Արցախի ԱԺ խմբակցությունները պահանջում են ՀՀ իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Եթե մենք ունենանք իրավիճակ, որ մնացել է մի քանի օր, որ ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, դա կնշանակի, որ բանակցային գործընթացում մենք հասել ենք հաջողության. մարտի 14-ի աուլիսին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետև նա շարունակեց.
«Խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծերի վերաբերյալ մենք տեքստը փոխանցել ենք Ադրբեջանին, 3 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի արձագանքը։
Պետք է ընդգծել, որ առաջընթաց տեսնում ենք, բայց ի հայտ են գալիս ֆունդամենտալ պրոբլեմներ։ Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման պայմանագրերի միջոցով ՀՀ տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել, ինչը կարմիր գիծ է մեզ համար։ Խաղաղության պայմանագրի տեքստով Ադրբեջանը փորձում է Արցախում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ կամ թույլտվություն ձեռք բերել, ինչը նույնպես մեզ համար կարմիր գիծ է։
Փաստաթղթում նման բան գրված չէ, բայց դա մեր մեկնաբանությունն է։
Ադրբեջանը հետապնդում է նպատակ, որ մենք ստորագրված կետերի իրականացման երաշխիքներ չունենանք։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերն էլ չի կատարում Ադրբեջանը։ Ըստ դրա՝ Լաչինի միջանցքը չպետք է փակ լիներ։
Ցանկացած փաստաթուղթ, որ պետք է ստորագրվի, պետք է ունենա այն իրականացնելու հնարավորություն և երաշխիք։
ԼՂ-ի իրավունքների և անվտանգության հարցը մեզ համար չափազանց կարևոր է, մեր ընկալումն այն է, որ ճիշտ կլինի, որ այդ հարցի առաջնային մանդատառուն լինի ԼՂ ժողովուրդը։
Այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Այստեղ էլ առանց միջազգային երաշխիքների, առաջ գնալ հնարավոր չէ, որովհետև Մյունխենում Ալիևն ինձ ասաց, որ կա միջազգային պայմանավորվածություն Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարցով։
Հանկարծ պարզվեց, որ մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի բառամթերքը փոխվեց, հիմա էլ խոսում են Ղարաբաղի ինտեգրացիայի մասին, իսկ ԼՂ ժողովուրդը պետք է որոշի ինտեգրացիայի հարցը»։