ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ «Ամարաս» հրատարակչությունը վերահրատարակել է Զ. Բալայանի «Ցավ» վավերագրական վեպը հայ հոգեւորականի որդու ողբերգական ճակատագրի մասին, ում աչքերի առաջ թուրք բարբարոսները սրատել են նրա ողջ տոհմը հենց 1915 թ. ապրիլի 24-ին
Հայ եկեղեցու առաջնորդ Վազգեն Առաջինի ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ ես ակնարկ եմ գրել հոբելյարի մասին: Ընթերցողն ինձ կների, եթե դրանից մի չափազանց մեծ հատված մեջբերեմ: «Ստեփանակերտում մեր տանը կախված են իմ նախապապ Տեր Հովհաննեսի եւ իմ նախատատ Շողակաթի դիմանկարները: Պապիս հագին հայ եկեղեցականի սեւ սքեմ է: Եվ գուցե հենց այդ պատճառով եմ ես միշտ որոշ ակնածանքով վերաբերվել հոգեհարազատություն եւ ջերմություն ծնող խստաձեւ սքեմով հանդերձված հոգեւորականներին: Եվ սակայն, վաղ մանկությունից ես գիտեի, որ մենքՙ հայերս ունենք մի ամենա-ամենա գլխավոր հոգեւորական, որին մեծարում են որպես Ամենայն Հայոց կաթողիկոս: Որքա՜ն լայն ու ծավալուն է աշխարհագրորեն հնչում «ամենայն հայոց» բառակապակցությունը: Եվ իհարկե, չէի կարող իմանալ ու գուշակել, թե ինչ-որ ժամանակ ոչ միայն տեսնելու եւ ծանոթանալու եմ բոլոր հայերի Կաթողիկոսի հետ, այլեւ, եթե կարելի է այդպես որակել մեր փոխհարաբերությունները, բարեկամանալ նրա հետ: Իսկ ամեն ինչ սկսվեց անմոռանալի Սիլվա Կապուտիկյանի տանը, 1979 թվականի հունվարի 19-ին: Նշում էինք նրա վաթսունամյակը: Սեղանի գլխին նստած էր ինքըՙ Նորին Սրբությունը…»:
Այդ հիշարժան երեկոյին Վեհափառը, որսալով հարմար պահը, անսպասելիորեն, ոչ միայն ի զարմանս ինձ, այլեւ Սիլվայի եւ նրա բոլոր հյուրերի, փորձառու մասնագետ-գրականագետի տոնով խոսք բացեց «Ցավ» գրքի մասին: Դա բաժակաճառ չէր, դրվատանք չէր եւ ոչ էլ իմ վիպակին գնահատական տալու փորձ: Դա կրքոտ ցանկություն էր արծարծելու սփյուռքի թեման հայերի կոնկրետ կերպարների միջոցով, որոնք ցեղասպանություն էին վերապրել: Իսկ առիթ էր ծառայել «Ցավ» գրքի հերոս Բագրատի կոնկրետ կերպարը, որը, թվում էր, իր ողջ էությամբ հանդերձ, վերջիվերջո, պետք է վերադառնար հայրենիք: Բայց իրական կյանքում այնքան էլ հեշտ չէր դա իրագործել: Վեհափառը գտնում էր, որ սփյուռքը միշտ չէ, որ քանակ է, այսպես ասածՙ թվաբանություն չի, որը թույլ է տալիս համայնքներ կամ գաղթօջախներ ստեղծել իրենց հասարակական, համարյա պետական կառույցներով: Մի խոսքով, սփյուռքը ոչ միայն մեծ եւ փոքր գաղութներն են, այլեւ երբեմն ընդամենը մեկ մարդ, որը կորցրել է հայրենիքը, ընտանիքը, տունը, նախնիների գերեզմանները: Նման դեպքերում միայնակ գաղթականի համար ամենադժվարը սեփական ինքնությունը պահպանելն է: Այսինքն, տվյալ դեպքում, հայ մնալը: Իր մեջ հային պահպանելը:
Անսպասելիորեն Նորին Սրբությունը հայացքն ուղղեց ինձ եւ, հասկացնել տալով, որ տեղը ու ժամանակը չէ այդքան կարեւոր թեմա արծարծել, քանզի մեր ողջ ուշադրությունը պետք է հատկացնենք միայն ու միայն անվանակոչուհուն, առաջարկեց, ես կասեիՙ որոշ հրամայական տոնով, որպեսզի մոտ օրերս Էջմիածնում այցելեմ իրեն:
Հյուրերն այնքան էլ չհասկացան, թե ինչի մասին էր խոսքը, եւ Սիլվան շտապեց օգնության գալ Կաթողիկոսին: Նա ասաց, թե անձամբ ինքն է Վեհափառին հանձնել իմՙ պատկերազարդումներով հարուստ գիրքը, ընդգծելով մանրամասները: Նշեց նաեւ, որ վիպակի գլխավոր հերոս Բագրատը ահավոր ողբերգությունը վերապրել է հենց 1915 թվականի ապրիլի 24-ի չարաղետ օրը: Նրա աչքի առջեւ թուրքերը մորթել էին նրա ողջ ընտանիքին: Իսկ նա, մի ոտքը կորցրած, բախտի կամոք հայտնվել էր աշխարհի ծայրին:
Ես երբեք չեմ մոռանա Սիլվա Կապուտիկյանի տանն անցկացրած այդ երեկոն: Այն ժամանակ ես իհարկե չգիտեի, որ անցնելու են դժվարին տարիներ, եւ ճակատագիրս սերտ ու ամուր միաձուլվելու է իմ երկու մեծ հայրենակիցների, համաժամանակակիցների ճակատագրերի հետ, ովքեր այդ աստիճանի բարձրացրին մեր հայրենիքի, մեր ժողովրդի հեղինակությունն ու պատիվը. մեծ հոգեւորականի եւ մեծ բանաստեղծի:
Երկու օր անց ես առաջին անգամ ոտք դրեցի Մայր աթոռ: Հետագայում ես շատ անգամներ, մենակ կամ հյուրերի հետ, ներս մտա սրտիս թանկ այդ շեմից: Սակայն այն առաջին հանդիպումն ինձ համար հիրավի պատմական էր:
Նորին Սրբության սեղանին դրված էր իմ գիրքը: Որսալով իմ հայացքը, աշխատասենյակի տերը, ինչպես ասում են, առանց դեսուդենի սկսեց.
Բագրատի ճակատագրի մասին ձեր վիպակը գրելիս, դուք դժվար թե ի սկզբանե մտածած լինեք, թե ակամայից միաժամանակ բացահայտելու եք մեզ համար չափազանց կարեւոր թեմա: Ես կասեիՙ սփյուռքի մասին եզակի թվով: Մեկ բան են մեծ խմբերը, որոնք մեկնում են վաղուց բնակեցված, յուրացված վայրերՙ հայկական եկեղեցիներով, դպրոցներով: Այլ բան է, երբ իրենից անկախ օտարության մեջ է հայտնվում մի ընտանիք կամ մի մարդ: Սփյուռքում միայնակ մարդու համար ամենաողբերգականն այն է, որ նա աստիճանաբար եւ շոշափելիորեն ոչ առանց ցավի, հոգով զգում է, թե ինչպես է դանդաղորեն իր մեջ մեռնում հայը: Մեռնում է Հայ Առաքելական եկեղեցու զավակը: Մեռնում է լեզուն:
Եվ կրկնեց.
Լեզուն, լեզուն…Չէ՞ որ մարդն ապրում է հիշողությամբ, ոգով, նաեւ զգացմունքներով: Բացի ամենայնից, նա կենդանուց տարբերվում է նաեւ նրանով, որ ունի ոչ թե պարզապես զգացմունքներ, այլեւ զգայունակություն, որը երկու բեւեռ ունի: Լավ հայտնի է, որ ուրախությունը եւ վիշտը, երջանկությունը եւ դժբախտությունը զգայունակության հակադարձ բեւեռներն են: Ձեր Բագրատը հայտնվել էր այնպիսի իրավիճակում, երբ հաստատ ու հստակ գիտակցում էր, որ դժվար թե կարողանար ինչ-որ ժամանակ վերադառնալ տուն: Եվ ոչ միայն այն պատճառով, որ խլել էին նրա տունը, աչքի առջեւ կոտորել բոլոր հարազատներին, խլել բուն հայրենիքը: Նա հայտնվել էր աշխարհի ծայրին, որտեղ անդամահատեցին նրա ոտքը, որի վրա կրակել էր թուրքը… Մի ոտքից զուրկ մարդը լավ էր գիտակցում, որ շնասահնակից կամ եղջերվասահնակից զատ ուրիշ փոխադրամիջոց գոյություն չունի: Եվ դա այն դեպքում, երբ նա հայրենիքից հեռու էր գտնվում կես հասարակածի չափով: Բայց կյանքը կյանք է: Քանի դեռ բաբախում է սիրտդ, պետք է ապրելՙ մնալով մարդ: Առավելեւս, որ խոսքն, այսպես ասած, տոհմական հոգեւորականի մասին է…
Ձերդ Սրբություն, Վեհափառ, բավական բարձր ասացի ես, առանց մտածելու, որ ինձ թույլ եմ տալիս ընդհատել իրենՙ Ամենայն հայոց կաթողիկոսին, դուք ապշեցնում եք ինձ: Այնպիսի տպավորություն է, թե ինձ հետ խոսում է պրոֆեսիոնալ գրաքննադատ, գրականագետ…
Նա լայն ժպտաց, անսովոր փայլեցին խոշոր, սեւ աչքերը, ձեռքով շոյեց թավ, ճերմակ մորուքը եւ, չթաքցնելով իրեն համակած ուրախությունը, մեղմաձայն ասաց.
Իրականում չեք էլ սխալվում:
Ես լռում էի, չհասկանալով, թե ինչ նկատի ուներ: Վեհափառը նորից ժպտաց եւ կրկնեց.
Դուք չեք սխալվում, քանզի աշխարհիկ կյանքում ես եղել եմ, ինչպես դուք եք ասում, գրաքննադատ, գրականագետ: Վերջիվերջո, չէ՞ որ ավարտել եմ Բուխարեստի համալսարանի գրականության եւ փիլիսոփայության ֆակուլտետը, դասավանդել եմ հայկական դպրոցներում: Թողարկել եմ «Հերկ» գրական ամսագիրը, գրականագիտական աշխատանքներ եմ տպագրել շատ պարբերականներում: Քչերը գիտեն, որ ես մենագրություն եմ գրել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի մասին:
Առաջ անցնելով ասեմ, որ ինձ համար ինչ-որ անհավատալի, անսպասելի այդ տեղեկատվությունը ջերմ ու խոր նստվածք թողեց հոգուս մեջ: Եվ մենք, «Լիտերատուրնայա գազետա»-ի աջակցությամբ, այն ժամանակ կազմակերպեցինք այդ եզակի գրականագիտական աշխատության թարգմանությունը եւ տպագրեցինք «Դրուժբա նարոդով» ծավալուն ամսագրում: Հիշում եմ, թե ինչպես այդ ժամանակից ի վեր Հայաստան այցելող գրական եւ ընդհանրապես մշակույթի գործիչները անպայման ցանկանում էին այցելել զարմանալի հայ հոգեւոր առաջնորդին: Եվս մեկ մանրամասն. Հայաստանի Գրողների միության երկարամյա նախագահ Վարդգես Պետրոսյանը որոշեց Վեհափառի այդ գրական ճանաչվածության խորապատկերին նրան ընդունել ԽՍՀՄ Գրողների միության շարքերը: Բայց կաթողիկոսը կտրուկ հրաժարվեց: Եվ երբ Նորին Սրբությունը նկատեց, թե որքան ծանր է Վարդգեսը տանում այդ մերժումը, որպես արդարացում ներկայացրեց մի զարմանալի փաստարկ. «Բավական է եւ այն, որ դեռեւս նախքան Հայաստան գալը ինձ հանդիսավոր պայմաններում արժանացրին Ժոլիո-Կյուրիի անվան Խաղաղության միջազգային մրցանակի»:
Իսկ հիմա վերադառնանք ձեր վիպակի հերոսին, մեր Բագրատին,ասաց Վեհափառը: Իհարկե, ամենից հուզիչն այն է, որ այդ հայի անունով աշխարհի ծայրին, հեռավոր ու ցուրտ տունդրայում մի ողջ ավանի բնակիչներ հացը կոչել են բագրատ: Իրոք, սիրտդ ջերմանում է, երբ կարդում ես այնպիսի անսովոր բառակապակցություններ, ինչպեսՙ «թարմ բագրատ», «համեղ բագրատ»: Սակայն դա առանձնահատուկ թեմա է: Իսկ ես ցանկանում եմ այլ բանի մասին խոսել: Հենց Բագրատի մասին, որպես հայի, հայ հոգեւորականների զավակի, թոռան, ծոռի: Հրեշավոր ողբերգությունից հետո նա հայտնվեց բոլորովին այլ աշխարհում, որտեղ, ինչպես դուք եք գրում, բնիկների բառապաշարում չի եղել «հաց» բառը: Որտեղ երկար ու ձիգ տասնամյակների ընթացքում Բագրատը հաճախ տեսնում էր նույն երազը, թե ինչպես են թուրքերն իրեն կապում սյանը, որպեսզի կարողանա տեսնել, թե ինչպես են սպանում իր հորը, մորը, կնոջը, երկու երեխաներին եւ ապա հրացանն ուղղում իր ոտքին եւ սեղմում ձգանը: Դա այն բանի համար, որ չկարողանա տնից դուրս գալ եւ շարունակի նայել իր հարազատների դիակներին: Բագրատի կյանքի այդ պահը համարում եմ, կարելի է ասել, ապրիլի քսանչորսի իմաստի եւ էության հավաքական պատկեր: Եվ ես համաձայն եմ Բագրատի հետ, երբ վերապրելով այդ ողջ սարսափը, շատ տասնամյակներ անց հեռավոր երկրում զրուցելով իր հայրենակցի հետ, նա ասում է (Վեհափառը վերցրեց «Ցավ» գիրքը, բացեց էջը, որ նախապես նշել էր թղթով եւ սկսեց կարդալ). «Այն ժողովուրդը, որը հրաշքով փրկվել է կործանումից, չպետք է ապրի միայն տառապանքներով: Իհարկե, չի կարելի նաեւ մոռանալ անցյալը: Ավելին, պետք է միշտ գործուն կերպով հիշել նրանց մասին, ովքեր դարձան ցեղասպանության զոհեր: Սակայն միշտ վրա է հասնում այն ժամանակը, երբ արդեն պետք է ուսերից նետել սգո հանդերձները, պետք է գիտակցել, որ վերածնունդն անիմաստ է առանց գեղեցկության եւ առողջության, առանց երաժշտության եւ խրոխտ երգի…»: (Վեհափառը եւս մի քանի էջ թերթեց եւ շարունակեց). «Բագրատի համար հիշողությունը եւ ցավը պայքարի յուրօրինակ զենք են»: Ահա թե ինչ է նա ասում. «Երբեք չհավատաք նրանց, ովքեր ասում են, թեՙ մոռացեք ողբերգական անցյալի մասին, մի փորեք վերքերը, որոնք ցավ են առաջացնում: Դա ճիշտ չէ: Դա, ես կասեի, վտանգավոր սխալ է: Ցավը, եթե կուզեքՙ հիշողություն է»:
Նայելով նրա խոշոր, սեւ աչքերին, ճերմակ ու խիտ, խնամված մորուքին, բարձր ու լուսավոր սոկրատյան ճակատին, ես մտածեցի, որ ինձ հետ խոսում էր ոչ միայն Ամենայն հայոց կաթողիկոսը, Հայրապետը, Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդը, այլեւ ականավոր գրականագետը, տաղանդավոր գրաքննադատը, փիլիսոփան: Այդ նրաՙ մեր Կաթողիկոսի մասին են ասված իմաստունի խոսքերը. «Ծնվել է, որ ճշմարտություն որոնի, եւ ոչ թե տիրի դրան»: Նա գտավ ճշմարտությունը. «Սփյուռքի յուրաքանչյուր հայ հերոս է, որի մահը նման է արեւամուտին»: