Ադրբեջանագետ Արտյոմ Տոնոյանի տեսակետով՝ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը բառացիորեն շրջանցում է միջազգային հեղինակավոր կառույցների կամ դատարանի պահանջները: Բացառություն չէ նաեւ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու մասին վճռի անտեսումը: Նպատակը, «Ազգ»-ի հետ զրույցում ասում է Տոնոյանը, մեկն է՝ հսկիչ-անցագրային կետ տեղարդել, ինչի մասին հրապարակային ելույթներում ու հարցազրույցներում նաեւ ադրբեջանցի վերլուծաբաններն ու քաղաքական գործիչներն են հայտարարում: Արցախում սեփական անցագրային կետն ունենալու անհագ ցանկության մասին է վկայում նաեւ Ստեփանակերտի մոտակայքում վերջերս տեղի ունեցած ողբերգական միջադեպը, երբ ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով երեք ոստիկան զոհվեց: «Այսպիսով՝ նրանք ցանկանում են ասել, թե չենք վստահում ձեր անցագրային ու ոստիկական կետերին եւ սեփականն ենք ցանկանում ունենալ, որպեսզի կանխենք Հայաստանից Արցախ ռազմական տեխնիկայի, իբրեւ թե, մատակարարումը»,- նշում է Տոնոյանը:
Ստեփանակերտում վերջերս ռուսական կողմի միջնորդությամբ տեղի ունեցած Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումն ադրբեջանագետը Արցախն Ադրբեջանին ինտեգրելու Բաքվի նպատակների ամբողջականության մեջ է դիտարկում: Բայցեւ ընդգծում է, որ ադրբեջանական հասարակությունն արցախահայության հետ որեւէ տեսակի ինտեգրացիա չի պատկերացնում: Մանրամասնում է՝ նրանք հատկապես արցախահայության հետ խաղաղ համակեցության պատրաստ չեն: «Եվ քարոզչական նպատակներով իրականցվող նմանատիպ հանդիպումներն ադրբեջանցիները, մեծամասամբ, չեն ողջունում: Նրանք հայերի հետ որեւէ կապ չեն ցանկանում ունենալ»,- նշում է մեր զրուցակիցը:
Մեկ այլ ադրբեջանագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանն «Ազգ»ի հետ զրույցում մեջբերում է, որ Հաագայի դատարանի վճռի մասով Ադրբեջանը պաշտոնապես ինչ է հայտարարել. «Ադրբեջանն այդ վճիռը պաշտոնապես այսպես է մեկնաբանել, որ իրենք չկատարած որեւէ պարտավորություն չունեն: Խնդիրը նույն կերպով է ներկայացնում նաեւ Ադրբեջանի փորձագիտական դաշտը: Բայց այն, որ Ադրբեջանն արհամարհում է միջազգային դատարանի որոշումը, ցույց է տալիս, որ իրենք իրենց դուրս են դնում միջազգային իրավունքից: Նրանց համոզմամբ, եթե իրենք մարսել են 2020-ի պատերազմը, ապա այժմ ի՞նչ կարող են անել միջազգային կոչերն ու նման որոշումները: Իհարկե, այս ամենը Բաքվի՝ անպատժելիության զգացում ունենալու մասին է վկայում»:
Ինչ վերաբերում է Արցախի ու Ադրբեջանցի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը Բաքվում կազմակերպելու ադրբեջանական կողմի առաջարկին, ապա մեր զրուցակիցը դա ծուղակ է համարում: Նա համաձայն չէ, որ կողմերի ներկայացուցիչների՝ վերջերս տեղի ունեցած հանդիպումն առաջինն է. «Ի՞նչ ասել է երկրորդ հանդիպում, ո՞րն էր առաջինը, ո՞րը երկրորդը: Եթե խոսքը վերջերս Իվանյանում տեղի ունեցած հանդիպման մասին է, ապա վերջին երկու տարում նմանատիպ բազմաթիվ հանդիպումներ են եղել, բայց ինչո՞ւ դրանք ոչ ոք չի հաշվում: Պատասխանը պարզ է, որովհետեւ դրանք ընդամենը տեխնիկական կամ կենցաղային բնույթի քննարկումներ են եղել, ու այդ ժամանակ քաղաքական բնույթի որեւէ բանակցություն չի եղել, եւ դա բոլորը գիտեն: Հիմա, երբ արեւմտյան գործընկերները շրջանառության մեջ են դրել միջազգային մեխանիզմների ներքո բանակցելու թեզը, Ադրբեջանը փորձում է դա վերափոխել՝ նշելով, որ պատրաստ են խոսել «ինտեգրացիայի» շուրջ: Առաջիկայում, բնականաբար, ադրբեջանցիներն այս հանդիպումներն Արեւմուտքի վրա որպես «տեսանելի երկխոսություն» կվաճառեն: Հիմա Ադրբեջանը փորձում է առանց խաղաղապահների հանդիպման հրավեր անել, որպեսզի Արեւմուտքը դա երկխոսություն համարի: Սա շատ վտանգավոր ծուղակ է: Ե՛վ Ստեփանակերտը, եւ՛ Երեւանը այս թեմայի շուրջ պետք է հստակ դիրքորոշում հայտնեն, այն է՝ Արցախ-Ադրբեջան տեխնիկական-հումանիտար հարցերը քննարկվել ու քննարկվելու են խաղաղապահների միջնորդությամբ, իսկ քաղաքական բանակցություններ կարող են տեղի ունենալ բացառապես միջազգային մեխանիզմերի ներքո»:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ