Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հոգեկերտվածքները շատ նման են միմյանց, և դա կարևոր պատճառ է, որ այսպես կոչված հեղափոխական ղեկավար Փաշինյանն Արցախում որպես իր լավագույն դաշնակից է ընտրել հենց Հարությունյանին։ Մինչև 2020 թվականի պատերազմը նա Նիկոլ Փաշինյանի լիակատար կամակատարն էր, բայց 2022 թվականի նոյեմբերի 9-ից հետո Արայիկ Հարությունյանը գործնականում ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ուղղակիորեն Իլհամ Ալիևի կամակատարն է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք կասկածելի չէ, որ ԱՀ նախագահը մինչև հիմա չի բարձրաձայնում՝ ինչ կարծիք ունի Փաշինյանը Ադրբեջանի պահանջի առնչությամբ՝ կամ Ադրբեջանի հետ Արցախի ինտեգրացիա, կամ նոր կոշտ քայլեր։
«Չմոռանանք, որ Գանձակի հրթիռակոծության համար Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել, և նա մեծապես վախենում է իր կյանքի համար։ Լինելով կատարելապես անսկզբունք անձնավորություն և գործնականում արդեն ազգային և պետական դավաճան՝ Հարությունյանը շարունակում է Արցախի մնացորդում հետևողականորեն իրականացնել ալիևյան հրահանգները, հետևաբար ոչ մի բանի վրա չպետք է զարմանալ»,- ասաց Ալեքսանդր Քանանյանը։
Քաղաքագետի խոսքով՝ ԱՀ նախագահը բոլորովին վերջերս խոսել է Ադրբեջանի առաջադրած երկընտրանքի՝ ինտեգրացիայի կամ կոշտ քայլերի կիրառման մասին՝ փորձելով քողարկել իր պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Ադրբեջանի կողմից Արցախի վերջնական բռնազավթմանը։
«Ասել է, որ չեն հրաժարվում պայքարից, բայց Հարությունյանի յուրաքանչյուր խոսքի արժեքը կատարելապես զրոյական է և գործնականում շատ անհաջող կերպով քողարկելով իր մտադրություններն՝ իրականում ևս մեկ անգամ բացահայտ խոստովանել է, որ պատրաստ է ընկրկելու Ալիևի բոլոր պահանջների դեմ»,- նշեց մեր զրուցակիցը։
Քաղաքագետը շեշտեց՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք մինչ օրս տեղի են ունեցել և դեռ վատթար տարբերակով տեղի են ունենալու ամբվողջ հայության համար, լիովին բխում են նոյեմբերի 9-ի հայաստանակործան դավաճանագրից։
«Այսինքն՝ հենց այդ փաստաթուղթն է կանխորոշել իրերի ներկա ընթացքը»,- ասաց Քանանյանը։
Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ էր հրավիրել՝ հայտարարելով, որ ադրբեջանական կողմը փոխանցել է՝ կամ Արցախն ընդունում է ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր: