ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Քաղաքակրթական բախումը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ խորանում է: Այն, որ տնտեսական հակամարտությունները, փոխադարձ արգելամիջոցների պատերազմը հենց քաղաքակրթական բախման դրսեւորումներ են, ընդունում են թե՛ արեւմտյան, թե՛ ռուսաստանյան փորձագետները: Գերմանացի ճանաչված քաղաքագետներից մեկը խնդիրը մեկնաբանել է այնպես, որ ուկրաինական ճգնաժամից սկսած ակնհայտորեն դրսեւորվեցին Ռուսաստանի եւ Արեւմուտքի տարբեր ընկալումները ժողովրդավարության, հիմնարար արժեքների եւ գաղափարախոսական մոտեցումների շուրջ: Ռուսաստանի համար այս բախումը քաղաքակրթական է, որովհետեւ այն սկսել է շոշափել այնպիսի հիմնական արժեքներ, ինչպիսիք են հայրենիքը, ռուսաց լեզուն, ուղղափառությունը, ընտանիքը, երեխաների դաստիարակությունը, հասարակության եւ պետության գործառույթներին վերաբերող հարցերը: Հենց դրա համար է, որ ավելի հարուստ Արեւմուտքի հետ այս բախման արդյունքում, չնայած տնտեսական դժվարություններին եւ սոցիալական առաջացած լարվածությանը, ռուսաստանյան հասարակության մեծ մասը համախմբված է, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությունը շարունակում է շատ բարձր մնալ:
ԵԱՏՄ երկրների տարադրամները շարունակական արժեզրկման միտում ունեն: Տնտեսական դժվարությունները դիպչում են միլիոնավոր մարդկանց: Ռուսաստանյան փորձագետներն ասում են, որ ֆինանսատնտեսական այս ճգնաժամը հաղթահարելուց հետո մոտակա հինգ տարիները լարված եւ դժվարություններով հագեցած են լինելու: Ղազախստանի վարչապետը թենգեի արժեզրկման օրերին զգուշացրեց իր ժողովրդին, որ մոտակա հինգ տարիները դժվարին են լինելու: Ավելի վաղ նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը արդեն զգուշացրել էր իր հայրենակիցներին, որ տնտեսության համար ամենադժվար տարին լինելու է հաջորդՙ 2016 թվականը: Հայաստանի գործարար աշխարհի մարդիկ նույնպես կարծում են, որ մոտակա տարիները տնտեսության համար դժվարին են լինելու: Բառացիորեն ամբողջ աշխարհի տնտեսությունները ցնցող այս ճգնաժամը աննախադեպ առիթ է դարձել լրջորեն քննարկելու այն հարցերը, թե ինչպիսին է լինելու գլոբալ համաշխարհային տնտեսության ռեգիոնալացման հեռանկարը, ի՞նչ անել, որ ապագայում ազգային տնտեսություններն ավելի կենսունակ դառնան եւ ի վիճակի լինեն դիմակայելու այս կարգի ցնցումներին: Ասում են, որ չինական հիերոգլիֆը, որը «ճգնաժամ» իմաստն ունի, կարող է կարդացվել նաեւ որպես «նոր հնարավորություն»: Իմաստուն չինացիները շատ լավ հասկանում են, որ ամեն մի դժվարություն նաեւ հնարավորություն է վերաիմաստավորելու անցյալն ու պատրաստվելու ապագային: Այսօր, երբ գլոբալ ֆինանսական ցնցումներին դիմադրելը հաջողվում է միայն մասամբ, իսկ միակենտրոն աշխարհից բազմակենտրոն աշխարհին անցման գործընթացը ցավոտ է ու անկանխատեսելի հետեւանքներով հղի, հնարավորություն կա վերաիմաստավորելու ու իմաստավորելու մեր տեղն ու անելիքը ժամանակակից աշխարհում:
Քաղաքակրթությունների բախման հարցը
Անկախ հետազոտողները դեռ տարիներ առաջ ուշադրություն էին դարձրել այն փաստի վրա, որ ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային տարածքը աշխարհի ամենաապագաղափարականացվածն էր: Այսինքն կոմունիզմի գաղափարի ժխտումից հետո հետխորհրդային տարածքում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ուղենիշները կորցրած հասարակությունները դեռ չէին մշակել սեփական գաղափարախոսություններ եւ արտակարգ ընկալունակ էին դարձել արտաքին գաղափարական ամեն մի էքսպանսիայի հանդեպ: Ենթադրվում էր, որ հետխորհրդային տարածքի պետությունները պետք է որդեգրեին ժամանակակից Արեւմուտքի ազդեցիկ գաղափարախոսությունները: Պարզվեց, սակայն, որ ոտք դնելով ժողովրդավարական զարգացման ուղի եւ հիմնականում ձեւավորելով ժողովրդավարության մի մոդել, որը կարելի է անվանել ավանդական կամ պահպանողական ժողովրդավարություններ, այստեղ այլեւս չեն ուզում ընկալել այն մյուս իրողությունները, որոնցով որ հպարտանում է ժամանակակից Արեւմուտքը: Խոսքը միասեռական ամուսնությունների օրինականացման, միասեռական ընտանիքների կողմից երեխաների որդեգրման իրավունքների, սեռերի հավասարության սկզբունքի ընկալման եւ սրա հետ կապված խնդիրների ողջ համակարգի մասին է: Բայց եվրասիական տարածքի հասարակությունները հակադրվում են նաեւ բազմամշակութային քաղաքակրթություն ստեղծելու եվրոպական արդեն վիճելի համարվող փորձին: Գաղտնիք չէ, որ այս թեման լարվածության եւ աշխույժ քննարկումների առարկա է հենց մերօրյա Եվրոպայում:
Մեր հայ ճանաչված քաղաքագետներից մեկը իմաստուն կերպով հիմնավորել է, որ եվրասիական տարածքի հասարակությունները համախմբող, բոլորի համար ընդունելի գաղափար կարող է լինել խորին հարգանքը յուրաքանչյուրի ինքնակազմակերպվելու իրավունքի կենսագործման, մեր պետությունների ժողովուրդների տարբեր կրոններն ու մշակույթները խնամքով պահպանելու եւ զարգացնելու հանդեպ: Եթե մի քսան տարի առաջ մեզ անվանում էին տրանզիտային պետություններ, նկատի ունենալով, որ մենք շարժվում ենք խորհրդային համակարգից դեպի ժողովրդավարական հասարակություն տանող ճանապարհով, ապա այսօր ակնհայտ է, որ տարբերություններով հանդերձ, ամուր հաստատված են դասական կամ ավանդական իմաստով ժողովրդավարական կարգեր, որոնց կատարելագործման գործընթացը կարող է անվերջ լինել: Ուրեմն ճիշտ է այն գերմանացի փորձագետը, որը հայտարարել է, որ Ռուսաստանի ու եվրասիական տարածքում նրա դաշնակիցների մոտեցումը ժողովրդավարության հասկացություններին եւ դրանց ընկալմանը շատ տարբեր է Արեւմուտքի չափանիշներից: Մենքՙ հայերս, հազարամյակներով ապրել ենք Արեւմուտքի եւ Արեւելքի խաչմերուկում: Այդպես էլ գոյացել է մեր փոքրիկ, բայց ուրույն քաղաքակրթությունը, արեւմտյան եւ արեւելյան արժեքների սինթեզի արդյունքում: Վիճաբանությունների հարց է, թե դրանցից որն է գերակշռում: Բայց անվիճելի է, որ մենք կառչելու ենք մեր հնագույն քրիստոնեական արժեքներին եւ փնտրելու ենք ժամանակակից բարդ ու խառը աշխարհում գաղափարական դաշնակիցներ, որոնց համար այդ արժեքներից հրաժարվելն անթույլատրելի է: Եվրասիական տնտեսական միությունը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի շահագրգռի բոլոր մասնակիցներին մտածելու ինտեգրման ավելի բարձր աստիճանների մասին, ասենք եվրոպական ճանապարհով: Բայց պարզից էլ պարզ է, որ միայն տնտեսական կապերով պայմանավորելը մեր համագործակցությունը, առանց մարդկային գործոնի, ընդհանուր քաղաքակրթական արժեքների գեներացման, առանց հումանիտար համագործակցության մոդելների մշակման, այդ ինտեգրման հեռանկարը հաջող չի լինելու:
Ընդհանուր արժեքների հարցը
Ռուսական կայսրության եւ ԽՍՀՄ-ի պատմությունը բարդ եւ դժվարին է եղել: Մենք վերջերս նշեցինք Հայրենական մեծ պատերազմում Մեծ հաղթանակի 70-ամյակը: Սա 20-րդ դարի ամենասարսափելի պատերազմում համատեղ հաղթանակի եւ համաշխարհային քաղաքակրթության մեջ միասնական ներդրման ամենավառ օրինակն է: Հետխորհրդային տարածքում շատերն են ասում, որ այդքան հաջողված օրինակներ մեր դժվարին պատմության մեջ էլ չկան: Բոլորն են հիշում խորհրդային պատմության առաջին տարիների տեռորը, միլիոնավոր մարդկանց սովամահությունը կոլեկտիվացման տարիներին, ստալինյան բռնությունները եւ այլն: Բայց մենքՙ հայերս, այդ ամենը չմոռանալով, գիտենք նաեւ, որ այսօրվա Հայաստանը, ինչպիսին որ կա, դեռ հիմնականում խորհրդային տարիների արդյունք է: Մեր ժողովրդի, տարբեր հարցումներով 60-ից 80 տոկոսը ավանդաբար ռուսամետ է եւ վստահում է Ռուսաստանին: Սակայն հարցումներ կան, ըստ որոնց մեր երիտասարդության, մասնավորապես ուսանողության շրջանում արեւմտամետների եւ ռուսամետների հարաբերությունը մոտավորապես հավասար է: Սա նշանակում է, որ 10-15 տարի հետո, երբ Եվրասիական ինտեգրման գործընթացը, լավատեսական սցենարի դեպքում, հետագա զարգացում կապրի, մեր հասարակության մեջ սպասվում են ոչ կատակային, լարված քաղաքական քննարկումներ: Սա էլ նշանակում է, որ այսօր, երբ գլոբալ բացասական ազդակների ներգործության պայմաններում դանդաղել են ինտեգրացիոն գործընթացների քննարկումներն ու ապագային միտված ուսումնասիրությունները, իսկական ժամանակն է մտածելու ոչ միայն ընդհանուր տնտեսական տարածքը կատարելագործելու, այլեւ ընդհանուր տեղեկատվական եւ հումանիտար տարածք ունենալու մասին: Նույն դժվարությունը կարելի է ընկալել երկու կերպ: Առաջինըՙ ինքնապարփակվելն է, էգոիստական մղումներով առաջնորդվելը եւ միայն իր (տվյալ դեպքումՙ իր հասարակության) մասին մտածելը: Երկրորդըՙ համատեղ ուժերով, համատեղ ծախսերով եւ մտքերը միատեղելով ապագայի կենսունակ կառույց ստեղծելն է: Հիմա, մեր դժվարին օրերում, մի աներեւույթ պայքար կա այս մոտեցումների շուրջՙ թե՛ Ռուսաստանում, թե՛ նրա դաշնակիցների շրջանում:
Քաղաքակրթական բախման հնարավոր հետեւանքների հարցը
«Սառը պատերազմ 2» կոչված այս նոր իրավիճակը ստիպում է մտածել հնարավոր հանգուցալուծումների մասին: Աշխարհում տարբեր ձայներ են հնչում, թե մենք մոտեցել ենք նոր համաշխարհային պատերազմի: Կանխատեսումներ են արվում, թե Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ բոլոր երկրներում, Բալթիկ ծովից մինչեւ Կասպից ծով հնարավոր են քաղաքական ցնցումներ: Այս կանխատեսումները ստիպում են մեր հասարակություններին զսպվելու եւ մտածելու կործանարար ցնցումներից խուսափելուն ուղղված քաղաքական քայլերի ու հասարակական համախմբման հնարավորությունների մասին:
Ռուսաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում միասին վերցրած ապրում է այնքան հայ, մոտավորապես որքան այսօրվա Հայաստանի Հանրապետությունում: Այդ միլիոնավոր կապերը ստեղծում են մի դաշտ, որն արտակարգ զգայուն է ընկալում բոլոր փոփոխությունները եւ գործնականում միտված է կայունացնող գործոն լինելուն: Հայաստանը ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ է եւ անցած տարիներին երբեք առիթ չի տվել կասկածելու իր դաշնակցային հավատարմության մեջ: Չեմ կարծում, թե ապագայում այս առումով փոփոխություն կլինի: Հայաստանը նաեւ շատ փոքր երկիր է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ նոր երկխոսության եւ փոխզիջումների վրա հիմնված համաձայնության հասնելու գործում միջնորդ լինելու համար: Բայց մեր ժողովրդի մեկ միլիոնանոց հատվածն ապրում է ԵՄ-ում, եւս մեկ միլիոնանոց հատվածըՙ ԱՄՆ-ում: Եվ այն օրը, երբ Քենեդիի, Միկոյանի, Խրուշչովի, Քարտերի, Բրեժնեւի օրինակով Ռուսաստանը եւ Արեւմուտքը նոր կործանարար բախումից հեռու պահելուն ուղղված մոտեցումները կհաղթանակեն եւ կգերիշխի փոխըմբռնման ու համագործակցության ոգին, մեր ժողովուրդն իր բնական մրցակցային առավելությունների բերումով, հաստատ շատ օգտակար կլինի թե՛ մեր դաշնակից Ռուսաստանին, թե՛ մեր գործընկեր ԵՄ-ին ու ԱՄՆ-ին: Հիմա պետք է մտածել մեր անվտանգությունն ապահովելու, տնտեսությունը փրկելու եւ դաշնակցային պարտականությունները հավուր պատշաճի կատարելու մասին: