Երաժշտական մտորումներ՝ մահվան, կյանքի, ներանձնային զգացողությունների շուրջ, հնչեցին Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի անդրանիկ համերգին, որ կայացավ Արամ Խաչատրյան համերգասրահում: Ներկայացված էին երեք հեղինակների՝ Հարություն Դելլալյանի, Ժիրայր Շահրիմանյանի եւ Նորայր Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները: Եթե առաջինը հանրահայտ հեղինակների շարքում է, եւ իր անունը հավերժորեն ագուցված է հայ երաժշտարվեստի պատմության բարձրաքանդակում, ապա Ժ. Շահրիմանյանը եւ Ն. Հարությունյանը կոմպոզիտորների նոր սերնդի ներկայացուցիչներ են, առաջինը՝ իրարուց զանազանվող ոճերում փորձառության բավական մեծ պաշարով եւ երաժշտասեր հանրության շրջանում ճանաչված, երկրորդը՝ երաժշտա – գեղարվեստական կառույցների փնտրումների փուլում, եւ դրանց վկայությունն էր այս համերգը:
Մեզանում ավանդական դարձած փառատոնը մեկնարկեց մարտյան համերգով, եւ այն սկսվեց Հարություն Դելլալյանի՝ մինչ օրս չհնչած ստեղծագործության կատարմամբ: Դիրիժոր Ռեմի Դյուրուի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց «Մահ» սիմֆոնիկ պոեմը: Դելլալյանը ստեղծագործական բավական կարճ ընթացք է ունեցել, նրա թողած ժառանգությունը կարելի է կարճ ընթացքում թվարկել, բայց այդքանն էլ բավական է՝ նրա խորը, հոգեբանական խորքով եւ անսպասելի կառույցներով գործերը՝ հայկականության անկրկնելի կնիքով, դասելու 20-րդ դարավերջին գրված լավագույն ստեղծագործությունների շարքը: Դրանք քանիցս հնչել են հայաստանյան եւ աշխարհի հայտնի համերգասրահներում: Սակայն «Մահ»-ը, մինչ այս համերգը, մեզանում, զարմանալիորեն, չէր կատարվել, թեեւ գրվել է սրանից 45 տարի առաջ՝ 1978 թվականին:: Երկի վերնագիրը զուտ խորհրդանշական չէ եւ ոչ էլ գեղարվեստական վերացարկումների շարքից:
Գեղարվեստական եւ երաժշտական երկերում մահվան մասին այնպիսի իրական պատում, ինչպիսին Հարություն Դելլալյանի «Մահ» սիմֆոնիկ պոեմում է, հազվադեպ է: Նրանում չկա երաժշտական պարզորոշ ֆրազ կամ մեղեդի, որոնց շուրջ, սովորաբար կառուցվում են սիմֆոնիկ երկերը: Թեման արծարծվում – զարգանում է նվագարանների հնչարտաբերման համաչափված զուգորդումներով, որոնցով հստակորեն, շոշափելիության հասնող հստակությամբ երաժշտականորեն նկարագրվում են մահվանը նախորդող ծանր հոգեվարքը, մահվան տագնապը, շնչարգելությունը, զարկերակի դանդաղող խփոցը, վերջին ջերմը, ավարտի անբառ խաղաղությունը… Իսկ ընթացքում կուլիսների հետեւ ից հնչում է մարդկային ձայնով, գուցե, մահկանացուի խոստովանությունը, ապաշխարությունը, իսկ գուցե եւ ՝ խոստովանահոր անդորր – հորդորը: Կամ թե օրհասին երկնառաք ավետարանական ընթերցում է…
Երաժշտական կոնկրետ թեմայի բացակայությունը երկմտություն է առաջացնում՝ արդյոք «սնամեջ» չէ՞ այս գործը, արդյոք կարելի՞ է այն դնել դելլալյանական հզոր գործերի՝ «Նվիրում Կոմիտասին» սոնատի, կոմիտասյան երգաշարի, «Տոպոֆոնո» կոնցերտի, «Հաղթական ռեքվիեմի» կողքին: Սակայն ի՜նչ խորազգացողությամբ է հեղինակը զգացել, «ընթերցել» մահը, որ կարողացել է իրապաշտորեն պատկերել այն: Սարսա՞փ՝ ոչ, ահազդու՞՝ ոչ: Բայց անխուսափելիին իմաստնորեն մոտենալու, կորուստները վերապրելու զորությամբ զինվելու մտքերը երկար ուղեկցում են քեզ՝ այդ գործն ունկնդրելուց հետո:
Կոմպոզիտորների նոր սերնդի ներկայացուցիչ Նորայր Հարությունյանի «Կոնցերտինո դաշնամուրի եւ նվագախմբի համար» սիմֆոնիկ համառոտ երկն առաջին անգամ հնչեց Լիլիթ Արտեմյանի մենակատարմամբ: Մեծերի կողքին հանդես գալու հայտ՝ հավաք, ավյունով լի, կենսառատ, ոգեշունչ, սեփական ստեղծագործական ձեռագիրն առավել հստակեցնելու հեռանկարով:
Երաժշտական երկերն անհատական ընկալման առարկա են. որքան էլ փորձեր արվեն դրանց կոնկրետ բացատրություններ տալու, տարընթերցումները բացառել հնարավոր չէ: Երաժշտական թեմաների գրագետ միահյուսքն ունի Ժիրայր Շահրիմանյանի Թիվ 1 սիմֆոնիան: Ոնց մեր խառնակ ժամանակներում, երբեմն թեման ձգվում է դեպի անորոշություն, բայց այդ ժամանակ հեղինակը մասնագիտորեն շրջադարձ է կատարում դեպի հստակ, ամուր հիմնայնություն: Սիմֆոնիան, թերեւ ս, մեր իրականությունում անհատի ապրումների, զգացողությունների, հանդարտությունից դեպի ծայրահեղություն անցումների, մերժման եւ հաշտվողականության համադրության երաժշտական արտահայտությունն է՝ ներանձնական ապրումների վայրիվերումներով, որ մարմնավորված են, իմ դիտարկմամբ, քառամաս գործի միջնամասերում ջութակի ընդգծուն մենակատարումներով:
Շահրիմանյանը պատմում է, որ սիմֆոնիան ծնվել է իր եւ նվագախմբի համագործակցության արդյունքում, եւ կոմպոզիտորն այն նվիրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին: Հեղինակն իր առաջին սիմֆոնիան սկսել է գրել 2016 թվականից, եւ շարժառիթը նույն տարում սիմֆոնիկ նվագախմբի կողմից իր հեղինակած «Սիմֆոնիետտայի» կատարումն էր:
Շուրջ տասը տարի է՝ հետեւ ում եմ երիտասարդ կոմպոզիտորի ստեղծագործական ընթացքին: Ներկայումս Շահրիմանյան ազգանունը բավական հայտնի է արդի հայ եւ ոչ միայն հայ երաժշտական աշխարհում: Նրա ստեղծագործություններից շատերի պրեմիերաները կատարվել են արտերկրի հանրահայտ երաժշտական սրահներում: Ինքնափնտրումի իր ուղին ուրույն է, տիեզերահունչ դեգերումների մեջ է՝ նորագույն լեզվի գործածությամբ, բայց արմատները դեպի դասականը ձգած… Նա վաղուց է լուրջ հայտեր ներկայացրել՝ իբրեւ ուրույն, իր ուղով ընթացող ստեղծագործող անհատ: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ սովորել է դաշնամուրային եւ ստեղծագործական բաժիններում: Կոմպոզիցիայի դասեր է առել Մարտուն Իսրայելյանից, որի դասարանում էլ ուսանել է Երեւ անի պետական կոնսերվատորիա ընդունվելուց հետո: Նրա ստեղծագործական համագործակցության շրջանակը լայն է. համագործակցում է այնպիսի անսամբլների եւ մենակատարների հետ, ինչպիսիք են «Սիմֆոնիա Թորոնթո» նվագախումբը (Կանադա), New Trombone Collective օկտետը (Հոլանդիա), «Թերոիր» դաշնամուրային տրիոն (ԱՄՆ), «Սոֆիա» երգչախումբը (Ուկրաինա), Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, երգեհոնահար Դ. Թրայերը (Խորվաթիա), դաշնակահար Հ. Մելքոնյանը, այլ խմբեր եւ անձինք: Բազում մրցույթների դափնեկիր է, որոնցից մի քանիսը միայն նշենք. Համահայկական դաշնամուրային ստեղծագործողների մրցույթում 2011-ին արժանացել է 1-ին մրցանակի, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում իրեն բաժին է հասել հատուկ մրցանակը, «Տարվա լավագույն ստեղծագործություն» անվանակարգում 2011-ին իրեն շնորհել են Համաշխարհային հայկական կոնգրեսի մրցանակը, Cro Patria միջազգային երգչախմբային փառատոնի դիպլոմակիր է, Stide Factory միջազգային մրցույթ-փառատոնում 2013-ին ընդգրկվել է լավագույն հնգյակում եւ այլն: Իր II սիմֆոնիան 2022-ին Հայաստանի կոմպոզիտորների միության հոբելյանական փառատոնին կատարվել է Պետական կամերային նվագախմբի կողմից (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան), միաժամանակ դարձել է ՀԿՄ 90-ամյակին նվիրված կոմպոզիտորական մրցույթի, նաեւ Ազգային ընտրանի մրցանակաբաշխության մրցանակակիր: Սիմֆոնիետա, սոնետներ, ստեղծագործություններ՝ լարային կվարտետի, տենորի եւ նվագախմբի համար, նվագախմբային եւ վոկալ տարբեր ոճերի գործեր… Բազմաժանր ստեղծագործող է, թեեւ «ձեռագիրը» ճանաչելի է՝ հոգեկան ներհունությունը, տիեզերական փնտրումը, դրամատիկ ոգորումները. երբեմն թվում է՝ նույնի մասին, նույնի շուրջը…
Առաջին անգամ իր դաշնամուրային մանրանվագները՝ հեղինակային կատարմամբ, ունկնդրել եմ Գայֆեջյան կենտրոնի համերգասրահում: Ապա՝ «Տաղարան» համույթի կատարմամբ՝ Շահրիմանյանի բագատելների շարքը՝ հայ արդի կոմպոզիտորների ստեղծագործությունները ներկայացնող համերգային երեկոյին: Եվս մի պրեմիերա՝ սիմֆոնիետան՝ 2016-ին՝ Երեւ անում՝ ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, 2017-ի փետրվարին՝ «10 միկրոլյուդ լարային քառյակի համար» ստեղծագործությունն առաջին կատարումը՝ Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում ՝Հայ կոմպոզիտորական արվեստի VIII փառատոնի շրջանակներում: 10 միկրոլյուդները՝ խիստ համառոտ՝ մեկ կամ երկու րոպեի մեջ տեղավորվող ստեղծագործություններ էին, որոնք Շահրիմանյանի երաժշտական – աբստակտ – պոետիկ «լեզվամտածողության» տիպիկ արտահայտություններն էին, յուրաքանչյուրը՝ մեկմեկու շարունակություն ու միաժամանակ իրարից տարբեր, ասես, կարճ նախերգերը լինեին առանձին ստեղծագործությունների, որոնք դեռ պիտի հետո ծնունդ առնեին: Դրամատիկ հունչ ունեին, եւ ունկնդրին հասնում էին հոգեկան ոգորման հեղինակային մեկնությունները, կամ գուցե միայն գաղտնագիր – լեյտմոտիվները, որոնք, հավանաբար, հետագայում պիտի ընկնեին առանձին ստեղծագործությունների, այդ թվում նաեւ ՝ Առաջին սիմֆոնիայի հիմքում:
«Սիմֆոնիայի բոլոր չորս մասերը կապված են գլխավոր երաժշտական նյութով, որը հնչում է հենց առաջին մասի սկզբում,- ներկայացնում է հեղինակը:- Երրորդ մասի ավարտին ի հայտ է գալիս նոր, բնույթով հերոսական եւ գլխավոր նյութին կոնտրաստ առաջացնող թեման: Այն իր լիարժեք հնչողութունն է ստանում չորրորդ մասի ավարտին, երբ արագ ու պարային ռիթմերը տեղի են տալիս էպիկ եւ մի անգամ արդեն հնչած թեմային` ավարտելով մոնումենտալ երաժշտական կառույցը, ամրապնդելով ստեղծագործության լավատեսական կողմի գերակայությունը»:
«Փառատոնը մասնագիտական մեծ աջակցություն է կոմպոզիտորներին՝ նպաստելով նրանց զարգացմանը,- շարունակում է Ժ. Շահրիմանյանը: Նաեւ հանրությունը հնարավորություն է ստանում հաղորդակից լինելու իր ժամանակի եւ ավագ սերնդի հեղինակների արվեստին»: Հավելենք, որ ներկայումս ստեղծագործող հեղինակների եւ երաժշտական փառատոների բարձր հարթակներում ներկայացնելու արժանի երկերի թիվը շատ ավելի մեծ է, քան այն անուններն ու գործերը, որոնք ներառվում են Հայաստանում կազմակերպվող փառատոների ծրագրերում: Բազում արժեքավոր ստեղծագործություններ տարիներով, տասնամյակներով սպասում են իրենց առաջին կատարումներին կամ թե, այդպես էլ, մնում թղթերին: Նման գործերից է՝ օրերս իր վաղաժամ մահկանացուն կնքած Դավիթ Սաքոյանի երկը՝ սիմֆոնիկ նվագախմբի համար գրված «Պասակալիա եւ ֆուգա թիվ 2»-ը: Ապրիլի 17-ին եւ 20-ին կայանալիք՝ փառատոնային հաջորդ համերգներին կհնչեն նաեւ Ջիվան Տեր-Թադեւ ոսյանի, Արամ Սաթյանի, Գրիգոր Եղիազարյանի, Տիգրան Մանսուրյանի եւ Սուրեն Զաքարյանի ստեղծագործությունները:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ