«Ագրեսիայի և սադրանքի գործողությունները ցույց են տալիս, որ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ իր օկուպացիոն քաղաքականությունից, որ խաղաղության օրակարգի վերաբերյալ Հայաստանի տեսակետները ոչ այլ ինչ են, քան կեղծավորություն, և որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմամբ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշենք, որ առավոտից ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեղեկություններ են շրջանառում, թե իբր հայկական կողմը ոստիկանության մեքենայով զենք է տեղափոխելիս եղել, իսկ ադրբեջանական զինուժը ստիպված է եղել կանխել «հայկական ագրեսիան»։
«Այդ գործողությունները ևս մեկ անգամ ապացուցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային անցակետի ռեժիմի կիրառման անհրաժեշտությունը»,- ընդգծել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունն այսպիսին է. «Մարտի 5-ին Ադրբեջանի ԶՈւ օպերատիվ ստորաբաժանումն ուղարկվել է՝ ճշտելու տեղեկությունը, թե հայկական կողմն այլընտրանքային ճանապարհներով զենք-զինամթերք, անձնակազմ և ականներ է տեղափոխում։ Լաչին- Խանքենդի ճանապարհին փորձ է արվել՝ ստուգելու, թե Հայաստանից Խանքենդի զենք, զինամթերք, անձնակազմ և ականներ տեղափոխող մեքենաներ կա՞ն, թե ոչ։
Հակառակորդի կողմից կրակ է բացվել, ինչի հետևանքով ադրբեջանական զինուժի անձնակազմից կան զոհեր և վիրավորներ։ Հակառակորդը լռեցվել է ադրբեջանական զինուժի պատասխան կրակից»։