Ադրբեջանցիների կողմից ռուս խաղաղապահների ուղղությամբ կրակելու և նրանց վիրավորելու դրվագն իրենով չափազանց մտահոգիչ լինելով՝ միևնույն ժամանակ ակնառու կերպով ցույց է տալիս տարածաշրջանում և մեր սահմաններին առկա իրողությունը։ Փաստացի՝ Ադրբեջանն ու Թուրքիան այնքան են լկտիացել, որ արդեն թիրախավորում են ռուս խաղաղապահներին, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ադրբեջանցիները պատերազմի ժամանակ թիրախավորել են նաև ֆրանսիացի լրագրողներին, այսինքն՝ առանց խտրականության թիրախավորում են բոլորին։ Ռուս զինծառայողների վրա կրակելն ինքն իրենով խոսում է Ադրբեջանի և Թուրքիայի սանձարձակության չափի մասին։
Երկրորդ հանգամանքը, որի մասին պետք է ուշադրություն դարձնենք, այն է, որ մոլորված ՀՀ քաղաքացու վերադարձի համար ռուսական կողմն է ջանքեր գործածում։ Փաստացիորեն՝ ռուս զինվորները վիրավորվել են, երբ ջանքեր են գործադրել հայ քաղաքացուն հայկական կողմ վերադարձնելու համար»,- նշեց պատգամավորը։
Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ ակնառու երևում է ամիսներ շարունակ տարվող հակաքարոզչությունը, և խաղաղապահ առաքելություն իրականացնող անձանց թիրախավորելը ու նրանց նկատմամբ թշնամանք տարածելը ի վերջո դառնում են թշնամանք՝ Հայաստանի նկատմամբ։
«Ես շատ մեծ հետաքրքրությամբ սպասելու եմ միջադեպի առնչությամբ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդների և Հայաստանում Ռուսաստանի դեսպանի արձագանքին։ Այս դրվագով մենք նաև իրականությունն ենք տեսնում։
Մենք շատ լավ ենք հասկանում, որ մեզ համար հայտարարությունները կարևոր են, բայց մենք չենք կարող առարկայական օգնությունը և հայտարարությունը դնել նժարների վրա և գերադասել հայտարարությունը։
ՀՀ դաշնակիցները փորձ են անում իրենց լիազորությունների սահմաններում կատարել իրենց պարտականությունները, և Ադրբեջանն ու Թուրքիան, ինչպես նաև ՀՀ իշխող ուժի ներկայացուցիչներն են շահագրգռված, որպեսզի Հայաստանի համար դաշնակիցներ չլինեն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Վերջում Քրիստինե Վարդանյանը հավելեց՝ Սյունիքում ռուս զինծառայողների վրա կրակելու միջադեպը կրկին ցույց է տալիս՝ Ադրբեջանը չի հարգում միջազգային որևէ նորմ կամ պայմանավորվածություն՝ լինելով ապակայունացնող գործոն և տարածաշրջանում խնդիրներ ստեղծելով բոլորի համար։
Հիշեցնենք, որ երկու ռուս զինծառայող Սյունիքի մարզում ընկել են ադրբեջանցիների կրակահերթի տակ և գլխի շրջանում վիրավորում ստացել։
Ադրբեջանական կողմի հետ ունենալով նախնական պայմանավորվածություն՝ ռուս խաղաղապահներն անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածք, որպեսզի բանակցեն դիրքեր հաց տանող և գերեվարված հայ պայմանագրայինին հետ վերադարձնելու ուղղությամբ։ Սակայն ադրբեջանիցները կրակահերթ են բացել վերջիններիս ուղղությամբ։