Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին ռուսական «Արգումենտի նեդելի» պարբերականը հիշեցնում է, որ «ԽՍՀՄ պատմության» դպրոցական դասագրքի սկզբնամասում խոսվում էր Ուրարտուի թագավորության մասին, որի ժառանգորդ հայերը հարյուր տարի առաջ իրենց բնօրրանում կոտորածների ենթարկվելովՙ սփռվեցին աշխարհով մեկ: Բոլշեւիկների օրոք Հայաստանը մանրադրամ դարձավ քեմալական Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման փորձերի ժամանակ: Առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան Թուրքիային հաջողվեց տիրանալ Արեւմտահայաստանի տարածքին:
Երկրորդ աշխարհամարտից հետո հիտլերյան կոալիցիայի պարտված անդամ Թուրքիան վերստին տնօրինեց արեւմտահայերի հողերը: «Սառը պատերազմի» պայմաններում Քաղբյուրոն չէր բարձրացնում Թուրքիայի ոճրագործության թեման, քանի որ կառչած էր մնում նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ խաղաղության ու բարեկամության գաղափարին: Մանավանդ որ Թուրքիան ԽՍՀՄ-ի հետ ուներ ընդհանուր սահման: Այսօր դա միակ փակ սահմանն է Եվրոպայում եւ կիսում է Հայաստանը: Ամեն տարի այն միլիարդավոր դոլարների վնաս է պատճառում Հայաստանին, չխոսելով առհասարակ հայերի նյութական, բարոյական, հոգեւոր անչափելի կորուստների եւ տառապանքների մասին:
1990-ականներին ամենքը իմացան այն, ինչ գիտեր եւ հիշում էր յուրաքանչյուր հայ:
Խոր Վիրապի վանքից ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա հայ-թուրքական սահմանն է, որի այն կողմում սրբազան Արարատ լեռն է:
Սուտը ոճիր է ծնում
20-րդ դարասկզբին տեղի ունեցավ մարդկության դեմ ուղղված ամենաահավոր ոճրագործություններից մեկըՙ նորագույն պատմության առաջին ցեղասպանությունը: 1895-1923 թթ. բարբարոսաբար բնաջնջվեց ավելի քան 1,5 մլն հայ, ավելի քան 1 միլիոնը դարձավ գաղթական, հարյուր հազարավոր հայեր բռնությամբ իսլամացվեցին: Ըստ էության, Արեւմտահայաստանի տարածքը զրկվեց իր բնիկ ազգաբնակչությունից: Հայ ժողովուրդը կործանման էր դատապարտված հոգեվարք ապրող Օսմանյան կայսրությունում: Իշխանության գլուխ անցած երիտթուրքերը որոշել էին վերջնականապես ազատվել հայերից:
Թուրքիայի ղեկավարությունը արդեն հարյուր տարի ցինիկորեն պնդում է, թե 1-ին աշխարհամարտի ընթացքում սպանվել են ոչ միայն հայեր, այլեւ թուրքեր: Սակայն տվյալ պնդումները հերքվում են 1895-1896 թթ. հայերի պլանաչափ բնաջնջմամբ: 1909 թ. սպանվեցին 30 հազար խաղաղ հայեր, դարձյալՙ ոչ մարտադաշտում: Թուրքիայի ներկայիս ժխտողական քաղաքականության ակունքները Աբդուլ Համիդ 2-րդի ժամանակներում են. նա Հայոց ցեղասպանության արդեն նախնական փուլում ջանում էր թաքցնել ճշմարտությունը: Այդ նպատակով կաշառվում էին լրատվամիջոցները եւ մեծ տերությունների պետական գործիչները:
Սկզբում սուլթանը փորձում էր մեղքը բարդել «վայրենի» քրդերի եւ կաշառասուն ու քրեական տարրերի վրա: Սակայն կոտորածի ծավալները եւ բանակի ու ժանդարմերիայի մասնակցությունը ապացուցում էին պետության հանցանքը: Այդ ժամանակ սուլթանը հայտարարեց, թե սեփական հպատակների հետ վարվելու եղանակը պետության «ներքին գործն» է: Սակայն ներկայիս քաղաքական գործիչները մոռանում են, որ արդեն այն ժամանակ հպատակների սպանությունը համարվում էր քրեապես պատժելի արարք:
Չկան հայերՙ չկան խնդիրներ
Պատերազմի մեջ մտնելովՙ երիտթուրքերի կառավարությունը «Մեծ Թուրանի» ստեղծման ակնկալիքներ ուներ: Ենթադրվում էր Օսմանյան կայսրությանը միացնել Անդրկովկասը, Հյուսիսային Կովկասը, Ղրիմը, Պովոլժիեն եւ Միջին Ասիան: Այդ ծրագրի իրականացումը պահանջում էր հայերի բնաջնջում:
Հենվելով Գերմանիայի ռազմական զորության վրա, «առաջադիմական» երիտթուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ Հայոց ցեղասպանության եզրափակիչ փուլին, այն էՙ հայերի լիակատար բնաջնջմանը ոչ միայն Արեւմտյան, այլեւ Արեւելյան Հայաստանում: Իսկ երբ ուրվագծվեց պատերազմում թուրքերի պարտության հավանականությունը, սկսեցին ստեր տարածել հայերի ինչ-որ «ապստամբության» մասին:
Պատերազմում Թուրքիայի կրած պարտությունը եւ Մուստաֆա Քեմալի շարժման իշխանության գլուխ անցնելը բնավ չբարելավեցին Թուրքիայի տարածքում ողջ մնացած հայ բնակչության վիճակը: Քեմալականները 1920 թ. սկզբներին Կիլիկիայում կազմակերպեցին ապստամբություն ֆրանսիական զորքի դեմ, որը հեռացավ: Մոտ 120 հազար հայեր թողնվեցին բախտի քմահաճույքին:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը համարվում է ապրիլի 24-ը, քանի որ 1915 թ. հենց այդ օրը ձերբակալվեցին հայ մտավորականության 800 երեւելի գործիչներ, որոնցից 345-ը գրեթե անմիջապես սպանվեցին:
Քարը քարի վրա չթողեցին
Առաջնորդներից զրկված ժողովրդի բնաջնջումն իրականացվում էր անասելի վայրագությամբ: Ոչնչացվեց նաեւ հայերի բնակության միջավայրը, այդ թվումՙ հոգեւոր եւ մշակութային: Ավերվեցին 66 քաղաք եւ 2500 գյուղ: Կողոպտվեց շարժական եւ անշարժ կայքը: Լիամասշտաբ ունեզրկումն արտահայտվում էր մի քանի տրիլիոն դոլարով:
Մշակութային ցեղասպանության հետեւանքով հայերը կորցրին 2350 եկեղեցի, 1500 դպրոց, հազարավոր ձեռագիր մատյաններ, արխիվներ: Արեւմտահայաստանի 52 բարբառներից շատերը անհետ կորան: Մայրաքաղաք Անիում ներկայումս եկեղեցիների թվի կրճատումը երկրաշարժի հետեւանք չէ. դրանք պարզապես պայթեցվում են, ինչպես որ պայթեցնում են իսլամիստները Սիրիայում: Ցեղասպանությունը 21-րդ դարում շարունակվում է, քանի որ 20-րդ դարում պատշաճ գնահատական չստացավ եւ ոչ ոք չպատժվեց:
Դե-յուրե ցեղասպանություն
ՄԱԿ-ի ընդունած տեսքով «ցեղասպանություն» եզրույթի հեղինակը լեհ հայտնի իրավաբան Ռաֆայել Լեմկինն է: Հայկական ջարդերը իբրեւ օրինակ օգտագործելովՙ 1944 թ. շրջանառության մեջ դրեցին «ցեղասպանություն» եզրույթը: 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովը ընդունեց «Ցեղասպանության ոճիրը կանխելու եւ դրա համար պատժելու կոնվենցիան»: Տարբեր երկրների վավերացումից հետո փաստաթուղթն ուժի մեջ մտավ 1951 թ. հունվարի 12-ին: ԽՍՀՄ-ը կոնվենցիան վավերացրեց 1954 թ.:
Ըստ ՄԱԿ-ի բնորոշման, ցեղասպանություն են այն գործողությունները, որոնք միտված են որեւէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացմանը հետեւյալ միջոցներով.
– այդ խմբի անդամների սպանությունը,
– նրանց առողջությանը լրջորեն վնասելը,
– նման խմբում մանկածնության կանխմանն ուղղված միջոցները,
– երեխաների հարկադիր հանձնումը,
– այդ խմբի ամբողջական կամ մասնակի ֆիզիկական բնաջնջմանն ուղղված կենսապայմանների կանխամտածված ստեղծումը:
Երեխաները համայնքների հիմնադիրներ
Այսօր կարելի է ասել, որ 3 մլն հայ ապրում է Հայաստանում, 7,5 մլնՙ աշխարհի 100 երկրներում: Հայկական համայնքներից շատերը ձեւավորվեցին 1895-1923 թթ., ջարդերից փրկված հարյուր հազարավոր հայերի շնորհիվ: 300 հազար հայ երեխա իսլամացվեց, 77 հազարը տեղափոխվեց տարբեր երկրներ եւ որդեգրվեց: Զանազան կազմակերպությունների ջանքերով բացվեցին որբանոցներ: Մատաղ սերունդը գոյատեւեց եւ աշխարհում բազմաթիվ համայնքների հիմնադիրը դարձավ:
1923-1948 թթ. համայնքների ձեւավորման վրա ազդեց հայերի տեղաշարժը Մերձավոր Արեւելքում: Դա պայմանավորված էր տարածաշրջանի երկրների անկախացմամբ: Սպիտակի 1988 թ. երկրաշարժից հետո հարյուր հազարավոր հայեր լքեցին Հայաստանը: Արցախի ինքնորոշման պայքարին Բաքվում, Սումգայիթում եւ այլուր կազմակերպվեցին հայկական ջարդեր: 400 հազար փախստականներ հայտնվեցին Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում: Շատերը հարազատ բնակավայրերը լքեցին նաեւ ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած տնտեսական ծանր ճգնաժամի պատճառով:
Ոճրագործությունները կրկնվում են անպատիժ մնալու պատճառով: Հայերի կրած վերականգնելի կորուստները պետք է վերականգնվեն, իսկ անվերականգնելի ամեն բան պետք է փոխհատուցվի:
Որեւէ մեկը հաշվե՞լ է, թե քանի միլիոն երեխա չի ծնվել հարյուր տարում: Հաշվե՞լ են արդյոք անպաշտպան կանանց եւ որբերի տառապանքները: Չնայած հսկայական զոհերին, հայ ժողովուրդը հաղթեց մահվանը: Աշխարհի հարյուր երկրներում արմատներ ձգելովՙ հայերը դարձան ուժեղ եւ ինտելեկտուալ ազգ, միավորեցին Հայրենիքը, Սփյուռքը եւ Արցախը: Հայերը միավորվեցին, որպեսզի պայքարեն մարդու եւ ազգի իրավունքների, ժառանգության իրավունքի, հիշելու եւ հիշեցնելու իրավունքի համար, որպեսզի ոչ մի երկրում չլինի ցեղասպանություն:
2015 թ. ապրիլի 23-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին հատուկ պատարագով սրբադասեց Մեծ եղեռնի անմեղ զոհերին, որոնք նահատակվեցին «հանուն հավատի եւ հայրենիքի»: Ապրիլի 24-ը հռչակվեց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օր:
Առերեսվել պատմությանը
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում 1995 թ. բացված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրերի համար կազմակերպում է էքսկուրսիաներ, ընդունում ՀՀ այցելող տարբեր երկրների աշխարհիկ ու հոգեւոր առաջնորդներին եւ պատվիրակություններին: Աշխատակիցները մշտապես հավաքում, վավերագրում եւ ներկայացնում են Մեծ եղեռնի հետ կապված նյութեր: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքերով, գիտական հաստատությունն ունի հումանիտար եւ էթիկական նպատակներ: Հայոց ցեղասպանության ճանաչումը նախ եւ առաջ կարեւոր քայլ է ապագայում նման ողբերգություններ թույլ չտալու առումով: Թանգարանն ունի նաեւ մեկ այլ առաքելություն. թեեւ այսօրվա Թուրքիայում ցեղասպանությունն արգելված թեմա է, բայց այդ երկրի քաղաքացիները «երբեւիցե այստեղ կառերեսվեն սեփական պատմությանը»: