Կառավարման ցանկացած մոդելի երկրում տնտեսվարողների և բնակչության եկամուտների ինդեքսացիան սպասված, պլանավորված եկամուտների կորստի փոխհատուցումն է, երբ որոշակի համամասնությամբ փոխհատուցվում են այս կամ այն պրոցեսից կրած վնասները:
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը Azg.am-ի համար գրել է «Ինդեքսացիա» վերնագրով իր նոր հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև. Կարդացե՛ք և իմացեք, թե Կառավարությունն ինչ գործիքակազմով կարող էր ձեզ ապահովագրել գնաճի, փողի արժեզրկման հետ կապված խնդիրներից, բայց ոչինչ չի արել։
Սոցիալական բնագավառում ինդեքսացիան ինֆլյացիոն գնաճի պայմաններում բնակչության եկամուտների որոշակի բարձրացումն է՝ գրանցված գնաճի համապատասխան համամասնությամբ:
Կառավարման այդ գործիքի վերահսկումը մի կողմից քաղաքացիների եկամուտները պաշտպանելն է գնաճի անկառավարելի մակարդակից, մյուս կողմից՝ սուղ եկամուտ ունեցողներին, հիմնականում նպաստառու անձանց աջակցելը սպառողական բարիքների նվազագույն չափաքանակների կամ առաջին անհրաժեշտության ապրանքներ հայթաթելու հարցում:
Տնտեսագիտական այս կատեգորիան, անկասկած, բացառիկ է նրանով, որ նկարագրում է իշխանության իրական վերաբերմունքը՝ իրեն ընտրած քաղաքացիների նկատմամբ։
Փորձենք մի քիչ ավելի պարզ և հասկանալի լեզվով նկարագրել այդ գործընթացը, որպեսզի նույնիսկ ոչ տնտեսագետ մարդիկ հասկանան, գիտակցեն և միգուցե նաև պահանջեն ինդեքսավորում։
Ինդեքսավորումը լատիներեն index բառն է, որը նշանակում է ցուցակ, ռեեստր և իրենից ներկայացնում է գնաճի, ինֆլյացիայի դեմ միջոցառում, որով քաղաքացիների թոշակների, աշխատավարձերի, ավանդների, պայմանագրերի արժեքների մեծությունը կապում է գների ինդեքսի հետ, այսինքն՝ եթե տեղի է ունենում ինֆլյացիա, ապա պետությունը գների աճի որոշակի տոկոսի չափով կատարում է թվարկված մեծությունների փոխհատուցում սեփական միջոցների հաշվին։
Ինչո՞ւ է կատարվում ինդեքսավորումը:
Այն կատարվում է բնակչության գնողունակ պահանջարկի պահպանման և խնայողությունների կորուստը կանխելու նպատակով։ Առավել պարզ բացատրենք՝ պետական միջոցառում է բնակչության աշխատավարձը ապրանքների և ծառայությունների գների աճին համապատասխանեցնելու համար։
Քանի որ նախնական տնտեսագիտական բացատրությունը կատարվեց, հիմա վերադառնանք պրակտիկային։
Փորձենք տալ մի քանի համեստ հարց։
Հարց 1. Կա՞ արդյոք ինֆլյացիա կամ հիպերինֆլյացիա Հայաստանի Հանրապետությունում:
Պատասխան. այո՛, կա և այն ազգային վիճակագրական ծառայության հաշվետու զեկույցում ֆիքսվել է մոտ 9 տոկոս։
Ուշադրություն պետք է դարձնել, որ դա միջինացված տոկոսադրույք է և չի արտահայտում սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության ապրանքների մասով գնաճը, որը որոշ հիշատակված խմբերում կազմել է 30-45 տոկոս։
Հարց 2. Կատարվո՞ւմ է արդյոք ինդեքսավորում ՀՀ կառավարության կողմից։
Պատասխան. չի կատարվում։ Հայաստանում գործում է աշխատավարձերի նվազագույն շեմի և կենսաթոշակների բարձրացման օրենսդրական գործիքակազմը: Այդ գործիքակազմը բավարար չէ գնաճի վնասները փոխհատուցելու համար։
Հարց 3. Եթե Հայաստանի հանրապետությունում կա ակնհայտ, խիստ վտանգավոր ինֆլյացիա, որի արդյունքում հարյուր հազարավոր քաղաքացիների աշխատավարձերը, թոշակները, նպաստները, խնայողություններն օր օրի մաշվում են, արդյունքում ընկնում է տնտեսության մեջ գնողունակ պահանջարկը, ապա ինչո՞ւ ՀՀ կառավարությունը չի իրականացնում ինդեքսավորում։
Պատասխանները երկուսն են։
- Որովհետե կառավարությունը տնտեսագիտության տեսակետից ապիկար է և չունի տնտեսագիտական գիտելիքների համապատասխան պաշար՝ տնտեսական, սոցիալական այդ հարցը ընկալելու և օրենսդրական փոփոխություններ կատարելու համար։
- Որովհետև ՀՀ կառավարությունը բացարձակ անտարբեր է եկամուտների, թոշակների, նպաստների արժեզրկման և թոշակառուների սովահար գոյության փաստին։
Հետաքրքիրն ու զավեշտը, նաև ցինիզմն այն աստիճանի են, որ անընդհատ կառավարություն կոչվածի նիստերի ժամանակ ինչ-որ անձ խոսում է ինչ- որ աճերից, ինչ- ինչ ֆանտաստիկ թվեր է ասում, բայց փաստն այն է, որ նա չի գիտակցում, որ ինդեքսավորումը նաև իր անձնական շահերից է բխում։
Միգուցե նրան աշխատավարձի բարձրացումն այլևս չի՞ հետաքրքրում։ Իհարկե, այս ապիկարների հակաժողովրդական տնտեսական քաղաքականության մասին կարելի է անվերջ գրել, բայց պետք լուծումներ առաջադրել։ Ո՞րն է լուծման ճանապարհը:
Պետք է վերականգնել արհեստակցական միությունները, որոնք ամբողջ աշխարհում իշխանության հետ ուշադրության կենտրոնում են պահում ինդեքսավորումը։
Ցավոք, այդ միությունները Հայաստանում վերացվել են, ուստի պետք է այդ աշխատանքը փորձեն կատարել քաղաքական կուսակցությունների կողմից տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված մարդիկ, վերջ ի վերջո նրանք չեն ընտրվել միայն աղբ հեռացնելու, վերելակների կամ ավտոբուսների երկարության թեմայով խոսելու համար։
Սիրելի՛ ժողովուրդ, ինդեքսավորում ունենալը ձեր իրավունքն է, պայքարե՛ք ձեր իրավունքների համար։