Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհն օգտագործում է ռազմամթերք տեղափոխելու նպատակով: Այս մասին հաղորդում է Արցախի ՆԳ նախարարությունը:
Այս թեզն առաջ տանելով` ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը, հող նախապատրաստում իր հերթական սադրանքն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնելու համար:
ՆԳ նախարարությունը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծելու, որ Շուշին շրջանցող անտառային ու լեռնային ճանապարհով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ իրականացվում է քաղաքացիական անձանց տեղաշարժ և հումանիտար բեռների փոխադրում: Հաշվի առնելով այդ ճանապարհի աշխարհագրական դիրքը՝ երթևեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է իբրև ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող մեքենաներ:
Մինչ Ադրբեջանը կեղծ լույսի տակ մեղադրում է հայկական կողմին զենք-զինամթերք տեղափոխելու մեջ, երեկ՝ մարտի 23-ին և այսօր առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողի այգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ:
Տուժողներ չեն եղել: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: