2021 թվականի ամռանը Բաքվի դատարանը հայ 13 զինծառայողների դատապարտեց վեց տարվա ազատազրկման: Նրանց մեղավոր ճանաչեցին ահաբեկչության, անօրինական կերպով զենք ձեռք բերելու ու կրելու, սահմանն ապօրինի հատելու, ինչպես նաեւ «զինված կազմավորումներ» ստեղծելու մեջ:
Ապակե վանդակում դատավճիռը լսում էին այն զինծառայողները, որոնց շրջապատել եւ կալանել էին նոյեմբերի վերջին՝ արդեն ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Նրանք պոստի էին կանգնած Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հինթաղլար (Հին Թաղեր) գյուղում… Այնտեղից վերադառնալիս դեմ էին առել ադրբեջանցիների: Մոտ 60 հայեր գերի էին ընկել:
Ո՞ւր են ահետացել գերիները
Բաքուն հաստատում է, որ Ադրբեջանի տարածքում գերի է հայ 33 զինծառայող: Բայց Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ասում է, որ այդ թիվն ամենայն հավանականությամբ իրականությանը չի համապատասխանում: «Մենք անհետ կորած զինծառայողների ցուցակները փոխանցել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպութուններ: Ադրբեջանը հաստատել է, որ այդ մարդկանց մի մասը՝ հենց 33 հոգի, իրենց մոտ են: Բայց ո՞ւր են այդ դեպքում մյուսները»,- հարցնում է Թաթոյանը:
Հայաստանը համարում է, որ Ադրբեջանում կարող է լինել եւս 80 մարդ: Մարդու իրավունքների նախկին պաշտպանն ավելացնում է. «Մենք չգիտենք նրանք որտեղ են. կամ նրանք սպանվել են, կամ նրանց ինչ-որ տեղ պահում են: Չկա ոչ մի միջազգային մեխանիզմ [որը կօգներ պարզել ճշմարտությունը]: Կա միայն Կարմիր խաչը, բայց նրանց աշխատանքը խորհրդապահ բնույթ ունի, եւ նրանք հնարավորութուն չունեն ստուգելու այն բոլոր տեղերը, որտեղ կարող են պահվել այդ մարդիկ»:
Իրավաբան եւ ՄԻԵԴ-ում գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը պարզաբանում է, որ իրավապաշտպանները երկար ժամանակ աշխատել են՝ ստուգելով այն տեսանյութերը, որոնցում պատկերված են հայ զինծառայողների ձերբակալության պահերը: Համացանցում տեղադրված այդ տեսանյութերը թույլ են տալիս անվանապես ճանաչել եւս 80 մարդու (բացի Ադրբեջանի ընդունած 33-ից), որոնք գերի են վերցվել Արցախում:
«Փաստացի այս մարդիկ համարվում են անհետացած, քանի որ նրանց գերեվարված լինելը չեն ճանաչում ադրբեջանական իշխանությունները: Սակայն, չնայած այդ տեղեկությունը հաստատելուց նրանց հրաժարվելուն, կան գերեվարման փաստը հաստատող բավարար թվով տեսագրություններ»,- համոզված է Սահակյանը:
«Ինչպես աշխարհի բոլոր ծնողները, մենք ուզում ենք, որ մեր երեխան տանը լինի: Դա ազգության հարց չէ, դա մարդկայնության հարց է,- ասում է (գերու ծնող) Ալեքսան Մարտոյանը: – Բայց գործող պաշտոնյաներից ի պատասխան մենք լսում ենք միայն խոստումներ…»:
44-օրյա պատերազմի ավարտից ի վեր Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 173 գերի զինծառայողների:
Ադրբեջանում՝ «ահաբեկիչներ»
Ադրբեջանը հայ զինծառայողներին ռազմագերիներ չի համարում: Իբրեւ թե քանի որ նրանք վերցվել են այն բանից հետո, երբ Ադրբեջանը, Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել էին մարտական գործողությունները դադարեցրած եռակողմ հայտարարությունը, նշնակում է նրանց գերիներ համարելու հիմքեր չկան:
Ադրբեջանական մամուլը նրանց համարում է ահաբեկիչներ:
«Բաքուն քրեական գործեր է հարուցում՝ ձեւացնելով, թե հակամարտությունն իբր սպառվել է: Բայց հակամարտությունը շարունակվում է: Կրակում են ամեն օր. այդ ամենը շարունակվում է, դա նաեւ Միջազգային Կարմիր խաչի պաշտոնական տեսակետն է: Հետեւաբար այդ բոլոր մարդիկ միջազգային մարդասիրական իրավունքով ռազմագերիներ են, այլ ոչ թե հանցագործներ»,- ասում է Արման Թաթոյանը:
Բաքվում վերջին հակամարտության ակտիվ փուլն ավարտված են համարում, ինչպես նաեւ վկայակոչում են այն իրողությունը, որ միջազգային իրավունքը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք: Հենց այդպես է Ադրբեջանը բացատրում հայ զինծառայողների դեմ դատերը:
Ադրբեջանցի իրավապաշտպանների խոսքերով, զինծառայողների դատավարություններն ընթացել են իրավական նորմերի խախտումներով:
Իսկ սոցիալական ցանցերում, երբ խոսք է լինում ռազմագերիների մասին, ադրբեջանցի մեկնաբանները գործածում են երկու կաղապարային բանավիճային հնարք. կամ պնդում են, թե ռազմագերիների հետ կապված պատմությունը «փչոց է», կամ փոխում են թեման՝ դատողություններ անելով հայերի կողմից ադրբեջանական քաղաքների օկուպացիայի ու ավերման եւ Խոջալուի ողբերգության մասին: Սակայն մասնավոր խոսակցություններում բաքվեցիները հաճախ ասում են. «Լավ կլիներ նրանց բոլորին բաց թողնեին: Եվ ընդհանրապես՝ բավ է կռվենք»:
Առեւտրի առարկա
Այդ դեպքում ինչի՞ համար են պետք Ադրբեջանին այդ մարդիկ:
Փորձագետները համարում են, որ գերի զինվորներն Ադրբեջանի համար առեւտրի առարկա են: Սկզբում Բաքվում ասում էին, թե զինծառայողներին Հայաստանին չեն տալիս, որովհետեւ Երեւանն, իբր, չի կատարում եռակողմ համաձայնության պայմանները. խոսքն ականապատ դաշտերի քարտեզները տալու Հայաստանի խոստման մասին էր: Հայաստանն այնուամենայնիվ տվեց քարտեզները, բայց դրանք ոչ բոլորն էին արտացոլում ականների ռեալ իրավիճակն այն տարածքներում, որոնք Ադրբեջանը վերադարձրել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում: Իրավապաշտպան եւ ղարաբաղյան հակամարտության պատմաբան Արիֆ Յունուսի խոսքերով՝ հայ զինվորները, 44-օրյա պատերազմի ժամանակ շտապով նահանջելով, պարզապես չեն հասցրել արձանագրել իրենց տեղադրած ականների տեղերը:
«Գերիները հարկավոր են [քաղաքական] ժեստերի համար, օրինակ՝ երբ տարածաշրջան էր եկել ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչը, մերոնք [Ադրբեջանի իշխանությունները] ժեստ արեցին՝ հանձնեցին 15 մարդու,- ասում է փորձագետը՝ համարելով, որ քարտեզներն ընդամենը պատրվակ էին: – Այդ ժամանակ Ադրբեջանը որոշեց [բարի կամքի] ժեստ ցուցաբերել ամերիկացիների համար, առանց որեւէ քարտեզների»:
Նրա խոսքերով՝ հայ գերիներին Ադրբեջանը կարող է պահել նաեւ Հայաստանի հետ բանակցություններում իր դիրքերն ուժեղացնելու համար: Դրանով է, նրա խոսքերով, բացատրվում թե ինչու Ադրբեջանը այսքան երկար ժամանակ ոչ ոքի չի վերադարձրել. բանակցային գործընթացում առայժմ դադար է:
- Շարունակվում է նաեւ իրենց բնապահպան ակտիվիստներ կոչողների կողմից Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող գլխավոր ճանապարհի շրջափակումը, որը, ղարաբաղյան հակամարտության բրիտանացի մասնագետ Լոուրենս Բրոերսի խոսքով, ռազմագերիների հետ մեկտեղ եւս մի գործիք է, որով Ադրբեջանը հույս ունի հասնելու իր ուզածին:
Քաղաքականության պատանդները
Այն ժամանակ, երբ շարունակվում է Ղարաբաղի շրջափակումը, գերիների հանձնման գործընթացը կանգ է առել: Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ դա հաստատում է այն փաստը, որ Ադրբեջանը «քաղաքականացնում է այդ հարցերը»:
Այն, որ զինվորականները մինչեւ այժմ դեռ գերության մեջ են, ասում է Լոուրենս Բրոերսը, վատ է անդրադառնում Ադրբեջանի վրա, չի ուժեղացնում նրա դիրքերը խաղաղ համաձայնության հարցում: Չնայած այն բանին, որ Ադրբեջանը շահել է այս պատերազմը, միջազգային ասպարեզում այս երկրին վերաբերվում են անվստահությամբ, այդ թվում՝ իրավիճակի մշտական սրումների պատճառով: Յունուսը նշում է, թե արեւմտյան առաջնորդները ավելի հաճախ պատրաստ են հանդիպելու Հայաստանի վարչապետ Փաշինյանի, քան նախագահ Ալիեւի հետ, ինչը չի կարող չնյարդայնացնել Բաքվին: Իսկ արեւմտյան ժողովրդավարական երկրների եւ միջազգային հաստատությունների ղեկավարները հանդիմանում են Ադրբեջանին՝ հասկանալ տալով, որ հայ ռազմագերիների հետ կապված իրադրությունը միայն մեկն է մարդու իրավունքների խախտումների բազմաթիվ օրինակներից: Ոչ վաղուցվա նման դեպքերից մեկն էլ իրավիճակի անցյալ տարվա սեպտեմբերյան սրացման ժամանակ հայ գերիների սպանությունն էր:
Ադրբեջանն առանձնապես չի էլ թաքցրել՝ ի՛նչ պայմանով է պատրաստ զինծառայողներին բաց թողնել հայրենիք: Դեռ տարիներ առաջ ադրբեջանցի քաղաքագետ, երկրի պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ղեկավարող Սամեդ Սեիդովն ասում էր, որ Բաքուն պատրաստ է քննարկել «ահաբեկիչներին» վերադարձնելու հարցը, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության պայմանագիրը:
Սակայն պայմանագրի ստորագրումը դեմ է առնում տեղի հայերի իրավունքների պահպանման խնդրին, որոնք երկյուղ ունեն իրենց անվտանգության հարցում՝ Ադրբեջանում կառավարության կողմից հովանավորվող հայատյացության մասին լուրերի պայմաններում:
Անցած ամսին Փաշինյանը Ադրբեջանին ուղարկել է պայմանագրի իր նախագիծը, որում առաջարկվում է ստեղծել Ղարաբաղի բնակիչների իրավունքները պաշտպանող միջազգային կառույց, բայց ադրբեջանական ԱԳՆ-ում դա համարում են երկրի ներքին գործերին միջամտություն, պնդելով, որ Ղարաբաղի հայերին պաշտպանելու է Ադրբեջանի սահմանադրությունը:
«Բի-բի-սի նորությունների» ռուսական ծառայության կայքէջից թարգմանեց
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ
(կրճատումներով)