«Ապագա հայկական» համաժողովը 3 օր՝ մարտի 10-12-ը, նույն հարկի տակ համախմբեց մոտ 200 մասնակցի, որոնցից 100-ը Սփյուռքի տարբեր գաղթօջախներից էին, ներկայացնում էին մասնագիտական տարբեր ոլորտներ: Արցախցի գործիչները չկարողացան ներկա լինել Բերձորի միջանցքի փակ լինելու պատճառով:
«Ապագա հայկականը» ծրագրում է կազմել հայկական ներուժի համախմբման, հասցեական օգտագործման, զարգացման հեռանկարը: Համաժողովին մասնակցելու համար ԱՄՆ-ից Հայաստան էր ժամանել պատմաբան, Միացյալ Նահանգների եւ Կանադայի ԹՄՄ-ի Կենտրոնական վարչության Բոստոնի գրասենյանկի վարիչ-տնօրեն, The Armenian Mirror-Spectator թերթի գործադիր խմբագիր Արամ Արքունը:
«Ազգ»ն օգտվեց Արամ Արքունի հայաստանյան այցից՝ մեր ընթերցողին ներկայացնելու նրա դիտարկումները, հայաստանյան իրականությունն ընդգրկող սփյուռքահայի հայացքն ու աշխարհաքաղաքական վերլուծությունները:
«Ապագա հայկականի» հեռանկարները
Վերջին անգամ քովիդից ու պատերազմից առաջ էի եկել Հայաստան:
Ես չեմ ապրում Հայաստանում, բայց ուզում եմ Հայաստանին օգնել:
«Ապագա հայկականի» շրջանակում ինձ համար շատ հետաքրքրական էր հանդիպել Ղազախստանի, Թուրքիայի, եվրոպական երկրների մասնակիցների հետ, լսել նրանց կարծիքը հայկական լավատեսական ապագա ստեղծելու վերաբերյալ: Հայոց ցեղասպանույթյան ճանաչման, հայ ինքնության, մշակույթի պահպանման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման հարցերից բացի, քննարկվեցին նաեւ ժողովրդագրական խնդիրներ: Հայաստանում ծնելիության ցուցանիշն իջել է, ի՞նչ պետք է անել, որպեսզի ավելի շատ երեխաներ ծնվեն: Այս թեմաների վերաբերյալ եռօրյա քննարկումներ եղան՝ ինչ միջոցներ են պետք առաջ քաշել, ինչ գաղափարներ ներդնել, որպեսզի հայության ապագան վտանգող այս խնդիրները լուծվեն:
Համաժողովի մասնակիցներից յուրաքանչուրը պետք է շարունակի իր երկրում, իր միջավայրում աշխատել, իր կապերն օգտագործել, որպեսզի քննարկումները գործնական շարունակություն ունենան:
Առանց Հայաստանի ու Արցախի կառավարության մասնակցության, իմ կարծիքով, հնարավոր չէ ծրագրերն իրականացնել, պետք է պետությունը եւս ներգրավված լինի ռազմավարական գաղափարների իրականացման գործընթացում: Ոլորտները տարբեր են՝ տնտեսական, քաղաքական, մշակութային: Պետք է Հայաստանի ապագայի ռազմավարություն ընտրել, խնդիրները համակարգել ու միջոցներ գտնել դրանք լուծելու համար:
«Ապագա հայկականը» 110 հազար անուն է հավաքագրել, նրանք մարդիկ են, որոնք կարող են մեծ դեր ունենալ հայության ապագայի զարգացման գործում:
ԹՄՄ-ը լիովին համապատասխանում է «Ապագա հայկականի» գաղափարախոսությանը
Թեքեյան մշակութային միությունը տասնամյակներ շարունակ Հայաստանի ու Սփյուռքի միջեւ կամրջի դեր է կատարում: Մեր կառույցը մշտապես՝ նախկինում էլ, հիմա էլ, հայության կյանքի տարբեր ոլորտներում ներգրավված է, այսինքն՝ իր բնույթով լիովին համապատասխանում է «Ապագա Հայկականի» ձեւաչափին:
Բացի այդ, The Armenian Mirror-Spectator թերթն էլ իր հերթին է հայանպաստ գործունեություն վարում, հայկական կյանքի խնդիրները, արտաքին քաղաքական մարտահրավերները վեր հանում: Մեր թերթի խմբագրակազմն աշխատում է Հայաստան-Սփյուռք խաչմերուկ ստեղծել ու փոխադարձ հայացքներով ներկայացնել Մայր Հայրենիքն հայկական գաղթօջախներին եււ օտարներին:
Բարդ ու բազմաշերտ Սփյուռքը
Սփյուռքը շատ բարդ կառույց է: Այն մեկ երկիր չէ, որ բացատրես, թե ինչ առանձնահատկություններ ունի: Տնտեսական, քաղաքական առումներով բազմաթիվ ճեղքվածքներ ունի Սփյուռքը:
Հայերս նույն կրոնն ենք դավանում, սակայն ունենք 2 երկեղեցի՝ մեկը պաշտոնապես ենթարկա է Էջմիածնին, մյուսը՝ Կիլիկո կաթողիկոսարանին: Նյու Յորքում երկու առաջնորդարան կա: Բոստոնում էլ երկու եկեղեցի կա, մեկը պատկանում է Անթիլիասին, մյուսը՝ Էջմիածնին: Ժամանակին անգամ ընտանիքներ են բաժանվել այս հողի վրա, որովհետեւ հայկական տարբեր եկեղեցիների են պատկանել: Նոր սերնդի մեջ դավանանքի հարցն այդքան էլ սուր չի դրված, բայց կան ավանդական տարբեր կուսակցություններ՝ հնչակյան, ռամկավար, դաշնակցական եւ համայնավարական: Անգամ մշակութային նախաձեռնություններն են բաժանվում՝ ըստ կուսակցությունների ու եկեղեցական պատկանելության: Էջմիածնական եկեղեցի հաճախողները մասնակցում են Թեքեյան մշակութային միության կամ ՀԲԸՄ-ի միջոցառումներին, իսկ Անթիլիասին պատկանողները մասնակցում են «Համազգայինի» նախաձեռնություններին: Այս բաժանումների հետքերը մինչեւ հիմա էլ կան: Իրաքից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից Ամերիկա տեղափոխված նորեկները միշտ խնդիրներ են ունենում «հնաբնակների» հետ:
Հայաստանից ԱՄՆ տեղափոխվածները հայ համայնքին կամավորության սկզբունքով օգնելու, ծառայելու սովորություն չունեն, եկեղեցի էլ տարին մեկ անգամ են այցելում: Նրանք Սփյուքի ավանդական կառույցներում չեն ներգրավվում: Մեկ այլ խնդիր է՝ շաբաթօրյա դպրոցում ո՞ր լեզվով դասավանդվի՝ արեւելահայերե՞ն, թե՞ արեւմտահայերեն:
Սփյուռքում կողք կողքի ապրում է հայերի 4 սերունդ: Խառնամուսնությունների պատճառով 1/4- ով են հայ մնացել, բայց շարունակում են եկեղեցի հաճախել: Ինչպե՞ս մասնակցեն պատարագին, եթե հայերեն չեն հասկանում: Ոմանք պնդում են, որ պատարագը պետք է մատուցվի անգլերեն, ինչպես կաթոլիկները լատիներենը թողեցին, ու հիմա տարբեր լեզուներով են պատարագ մատուցում: Շատ սփյուռքահայեր մայրենի լեզով չեն խոսում, պատարագի լեզուն էլ չեն հասկանում:
Խնդիրներն այնքան շատ են, բայց Հայաստանում ապրողը չի կարող պատկերացնել դրանց բազմազանությունը, եթե չի ապրել Սփյուռքում:
The Armenian Mirror-Spectator-ի մասին
The Armenian Mirror-Spectator թերթն ունի տարբեր սյունակագիրներ, նրանցից երկուսը Հայաստանում են ապրում ու անգլերենով ներկայացնում են Հայաստանի կյանքը, արտաքին մարտահրավերների մասին վերլուծություններ են անում:
Մեր ավագ ու փորձառու սյունակագիրը՝ Երվանդ Ազատյանն, ակտիվորեն գրում է, վերլուծում, քննության է առնում Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական հարցերը: Ունենք նաեւ մշտական լրահոս: The Armenian Mirror-Spectator-ը շաբաթաթերթ է, բայց ունի նաեւ կայք-էջ, որն անընդհատ թարմացվում է նոր լուրերով: Մենք հստակ պահպանում ենք անաչառությունը, հավասարակշռությունը, հարցազրույցների միջոցով ներկայացնում ենք իրականությունը, որեւէ մեկի կողմը չպահելով՝ թույլ ենք տալիս, որպեսզի ընթերցողն ինքը հետեւություններ անի:
Հարցազրույց եմ արել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ. միշտ հետեւում ենք արցախյան ու հայաստանյան կյանքին, փորձում մեր ուժերը կենտրոնացնել, որպեսզի ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության, միջազգային հանրության վրա ազդեցություն գործենք ու այսօրվա իրադարձություններն անարձագանք չթողնենք:
The Armenian Mirror-Spectator-ը ՌԱԿ-ի պարբերականներից մեկն է, հիմնադրվել է 91 տարի առաջ: Մեկ տարի ուշացումով նշելու ենք թերթի 90 ամյակը: Ունենք նաեւ «Պայքար» թերթը, որը հրատարակվում է հայերեն ու Mirror-Spectator-ից ավելի հին է:
Թեեւ էլեկտրոնային տարբերակին ենք անցել, բայց 1300 օրինակ էլ տպագիր թերթ ենք հրատարակում մեր ավանդական ընթերցողների համար, որոնք մեծ մասամբ տարեց մարդիկ են: Միաժամանակ, պարբերաբար տեխնոլոգիական նոր միջոցներով փորձում ենք ավելի հետաքրքրական դարձնել կայքը մեր այցելուների համար, որոնք մեծ մասամբ ավելի երիտասարդ սերնդից են:
Սփյուռքում էլ են Հայաստանի համար տարբեր սցենարներ կանխատեսում
Հայաստանի անվտանգությունը ամենակենսական հարցն է, որով մտահոգված է նաեւ Սփյուռքը: Մենք ամեն օր քնում ենք մտավախությամբ, թե կարթնանաք ու տեղեկություն կստանանք, որ Ադրբեջանը նորից է հարձակվել Հայաստանի վրա, Զանգեզուրն է ուզում գրավել կամ մեկ այլ տարածք, միջանցք է ուզում, որը Հայաստանի համար աղետալի կլինի:
Կամ կարող է շատ ավելի վատ տարբերակ լինել՝ Իրանն էլ է ներգրավվել պատերազմում, այդ երկրի հյուսիսն Ադրբեջանն ուզում է վերցնել: Թուրքիան էլ կարող է ռազմական գործընթացների մեջ մտնել: ԱՄՆ-ն էլ կմիջամտի, ու Հայաստանը հարավային տարածքները կարող է կորցնել, կամ առհասարակ Հայաստանի հետ հայտնի չէ, թե ինչ կարող է լինել: Այսպիսի սցենարների մասին Սփյուռքում մտածում են, անհանգստանում: Հայաստանում էլ եմ լսում այս մտահոգությունները:
Հայաստանի այսօրվա իրավիճակի հետ կարող ենք զուգահեռ անցկացնել 1918 թվականից հետո ճիշտ նույն կացության հետ:
Ու չգիտենք՝ ելքը որն է. մի բան հստակ է, որ հայերի ձեռքին լծակներ չկան: Շատերը սպասում են, որ միջազգային ընդհանուր դաշտում Հայաստանի համար նպաստավոր ինչ-որ բան տեղի կունենա, փոփոխություն կլինի: Կամ ինչ-որ փաստաթղթի ստորագրումը կհետաձգվի՝ մինչեւ որ այդ փոփոխությունները լինեն ռուս-ուկարինական պատերազմում կամ տարածաշրջանում մեր հարեւանների փոխհարաբերություններում:
Ամերիկացի զինվորը երբեք չի գա Հայաստան
Թեեւ ամերիկաբնակ ենք, բայց վստահ չենք, թե Արեւմուտքը կամ ԱՄՆ-ը Կովկասում վճռական դեր կարող են կատարել: Ամերիկայի գլխավոր նպատակը ոչ թե Հայաստանին բարոյապես սատարելն է, այլ Ռուսաստանի ազդեցությունն այս տարածաշրջանում նվազեցնելը:
Եթե Հայաստանը Ռուսատանից շեղվի դեպի Արեւմուտք, ԱՄՆ-ն շատ ուրախ կլինի դրա համար, բայց եթե Հայաստանը արեւմտյան աշխարհ մտնի, Թուրքիան ու Ադրրբեջանն այդ աշխարհում շատ ավելի բարձր դիրք ունեն, որովհետեւ նույն ԱՄՆ արտաքին քաղաքականության շահերը համընկնում են Թուրքիայի հետ:
ԱՄՆ-ում հայկական համայնք կա, որ կարող է աղմուկ, բողոքի ձայն բարձրացնել, բայց մենք չենք կարող ազդել ամերիկյան քաղաքականության վրա: Հայաստանը փոքր, աղքատ երկիր է, որ շատ բան չունի տալու, հետեւաբար՝ պահանջելու:
Դիվանագիտական ճանապարհով կարելի է ինչ-որ բան անել, բայց իրատեսական չէ, թե Ամերիկան պիտի գա ու Հայաստանին փրկի, եթե Ադրբեջանը կամ Թուրքիան հարձակվեն: Առավելագունը՝ ԱՄՆ-ն կասի՝ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա…շատ վատ բան է եղել. բայց ամերիկյան զինվորը չի գա այստեղ, նա անգամ Աֆղանստանն է լքել, էլ ուր մնաց՝ Հայաստանը: Ամերիկան լավագույն դեպքում կարող է դիտորդներ ուղարկել Հայաստան, ինչպես որ արեց Եվրոպան:
Հակառուս դառնալը վտանգավոր է
Ռուսաստանի այսօրվա շահերը նախկինից շատ տարբեր են ու Հայաստանի համար նպաստավոր չեն, բայց մյուս կողմից էլ Ռուսաստանը կարող է որոշ դրական բաներ անել Հայաստանի համար, բայց կարող է եւ ավելի վատ բաներ անել, եթե Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ հակառակ դիրք ընդունի:
Ամերիկայում հայեր կան, որ ռուսներին դեմ են, ասում են՝ նրանք դավաճանեցին հայերին, նույնիսկ հակառուսական ցույցեր են անում: Հայաստանյան կուսակցություններն ԱՄՆ-ում էլ հետեւորդներ ունեն, օրինակ՝ «Ազգային ժողովրդավարական բեւեռը», որ նույնպես հակառուսական ցույցեր է կազմակերպում Ամերիկայում:
Հայաստանն այսօր շատ վատ վիճակում է, ու պետք է փորձի ինչ-որ տեղից աջակցություն ստանալ, բայց նաեւ պետք է շատ զգույշ վարվի, հակառուս չլինի: Շատ բարդ ճանապարհ է, որքա՞ն կարող ես գնալ՝ ժամանակ շահելով ու վայր չընկնելով, հայտնի չէ:
Բոստոնում՝ նահանգային տեղական կենտրոնի առջեւ ցույց ենք կազմակերպել՝ հաջակցություն Արցախի: Պարզ է, որ Արցախը շրջափակման մեջ էլի կդիմանա, բայց ի վերջո, այս վիճակը երկար շարունակվել չի կարող: Ադրբեջանի նպատակը պարզ է՝ ժողովրդին սպանելով, բնաջնջելով, Արցախը հայաթափելով՝ հասնել իր նպատակին. էթնիկ մաքրագործում:
Եթե ռուս զինվորն այստեղ է ու չի կարողանում խնդիր լուծել, ամերիկացին իր երկրում ի՞նչ պիտի անի
Սա քաղաքականություն է. հայտարարություններից, կոչերից ավելին՝ որեւէ երկիր չի կարող անել, առավել եւս՝ պատժամիջոց կիրառել Ադրբեջանի հանդեպ: Եթե Ադրբեջանը ուզենա Հայաստանի հարավը գրավել ու Իրանի հետ այդ կողմով սահմանակից դառնալ, գուցեեւ Իրանը թույլ չտա ու միջամտի, բայց միայն այն պատճառով, որ նա իր շահերն է պաշտպանում, ոչ թե հանուն Հայաստանի է գործում: Բերձորի միջանցքի հարցը Իրանին շատ էլ չի մտահոգում, նրան հետաքրքողը Զանգեզուրի միջանցքն է: Իրանն իր կենսական հարցերն է լուծում, ինչպես եւ ամերիկացին: Ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ն պատժամիջոց կիրառի Ադրբեջանի դեմ: Դա իր շահերից չի բխում: Ամերիկան Հայաստանին օգնելու ծրագրեր ունի, բայց ավելի շատ ծրագրեր ունի Ադրբեջանի համար: Աջակցության ծրագրերը պետք է որ կասեցվեին՝ Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի պահվածքից ելնելով, բայց ոչ մի ծրագիր չի ընդհատվել, չէ՞:
Եթե ռուս զինվորը տեղում է, ու չի կարողանում խնդիրները լուծել, ամերիկացին իր երկրում ի՞նչ պիտի անի, ինչպե՞ս պիտի օգնի արցախցուն կամ հայաստանցուն: Կարծում եմ՝ եթե ռուս զինվորը դուրս գա այստեղից, ամերիկյան զիվորը նրան չի փոխարինի: Ի՞նչ եղավ Վրաստանում: Վրացին էլ հակառուսական դիրք բռնեց ու դեմքով շրջվեց դեպի Ամերիկա: Ի՞նչ եղավ. Վրաստանը տարածքներ կորցրեց, իսկ Ամերիկան նրան ոչնչով չօգնեց: Ֆիզիկապես չեկավ-չօգնեց: Կարող է տնտեսապես օգնել Հայաստանին, բայց ռազմական աջակցություն ցույց չի տա, կամ էլ կարող է Թուրքիայի տկարացած վիճակից օգտվելով՝ ճնշում գործադրել, որ այդ երկիրը հաշտվի Հայաստանի հետ:
Արցախն ու Կլիլիկիան նույն վիճակում են: Կլիլիկիայի հայերը 1919-ին վերադարձան, հետո հարյուր հազարներով կոտորվեցին: Արցախցին կապված է իր հողի հետ, կպայքարի. երբեն քաղաքականության մեջ անսպասելի փոփոխություններ են լինում: Ի՞նչ իմանաս:
Պետք է պատրաստվենք, զինվենք, ամրանանք:
Մինչեւ Հայաստանն ինքն իրեն չօգնի, ոչ ոք նրան չի օգնելու
44-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ-ից մեծ հանգանակություն ուղարկվեց, մինչեւ հիմա չգիտենք՝ այդ գումարն ինչի վրա ծախսվեց: Միայն Թեքեյան միությունը 110 հազար դոլար է հանգանակել: Սա անվստահություն է ներշնչում Սփյուռքին: Մեր միջոցները ճիշտ չեն օգտագործվել:
Եթե Հայաստանը չկարողանա ինքնակազմակերպվել, ոտքի կանգնել, ինքն իրեն պաշտպանել, ուրեմն չպետք է սպասի, թե ինչ-որ մեկն իրեն պաշտպանելու է: Միայն որոշ քայլեր անելու դեպքում կարող է ուրիշից օգնություն ակնկալել:
Միջազգային դատարանների որոշումները չեն իրագործվի, եթե Հայաստանն իր ձայնը չկարողանա լսելի դարձնել, եթե հետեւողակյան չլինի:
Որքան էլ Հայաստանը պարտված ու տկարացած լինի, պետք է կարողանա Ադրբեջանին հասկացնել, որ նրան ամեն ինչ թույլատրված չէ, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը Հայաստանի ինքնիշխան տարածքն է, եթե Ադրբեջանն իր քարտեզն է բերում, Հայաստանն էլ իր քարտեզները կարող է բերել:
Սփյուռքն էլ է հասկանում, որ առանց Հայաստանի, չի կարող: Մենք էլ ենք զգում ու հասկանում, որ հայությանը, Հայաստանին գոյության վտանգ է սպառնում:
Սփյուռքը Հայրենիքից է սնվում, եթե ավիշը չկա, Սփյուռքից միայն անունը կմնա:
ՆԱԻՐ ՅԱՆ