«Ցնցող լուսանկարը» որպես «ջախջախիչ փաստարկ»
Եվրոպայի բաբախող սրտում կազմակերպված ամենամյա մյունխենյան անվտանգության համաժողովի հակաիրանական ուղղվածության մասին պատկերացում կազմելու համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից մեծ ջանքեր չէին պահանջվելու: Բաքվի բռնապետի մոտ կար նաեւ համոզվածություն, որ համաժողովի կուլուարների ընձեռած հնարավորությունից կարող է օգտվել նաեւ ինքը՝ Ադրբեջանում հայեցակարգային հիմնադրույթի վերածված իր հակաիրանական մտքերը բարձրաձայնելու համար:
Համաժողովի հակաիրանական տրամադրությունների հարցում համոզվելու համար, Ալիեւին բավարար էր նաեւ նկատել ԻԻՀ պաշտոնական ներկայացուցիչների փոխարեն, միջոցառմանը հրավիրված Իրանի ընդդիմադիր ուժերի, հատկապես՝ վտարանդիության մեջ գտնվող Իրանի գահաժառանգ Ռեզա Փեհլեվիի ներկայությունը:
Հակաիրանական թեման թմբկահարելու իրեն տրված հնարավորությունն ըստ պատշաճի օգտագործելու նպատակով, Ալիեւը կենցաղային ու անձնական հողի վրա վերջերս Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած սպանությունը ներկայացրեց յուրովի մեկնաբանությամբ: Մյունխենյան համաժողովի մասնակիցիցների հակաիրանական տրամադրություններից ոգեշնչված, Ալիեւն այս անգամ ավելի «հանդուգն» տոնով մեղադրանքներ ուղղեց Իրանին, ու Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա իրականացված հարձակումը մեղսագրեց պաշտոնական Իրանին:
Ալիեւը վեհաժողովի կուլուարային հարթակից նաեւ ասաց. «Այս գործողություններն ուղղված էին Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ: Ահաբեկիչը 30-40 րոպեների ընթացքում դեռ զինաթափված չէր: Այդ ընթացքում, երբ ոստիկանությունն անցուդարձ էր անում, մեր անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկն սպանվեց, երկուսն էլ վիրավորվեցին: Մեր անվտանգության ծառայության աշխատակցի ցուցաբերած խիզախության շնորհիվ, ահաբեկիչը զինաթափվեց, ու փրկվեց դեսպանատան աշխատակիցների ու անձնակազմի ընտանիքի անդամների կյանքը: Այդ պատճառով էլ մենք պահանջում ենք շտապ հետաքննություն անցկացնել»:
Ալիեւի պնդմամբ, «Իրանի ոստիկանության անգործությունը, ինչպես նաեւ դեսպանություն ներխուժած անձի ձերբակալումից անմիջապես հետո վերջինիս հետ ԻԻՀ հեռուստատեսության անցկացրած հարցազրույցը, վկայում են, որ հանցագործը դեպանություն էր գործուղվել պաշտոնական Թեհրանի կողմից»:
Վեհաժողովի հակաիրանական կողմնորոշումից օգտվելով, Մյունխեն գործուղված ադրբեջանական AzTV-ին ուղիղ եթերով հեռարձակեց Իրանի Իսլամական Հնարապետության իշխանությունների դեմ բողոքի ցույցի դուրս եկած իրանցիների քայլերթը, ինչպես նաեւ ցուցադրեց Իրանի նկատմամբ ընդդիմադիր հայացքներ ունեցող որոշ անձանց հարցազրույցները:
Հակաիրանական տրամադրություններ բորբոքելու կապակցությամբ, Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին քննադատել է Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպիչներին, իր խոսքերով՝ «որոշ հակաիրանական տրամադրություններ ունեցող անկենսագիր ծաղրածուների հրավիրելու փաստի առիթով»:
Ամենշաբաթյա մամուի ասուլիսի ժամանակ ԻԻՀ ԱԳՆ խոսնակն, առանց անուններ տալու, ասել է. «Ցանկալի կլիներ խուսափել կանխակալ տեսակետներ արտահայտելուց ու խնդրի քաղաքականացումից, ինչպես նաեւ դրան քարոզչական բնույթ հաղորդելուց: Դեսպանության շուրջ տեղի ունեցածի՝ հիմնազուրկ փաստարկներով հանրայնացումը, չի կարող նպաստել տվյալ գործի բացահայտմանը»:
Բաքվում մեծ ցանկություն կա Ադրբեջանի դեսպանատան շուրջ տեղի ունեցածը վերագրել Իրանի Պահապանների Կորպուսին: Այդ նպատակով օրերս ադրբեջանական մամուլում լայնորեն տարածված եւ «Axar.Az» կայքի մատուցմամբ՝ «Ղասեմ Սոլեյմանին Յասինի հետ՝ ցնցող լուսանկար» վերնագրի ներքո (լուսանկարում) հոդվածի ճակատային մասում պատկերված է Իրաքում սպանված Պահապանների Կորպուսի հայտնի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, ում ձախ կողմը մտերմիկ պահվածքով կանգնած է դեմքն աղավաղված մի անձնավորություն: Եվ այդ անձը, կայքի համոզմամբ, ոչ այլ ոք է, եթե ոչ՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանություն ներխուժած Յասին Հոսեինզադեն:
Վերը ցուցադրված «ցնցող լուսանկարի» առիթով ընդամենը կարելի է ասել, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած հարձակման մասին Ալիեւի վարկածը հիմնավորելու նպատակով ադրբեջանական մամուլի շրջանառած այս «ջախջախիչ փաստարկը» միայն կարող է հեգնանք առաջացնել:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ