Վերջին ժամանակներում ինքս ինձ համար մի հետաքրքրական զբաղմունք եմ հայտնաբերել: Մտնում եմ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը եւ կարդում: Ընդ որում հետաքրքրականը ոչ թե այն է, թե ինչ եմ կարդում, այլ այն, ինչը չեմ կարող կարդալ, քանի որ չկա: Խոսքը Իլհամ Ալիեւի «վաղվա» մասին է: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հնարավոր չէ գտնել տեղեկություն, թե ի՞նչ է անելու, որտե՞ղ է գնալու, ո՞ւմ է հանդիպելու Իլհամ Ալիեւը` «վաղը»: Այս փաստն առաջին հայացքից անկարեւոր կարող է թվալ, կամ անգամ տրամաբանական: Բանն այն է, որ նախագահական պաշտոնական կայքը որպես կանոն տեղեկացնում է արդեն իսկ տեղի ունեցած հանդիպումների, իրադարձությունների, ելույթների մասին, այլ ոչ թե անոնսում կայանալիքները: Իրականում սակայն, սա կոնկրետ Ադրբեջանի պարագայում բավականին հետաքրքրական է, եւ ահա, թե ինչու:
Բանն այն է, որ այդ երկիրը կիսապատերազմական իրավիճակում է, ընդ որում` իրենք ադրբեջանցիները պնդում են, որ պատերազմը դեռ ավարտված չէ, հետեւաբար` Ադրբեջանը շարունակում է գտնվել պատերազմի մեջ: Ով չգիտի, ասենք, որ Ադրբեջանը «պատերազմի մեջ է»` մեզ հետ: Հիմա, այս համատեքստում, եթե Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը այսօր հայտարարի, որ վաղը Իլհամ Ալիեւը, ճիշտ ժամը 14-ին, մեկնելու է, ենթադրենք` Ղազախի շրջան, լինելու է Ղազախի քաղաքապետարանում, ապա «Ենի Մուսաֆատ» կուսակցության տեղական կազմակերպությունում, որտեղ էլ անցկացնելու է խորհրդակցություն, ապա այցելելու է սահմանային մարտական հենակետեր` տեղում ծանոթանալու «ադրբեջանցի զինվորների «մարտական բարձր ոգուն», կամ` տեղում բարձրացնելու այդ ոգին, ապա ի՞նչ է սա, եթե ոչ պետական դավաճանություն: Բացատրեմ. այս տեղեկությունից հետո մենք` Հայաստանում, կիմանանք, որ այսինչ օրը, այսինչ ժամին Իլհամ Ալիեւ լինելու է այսինչ կոնկրետ վայրում, ինչը նշանակում է, որ մենք հնարավորություն ենք ստանում չեզոքացնել Ադրբեջանի նախագահին, ով նաեւ այդ երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է: Ինչո՞ւ, քանի որ «պատերազմը դեռ չի ավարտվել»: Անշուշտ, մենք նման բան կանենք, եթե դրա ցանկությունն ունենանք, եւ լավ է, որ չունենք:
Բայց արդյո՞ք նման ցանկություն չունի ադրբեջանական կողմը: Տրամաբանական է, որ եթե այդ երկրի համար պատերազմը դեռ չի ավարտվել, եթե հայ-ադրբեջանական զորքերի շփման գիծը նրանց համար «ճակատային գիծ» է, ապա իհարկե ունի: Հետեւաբար, կարիք չկա ամեն հինգշաբթի, երեկոյան 17-ից սկսած Մելիք Ադամյան փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության շենքի շրջակա ողջ տարածքում (ներառյալ հարակից Հանրապետության փողոցը, անգամ Զորավար Անդրանիկ պողոտան), կայանված մեքենաները հանել, ոստիկանական խլացնող ազդանշաններով փողոց «մաքրել» եւ տեղանքում կատարյալ լռություն հաստատել, քանի որ ամեն հինգշաբթի երեկոյան (ճիշտ ժամը չեմ ասումՙ որպեսզի պետական գաղտնիք չբացահայտեմ) ՀՀԿ գրասենյակ է ժամանելու Սերժ Սարգսյանը` վարելու ՀՀԿ ԳՄ հերթական նիստը:
Ինչո՞ւ նման իրարանցման կարիքը չկա, որովհետեւ այն երկրների նախագահները, որոնց հակառակորդ երկրների կարծիքով «պատերազմը դեռ չի ավարտվել», տեղաշարժվում են լուռ, մի տեսակ` աննկատ: Իսկ մեր ոստիկանությունը իր բարձրացրած վայնասունով իմաց է տալիս բոլորին նշյալ վայրում սպասվող իրադարձության վերաբերյալ:
Իհարկե Ղազախը, առավել եւս Բաքուն, բավականին հեռու են Երեւանից, փոխարենը մոտ է Նախիջեւանը, որտեղից հաճախ կրակում են մեզ վրա: Մենք էլ, անշուշտ, չենք վախենում, բայց չենք էլ զգուշանում: Չնայած` զգուշանում ենք, հակառակ պարագայում վաղուց արդեն բացած կլինեինք Ստեփանակերտի օդանավակայանը եւ Երեւան-Ստեփանակերտ առաջին չվերթով, խոստմանը համաձայն, Արցախ մեկնած կլիներ Սերժ Սարգսյանը: