Նախորդ շաբաթՙ հոկտեմբերի 23- ին «Ազգ»-ում տպագրված «Ոչ ՆԱՏՕ-ի, ոչ ՄԻԵԴ-ի արժանապատվությունը հայերս չենք կարող բարձրացնել, իսկ մե՞րը» վերնագրով մեր հրապարակումը վերջին պահին այլ նյութերի առաջնահերթությամբ զգալի կրճատվել էր, ու վերնագիրը մնացել էր… օդումՙ չպատճառաբանված: Ընթերցողներին մի ներողություն եւսՙ մեր առաջին պարբերության կրկնությունըՙ իբրեւ հիշեցում:
«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործի ՄԻԵԴ Վերին պալատի հոկտեմբերի 15-ին հրապարակած130 էջանոց վճիռն այն թթխմորն էր, որ միջազգային մամուլին առիթ տվեց դրանից հետո գերաճ տված խմորից օրեր շարունակ իր ընթերցողին տարատեսակ հաց մատակարարելՙ թերթի լրագրողներիս բառապաշարովՙ լավաշ նյութեր, աղնուպղպեղը չխնայած մեկնաբանություններ, ենթադրում եմ, որ թուրք եւ ադրբեջանցի մեր գործընկերները քաղցրահամ միջուկ խառնած կլինեն իրենց համար էլ թթու այդ խմորին, որի տաք-տաք մատուցումն ախորժելի, բայց նաեւ վնասակար ազդեցություն է թողնում:
Շվեյցարական, գերմանական թերթերի վերնագրերը հուշեցին, թե խմորը թխելուց առաջ կարելի է նաեւ սառնարան դնել, որ վերնագիրը փքուն չլինի, ինչպես իմ կարծիքով, Հայաստանում որոշ ԶԼՄ-եր շտապեցին «զարդարել» իրենց ռեպորտաժներըՙ նույն կարմիր-սեւ վերնագրերով, նույն մարդկանց բարձրախոս տրամադրելով: Այդպես էլ հայաստանաբնակ շատերն անհաղորդ մնացին, թե ՄԻԵԴ վճիռն ինչ հակազդեցություն առաջացրեց օրինակ այլ երկրներում: Իհարկեՙառաջին հերթին Շվեյցարիայում:
Քաղաքական գործիչներըՙ մասնավորապես Շվեյցարիա- Հայաստան պատգամավորական խումբը պահանջել են Դաշնային խորհրդիցՙ կառավարությունից վերջապես պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Շվեյցարացի խորհրդարականներն այն երկյուղն ունեն, թե իրենց երկրի բնակչության մի մասը կարող է հավատալ, թե այս ոճիրը երբեւէ տեղի չի ունեցել:
Գերմանական «Դեր թագեսշպիգելի» հեղինակ Յոսթ Մյուլլեր Նոյհոֆը իր մեկնաբանության մեջ շեշտում է, թե ՄԻԵԴ -ը Հայոց ցեղասպանության ուրացումը անպատիժ թողնելով շատ հեռու է գնումՙ Ցեղասպանությունն այն արարքը չէ, որ կարծիքի ազատության հետ համեմատության մեջ դրվի: swissinfo-ն անդրադառնալով Շվեյցարիայի թերթերի տարաբեւեռ մեկնաբանություններին հստակ ձեւակերպում էՙ Փերինչեքի վճիռը պառակտել է շվեյցարական մամուլը: SVP աջակողմյան պահպանողական շվեյցարական ժողովրդական կուսակցությունը ի դեմս արդարադատության նախկին նախարար Քրիստոֆ Բլոխերի, միշտ կողմ է արտահայտվել այս օրենքի սահմանափակմանը կամ վերացմանը, հետեւաբար նրա օրակարգում առկա այս հարցը հայելի է գտնում նաեւ մամուլում:
Մեկ այլ հայացքՙ «Դատարանն իրեն է վնասում», գրում է «Թագես անցայգերը»ՙ մանրամասնելով, թե առավել վտանգավոր է, որ վճիռը նժարում է ցեղասպանությունները: Նա, ով ուրանում է Հոլոքոսթը, ինքնաբերաբար ռասայական ատելության է կոչում, ով Հայոց ցեղասպանությունն է ուրանում, դիտավորություն չունի հարկադրաբար ատելություն սերմանելու, դատարանի վճիռն է մեկնաբանում շվեյցարական լրատուն:
Ֆրայբուրգի La Liberte-ն խոսում է դատարանի ստեղծած «իրավական քաոսի» մասին, երկրի խորհրդարանի 2003- ին Հայոց ցեղասպանության ճանաչումից ետդարձ չկա, իսկ քրեական օրենքի մեղմացումը Հայոց ցեղասպանության զոհերի հանդեպ ամենավատ վիրավորանքը կլինի:Դրանով Շվեյցարիան ինքնիրեն կհավասարեցնի Դողու Փերինչեքի մակարդակին, ամփոփում է թերթը:
«Թուրք ազգայնականն է Ստրասբուրգում հաղթել», վերնագրում է «Զյուդվեսթ փրեսսեն»ՙ անպաճույճ վերնագրի մեջ վերաբերմունք դրոշմելով: Ըստ Շվեյցարիայի կաթոլիկների կայքէջում տեղ գտած տեղեկատվության, Շվեյցարիայի իսրայելցիների համայնքային կառույցը, ինչպես նաեւ Շվեյցարիայի լիբերալ հրեաների հարթակ անվանյալ կազմակերպությունները ափսոսանք են հայտնում ՄԻԵԴ վճռի առնչությամբ, որ Փերինչեքի ազատ արտահայտվելու իրավունքը գերակա դասեց եւ հավելում, թե ռասիստական պատժիչ օրինագիծը ուրացման դեպքում չպետք է սահմանափակել միայն Հոլոքոսթով: Հրեական միությունները զգուշացնում են, թե վճիռը կարող է ռասիստական պատժիչ օրինագիծն ամբողջովին հարցականի տակ դնելու գործիք դառնալ: Իսկ եկեղեցիների դաշինքը վերահաստատում է իր կեցվածքը Հայոց ցեղասպանության հանդեպՙ ասելով, թե վճիռը հիմք չի տալիս փոխելու դիրքորոշումը: Շվեյցարիայի ավետարանականների դաշինքն էլ երկյուղում է, թե վճիռը կարող է պատճառ դառնալ պատժիչ օրինագծի ազդեցության թուլացման: Հոկտեմբերի 16- ին Անկարայից ստացված հաղորդագրության համաձայն, Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպություններն էլ սուր քննադատության են արժանացրել ՄԻԵԴ վճիռըՙ նկատել տալով, թե դրանով վտանգվում է ուրացող պետությանՙ Թուրքիայում բնակվող հայերի կյանքի իրավունքը:
Եվ ոչ միայն: Հունվարի 28-ին Ստրասբուրգում առաջին անգամ տեսա Հայոց ցեղասպանության ժխտողականության մեգաֆոնինՙ Փերինչեքին: Բոլորին, հատկապես իրեն մոտեցած լրագրողներին, նաեւ ինձ ժպտում էր, հարցերին պատասխանում, հաճախ մի քանի անգամ նույնը կրկնելով, միշտ բաց, միշտ պատրաստակամ: Նույնը չի կարելի ասել նրաՙ «Թալեաթ փաշա» զորքի մասին, երբ նրանց շարքերում նաեւ կաշառված ուսանողներ կանՙ փրփուրը բերաններին, այլակարծություն չհանդուրժող, դարանակալ: Նրանց էլ եմ տեսելՙ Հասան Ջեմալի հետ Քյոլնում կայացած հանդիպումից հետո. քիչ էր մնում ես էլ կորցնեի ինքնակառավարումս… ու ծեծկռտուքի մեջ հայտնվեի: Դատարանի այս վճիռը նոր փետուր կտա սրանց թեւերին, իսկ մե՞զ… լռակյաց ունկնդրե՞նք նրանց խոսքի ազատությունը:
1959- ից ի վեր ՄԻԵԴ-ը վերահսկում է, թե իր մոտավորապես 800 միլիոն բնակչություն ունեցող 46 անդամակից երկրներում ինչպես են կիրառում 1950- ին մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները: Այդ երկրներից յուրաքանչյուրում, տեսականորեն նաեւ Հայաստանում, Փերինչեքի հավանական ելույթներն ուրեմն կարող են խոչընդոտ չգտնել սրանից հետոՙ «սովորական սադրիչ է» արտոնագրով: Մեր կարծիքով, նա սադրիչ չէ, իրավաբանության դոկտորի կոչումը ստացել է Գերմանիայում, իհարկե դժվար է համոզված պնդել, թե իր թեզը գերմանացի քաղաքական շատ գործիչների նման չի համեմել արտագրություններով, բայց հենց այդ մասնագիտությամբ զրահապատ գիտի, թե պիտի մնա բացառապես ելույթի շրջանակում, ասենք 16 անգամ չի կացնահարի ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակից հային, այդ դեպքում գիտի, որ բանտարկությունը կարող է ցմահ լինել, ինչպես Սաֆարովի պարագայում էր վստահեցրել ԵԴ մեկ ուրիշ անդամՙ Հունգարիան, բայց շրջանցեց իր բարոյականությունն էլ, իրավականությունն էլ մեկ ուրիշ անդամակցիՙ Ադրբեջանի հետ դրամական դաշինք կազմելով: Ոչ ՆԱՏՕ – ի, ոչ ՄԻԵԴ- ի արժանապատվությունը հայերս չենք կարող բարձրացնել, եթե նրանք հավասարվում են Սաֆարովի, Փերինչեքի մակարդակին: Նոբելյան կոմիտեն Թուրքիային երկու անգամ հպարտության առիթ տվել է, միգուցե դա է պատճառը, որ Փերինչեքին արդարացնելու Եվրոպական դատարանի վճիռը թուրք մի շարք մտավորականների առիթ է տվել նույնիսկ Նոբելյան մրցանակից ծանրակշիռ նկատել այն: Միգուցե 2016- ին հենց նրա՞ն Խաղաղության նոբելյան մրցանակ տանՙ երկու ժողովուրդների համար էլ «հաղթանակ» բառն ամրապնդելու ավանդի համար:
2014- ի հոկտեմբերին վերջին էր: Գերմանական հեռուստատեսության երկրորդ ալիքիՙ ZDF-ի հեռուստադիտողներից մեկըՙ Հոլոքոսթը վերապրած գերմանաբնակ մի հրեա, բողոք էր հայտնել նույն հեռուստատեսության առավոտյան եթերում մոդերատորներից մեկիՙ սեւ պիջակ- շագանակագույն վերնաշապիկ- սեւ փողկապ հանդերձի վերաբերյալ: «Սա նացիստների համազգեստն է» պատճառաբանությամբ: ZDF-ը ներողություն խնդրեց. «Իրականում մոդերատորի վերնաշապիկի գույնը շագանակագույնի փոխարեն ձիթապտղի երանգ է ունեցել, բայց քանի որ այն շագանակագույն է ընկալվել, ներում ենք հայցում»: Երբեւէ չեմ տեսել, որ հայկական հեռուստատեսությունը կամ որեւէ պաշտոնյա նույն այդ եթերից ժողովրդից ներում հայցիՙ իր լսարանին, հայրենակիցներին մոլորեցնելու, ոչ սթափ մեկնաբանության համար: Հանրային պահանջ չկա՞: Այսօրվանի՛ց: Ձայն բազմաց, ձայն Աստծո: Սա էլ խոսքի մեր ազատությունն է: Միգուցե ՄԻԵ՞Դ-ը ներողություն խնդրի:
Գերմանիա