Փողը եւ «ձեռքի կեղտը»
ՓՈՂԸ, էն որ քրտինքով ենք վաստակում, հայկական չէ, ու մենք զրոյական տոկոսով ու անժամկետ փոխառել ենք մեր հարեւան Պարսկաստանից: Մեր ազգային արժույթը՝ ԴՐԱՄՆ էլ հայկական չէ, պահլավերեն է, որ զգալով դրամական միջոցների նկատմամբ մեր անտարբերությունը, օգնության է հասել մեզ:
Հնում օգտագործած մեր մանրադրամներն էլ մերը չեն եղել. ո՛չ արաբներից փոխառված ԳՐՈՇԸ, ոչ ռուսերենից յուրացված քյոռ ԿՈՊԵԿԸ, ոչ էլ մեր արժույթի նվաստացած միավորը՝ ԼՈՒՄԱՆ, որ չգիտես ինչ-ինչ ճանապարհներով, ասորերենից է մեզ փոխանցվել:
Պարզվում է, հնում հայերը իրենց վաստակածը պահելու տեղ էլ չեն ունեցել: Գրպանում պահելը բացառվում էր, քանի որ, նախ, ԳՐՊԱՆ բառն իրանական աղբյուրից է՝ մերը չէ, եւ հետո գրպանը հագուստի այն մասն է, որից գլուխն էին մտցնում:
ՔՍԱԿՆ էլ չէր կարող հայերի համար վաստակածը պահելու ապահով տեղ համարվել, քանի որ այդ բառն էլ իրանական է, եւ ծագում է պահլավերենից:
Ջեբի մասին էլ չենք խոսում: Ո՞վ չգիտի, որ ՋԵԲ-ը օտար ծագումով հայտնի պերսոնաժ «ջեբկիրի» (գրպանահատ) հետ միասին, պարսկերենի կամ թուրքերենի միջնորդությամբ է արաբերենից փոխանցվել մեզ:
Հայերն իրենց խնայողությունները ԴՈՇԱԳԻ տակ էլ չէին կարող պահել, որովհետեւ այդ բառն էլ թուրքերենից է մեզ բաժին հասել: Հայն ինչպե՞ս կարող էր իր խնայողությունները թուրքին վստահել:
Չմտածեք, որ հնում հայերը ԿՈՇԵԼՅՈԿ են ունեցել, ու իրենց փողերը պահ տվել ռուսներին: Ճիշտ է, հայերը դրամապանակ ունեն, բայց այդ բառը նորաբանություն է, եւ մեզ չի ավանդվել ո՛չ գրաբարից, ո՛չ էլ միջին հայերենից:
Ի՞նչ է, մենք հնում ընդհանրապես փող չե՞նք ունեցել: Իսկ եթե ունեցել ենք, որտե՞ղ ենք պահել: Ձեռքի մե՞ջ: Այո, բայց անմիջապես զգացել ենք դրա հակահիգիենիկ հատկությունն ու այն կոչել «ձեռքի կեղտ»:
Բայց վերջերս էլ համոզվել ենք, որ «ձեռքի կեղտ» համարվող փողը հատուկ «լվացքատներում» կարելի է լվանալ ու օգտագործել բարեգործական նպատակների համար:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ