Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու էր հրավիրվել վարչապետ Փաշինյանի ասուլիսը, որտեղ հնչած տեսակետներից եւ ոչ մեկը չբարձրաձայնված չէին մնացել ԱԺ-ում կամ կառավարության նիստերի ժամանակ հնչած նրա ելույթներում: Էլ չասած, որ ներկա քաղաքական դաշտի նմանողությամբ եւ աշխարհաքաղաքական կենտրոնների պատկերով փազլ արած լրատվական բոլոր դերակատարները հրավիրված էին ասուլիսին, իսկ այդ պատկերի մեջ չտեղավորվող մեր լրատվամիջոցը (համենայնդեպս՝ իմ մասին կարող եմ պնդել, որ իմ միակ հովանավորը երկրի ճակատագիրն է)՝ ոչ: Ապրի այս իշխանությունը, ինչպես եւ առաջ՝ նա եւս շարունակում է լրատվամիջոցներին «իմ ու քո» անել, նույն պատկերով ստեղծել ի՛ր նորերը, սխեմայից դուրս թողնելով իրոք երկրով մտահոգներին: Ամեն ինչ ճիշտ է, համակարգը բազմիցս փորձվածն է, ի՞նչ կարիք կա օրիգինալ լինել:
Վերադառնալով ասուլիսին՝ այն հանգամանորեն չենք վերլուծի, որպես չհրավիրվածի պատասխան, բայց մի կարեւոր մտայնության կանդրադառնանք: Միգուցե ասուլիսը հրավիրվել էր կրկին անգամ եւ ավելի հաստատապես պնդելո՞ւ, որ էսկալացիան դռանն է, իսկ մենք չենք կարող, ի վիճակի չենք դիմագրավել լավ զինված թշնամուն, ու Արցախի հանդեպ նոր ագրեսիայի ժամանակ էլ պարզ չէ, թե ինչպես ենք մեզ պահելու: Այսինքն ասուլիս՝ պարտվողական կոդեր ամրապնդելու եւ տարածելու մասին, որի շատ մտքերի իմաստն այն էր, թե ո՞նց կարող ենք մենք մեզանից շատ ավելի լավ զինված թշնամուն դիմագրավել: Ու այս է պատճառը, որ Հայաստանը ո՛չ Արցախի անվտանգության երաշխավորն է (ըստ վարչապետի՝ ռուսներն են Արցախի անվտանգության երաշխավորը), ո՛չ էլ կարող է խոսել Արցախի, իսկ ավելի ստույգ՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնորոշումից, ո՛չ էլ Արցախի վրա հարձակման դեպքում գործելու պլան-ծրագիր կա: Դե իսկ բանակում հինգերորդ շարասյան, պատերազմում պարտության նրանց դերակատարման խոսակցությունը նույն օպերայից է՝ Հայաստանի քաղաքացիների, մեր զինվորականության ոգին, սեփական ուժերի հանդեպ մեր վստահությունը սասանելու. այլ բան մտածել չենք կարող, երբ բանակը դավաճանների, այլ երկրից իջեցվող հրահանգների կատարման սուբյեկտ ես դիտարկում բարձրաձայն, փոխանակ լռելյայն նրանցից մաքրես բանակը:
Ինչի՞ համար են պետության ղեկավարները, բանակի գերագույն գլխավոր հրամանատարներն ի վերջո, եթե ոչ իր քաղաքացիների եւ բանակի ոգին ամրապնդելու, սեփական ուժերի նկատմամբ հավատ սերմանելու համար, քանզի ուզած պարտություն նախ ոգու պարտություն է, ուզած հաղթանակ՝ նախ սեփական ուժերին վստահելու արդյունք: Եթե զենքն ու սպառազինությունը հաղթանակի կեսն են, մյուս կեսն ապահովվում են ոգու ամրությունը, հաղթանակից բացի այլ ելք չունենալու գիտակցումը: Վազգեն Սարգսյանն այդ բոլորը հիանալի գիտեր, եւ զինվորի ոգին բարձրացնող նրա ելույթները հայտնի են: Հաղթանակի ոգուն ուղղված նրա ներքին հյուսվածքն այն աստիճանի կուռ էր, որ անգամ Արծվաշենի անկման ժամանակ, երբ անզեն աչքով էլ երեւում էր, որ Արծվաշենն ընկնում է, դրանից երկու ժամ առաջ հարցազրույցում ասում էր, թե մինչեւ վերջին շունչը պաշտպանելու ենք Արծվաշենը:
Հիմա որ էսկալացիան դռանն է, ու վարչապետը պարտվողական տրամադրություն է տարածում՝ ասելով, թե Ադրբեջանը մեզնից ուժեղ է, չի խոսում Արցախին օգնության հասնելուց ու նրա ինքնորոշման իրավունքը պաշտպանելուց, սա պարտվողականություն չէ, բա ի՞նչ է:
Այդ մասին երբ Ազգային ժողովում հարցրինք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, նա, հավանաբար, լրագրողների՝ իրենց լրատվամիջոցների ուղղվածության համապատասխան հակակոռուպցիոն կամ քաղաքական ենթատեքսով հարցերի տարափի տակ, լավ չըմբռնեց մեր ասածի լայն ենթատեքստը եւ պատասխանը տարավ բանակի խնդիրները բարձրաձայնելու մասին ճանապարհով. «Ես չեմ կարծում, որ խնդիրների բարձրաձայնումը կոտրում է մեր ոգին: Ընդհակառակը, մենք պիտի իմանանք մեր խնդիրները, այդ խնդիրներն արմատախիլ անենք ու շարժվենք առաջ: Ինչ վերաբերում է ոգուն ու տրամադրությանը, դա ամենօրյա աշխատանք է, բնականաբար այստեղ իր մեծ տեղն ու դերն ունի հասարակությունը, որովհետեւ հասարակությունը բանակից հեռու չի, բանակի մի մասն ա, ժողովուրդ», ասաց նա:
Հա՞, ես էլ ասում եմ՝ բանակն ու հասարակությունն այնպիսին են, որպիսին նրան սարքում են ղեկավարները: Ոգին բարձրացնեն՝ բարձր ոգով կլինեն, ամեն օր պարտվելու ու պարտության մասին խոսեն՝ ոգի որտեղի՞ց: Այն դեպքում, երբ ո՛չ Արեւմուտքի վրա կարելի է լիարժեք հույս դնել, ո՛չ Ռուսաստանի, հենց վարչապետն էր ասում, սեփական ոգին էլ որ այդպես կոտրեք՝ պարտությունն ապահովագրված է, ի՞նչ խաղաղության դարաշրջան կամ խաղաղության պայմանագիր, Ադրբեջանն անվերջ նոր զիջումներից է խոսում ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի պարագայում: Եթե անվտանգային համակարգ չենք կարողացել ձեւավորել ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի դեպքում, եթե էսկալացիան դռանն է՝ ասուլիս չե՛ն տալիս, այլ հավաքում են բոլոր ռեսուրսները ե՛ւ Հայաստանի առումով թշնամուն դիմակայելու, ե՛ւ Արցախին միայնակ չթողնելու համար:
Մի քանի զուգահեռ զարգացումներ
Ադրբեջանի սպառնալիքներին զուգահեռ՝ Արցախում փոխում են Սահմանադրությունը, նախագիծն առաջին ընթերցում անցավ Արցախի խորհրդարանում, որը թույլ կտա Արցախի նախագահի հրաժարականի դեպքում նախագահին ընտրել խորհրդարանում: Ուրեմն Արցախում ստույգ իշխանափոխություն է պատրաստվում, ու սա Աստված գիտե՝ ինչ կբերի Արցախին, որն այս պահին դադարեցրել է Ադրբեջանի հետ բանակցելը, այդ երկրի կողմից Բաքվում խոսակցությունը շարունակելու եւ ինտեգրացիայի մասին խոսելու առաջարկից հետո, իր հերթին առաջարկելով այնտեղ, որտեղ կայացել էր առաջին հանդիպումը՝ ռուս խաղաղապահների տիրույթում:
Ավելի էական է այն, որ Արցախի խորհրդարանի հինգ խմբակցությունն էլ հայտարարությամբ պահանջեցին Հայաստանի իշխանությունից՝ հավատարիմ մնալ Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշմանը եւ կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ի դեպ՝ հենց այդ հայտարարությանը հաջորդեց Փաշինյանի ասուլիսը, որն այդպես էլ չխոսեց Արցախի ինքնորոշման իրավունքից ու այդ հարցում Հայաստանի անելիքից:
Առաջիկա օրերին հետաքրքրական իրադարձություններ են սպասվում: Իրանի եւ Ռուսաստանի մերձեցումը, ռուս փորձագետներից ոմանց այն կանխատեսումը, թե Իրանը կարող է Արցախի տարածքն օգտագործել՝ Իսրայելի հանդեպ դիմակայության ժամանակ, եվրոպացի գործիչների աշխույժ երթուդարձը մեր տարածաշրջան վկայում են, որ ներհայկական պատկերացումներն ուղղակի մեծ գործընթացի մաս են ընդամենը: Իսկ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենի՝ Հանրային հեռուստատեսությամբ արտահայտած այն միտքը, թե միջազգային խաղաղարարների մանդատն առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ ռուսների հնարավոր չէ պատկերացնել, վկայում է այն մասին, որ մերոնք պետք է զգուշանան սիրո միակողմանի արտահայտությունից այս կամ այն ուղղությամբ:
Էլի հետաքրքրական է, որ երեկ կառավարության նիստին վարչապետ Փաշինյանը խոսում էր Արցախի Պաշտպանության բանակի արդարացվածության մասին՝ ընդդեմ ցեղասպանության եւ էթնիկ զտման վտանգի, ցեղասպանության կանխման եւս մի մեխանիզմ համարելով ռուս խաղաղարարների ներկայությունը Լաչինի միջանցքում, միաժամանակ նշելով, որ եթե ինչ-որ օբյեկտիվ պատճառով ռուս խաղաղապահները չեն կարողանում լիարժեք կատարել իրենց առաքելությունը, պետք է դիմեն ՄԱԿ՝ լրացուցիչ մեխանիզմ գործարկելու հնարավորության համար: Այլ խոսքով՝ ռուսները խաղաղապահների միջազգային մանդատ ստանան, այլ մասնակից խաղաղապահների հետ միջազգային խաղաղապահների մեխանիզմ գործարկելով:
Հա դե՝ իսկ ոմանք խոսում են ռուսներին տարածաշրջանից դուրս մղելու մասին: Ի դեպ՝ հենց ռուսներին ձեռք չի տալիս մեր խնդիրների լուծումն Ադրբեջանի հետ, այդ դեպքում իրենք այնտեղ ավելորդ կլինեն: Առանձնահատուկ շնորհակալություն էլ Փաշինյանից՝ Լաչինի միջանցքում կանգնած ռուս խաղաղապահներին:
Ի դեպ՝ վերջերս եվրոպացի պաշտոնյաներն արդեն անթաքույց չեն խորշում իրենց միակողմանի մոտեցումներն ի ցույց դնելուց հայ-ադրբեջանական լուծումների վերաբերյալ: ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը խոսում է Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ ուղիղ երկխոսությունից եւ փոխզիջումային լուծումներից, ակնհայտորեն նկատի ունենալով միայն հայկական կողմից զիջումները, այն դեպքում, երբ Ադրբեջանն ամեն օր գրեթե սպառնալիքների տոն է կիրառում ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի հասցեին: Իսկ Կլաարը աչք է փակում ու չի նկատում այդ սպառնալից տոնը, անցյալում էլ երբեք ագրեսորին չի դատապարտել, հասցեական գնահատականներ չի հնչեցրել: Երբեմն թվում է, թե Կլաարը նույնանում է Ադրբեջանի շահերի հետ, քանի որ այդ շահերով Եվրոպայի աչքերն էլ են մշուշված: Մենակ ինչ արժե Գերմանիայի կանցլեր Շոլցի՝ իր առանցքի շուրջ պտտումը մի քանի օրվա տարբերությամբ, Հայաստանի վարչապետի հետ՝ ինքնորոշման իրավունք, Ադրբեջանի նախագահի հետ՝ միայն ու միայն տարածքային ամբողջականություն: Սա՛ է Եվրոպայի դեմքը: Եւ Եվրոպայի խորհրդի նախագահ Շարլ Միշելը, որի հովանու ներքո էր Ադրբեջանից մերժված Բրյուսելյան փաստաթուղթը, հավանաբար տեսնում է, որ հայերի մոտ սասանվում է Եվրոպայի հովանու ներքո ինչ-որ արդարության հասնելու հավատը: Եվրոմիության վերջին կոչը Հայաստանին ու Ադրբեջանին՝ վերադառնալու բանակցային սեղան՝ բովանդակային երկխոսության, հազիվ թե այլ բան ենթադրի:
Արդեն կառավարության վերջին նիստին Փաշինյանը խոսեց խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր ստացված ադրբեջանական պատասխան առաջարկի եւ երկխոսության չորրորդ փուլ մտնելու մասին: Զուգահեռ նա ասել է նաեւ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության հետ կապված միջազգային մեխանիզմ գործարկելու անհրաժեշտության մասին, քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթղթին ի հակառակ՝ Ադրբեջանը խոսում է Արցախի վերինտեգրումից, ու ոչ թե արցախցիների իրավունքներից: Փաստաթղթով նախատեսված փախստականների վերադարձի մասով էլ չբացառեց հայ փախստակաների վերադարձի եւ գույքային պահանջներով միջազգային ատյաններին դիմելու հնարավորությունը՝ Կիրովաբադից, Բաքվից,Շամխորից, Խանլարից, մի խոսքով՝ բոլոր բնակավայրերից տեղահանված հայերի նախաձեռնությամբ:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ