ԳՐԵԳ ՕՐՅԱՆ
Հիմա, երբ արդեն հետեւում է մնացել շատ թեժ ամառը, կարելի է անցնել Սահմանադրության առաջիկա բարեփոխմանն առնչվող ոչ պակաս թեժ վեճերին: Տողերիս հեղինակը գրեթե մեկ տարի իր հրապարակումները նվիրել է երեք փոխկապակցված հարցերի. պետական կառավարման համակարգի ավտորիտարիզմ, ընտրությունների օրինականություն եւ Սահմանադրության բարեփոխում: Վերջինս ներկայումս առավել շատ է քննարկվում եւ ձեւակերպված է հետեւյալ կերպ. պե՞տք է արդյոք բարեփոխել Սահմանադրությունը: Պատասխանում եմՙ անպայման պետք է, քանզի հասարակության ներսում կուտակվել են հսկայական թվով խնդիրներ, որոնց չլուծվածության պամաններում հասարակության ժողովրդավարական զարգացումը եւ մեր պետության տնտեսութան զարգացումը հանգել են նվազագույնին, որը ձգտում է զրոյի: Իշխանությունն արդյոք բավարար չափով գիտակցո՞ւմ է այդ փաստը: Անկասկած, այո: Սակայն, նույնիսկ պետության եւ հասարակության համար ողբալի այս պայմաններում նա զբաղվում է ուրիշ խնդիրներով: Անշուշտ, տեղյակ լինելով իրենց լեգիտիմության մակարդակին եւ գիտակցելով, որ այնտեղ իրենք արդեն հատել են հասարակության վստահության «անդառնալիության կետը», իշխանավորները մտադիր են ամեն գնով ապահովել իրենց վերարտադրությունը: Այս անգամ նրանք ուզում են տվյալ խնդիրը լուծել հիմնավորապես եւ «օրինականորեն» , բայց դրա համար պետք է «հենման կետ» ունենան Սահմանադրության մեջ, որպեսզի առաջին իսկ անհրաժեշտության դեպքում վկայակոչեն այն: Այլ կերպ ասած, իշխանությունը բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի սահմանադրորեն, այսինքնՙ Հիմնական օրենքի համապատասխան հոդվածով հիմնավորի ՀՀ խորհրդարանում «կայուն», այսինքն բացարձակ քաղաքական մեծամասնության ձեւավորման անհրաժեշտությունը: Այդ աղաղակող փաստը նշել են նաեւ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները, առաջարկելով հանել այն Սահմանադրության նախագծից եւ տեղափոխել Ընտրական օրենսգիրք, ինչը, բնականաբար, իշխանությունը մերժեց: Շատ շուտով ոչ միայն եվրոպացիները, այլեւ ողջ աշխարհը կհամոզվի, որ պետական կառավարման խորհրդարանական համակարգին ՀՀ անցնելը առաջին հերթին կապված է Սահմանադրության մեջ հենց այդ հոդվածի ներածումով: Ինչո՞ւ: Որովհետեւ, մի կողմից, իշխանության համար դա հնարավորություն է նվազագույն խոչընդոտներով, անօրինական ընտրությունների միջոցով վերարտադրվել շատ անգամներ, մյուս կողմից, հենց խորհրդարանական համակարգը առավել մեծ չափով ունի կայուն խորհրդարանի անհրաժեշտություն: Այսպիսով, սահմանադրական բարեփոխմամբ քողարկվելովՙ իշխանավորներն իրականում լուծում են իրենց քաղաքական վերարտադրության խնդիրը: Միեւնույն ժամանակ, «կայուն», այսինքն սեփական քաղաքական բացարձակ մեծամասնության ձեւավորման միջոցով նրանք մտադիր են խորհրդարանում ապահովել միակուսակցական թելադրանք, որն իրենց համար կերաշխավորի երկրի ավտորիտար կառավարման հնարավորությունՙ անկախ դրա պետական կառավարման համակարգի տարատեսակից: Հենց այստեղ է «թաղված շան գլուխը», այսինքնՙ այն բանի պատճառը, թե ինչու իր համար իբր անհարմար ու լարված պահին իշխանությունը համարձակվեց բարեփոխել Սահմանադրությունը:
Ամբողջ հայությանը օդի պես անհրաժեշտ են ՀՀ հասարակությանՙ որպես արդի աշխարհում ազգի ընդհանուր պատկերի (ՀՀ, Արցախ, Սփյուռք) գոյության հիմնասյան արմատական, հիմնավոր եւ ուստի սահմանադրական վերափոխումներ: Այդ պատկերի մեջ ՀՀ հասարակության պատասխանատվությունը վիթխարի է: Այն ճակատագրական է ողջ աշխարհի հայության համար, քանզի ակնհայտ են այդ պատկերի սյուների փոխպայմանավորվածությունն ու փոխկապակցվածությունը եւ դրանում ՀՀ-իՙ որպես պետականորեն կազմակերպված հասարակության նշանակալիությունը: Այս կապակցությամբ ես, որպես ՀՀ հոգատար եւ պատասխանատու քաղաքացի, ինձ թույլ կտամ հայտարարել. նման պատասխանատվության բեռ կրելով անաստվածութուն եւ անբարոյականություն է դիմել Սահմանադրության բարեփոխմանը, որի իրական նպատակը սոսկ ներկայիս ավտորիտար իշխանության վերարտադրության ապահովումն է: Իսկ բոլոր քաղաքական կուսակցություններին, որոնց թվում է, թե իրենց քննարկման ներկայացված Սահմանադրության նախագիծը պետական կառավարման համակարգում կնվազեցնի ավտորիտարիզմը, կասեմ. ձեր հույսը, պարոններ, նույնիսկ ոչ թե պատրանք է, այլ ամբողջ ազգի համար կործանարար մոլորություն:
Այսպիսով, Սահմանադրության բարեփոխման համատեքստում մեր հասարակության մեծամասնության ձգտումն ու հույսը իշխանության նպատակին փաստորեն չեն համընկնում այնքան, որ կարելի է խոսել պետական իշխանության հանդեպ ՀՀ քաղաքացիների վստահության վերջնական կորստի մասին: Դա առաջնագույն նշանն է այն բանի, որ մեր ազգային պետականության գոյությունը անմիջական սպառնալիքի տակ է նույնիսկ առանց արտաքին ռազմական միջամտության, քանզի ներկայիս իշխանությունը, մերժելով ամենայն բանականը, ցանկանում է միայն մեկ բան. անվերջորեն ինքնավերարտադրվել: Իսկ պետական կառավարման խորհրդարանական համակարգը, նկատի ունենալով մեր հասարակության ընտրական գործընթացի առանձնահատկությունը, այսինքն ընտրությունների անօրինականությունը (որպես այդ գործընթացի կոնստանտ), առավել «հիմնավորությամբ» է ընձեռում այդ հնարավորությունը իշխանություններին: Ինձ ի՞նչն է ստիպում այդպես մտածել: Եկեք դա պարզենք առավել մանրամասնորեն եւ անշտապ կերպով:
Իր բովանդակային էությամբ ԽՍՀՄ սահմանադրությունը մարդասիրական էր, բայց Խորհուրդների երկրում ամեն ինչ, այդ թվում մարդասիրությունը ենթակա էր ԽՄԿԿ գաղափարախոսությանը: Այդ յուրօրինակ խորհրդային «մարդասիրության» հիմքը ԽՍՀՄ Հիմնական օրենքի 6-րդ հոդվածն էր, որտեղ խոսվում էր խորհրդային հասարակության կյանքում ԽՄԿԿ «ղեկավար եւ ուղղորդիչ» դերի մասին: 6-րդ հոդվածի այդ կարճ բառակապակցությունը միանգամայն բավարար էր, որպեսզի անհրաժեշտության դեպքում ի չիք դարձվի ամենայն առաջադիմականն ու բանականը խորհրդային հասարակության մեջ, եթե այդ էին պահանջում կուսակցական վերնախավի շահերը, եթե դա չէր համընկնում նրանց գեղագիտական ճաշակին: Վերհիշենք, օրինակ, խորհրդային գաղափարախոսության վերաբերմունքը մասնավոր սեփականության, այլախոհության նկատմամբ, 1962 թ. Ն. Խրուշչովի կողմից ավանգարդիստների ցուցահանդեսի ջախջախումը եւ այլն: ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը եղել է ԽՍՀՄ փլուզման ականատեսը: Իսկ մենք հիանալի հասկանում ենք, որ Խորհուրդների երկիրը դադարեց որպես պետություն գոյություն ունենալ ոչ թե ԿՀՎ-ի ջանքերով կամ ինչ-որ ամենազոր դավադրության հետեւանքով, այլ պարզ ու տափակ պատճառով. Խորհրդային Միության հասարակ քաղաքացիները վերջնականապես հիասթափվեցին, կորցնելով հավատը ինչպես իրենց պետական ղեկավարների, անպես էլ ԽՄԿԿ գաղափարախոսության նկատմամբ:
ՀՀ-ում ի՞նչ է տեղի ունենում այսօր: Հասարակությունը արդյոք հավատում եւ վստահո՞ւմ է պետական իշխանությանը: Լինենք անկեղծ. չի հավատում եւ չի վստահում, եւ սա մեղմ, շատ մեղմ է ասված: Իշխանության հանդեպ նման վերաբերմունքի մարմնավորումը, մի կողմից, բնակչության արտահոսքն է, մյուս կողմից այն, որ իշխանության որեւիցե նախաձեռնություն չի հարուցում բնակչության գերակշիռ մեծամասնության վստահությունը, ինչում քանիցս համոզվել ենք: Մեզ փորձում են ապացուցել, թե բնակչության արտահոսքը պայմանավորված է միայն աշխատատեղերի բացակայությամբ: Պետք չէ խորամանկել. դա պայմանավորված է նրանով, որ ավտորիտարիզմը ոչնչացնում է Օրենքն ու Իրավունքը եւ դրանով իսկ պետական պաշտոնյաներին զրկում նույնիսկ ամենաանկեղծ ցանկության դեպքում աշխատատեղերի ստեղծման գործընթացին «մաքուր ձեռքերով» օժանդակելու հնարավորությունից: Դրա ածանցյալը մաֆիական վերաբերմունքն է նրանց հանդեպ, ովքեր ստեղծում են այդ աշխատատեղերը: Արդեն չեմ հիշում, թե սփյուռքյան եւ տեղական բիզնեսի քանի՜-քանի ներկայացուցիչներ են հեռուստաալիքներով գանգատվել իրենց բիզնեսի հանդեպ այս կամ այն պետական կազմակերպության չինովնիկների անթույլատրելի վերաբերմունքից: Բացարձակապես անհնար է սեփական երկրում իրեն զգալ լիարժեք քաղաքացի (չխոսելով արդեն ցածր աշխատավարձերի, թոշակների, նպաստների մասին), եթե այստեղ Օրենքն ու Իրավունքը գործում են ինչ-որ մեկի քմահաճույքով եւ միակողմանիորեն, մանավանդ եթե երկրի հասարակությունը որպես սեփական զարգացման ուղի ընտրել է ժողովրդավարությունը: Մեզ շրջապատող իրականության այդ իրողությունը հանգեցնում է երկրի իշխանության հանդեպ անվստահության, ընդհուպ ատելության. ժողովուրդը լքում է իր Հայրենիքը: Իսկ իշխանությո՞ւնը: Ուշադրություն չդարձնելով պետության տնտեսության եւ հասարակության ժողովրդավարության մակարդակի աճին խանգարող իրական պատճառներինՙ նա որոշել է բարեփոխել Սահմանադրությունը, որպեսզի փոխի պետական կառավարման համակարգը, նույնիսկ սովորած չլինելով անցկացնել օրինական ընտրություններ… Կարելի՞ է արդյոք լրջորեն եւ վստահությամբ վերաբերվել նման նախաձեռնությանը: Հարգելի ընթերցողներ, ուշադրություն դարձրեք, որ ես խոսում եմ ընտրությունների օրինականության , եւ ոչ թե ազատության, հավասարության եւ համընդհանրության մասին, ինչպես գրված է Սահմանադրության նախագծում: Քանզի ամենքի համար պարզ է, որ դրանք դատարկ եւ անիմաստ բառեր են այն հասարակության մեջ, որտեղ ընտրակաշառքները, վարչական ռեսուրսի կիրառումը եւ նախընտրական արշավի մյուս տարատեսակ օրինախախտումները դարձել են կյանքի նորմա: Կարծում եմՙ մեծ գաղտնիք չեմ բացահայտի, նշելով, որ մեր բարեխոխիչները «բարեկրթորեն» լռության են մատնում ընտրությունների օրինականության հարցը, հիանալի հասկանալով, որ ներկայիս իշխանությունը վախենում է օրինական ընտրություններից, ինչպես սատանան խունկից, քանզի օրինական ընտրությունների դեպքում չի կարողանա բավարար թվով քվեներ ստանալ խորհրդարանում միակուսակցական բացարձակ մեծամասնություն ապահովելու համար: Ավելին, այդ դեպքում նա ստիպված կլինի սեւով սպիտակի վրա գրել նաեւ այն, թե ինքն ինչպես է հասնելու ընտրությունների օրինականությանը եւ ինչ պետք է ձեռնարկվի դրա համար: Իսկ դա «աքիլլեսյան գարշապար» է ՀՀ բոլոր իշխանությունների համար, սկսած 1996 թվականից: Ներկայիս իշխանությանը երաշխավորված ձեւով «զերծ պահելով» օրինական ընտրությունների անցկացումից, այսինքն կատարելով նրա «պատվերը» Սահմանադրության մակարդակով, բարեփոխիչները, գուցե իրենք էլ չհասկանալով, հաստատում են այն փաստը, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը սկսվում եւ ավարտվում է ընտրություններով: Մյուս կողմից, Սահմանադրության նախագծում միանգամայն հստակորեն գրված է. «Ազգային ժողովի ընտրությունների կարգը պետք է երաշխավորի ԱԺ-ում կայուն քաղաքական մեծամասնության ձեւավորումը» (գլ. 4, հոդված 89, պ. 3): Հասկանալի է, որ «կայուն քաղաքական մեծամասնություն» խորամանկ ձեւակերպումը մեր իրականության մեջ կնյութականացվի ՀՀ ԱԺ-ում միակուսակցական քաղաքական բացարձակ մեծամասնության ձեւավորման միջոցով, այսինքն պետական կառավարման խորհրդարանական համակարգի օրոք, ավտորիտարիզմը մեր հասարակության կյանքը «կղեկավարի եւ կուղղորդի» ինչպես եւ այսօր: Իսկ ինչ վերաբերում է այդ «կայուն քաղաքական մեծամասնության» ձեւավորման եղանակին, բնավ դժվար չէ կռահել, թե դա ինչպես տեղի կունենա. հասարակությունն այդ կենսունակ նողկալիության հետ «համակեցության» իրական փորձ ունի: Մյուս կողմից, միանգամայն ակնհայտ է նաեւ այն, որ եթե վերոհիշյալ հոդվածը հայտնվի նոր Սահմանադրության վերջնական տարբերակում, ապա նույն կերպ «կձեւախախտի» մեր հասարակության կյանքը, ինչպես ԽՍՀՄ Սահմանադրության 6-րդ հոդվածը: Սակայն այստեղ նրբերանգ կա: Ամբողջ հարցն այն է, որ Սահմանադրության մեջ տվյալ հոդվածի առկայությունը կարող է կայուն պետական կառավարման անկյունաքար դառնալ խորհրդարանական համակարգի պայմաններում, սակայնՙ լոկ ան դեպքում, եթե անվերապահորեն, սահմանադրորեն երաշխավորվի նաեւ ընտրությունների օրինականությունը: Հակառակ դեպքում կարելի է չկասկածել, որ միակուսակցական ավտորիտարիզմը խորհրդարանական համակարգի օրոք կվերածվի անժամկետ միակուսակցական թելադրանքի, ինչը անթույլատրելի է ժողովրդավարական իրավական եւ սոցիալական պետության կառուցմանը ձգտող, պետականորեն կազմակերպված հասարակության համար:
Սահմանադրության ներկայիս բարեփոխման միանգամայն հստակորեն կանխատեսվող այդ արդյունքը, անկասկած, պարզ է մեր հասարակության բոլոր ողջամիտ քաղաքացիների համար: Տվյալ փաստը իջեցնում է բնակչության վստահության առանց այդ էլ ցածր մակարդակը իր պետական իշխանության հանդեպ :
Ինչպես որ Արարչի ստեղծած բնության մեջ կա Նրա կանխորոշած պրոցեսների հաջորդականությունը, այնպես էլ օրենսդրական-իրավական իրականության մեջ գործում է դեպի նպատակը տանող քայլերի դարերով մշակված, հստակ հաջորդականություն: Օրինակ, երեխայի ծնվելու համար կինը պետք է հղիանա. հակառակը պարզապես չի կարող լինել: Ճիշտ նույն ձեւով էլ ժողովրդավարություն կառուցելու համար անհրաժեշտ է առաջին հերթին անցկացնել օրինական ընտրություններ. այստեղ եւս հակառակը լինել չի կարող: Սակայն դա չի նշանակում, թե օրինական ընտրությունների միջոցով իշխանության գլուխ չեն կարող անցնել զանազան արկածախնդիրներ եւ համանման անձինք. պատմությանը հայտնի են նաեւ այդպիսի օրինակներ: Մյուս կողմից, միայն հիվանդ երեւակայությունը կարող է մարդուն մտածել տալ, թե հասարակության մեջ հնարավոր է ժողովրդավարություն կառուցելՙ հենվելով անօրինական ընտրությունների վրա: Ուստիեւ կարելի է համարձակորեն պնդել (իհարկե, չցանկանալով որեւէ մեկին վիրավորել), որ բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ նպաստել են Սահմանադրության նախագծի բովանդակային էության ձեւավորմանը, բայց ընդսմին չեն արծարծել ընտրությունների օրինականության հարցը, փաստորեն, գուցե իրենք էլ չգիտակցելով, զբաղվել են հորինմամբ:
«Պատմությունը քանիցս ցույց է տվել, որ հորինվածքը գիտության մեջ դառնում է կամ կարող է դառնալ անհամար աղետների աղբյուր… Դա սիբիրյան գետերը հետ շրջելու «գաղափարն» է… դա Լիսենկոյի «տեսությունն» է, որը կործանեց մինչ այդ անչափ հարուստ երկրի գյուղատնտեսությունը… Հասարակական կառուցվածքի ոլորտում դա նոր մարդու ստեղծման «գաղափարն» է… Եթե գիտության մյուս ճյուղերում հորինվածքի հետեւանքները, փառք Աստծո, պայմանավորված են ցնորական գաղափարների ու նախագծերի իրականացմանն ուղղված նաեւ մի շարք այլ հանգամանքներով, ապա իրավունքի բնագավառում հորինվածքը անհապաղ կործանարար է անդրադառնում հասարակության վրա, քանզի օրենսդրի «գաղափարները» ներդրվում են եթե ոչ անմիջապես, ապա առնվազն շատ ավելի անարգել կերպով, քանի որ դրանց հեղինակը օրենսդիր էՙ իշխանության ներկայացուցիչ: Այսպես, սիբիրյան գետերը չհասցրին հետ շրջել, բայց իրավունքի ասպարեզում «միակ քաղաքական ուժիՙ ԽՄԿԿ-ի ղեկավար դերը» ամրագրած ԽՍՀՄ Սահմանադրության 6-րդ հոդվածը կառավարող ընտրախավի կողմից ներդրվեց առանց որեւէ դժվարության»: (Р. Папаян, “Христианские корни современного права”, стр.2, изд. НОРМА, Москва, 2002):
2005 թվականին մենք բարեփոխեցինք 1995-ին ընդունված Սահմանադրությունը: Դրանից հետո Օրենքի առջեւ ամենքի հավասարությունը եւ Իրավունքի գերակայությունը մի՞թե դարձան մեր հասարակության կյանքի նորմա: Պետական կառավարման համակարգում ավտորիտարիզմը, կոռուպցիան, կաշառակերությունը մի՞թե նվազեցին, հասարակութան մեջ ժողովրդավարության մակարդակը մի՞թե բարձրացավ: ՀՀ դատաիրավական համակարգը մի՞թե սկսեց անկախ գործել եւ համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին: Բնակչության արտահոսքը մի՞թե նվազեց: Ո՛չ, անկասկած ո՛չ: Սահմանադրության 2005 թ. բարեփոխումը մեծ հաշվով հասարակության իրավական ու սոցիալական ձեւավորման տեսակետից ինչո՞ւ չհանգեցրեց ՀՀ քաղաքացիների կյանքի շոշափելի որակական փոփոխությունների եւ, ավելին, նույնիսկ դրան ուղղված միտում չարձանագրեց: Կպատասխանեմ պարզ ու հստակ. այն ժամանակ, ինչպես եւ այսօր, Սահմանադրության բարեփոխումը չի արծարծել ընտրությունների օրինականության հարցը: Անկեղծ լինենք. այն ժամանակ մենք գուցե ինչ-որ բան վատ էինք հասկանում, բայց հիմա ունենք տասնամյա փորձ:
Պարոնայք բարեփոխիչներ, դուք ինչի՞ց կամ ումի՞ց եք այդքան սարսափում, որ չեք ուզում «նկատել» ընտրությունների անօրինականության խնդիրը, որը մեր իրականության մեջ հանգեցնում է պետության ավտորիտար կառավարմանը (դա հիանալի գիտեք, քանզի զգում եք ձեր մաշկի վրա), որի հիմքը ՀՀ ԱԺ-ում անլեգալ ձեւավորված միակուսակցական բացարձակ մեծամասնությունն է: Պատկերացրեք կշեռք, որի մի նժարի վրա սահմանադրական վերափոխումների հանդեպ ձեր վերաբերմունքն է, մյուսի վրաՙ մեր Հայրենիքի ինքնիշխանության ճակատագրիը, որն այսօր կախված է ձեր քաղաքացիականության որակից… Եթե ինչ-որ մեկը մտածեց, թե ես չափազանցում եմ, ապա, ձեր կարծիքով, ինչպե՞ս կարելի է մեկնաբանել ՌԴ-ից հնչած այն խոսքը, որ եթե ՀՀ-ում այօսր հանրաքվե անցկացվի, ապա բնակչության գերակշիռ մեծամասնությունը կարտահայտվի Ռուսաստանի միջուկային «վահանի» տակ հայտնվելու օգտին: Սա ի՞նչ է, պատահականությո՞ւն: Նման պատահականություններ չեն լինում: Ողջ աշխարհը տեղյակ է ՀՀ քաղաքական, տնտեսական ու սոցիալական իրավիճակին, գիտե նաեւ իր պետական իշխանության հանդեպ ՀՀ բնակչության իրական վերաբերմունքի մասին. ահա եւ «խոսք են գցում»: Դուք ուզում եք, որ մեր ազգային պետության ինքնիշխանությունը դառնա ինչ-որ մեկի ո՞րսը: Ես չեմ ուզում: Վստահ եմՙ դուք նույնպես: Ուրեմն մի՛ զբաղվեք հորինմամբ եւ սովորեք վերջապես ծառայել Հայրենիքին եւ Ազգին, ունենալով Աստծուն մեր հոգու մեջ, այլ ոչ թե դիմանկարը պատի վրաՙ անկախ այն բանից, թե ով է պատկերված: Չէ՞ որ դիմանկարները վաղ թե ուշ փոխվում են: Մի՛ մոռացեք Ա. Լինքոլնի նշանավոր խոսքերը. «Կարելի է անդադար խաբել ժողովրդի մի մասին, որոշ ժամանակՙ ամբողջ ժողովրդին, բայց անհնար է անվերջ խաբել ամբողջ ժողովրդին»:
Ռուս. թարգմ. Պ. Ք.