Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էկոնոմիկայի նախարարի բերանով օրերս ազդարարեց՝ «Ամուլսարի» հանքավայրը շահագործելու մասին վերջնական որոշում են կայացրել: Հայաստանի տարածքում նոր հանքավայր բացելու որոշումն առայժմ միայն Facebook սոցիալական ցանցում ակտիվորեն գրառումներ անողներին է զայրացրել, «նախկինների» օրոք դեռեւս չշահագործված հանքավայրի տարածքում ցույցեր կազմակերպող բնապահպաններն ու ակտիվիստները լուռ են: Լուռ է նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանը, որ մինչեւ 2018-ի քաղաքական վերադասավորումները մեղադրում, դատափետում էր Սերժ Սարգսյանի կաբինետին, որ համարձակվել է հանքը շահագործելու թույլտվություն տալ: Ժամանակների հետ, այո, մարդիկ էլ են փոխվում, եւ խորհրդարանի միջանցքներում այժմ սրընթաց ու արագոտն քայլող Նազարյանի այժմյան դիրքորոշումն իմանալ լրագրողներիս չի հաջողվում:
Ազգային ժողովի իշխանական մյուս թեւի պատգամավորները դեռեւս երկու տարի առաջ էին ինձ հետ մասնավոր զրույցներում անկեղծանում՝ հանքն անպայման շահագործվելու է: «Անկախ հանգամանքից, թե արտահերթ ընտրություններից հետո ով կլինի իշխանության, «Ամուլսարը» շահագործվելու է: Պատերազմից հետո Հայաստանի բյուջեն այնքան է խեղճացել, որ առանց դրա պարզապես չենք կարող գոյատեւել»,- ինձ հետ զրույցում ասում էր այժմ էլ մանդատ ունեցող իշխանականներից մեկը: Երբ դիտարկեցի՝ չէ՞ որ մի ժամանակ վանկարկում էիք, թե «Ամուլսարը միայն սար է», կեսկատակ-կեսլուրջ արձագանքեց. «Այժմ էլ նաեւ հանք կլինի»:
Թե Հայաստանին ինչ եկամուտներ ու ֆինանսներ է բերելու հանքի շահագործումը, դա, թերեւս, տնտեսագետներն ու ոլորտի մասնագետները կասեն: Փաստ է, որ ֆինանսական ամենաակտիվ հոսքերը չեն կարող վարագուրել բնապահպանական այն ահռելի վնասները, որ կրելու է զբոսաշրջային Ջերմուկ քաղաքն ու լրացնել տուրիստների հոսքի բացը:
Արձանագրենք նաեւ, որ «Սերժի ժամանակ» ընդդեմ հանքի շահագործան հախուռն կերպով ու գլխապատառ ցույցեր անող «ակտիվիստները» կամ «բնապահպաններն», իրականում, ոչ թե բնության կամ Հայաստանի ընդերքի, այլ սեփական ՀԿ-ները հարստացնելու մասին էին մտածում. նրանց այժմյան լռությունն ու ծանր տեխնիկայի առաջ չպառկելը գոնե դրա մասին է վկայում:
Հ.Գ.- Բյուջեն հարստացնելու տրամաբանությունից կամ մոլուցքից ելնելով, փաստորեն, չի բացառվում, որ ոչ հեռու ապագայում իշխանականները կարող են, օրինակ, Դիլիջանի անտառները հատել ու փայտը վաճառել, կամ էլ, օրինակ, Մատենադարանի հին ձեռագրերը աճուրդի հանել:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ