Իտալացի ճարտարապետ, հետազոտող, գիտնական, հայ ճարտարապետության հմուտ գիտակ ու մեկնաբան Թոմազո Բրեչիա Ֆրատադոկին անցյալ տարվա սեպտեմբերին հեռացավ կյանքից՝ իրագործած թողնելով իր վերջին կարեւոր ծրագիրը՝ տիկնոջ` Բենեդետա Պապասոլյիի հոգատարությամբ լույս ընծայված «ՎԵՐԱԳՏԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ, Առաջին ուսումնական առաքելությունները երկաթե վարագույրի ժամանակներում», Գանջեմի Էդիտորե, Հռոմ, 2022 (ARMENIA RITROVATA, Le prime missioni di studi ai tempi della cortina di ferro) պատկերազարդ հրատարակությունը: Գիրքը, որ մտահղացել ու աշխատասիրել է հեղինակը` ճարտարապետ Թոմազո Բրեչիա Ֆրատադոկին, կազմել, համակարգել ու ամբողջացրել են հետեւյալ համահեղինակները. Թոմազո Սկալեզե (Թոմազո Բրեչիան հայ ճարտարապետության ուսումնասիրող), Թոմազո Բրեչիա Ֆրատադոկի – (ՎԵՐԱԳՏԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ, առաջին ուսումնական առաքելությունները երկաթե վարագույրի ժամանակներում), Բենեդետա Բրեչիա Պապասոլյի (Վերջաբան), Մարիա Ադելայդե Լալա Կոմնենո եւ Բենեդետա Բրեչիա Պապասոլյի (Կենսագրություններ): Գրքի հիմքում ընկած է անցյալ դարի վաթսունական թվականներին երեք ուսյալ ճարտարապետ ընկերների`Թոմազո Բրեչիա Ֆրատադոկիի, Պաոլո Կունեոի եւ Արմեն Զարյանի, ինչպես հեղինակն է ակնարկում` երկաթե վարագույրի դժվար տարիներին մտահաղացած «խենթ» բայց խիզախ այն նորամուտ ծրագիրը, համաձայն որի սկիզբ գրվեց իտալացի ճարտարապետ գիտնականների` հայ ճարտարապետության համակարգված ու խորքային ուսումնասիրությունը, որի նպատակն էր հաստատել անցյալ դարասկզբի օտար հետազոտողներ` Ջիան Թերեսիո Ռիվոիրայի, Յոսեֆ Ստրժիգովսկու, Թոեսկա Պիետրոյի, Յուրգիս Բալտրուշայտիի ու Անատոլի Յակոբսոնի առաջ քաշած այն տեսակետները, համաձայն որոնց, հայ միջնադարյան ճարտարապետության առաջընթացը հիմնովին ազդեցություն է ունեցել միջնադարյան եվրոպական ճարտարապետության վրա: Ուսանողական տարիների մտերմիկ ընկերներ Թոմազոյի ու Պաոլոյի մեջ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը առաջացել է Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի ճարտարապետական ֆակուլտետը 1962 թվականին ավարտելուց հետո, երբ երկու ընկերներ, քրիստոնյա Արեւելքի ճարտարապետությունը ուսումնասիրելու նպատակով, 1965-ին որոշում են ճամփորդություն կազմակերպել դեպի Լիբանան, Հորդանան, Սիրիա, Իրաք, Իրան, արեւմտյան Թուրքիա, որի ժամանակ այցելել են Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական վանքը: Ճամփորդության արդյունքներից ոգեւորված՝ Թոմազոն ու Պաոլոն դիմում են Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի ճարտարապետության պատմության ամբիոնի այն ժամանակվա վարիչ Գեզա դե Ֆրանկովիչին, որին հաջողվում է Հայաստան հատուկ գիտարշավ կազմակերպելու համար Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհուրդից դրամաշնորհ ստանալ: Այս բոլոր հաջողություններից ու հսկայական խանդավառություններից հետո մնում էր լուծել ծրագրի իրականացման ամենակարեւոր խնդիրը` Երեւանում գտնել համապատասխան գիտական աջակցություն: 1962-ի աշնանը Հռոմում, պատահականությամբ, սակայն երջանիկ բերումով, Լենտի-Ստերբինի ճարտարապետության արվեստանոցում նախագծող ճարտարապետ Թոմազո Բրեչիա Ֆրատադոկին ծանոթանում է ազգությամբ հայ ճարտարապետ Արմեն Զարյանի հետ, որը 1941-ին Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի ճարտարապետական ֆակուլտետը ավարտելուց հետո համագործակցում էր Հռոմի ճարտարապետական տարբեր աշխատանոցների, որոնց թվում նաեւ` Լենտի-Ստերբինիի հետ: Արմեն Զարյանը մտադիր էր հետեւել հորը` հայ մեծ բանաստեղծ, վիպասան, գրող ու արվեստագետ Կոստան Զարյանի օրինակին եւ հաստատվել Երեւանում: Մինչ այդ, Արմեն Զարյանը հեղինակ կամ հեղինակակից էր Հռոմում նախագծված ու կառուցված այնպիսի կարեւոր նախագծերի, ինչպիսիք են` Automobil Clud d’Italia (1956 ճարտարապետներ Լ. Մայնարդիի եւ Ու. Սոմաիուոլիյի հետ), Seraphicum-la nuova sede della Pontificia Facolta di Teologia dei Minori Conventuali, ճարտարապետներ Ջ. Ստերբինիի եւ Վ. Պասարելայի հետ), եւ Հռոմի EUR թաղամասի Villa di Castello (ճարտարապետներ Լենտի-Ստերբինիի հետ) եւ այլն: Այս արվեստանոցում է, որ Թոմազո Բրեչիա Ֆրատադոկին ծանոթանում է Արմեն Զարյանի հետ եւ համաձայնվում նրա ու Պաոլոի հետ հանդիպել Երեւանում՝ հիմք դնելով հայկական ճարտարապետության հայ-իտալական համատեղ ուսումնասիրության երկարաժամկետ ծրագրին: Այս գաղափարից ոգեւորված՝ Արմեն Զարյանը մեկնում է հայրենիք, որտեղ չէր եղել եւ որը փակ էր արտաքին աշխարհի համար: Այս հանդիպման ու փոխադարձ խոստումի առիթով Թոմազո Բրեչիա Ֆրատադոկին Վենետիկի կա Ֆոսկարի համալսարանի Euroasiatica հանդեսի (1996թ.) թիվ 37-ում հրատարակված հոդվածում, նկարագրում է Արմեն Զարյանի` Նապոլիից դեպի Հայաստան (Օդեսա) նավարկության տեսարանը հետեւյալ խոսքերով. «1963-ի ուշ աշնանային մի օր, եռանդուն մի տղամարդ իր հանդիսավոր մուգ պիջակով ու տաբատով, սպիտակ վերնաշապիկով եւ թիթեռնիկով, Լիտվա նավի երկրորդ տախտակամածին հենված, մեկ ձեռքով ամուր պահում էր մոտավորապես մեկ տարեկան ժրաջան մանուկի ձեռքը, իսկ մյուսով` հուզված հրաժեշտ էր տալիս այն ընկերներին, որոնք եկել էին Նապոլիի նավահանգստի կառամատույց»: Հրաժեշտից առաջ, Արմեն Զարյանը Թոմազո Բրեչիա Ֆրատադոկիին առաջարկում է դեպի Հայաստան գիտարշավ կազմակերպել՝ խոստանալով պաշտոնական համաձայնագրեր հաստատել ՀՍՍՀ ԳԱ-ի եւ Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի հետ՝ նպատակ ունենալով ուսումնասիրել ու Եվրոպայում տարածել հայկական միջնադարյան ճարտարապետւությունը: Եվ այսպես, 1966-ի ամռանը իրականանում է երեք ընկերների երազանքը` ճանապարհորդություն դեպի Հայաստան: Պաոլո Կունեոյին հաջողվում է Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհուրդից դրամաշնորհ ստանալ իսկ մինչ այդ, Արմեն Զարյանին, որն ավելի քան երկու տարի առաջ հաստատվել էր Երեւանում, մեծ դժվարություններով հաջողվում է ՀՍՍՀ ԳԱ-ի կողմից պաշտոնական հրավեր ուղարկել, այն էլ այն դեպքում, երբ Գիտությունների Ակադեմիայի ոչ մի պաշտոնյա նման վտանգավոր պատասխանատվություն կրելը հանձն չէր առնում: Արմեն Զարյանի շնորհիվ է, որ մեզ հաջողվեց Հայաստան գալ Fiat 1500 մակնիշի մեքենայով, որ լեցուն էր լուսանկարչական մեքենաներով, չափագրությունների համար անհրաժեշտ գործիքներով ու գրքերով: 1966-ի հուլիսին, մեկ շաբաթ ժամկետային վիզայով, Թոմազո Բրեչիա Ֆրատադոկին, Պաոլո Կունեոն, Մաուրիցիո Գուիդին ուղեւորվեցին Հայաստան: Ռումինիայի Կոստանցա քաղաքի նավահանգստում մի ռուսական նավ բարձրանալով, իտալացի երեք հետազոտողների խումբը Սեւ ծովը հատելով` ճանապարհ ընկավ դեպի Վրաստան, Սուխումի: Ջիովաննին պետք է Մոսկվայով ժամաներ Երեւան: Աներեւակայելի արկածներից ու տառապանքներից հետո, վերջապես Fiat-1500-ը կանգ առավ Լենինի հրապարակի «Արմենիա» հյուրանոցի առջեւ: Արմեն Զարյանի հետ հանդիպումը անասելիորեն խանդավառ ու հուզիչ էր, եւ առաջին բանը, որ ասացինք միմյանց, այն է, որ երկուստեք հավատարիմ էինք մնացել երեք տարի առաջ Հռոմում իրար տված խոստումին: Արվեստի Ինստիտուտի այն տարիների տնօրեն Ռուբեն Զարյանը, որ հոդվածի հեղինակ Թոմազոն նշում է, որ Արմեն Զարյանի հետ ոչ մի ազգակցական կապ չի ունեցել (ի դեպ՝ իրական ազգանունը եղել է Ղազանչյան եւ ազգանունը միտումնավոր փոխել է Արմեն Զարյանի հետ շփոթելու նպատակով – Ա.Զ.), այնքան էլ կողմնակից չէր իտալական խմբի ներկայությանը եւ չուներ հայ-իտալական այս գիտական ծրագրի խորհրդային Հայաստանի ոստիկանության հավանությունը, մեզ ընդունեց միայն մեր ժամանումից մի քանի օր անց: Շուտով մեզ թույլատրեցին ոստիկանության ներկայացուցիչների ու ԳԱ ԱԻ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել պատմաճարտարապետական հուշարձանները՝ հետեւելով «իտալացի գիտնականների խմբին»: Արմեն Զարյանի շնորհիվ, վերջապես, թողնելով մեր մեքենան Երեւանում, ոստիկանության ինքնաշարժով եւ ՀՍՍՀ ԳԱ-ի աշխատակիցների ուղեկցությամբ մեզ հաջողվեց այցելել որոշ եկեղեցական համալիրներ, վանքեր եւ Հուշարձանների պահպանման վարչությունից ձեռք բերել չափագրություններ ու գրականություն»: Երկրի աղքատիկ պայմաններից ելնելով՝ Թոմազոն գոհունակությամբ հիշում է ու շնորհակալ է հայ ուղեկցողներին, ճանապարհորդությունների ընթացքում ցուցաբերած ուշադրության եւ սննդի կարիքները հոգալու ու մեր ընթրիքները հաճախ գյուղական տներում կազմակերպելու համար:
«Ջիանին Երեւանի օդանավակայան հասնելուն պես միացավ մեզ եւ մենք ուղեւորվեցինք Տաթեւ, որտեղից ութ տեղանոց ինքնաթիռով պետք է թռչեինք, սակայն անբարենպաստ եղանակի պատճառով, ինչպես նաեւ թռիչքը մի քանի անգամ հետաձգելուց հետո, անասելի դժվար ու խարխուլ ճանապարհով` մեքենայով ուղեւորվեցինք Տաթեւ (տեղյակ եմ, որ այսօր ճոպանուղի կա): Հայաստան մեր այցելության ընթացքում մեզ հաջողվեց բարեկամական ջերմ կապեր հաստատել ՀՍՍՀ ԳԱ-ի աշխատակիցների հետ եւ մտերմանալ նրանց հետ: Մի օր Արմեն Զարյանը հարցրեց մեզ՝ ճանաչո՞ւմ ենք արդյոք ճարտարապետ, Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի դոցենտ Ադրիանո Ալպագո Նովելլոյին, որը դիմել էր Արմենին պատմական Հայաստան գիտարշավ կազմակերպելու առաջարկով եւ կցանկանայիք, որ Նովելլոն եւս իր արշավախմբով առանձին ուսումնասիրություններ կատարի: Մեր պատասխանը դրական եղավ՝ ասելով, որ բոլոր մասնագետների համար Հայաստանը բաց է, քանզի այնքան ուսումնասիրելու բան կա, որ բոլորին էլ կբավարարի: Համատեղ այս որոշումից հետո Ադրիանո Ալպագո Նովելլոն (միլանաբնակ Հերման Վահրամյանի, Հարություն Կազանջյանի ու Արմեն Մանուկյանի հետ- Ա.Զ.), Արմեն Զարյանի միջնորդությամբ 1967-ին ժամանեց Երեւան, որից եւ սկսվեց Միլանի Հայ Ճարտարապետության ուսումնասիրման ու վավերագրման կենտրոնի բեղուն ու երկարաժամկետ գործունեությունը:
Չորս գիտնականները Հայաստան առաքելության ընթացքում այցելել են 16 շրջանների 41 հուշարձան: Ավարտելով Հայաստան առաջին ուղեւորությունը, իտալացի բարեկամները մեքենայով ուղեւորվեցին Թբիլիսի: Արմենը զգուշացրել էր վրացական ոստիկանության` մեր նկարահանված լուսանկարչական ժապավենների նկատմամբ ուշադիր լինելու մասին: Ի դեպ, Թբիլիսիում տեղի ոստիկանությունը կանգնեցրեց մեզ եւ չգտնելով որեւէ իրական պատրվակ, ասաց, որ այդքան կեղտոտ մեքենայով երթեւեկելու համար տուգանելու են: Մենք իսկույն հարցրեցինք, թե որտե՞ղ կա մեքենայի լվացման կետ: Վրացի ոստիկանը մեզ ցույց տվեց գետի ուղղությունը…
Հայաստան կատարած առաջին գիտարշավին հետեւեցին մի քանի այլ կարեւոր ուղեւորություններ դեպի պատմական Հայաստանի ու Կիլիկիայի տարածք (1967, 1968 ՀՍՍՀ, 1969, 1970), որոնց ընթացքում նորահայտ բացառիկ հուշարձաններ ի հայտ եկան: 1967-ին Արեւմտյան Հայաստան, Վան կատարած գիտարշավին են միացել նաեւ Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի պրոֆ. Դե Ֆրանկովիչը իր ասիստենտ Դե Մաֆեի հետ, որոնք հետեւելով մեր Land Rover-ին՝ հնարավորություն ունեցան առաջին անգամ Թուրքիայում ծանոթանալ հայկական ճարտարապետությանը: Խորհրդահայ մասնագետները մեր իտալացի բարեկամների ջանասիրության արդունքում տեղեկացան սեփական մշակույթի մի քանի կարեւոր կոթողների գոյությանը, որոնց մասին հետագայում, Իտալիայում, հրատարակվել են առանձին ուսումնասիրություններ (Թուխ, Խնձորգին, Փաշվանք, Հոգեցնվանք բազիլիկները, Հռոմ, 1973, Ձորադիրի Սբ. Էջմիածին եկեղեցին, Հռոմ, 1971): Հռոմի ու Միլանի կենտրոնների գիտարշավների ավարտին այնքան հետաքրքրական ու բոլորովին անհայտ նյութ էր հավաքվել, որ սկսվեցին կազմակերպվել ցուցահանդեսներ (1968), միջազգային գիտաժողովներ (1975, 1978, 1981, 1985, 1988): Հետագա տարիներին սերտ կապեր հաստատվեցին ՀՀ ԳԱ-ի եւ Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի, աշխատակիցների ու գիտնականների միջեւ: Հայաստանից ակտիվ մասնակցություն ունեցան պրոֆ. Միքայել Մազմանյանը, Կոստանտին Հովհաննիսյանը, Ալեքսանդր Սահինյանը, Մուրադ Հասրաթյանը եւ ուրիշներ: Իտալացի գիտնականներից աչքի ընկան Մարիո Դոնոֆրիոն, Ֆրանչեսկո Գանդոլֆոն, Թոմազո Սկալեզեն, Մարիա Ադելայդե Լալա Կոմնենոն եւ ուրիշներ: 1988-ին Դե Լուկա հրատարակչատունը Հռոմում հրատարակել է Հռոմի խմբի Հայկական ճարտարապետության հանրագիտարանային կարեւոր երկհատորյակը. Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, (Հայկական ճարտարապետությունը չորսից տասնիններորդ դարերը), հեղինակներ` Պաոլո Կունեո, Թոմազո Բրեչիա Ֆրատադիկի, Արմեն Զարյան, Մուրադ Հասրաթյան, Մարիա Ադելայդե Լալա Կոմնենո: Թոմազո Բրեչիա Ֆրատադոկին իր գործընկեր ճարտարապետների հետ միասին, դեպի Հայաստան կատարած գիտարշավների ընթացքում հավաքել է հայկական հուշարձանների 3.386 սեւ-սպիտակ լուսապատկեր, որոնցում փաստագրված է 471 հուշարձան: Փաստագրական այս կարեւոր նյութը պահպանվում է Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամում:
Խորին հարգանք ու երախտագիտություն իտալացի բարեկամներ Թոմազո Բրեչիա Ֆրատադոկիի ու Պաոլո Կունեոյի լուսավոր հիշակակին՝ իրենց հայանպաստ գործունեության համար:
ԱՐԱ ԶԱՐՅԱՆ
Իտալիա