եւ շրջանավարտների վերաբերյալ: Արդյունքում Անգլիայի հետախուզության դպրոցը ձախողվեց եւ փակվեց…
Այսօր Ռուսաստանի Դաշնության «Արտաքին հետախուզության մասին» ֆեդերալ օրենքում նշված է, որ արտաքին հետախուզության ծառայության գործակալության հիմնական նպատակն է պետության օրենսդիր եւ գործադիր իշխանություններին ապահովել հետախուզական տեղեկատվությամբ, որի օգնությամբ համապատասխան որոշումներ կընդունվեն քաղաքական, տնտեսական, պաշտպանության, գիտա-տեխնիկական, էկոլոգիական եւ այլ ոլորտներում: Տեղեկատվություն, որը կօգտագործվի ինչպես ներքին, այնպես էլ երկրի արտաքին անվտանգության կոնցեպցիաներ մշակելիս: Ընդգծվում է նաեւ, որ հետախուզության գործունեությունը չի կարող ձեւավորվել անմարդկային նպատակներով (ՈվՑՌչցՎՈվվօպ ՓպսՌ), ինչպես նաեւ այն նպատակներով, որոնք նախատեսված չեն այս օրենքով:
Այստեղ թույլ տվեք չհամաձայնվել:
Այո՛, հետախուզությունը իրոք պետք է պատասխանի բոլոր այն հարցերին, որ ծագում են երկրի ղեկավարության մոտ այս կամ այն արտաքին քաղաքական որոշումներ կայացնելիս, երբեմն նույնիսկ կանխատեսելով հարցեր, որ դեռ պետության ղեկավարի օրակարգում դրված չեն:
Բայց ի՞նչ օրենքի մասին է խոսքը: Հետախուզությունը եւ օրենքները անհամատեղելի են: Այո, պետք են օրենքներ կադրերին ընտրելիս, ղեկավար նշանակելիս, ծառայողական ժամկետների վերաբերյալ, բայց ոչ արտասահմանյան երկրներում գործելու վերաբերյալ: Եթե դու հավագրում ես այլ պետության քաղաքացու, գաղտինքներ ես կորզում այլ պետության ռազմա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, ռազմա-տեխնիկական ոլորտների վերաբերյալ, այդ ի՞նչ օրենքներով ես դա անում: Այն էլ այսօր, երբ աշխարհում գրեթե քաոսային վիճակ է, պատերազմներ, աշխարհքաղաքական վերադասավորումներ, շրջափակումներ, էթնիկ զտումենր, հեղափոխություններ եւ հեղաշրջումներ, ռազմատենչ պետական ղեկավարներ, բարոյալքված հասարակություններ, վաճառված կուսակցություններ-շարժումներ-լիդերներ, ահռելի քանակության զենքի եւ զինամթերքի արտադրություն (որը սպառման կարիք ունի), պատերազմներ հրահրող եւ սատարող պետություններ, տնտեսական ճգնաժամեր, բիոլաբորատորիաներ եւ համավարակներ: Միակ բանը, որ թերեւս չկա, դա այլմոլորակայինների ներխուժումն է Երկիր մոլորակ, իսկ միգուցե մենք դեռ չգիտենք այդ մասին:
Իհարկե, վերը նշված գրեթե բոլոր գործընթացներում, ինչպես ասում են, այս կամ այն հետախուզության մատը խառն է…
Ռուսական հետախուզության կանոնակարգում նշված է նաեւ, որ հետախուզության կադրերի ընտրությունը բավականին քրտնաջան եւ նրբագույն աշխատանք է:
Հետախույզի մասանգիտությունը նյութական բարեկեցության ճանապարհ չէ: Այս ճանապարհը ընտրում են նրանք, ում համար առաջնահերթ է հայրենասիրությունը եւ քաղաքացիական պարտքը:
«Ես գտնվում եմ պայքարի կրակում: Ապրում եմ զինվորի կյանքով, ով չունի հանգիստ, քանի որ պետք է փրկել մեր տունը»:
Ֆ. Է. Ձերժինսկի
Այս տողերը պատկանում են Հոկտեմբերյան հեզափոխության առաջնորդներից մեկին, խորհրդային առաջին հատուկ ծառայության (ԹճԽ) ղեկավարին: Մեկ ուրիշ մեջբերում՝ «Երկաթյա Ֆելիքս» խոսքերից. «Մեր առջեւ ծառացած խնդիրների լուծման համար մեզ անհրաժեշտ է պողպատյա միասնություն»:
…1917թ. դեկտեմբերի 20-ի Ռուսաստանի ժողովրդական Կոմիսարների խորհրդի որոշմամբ ստեղծվեց Համառուսաստանյան Արտակարգ Հանձնաժողովը (ԹճԽ): Կազմակերպության նպատակը՝ պայքար հակահեղափոխական ուժերի դեմ: Հանձնաժողովի նախագահ նշանակվեց Լենինի ամենամերձավոր թիմակիցներից մեկը՝ Ֆելիքս Ձերժինսկին:
Ամենահետաքրքրականը այն էր, որ հանձնաժողովը ստեղծման պահին հակահետախուզական ֆունկցիաներ չուներ, լրտեսական համակարգը, որը անմիջապես սկսեց գործել նոր իշխանությունների դեմ, հեղափոխության լիդերները դեռ N1 սպառնալիք չէին համարում: Բոլշեւիկյան ղեկավարները, այդ թվում եւ Ձերժինսկին, չէին հասկացել մի պարզ ճշմարտություն, որ թշնամական դրսեւրումները կարող են ոգեշնչվել, ֆինանսավորվել եւ նույնիսկ կազմակերպվել արտասահմանյան հատուկ ծառայությունների եւ նրանց գործակալական ցանցի միջոցով: Պետք է նշել, որ Ցարական Ռուսաստանն ուներ ե՛ւ հակահետախուզություն (այդ թվում եւ ռազմական), ե՛ւ հետախուզություն:
1918թ. հունվարին, Գորոխովի 2 (թՏՐՏւՏՉՈÿ 2) փ. նորաստեղծ հատուկ ծառայության շենքի անցակետին մոտեցավ մի անծանոթ, որը պնդեց ԹճԽ նախագահի հետ հանդիպման անհրաժեշտության մասին: Նրան ներս չթողեցին, սակայն վերջինս, կանխատեսելով այդ, փոխանցեց մի փակ ծրար, նախատեսված Ձերժինսկիի համար, «հույժ գաղտնի» մակագրությամբ: Այդ փաստաթուղթը պահպանված է ՊԱԿ (Պետանվտանգության կոմիտեի) արխիվում:
Եվ այսպես, փաստաթղթի հեղինակը ոմն քաղաքացի էր՝ Շեվար ազգանունով, որը ցարական Ռուսաստանի հակահետախուզության եւ հետախուզության գործակալ էր եղել: Շատ չմանրամասնեմ փաստաթղթի էությունը, սակայն մի բան պարզվեց, որ վերոնշյալ Շեվարը բավականին մեծ փորձ ուներ ռուսական գործակալներին գերմանական թիկունք գցելու ոլորտում (1-ին համաշխարհային պատերազմի ընթացքում):
1918թ. հունվարի 13-ից ԹճԽ կազմում սկսեց գործել հակահետախուզությունը, 35 հոգանոց անձնակազմով, Շեվարի գլխավորությամբ: Հետագայում, ինչ-որ հանգամանքներում, Շեվարը մեղադրվեց հակահեղափոխական գործունեության մեջ եւ գնդակահարվեց…
1920թ. դեկտեմբերի 20-ին հիմնադրվեց ԹճԽ-ի արտասահմանյան բաժինը՝ (ԼվՏրՑՐՈվվօռ ՏՑՊպս) հետախուզությունը, 70 հոգանոց կազմով: Ղեկավար նշանակվեց ազգությամբ հայ – Դավիդով (Դավթյան) Յակով Խրիստոֆորովիչը:
Ընթորցողիս չձանցրացնելու առումով ավել չեմ խորանա պատմական փաստերի մեջ, կապված ռուսական հատուկ ծառայությունների հիմնադրման եւ ռեֆորմների հետ: Սակայն որոշ ուշագրավ իրադարձություններ խորհրդային եւ ռուս հետախույզների հետ կապված՝ կհետաքրքրեն ընթերցողներիս:
(շարունակելի)
ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Անվտանգության հարցերով փորձագետ