Գերմանալեզու լրատվամիջոցները երեք օր է արդեն աշխույժ լուսաբանում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները, գրում նաեւ Թուրքիայի ներգրավվածության մասին, ինչպես նաեւ հաղորդում, թե ռազմական այս բռնկումը գնալով թեժանում է, եւ կարող է վերաճել մեծ պատերազմի: Հիմնական շեշտադրումն այսօր հետեւյալն է՝ Հայաստանը հույս է կապում Ռուսաստանի՝ կայունացնող դերակատարման հետ: dpa գործակալությունը, հղում անելով Ինտերֆաքս գործակալությանը, մեջբերում է ՌԴ- ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի խոսքը՝ «Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան տարածաշրջանում կայունության կարեւորագույն գործիքն է»:
Գերմանիայի ժամանակով 12.04-ին dpa գործակալությունը հաղորդեց կառավարության խոսնակ Շտեֆֆեն Զայբերտի երեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ին Բեռլինում ԶԼՄ-ներին փոխանցած տեղեկությունը, թե ԳԴՀ կանցլեր Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Կանցլերը հստակեցրել է, որ անհապաղ են զինադադարն ու բանակցությունները, իսկ վերջինիս հիմքը ԵԱՀԿ- ն է:
dpa գործակալությունը նշում է նաեւ, թե կիրակի օրն արդեն ռազմական գործողությունների վերսկսման առթիվ մտահոգություն հայտնած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեկ՝ երկուշաբթի տեսակապով խոսել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ, հորդորել վերսկսել բանակցությունները, ԵԱՀԿ դիտորդներին նորից ուղարկել տարածաշրջան: ՄԱԿ-ի ԱԽ բազմաթիվ անդամներ պահանջել են ԼՂ-ի թեման ներառել օրակարգ: Նախաձեռնությունը եղել է Գերմանիայի եւ Ֆրանսիայի կողմից, պաշտպանել են Բելգիան, Մեծ Բրիտանիան եւ Էստոնիան, դիվանագիտական շրջանակներից փոխանցված տեղեկությանը հասու է դարձնում dpa գործակալությունը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ