Պրոֆ. ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ Նիկոլայ Հովհաննսիյանի սույն հոդվածը 3-րդն է հեղինակի նույն թեմայով մեր թերթում հրապարակածներից (տե՛ս «Ազգ», 2015 թ. հոկտ. 2-ի եւ 16-ի համարները) եւ ունի հայեցակարգային բնույթ, նկատի ունենալով խնդրի կարեւորությունը:
I. Քրդական գործոնի ներգործության աշխարհաքաղաքական-տարածքային սահմանները
Քրդերը Մերձավոր եւ Միջին Արեւելքի հնագույն ժողովուրդներից մեկն են, որոնք վաղնջական ժամանակներից ի վեր տարաբնույթ շփումների մեջ են եղել տարածաշրջանի տարբեր ժողովուրդների` արաբների, ասորիների, պարսիկների, հայերի, ապա նաեւ թուրքերի հետ: Ու թեեւ նրանք երբեք չեն ունեցել իրենց սեփական պետականությունը որպես մեկ միավորված ժողովուրդ, այնուհանդերձ, որոշակի քաղաքական եւ ռազմական դերակատարում են ունեցել տարածաշրջանում: Այլ կերպ ասած, նրանք որոշակի գործոն են, որից պատմական տարբեր դարաշրջաններում իրենց նպատակների համար մեծապես օգտվել են տարածաշրջանի հզոր պետությունները, առաջին հերթին Արաբական խալիֆայությունը, շահական Պարսկաստանը, Օսմանյան կայսրությունը, նրա իրավահաջորդ` Թուրքական Հանրապետությունը եւ այլն:
Չկարողանալով ստեղծել իրենց ազգային պետությունը, քրդերը, սակայն, իրենց գոյությունը դարերի ընթացքում պահպանել են Մերձավոր Արեւելքի տարբեր պետությունների կազմում եւ շրջանակներում` որպես բաժանված ժողովուրդ: Պատմության մեջ նրանք հայտնի են նաեւ հենց այդպես` «Քրդստան. Մերձավոր Արեւելքի բաժանված ժողովուրդ» անվանումով: Քուրդ պատմաբան Ս. Գավանը նույնիսկ այդպես է ձեւակերպել իր աշխատություններից մեկի վերնագիրը:
Քրդերի ճնշող մեծամասնությունն արդի փուլում հիմնականում բնակվում է մերձավորարեւելյան չորս պետություններում` Իրաքում, Իրանում, Սիրիայում եւ Թուրքիայում` չկորցնելով գործոնի իր գործառույթները: Դեռ ավելին, նրանք որպես գործոն երբեմն այնքան ազդեցիկ են, որ շատ հաճախ լուրջ, անգամ զինված մարտահրավերներ են նետում նշված երկրների իշխանություններին, իսկ վերջիններիս միշտ չէ, որ հաջողվում է անտեսել կամ հաշվի չնեստել քրդերի քաղաքական պահանջների հետ: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի կարեւոր հանգամանքի վրա: Քրդական գործոնն ունի իր վեկտորները, դրսեւորվում է տարբեր աստիճաններով եւ ուղղություններով ու տարբեր դերակատարումներ ունի նշված չորս երկրներում:
Իրաքյան Քրդստանում քրդերը, օգտվելով Իրաքի պետական կազմալուծումից եւ տկարությունից, իրենց իրավունքների տեսանկյունից հասել են առավել տպավորիչ նվաճումների: Եվ երբ 1958թ. հուլիսի 14-ին Իրաքում տապալվեց Հաշիմյան միապետությունը, ապա Իրաքը հռչակվեց որպես արաբների եւ քրդերի միասնական հանրապետություն, ինչն առանձին հոդվածով ամրագրվեց երկրի սահմանադրության մեջ: Այժմ քրդերն Իրաքում նվաճել են քաղաքական ինքնավարության այնպիսի բարձր աստիճան, որն ընդհուպ մոտեցել է անկախության կարգավիճակի եւ Բաղդադը զրկվել է քրդական շրջանների վրա ազդելու համարյա բոլոր լծակներից, իսկ Իրաք պետության նախագահի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ գրավել է քուրդը` Ջալալ Թալաբանին: Այսօր Իրաքի քաղաքական կարգավորման խնդիրն անհնար է լուծել առանց քրդական գործոնի հաշվառման:
Այլ է պարագան Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ): Քրդերն այստեղ հատուկ կարգավիճակ չունեն, ինչպես Իրաքում: ԻԻՀ-ում պաշտոնապես գտնում են, որ քրդական հատուկ հարց գոյություն չունի եւ քրդերի իրավունքների խնդիրը փորձ է արվում լուծել համաիսլամական հինադրույթների շրջանակներում: Իրանական իշխանությունները նկատի առնելով, որ քրդերը նույնպես մուսուլմաններ են, ինչպես բնակչության հիմնական մասը կազմող պարսիկները, եւ ղեկավարվելով իսլամի այն հիմնադրույթով , որ բոլոր իսլամադավան ժողովուրդները կազմում են մեկ համընդհանուր «Իսլամական ազգ» (Islamic Nation), անհրաժեշտ չեն գտնում քրդերին առանձնացնել այդ ընդհանուր զանգվածից եւ նրանց տրամադրել տարածքային, քաղաքական, մշակութային կամ կրոնական ինքնավարության պես որեւէ բան, գտնելով, որ քրդերը Իրանի իսլամական բնակչության կամ իսլամական ազգի բաղադրամասերից մեկն են: Հետեւաբար, Իրանում հրապարակի վրա չկա քրդական գործոնի որեւէ տեսանելի, առարկայական դրսեւորում եւ դրա հետ կապված որեւէ գործառույթ: Բայց սխալ կլիներ այդ հիման վրա հաշվից լրիվ դուրս նետել քրդերին, մանավանդ մեր օրերում, երբ տեղի է ունենում քրդերի ազգային ինքնագիտակցության որոշակի զարթոնք, այդ թվում նաեւ Իրանում: Չպետք է բացառել ստորջրյա որոշակի հոսանքների առկայությունը քրդերի քաղաքական իրողություններում: Համենայն դեպս, մենք հեռու ենք այն մտքից, թե քրդերը միանգամայն եւ ամբողջապես գոհ են Իրանում տիրող իրողություններից: Կրկնում ենք, բացառված չէ, որը քրդական համայնքի ներսում ընթանում են սովորական աչքի համար ոչ տեսանելի խմորումներ, որոնք գործոնի տեսքով հրապարակավ ի հայտ կգան համապատասխան պայմանների առկայության պարագայում:
Արտաքնապես հանգիստ էր իրադրությունը Սիրիայի քրդաբնակ շրջաններում մինչեւ 2011թ., երբ սկսվեց համաարաբական ըմբոստությունը, ապա եւ քաղաքական ասպարեզում հայտնվեց «Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետություն-խալիֆայությունը»: Քրդերն այստեղ թվաքանակով ամենափոքրն են համեմատած Իրաքի, Իրանի եւ Թուրքիայի քրդաբնբակ շրջանների: Քրդերը Սիրիայում նույնպես չունեին սահմանադրությամբ կամ այլ օրենքներով հաստատված իրավունքներ եւ հատուկ կարգավիճակ: 2007թ. լինելով Սիրիայում, զրուցելով զանազան մասնագետների, քաղաքական եւ պետական գործիչների հետ, կարող ենք հաստատել, որ սիրիական իշխանությունները վստահ էին, որ մոտակա տեսանելի ժամանակներում որեւէ լուրջ բարդություններ քրդերի հետ չեն առաջանա, նշելով, որ Սիրիան Իրաք չէ, եւ այն ինչ տեղի ունեցավ Տիգրիսի ափերին, նույնը չի կրկնվի Եփրատի ափերին: Բայց սիրիական իշխանություններն իրենց հաշվարկներում սխալվեցին:
Վերջապեսՙ քրդական գործոնը Թուրքիայում, որը սկսած անցյալ դարի 50-60-ականներից օրեցօր ավելի ուժգնորեն է դրսեւորվում: Թուրքիայում քրդական գործոնի յուրահատկությունը կայանում է նրանում, որ նա, ի տարբերություն քրդական գործոնի Իրաքում, Իրանում եւ Սիրիայում, թե՛ պատմականորեն եւ թե՛ արդի փուլում անմիջականորեն առնչություն ունի Արեւմտյան Հայաստանի տարածքային հարցի հետ եւ այդ պատճառով նա բացառիկ տեղ պետք է գրավի քրդական գործոնի վերաբերյալ Հայկական հայեցակարգում: 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո, որն իրականացվեց թուրքաբնակ քրդերի ամենաակտիվ մասնակցությամբ եւ ջանքերով, Արեւմտյան Հայաստանը հայաթափ եղավ, բայց անմարդաբնակ անապատի չվերածվեց: Զոհված եւ արտաքսված հայերի տեղը Արեւմտյան Հայաստանում գրավեցին քրդերը` իրականացնելով Հայաստանին տեր դառնալու իրենց վաղեմի երազանքները: Եվ Արեւմտյան Հայաստանի ապագայի հարցը քննարկելիս մենք անմիջապես բախվելու ենք քրդական անզիջում դիմադրությանը, քանի որ, դատելով նրանց ղեկավարների հայտարարություններից, նրանք Արեւմտյան Հայաստանը համարում են քրդական տարածք:
Նախքան թուրքական գործոնին ավելի հանգամանորեն անդրադառնալը, կապված հայկական իրողությունների հետ, որը կարվի ստորեւ, հարկ է նշել քրդական գործոնի աշխարհաքաղաքական-տարածքային սահմանները եւ նրա ներազդման շրջանակները:
Այդ գործոնի սահմանները ներառնում են, առաջին, Մերձավոր եւ Միջին Արեւելքն իր հյուսիսային, հարավային, արեւելյան եւ արեւմտյան ճյուղավորումներով:
Երկրորդ, քրդական հարցի սրման կամ քրդական գործոնի ակտիվացման դեպքում, նա կազդի ԱՄՆ-ի եւ Դաշնային Ռուսատանի քաղաքականության վրա, նկատի առնելով, որ այդ երկու պետությունները ավանդաբար ներգրավված են մերձավորարեւելյան հիմնախնդիրների մեջ եւ անտարբեր չեն, թե ինչպիսի աշխարհաքաղաքական իրադրություն կստեղծվի ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող այդ տարածաշրջանում: Իսկ դա չի բացառում նրանց այս կամ այն կերպ ներգրավվելն հնարավոր հակամարտությանը, ինչն արդեն գլոբալ սպառնալիքի վերածվելու միտում կունենա: Այդ մասին են վկայում նաեւ վերջին շրջանում ծավալված իրադարձությունները:
Երրորդ, նման իրադրության առաջացման դեպքում կողմնակի դիտորդի դերում չեն կարող մնալ միջազգային այնպիսի կազմակերպություններ, ինչպես ՄԱԿ-ը եւ նրա Անվտանգության խորհուրդը, ՆԱՏՕ-ն, մանավանդ որ ԱՄՆ-ը եւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություններ են, Եվրոմիությունը, հատկապես նրա երեք առաջատար պետությունները` Գերմանիան, Ֆրանսիան եւ Իտալիան, որոնք որոշակի քաղաքական, տնտեսական եւ ռազմավարական շահեր ունեն այդ տարածաշրջանում, Արաբական պետությունների լիգան, Մուսուլմանական համագործակցության կազմակերպությունը եւ այլն:
Չորրորդ, քրդական կոնֆլիկտի առաջացումն այդ շրջանակներում անմիջական վտանգ չի կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը: Բայց միեւնույն է, նա չի կարող չանհանգստացնել մեզ, քանի որ կոնֆլիկտային իրադրությունը նրա անմիջական հարավային սահմանների մոտ` վերոնշյալ ուժերի, պետությունների եւ միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ, պարունակում է որոշակի սպառնալիք Հայաստանի Հանրապետության եւ այդ երկրներում գտնվող հայ համայնքների համար:
Ահա այսպիսին են ընդհանուր գծերով մեր պատկերացումները քրդական գործոնի, նրա աշխարհաքաղաքական-տարածքային գործառույթների եւ ներգործության շառավիղի վերաբերյալ:
II. Քրդական դամոկլյան սուրը կախված արեւմտահայերի գլխին եւ «Հայկական հարցը քրդական հարց է» տեսադրույթը
Քրդական գործոնը վերածվեց դամոկլյան սրի եւ արեւմտահայության գլխին կախվեց, երբ այդ երկու ժողովուրդները` քրդերը, ի բացառյալ Իրանի, եւ հայերը հայտնվեցին Օսմանյան կայսրության կազմում, մի կայսրություն, որը արաբ պատմաբան Յուսուֆ Յազբեկը բնութագրում է որպես ժողովուրդների բանտ:
Օսմանյան կայսրությունն արաբական երկրների նվաճումն սկսեց 1516թ.` Սիրիայի գրավումով, որին հետեւեց արաբական մյուս երկրների, այդ թվում եւ Իրաքի նվաճումը: Այդ պահից քրդերի ճնշող մեծամասնությունը, որը բնակվում էր Սիրիայում եւ Իրաքում, հայտնվեց Օսմանյան տիրապետության ներքո: Իսկ երկարատեւ եւ արյունահեղ թուրք-պարսկական պատերազմներից հետո, 1639թ., Կասրե Շիրինի պայմանագրով, Օսմանյան տիրապետության տակ անցավ Հայաստանի այն հատվածը, որը հետագայում ավելի հայտնի դարձավ որպես Արեւմտյան Հայաստան:
Պատմական այդ պահից սկսվում է արեւմտահայության ողբերգությունը, որի համար գլխավոր մեղքն ընկնում է օսմանյան սուլթանական իշխանությունների հակահայկական քաղաքականության վրա: Բայց այդ քաղաքականությունը հավանաբար անհնար կլիներ իրագործել այնպիսի մեծ ծավալներով ու դաժանությամբ, ինչպես որ դա տեղի ունեցավ, եթե օսմանյան իշխանություններին չհաջողվեր նրանում ներգրավել քրդական տարրը, առաջին հերթին նրա կառավարող վերնախավը` ցեղային-աշիրաթական ավագանուն, ֆեոդալ շեյխերին, հոգեւոր-կրոնական առաջնորդներին: Սուլթանական իշխանությունները հիմք ընդունեցին հայկական մարզերը կոտորակելու, մանրացնելու սկզբունքը, այն հաշվով որ հայկական շրջաններում, նրա բնօրրանում արհեստականորեն նվազի եւ փոքրացվի հայ էթնոսը եւ դրա փոխարեն աճի մուսուլմանական տարրը ` ի հաշիվ գլխավորապես թուրքերի եւ քրդերի: Թուրքական իշխանությունները խրախուսում եւ պայմաններ էին ստեղծում հայկական շրջաններ քրդական տարրի ներթափանցման եւ մեծամասնության վերածվելու համար: Օսմանյան իշխանությունների օրհնությամբ եւ ամենաակտիվ աջակցությամբ, քրդական բեկերի, ֆեոդալ-շեյխերի, ցեղային ավագանու տիրապետության տակ էին անցնում հայ գյուղացուն պատկանող հողատարածքները, հանդակները, անասունները եւ գույքը: Օսմանյան սուլթանական իշխանությունները քրդերին վերածեցին իրենց հիմնական գործիքներից մեկը հայերին ճնշելու, նրանց հողերը խլելու եւ նրանց սարսափի մեջ պահելու համար: Քրդերը յուրատեսակ մահաբեր դամոկլյան ահեղ սուր դարձան սուլթանների ձեռքում, որը կախված էր արեւմտահայերի գլխին: Իսկ հայերը հետադիմական, խավարամոլ Օսմանյան կայսրությունում միանգամայն անպաշտպան էին եւ անզոր այդ սրի դիմաց:
Այդ բոլորը հանրահայտ իրողություն է, որին լավատեղյակ էր նաեւ եվրոպական հանրությունը: Ուստի պատահականություն չէ, որ Բեռլինի 1878թ. միջազգային կոնգրեսից սկսած, երբ Հայկական հարցը ներօսմանականից վերածվեց միջազգայինի եւ հիմք դրվեց Օսմանյան կայսրության հայկական վիլայեթներում այսպես կոչված «բարեփոխումների» քաղաքականությանը, թե՛ Բեռլինի կոնգրեսի ընդունած որոշման մեջ եւ թե՛ հետագայում դրան հաջորդած միջազգային որոշումներում կենտրոնական հարցերից մեկը դառնում է «զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից եւ չերքեզներից»: Սակայն հանրահայտ է, որ օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ն այդպես էլ երբեք չիրագործեց այդ բարեփոխումները եւ շարունակեց իրագործել հայկական ջարդերի ու կոտորածների քաղաքականությունը` նույն քրդերի մասնակցությամբ:
Իմ ասպիրանտական ուսումնառության շրջանում (1953-1956թթ.), երբ աշխատում էի թեկնածուական ատենախոսությանս վրա, որը նվիրված էր հայ ժողովրդի պատմության 1910-1914թթ. ժամանակահատվածի ուսումնասիրությանը, ուղղակի անակնկալի եկա, երբ մի շարք աղբյուրներում, մասնավորապես 1910-ականների կովկասյան եւ պոլսահայ մամուլում հանդիպեցի «Հայկական հարցը քրդական հարց է» ձեւակերպմանը: Սկզբում ինձ թվաց, թե դա վրիպակ է: Սակայն վերլուծելով իմ ձեռքի տակ եղած նյութերը ու փաստաթղթերը, եկա այն եզրակացության, որ այդ ձեւակերպումը պարունակում էր մեծ ճշմարտություն, եւ այն պետք է հասկանալ հետեւյալ իմաստով:
XIX դարի վերջերին եւ XX դարի սկզբներին քրդերի դիրքերն այն աստիճան էին ամրապնդվել Արեւմտյան Հայաստանում, որ այստեղ որեւէ փոփոխություն, որը կշոշափեր քրդերի, հատկապես նրանց կառավարող վերնախավի շահերը, կթուլացներ նրանց դիրքերը եւ կարող էր ամրապնդել հայերի անվտանգությունը, անհնար էր իրագործել առանց քրդերի համաձայնության: Քրդերը, հասկանալի է, հենց այնպես չէին զիջի իրենց դիրքերը հօգուտ հայերի, քանի որ նրանց տիրապետող դիրքերը Արեւմտյան Հայաստանում ապահովում էր նրանց անօրինական ճանապարհով հարստություն դիզելու, կողոպտելու հայերին, ամրապնդում նրանց կշիռը օսմանյան կայսրությունում, նրանց դարձնում ազդեցիկ ուժ, նույնիսկ այն աստիճանի, որ նրանք կարող էին հակադրվել անգամ սուլթանին եւ ստիպել նրան հրաժարվել հայկական վիլայաթներում «բարեփոխումների» խոստումներից: Ահա այսպիսի պայմաններում ասպարեզում հայտնվեց այն տեսակետը, որ հայկական հարցի լուծումը կապված եւ կախված է քրդական հարցի լուծումից: Հայերի կամ հայկական հարցը լուծելու համար անհրաժեշտ էր նախեւառաջ լուծել քրդերի հարցը` վերջիններիս ախորժակը եւ ընչաքաղցությունը բավարարելու իմաստով: «Հայկական հարցը քրդական հարց է» բանաձեւը պետք է հասկանալ եւ մեկնաբանել միայն ու միայն այդ իմաստով:
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի, ինչպես նաեւ XX դարում կիրառված այլ ցեղասպանությունները կյանքի կոչեցին գիտական մի նոր ուղղություն` ցեղասպանագիտությունը: Նա ունի իր ուսումնասիրության առարկան, եւ իր անկյունաքարային տեսադրույթները, առաջին հերթինՙ «ցեղասպան պետություն», «ցեղասպան հասարակություն», «դահիճ եւ զոհ», «պոլիտիցիդ» եւ այլ տեսադրույթներ: Դրանց մեջ իր յուրահատկությամբ առանձնանում է ցեղասպանությանը երրորդ կողմի մասնակցության հարցը` այն կանխելու կամ օժանդակելու առումով, որը խիստ կարեւոր է ցեղասպանություն ոճրագործությունը եւ նրա ծավալները ճիշտ ըմբռնելու տեսանկյունից: Երբ այս տեսանկյունից ենք մոտենում Հայոց ցեղասպանությանը եւ քրդերի դիրքորոշմանը, ապա ակնհայտ է դառնում, որ քրդերը Հայոց ցեղասպանության իրագործման ժամանակ դարձան Հայոց ցեղասպանությանը մասնակից երրորդ կողմ` կանգնելով դահճի` օսմանյան ոճրագործների կողքին, ընդդեմ զոհերի` հայերի: Այդպիսին էր հայկական հարցում քրդական գործոնի առաքելությունը Թուրքիայում:
Քրդերի նման դիրքորոշումը պատահականություն չէր: Դա նախապատրաստված էր նախորդ դարերում նրանց կատարած բազում հակահայկական գործողություններով: Նրանց մասնակցությունը 1915թ. Հայոց ցեղասպանությանը այդ քաղաքականության տրամաբանական շարունակությունն էր:
Անդրադառնալով այս հարցերին, մեր նպատակը չէ պատմական էքսկուրս կատարել, այլ ցույց տալ, թե պատմական ինչպիսի պատասխանատվություն են կրում քրդերը հայկական հարցում: Նման մոտեցումն անհրաժեշտ է ամբողջական պատկերացում կազմելու Թուրքիայում քրդական գործոնի ծավալների ու ողբերգական հետեւանքների վերացման դժվարությունների վերաբերյալ եւ դրա հետ կապվածՙ հայկական հայեցակարգի ճիշտ մշակման համար, հատկապես որ, ինչպես նշվեց, այսօր Արեւմտյան Հայաստանի տարածքները բնակեցված են մեծամասամբ քրդերով, որոնք այդ տարածքները համարում են իրենց սեփականը:
III. Սեւրի պայմանագիրը, չորս պետությունների ստեղծման սկզբունքը եւ բարեփոխումների քաղաքականության ավարտը
Սեւրի պայմանագիրը, որը ստորագրվեց 1920թ. օգոստոսի 10-ին, երբ Օսմանյան կայսրությունն արդեն պարտություն էր կրել Առաջին համաշխարհային պատերազմում, դիվանագիտական շատ կարեւոր փաստաթուղթ է, որի տակ դրված են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Հունաստանի, Բելգիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Չեխոսլովակիայի, Սերբերի, Խորվաթների եւ Սլովենների Թագավորության, Հիջազի, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի ստորագրությունները: Դա իր բնույթով պատկանում էր Վերսալյան պայմանագրային համակարգին, որը 1919-1920թթ. ստորագրվեց Գերմանիայի եւ պարտություն կրած գերմանական բլոկի մյուս անդամ երկրների` Ավստրիայի, Բուլղարիայի եւ Հունգարիայի հետ: Այդ համակարգի վերջին ակորդը եղավ Սեւրի պայմանագիրը, որով ավարտվեց հետպատերազմյան քաղաքական նոր համակարգի ստեղծման գործընթացը եւ, ինչպես թվում էր, նոր էջ բացվում Հայկական հարցի կարգավորման ճանապարհին:
Սեւրի պայմանագրի մասին, որի կնքման ժամանակից արդեն անցել է մոտ 95 տարի, շատ է գրվել: Ուստի կանգ չենք առնի նրա մանրամասնությունների վրա: Մեզ հետաքրքրողը հայկական հարցն է քրդական գործոնի տեսանկյունից: Պայմանագրի տեքստը կազմողները, տվյալ դեպքում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի , ինչպես նաեւ Իտալիայի եւ մյուս պետությունների ղեկավարները ոչ միայն խելացիություն եւ հեռատեսություն են դրսեւորել, այլեւ որոշ հարցերում ցուցաբերել են իմաստնություն: Նրանք հասկացել էին, որ բարեփոխումների քաղաքականությունն իրեն սպառել էր եւ նրա ժամանակն անվերադարձորեն անցել: Ուրեմն պետք էին հայեցակարգային նոր մոտեցումներ նախկին Օսմանյան կայսրության մեջ մտնող ժողովուրդներին կենսականորեն հուզող հարցերի կարգավորման հանդեպ: Եվ նրանք գտան այդ նոր մոտեցումը, որը պայմանագրի տեքստում արձանագրված է տարածաշրջանի երեք հիմնական` աբորիգեն ժողովուրդների` հայերի, արաբների, քրդերի, ինչպես նաեւ թուրքերի ազգային պետություններ ունենալու տեսադրույթի մեջ:
Նրանք գտան, որ Օսմանյան կայսրության ռազմաքաղաքական պարտությունը չէր նշանակում թուրքական պետության վերացում ընդհանրապես, ինչպես այդ ժամանակ վայնասուն էին բարձրացրել ռուսական բոլշեւիկյան որոշ կուսակցական եւ պետական գործիչներ, առանձին պատմաբաններ ու քաղաքագետներ: Սեւրի պայմանագիրը միայն նպատակահարմար էր գտնում վերացնել Օսմանյան կայսրությունը եւ ճանաչել թուրքական պետությունը նոր սահմանների մեջ` որպես ազգային պետություն: Նա պետք է պարփակվեր միայն Փոքր Ասիայի մի հատվածումՙ ունեալով տարածքային մի նեղ գոտի եվրոպական մասում` Ստամբուլով հանդերձ:
Սեւրի պայամանագիրը ճանաչեց նաեւ տարածաշրջանի մյուս աբորիգեն ժողովրդի` արաբների անկախ լինելու եւ իրենց սեփական պետությունն ունենալու իրավունքը: Արաբներն ազատագրվում էին 402 տարի տեւած թուրքական լծից, եւ ստանում իրենց պետականությունը վերակերտելու իրավունք: Հենց Սեւրի պայամանագրի շնորհիվ էր, որ հետագայում ստեղծվեց 18 արաբական անկախ պետություն:
Հաջորդը քրդերի հարցն էր, որի հետ, ինչպես նշել ենք, կապված էր Հայկական հարցի արդարացի լուծումը: Սեւրի պայմանագիրը որոշեց, որ քրդերը պետք է նույնպես ունենան իրենց անկախ ազգային պետությունը, որի համար նախատեսվում էր մոտ 90 հազար քառ.կմ: Պատմության մեջ առաջին անգամ քրդերն ունենալու էին մեկ միասնական անկախ պետություն, որը սահմանակցելու էր հայոց պետության հետ: Քրդական հարցի նման լուծումը սկզբունքային նշանակություն ուներ Հայկական հարցի լուծման համար, որի ճանապարհից վերանում էր քրդական գործոնը որպես խոչընդոտ:
Եվ, վերջապես, հայկական հարցը, որին նվիրված էին Սեւրի պայամանագրի 88-93 հոդվածները: Ըստ պայմանագրի Թուրքիան ճանաչում էր «Հայաստանը որպես ազատ ու անկախ պետություն»: Թուրքիան եւ Հայաստանը համաձայնվում էին իրենց միջեւ սահմանների վերջնական սահմանազատումը թողնել ԱՄՆ-ին եւ նրա պրեզիդենտ Վուդրո Վիլսոնին: Այդ մասին ամերիկյան պրեզիդենտին խնդրել էին նաեւ Անտանտի պետությունները: Վիլսոնը համաձայնվեց այդ առաջարկի հետ եւ 1920թ. նոյեմբերին ներկայացրեց իր առաջարկությունները` Վիլսոնի իրավարարական պայմանակարգը: Համաձայն վիլսոնյան առաջարկի Հայաստանը ստանում էր Էրզրումի նահանգն համարյա ամբողջությամբ, Վանի եւ Բիթլիսի նահանգների երկու երրորդը եւ Տրապիզոնի նահանգի մեծ մասը` դեպի Սեւ ծով ելքով, մոտ 100 հազ. քառ. կմ.: Նա կարող էր միավորվել դեռեւս 1918թ. մայիսին հռչակված Հայաստանի Հանրապետության հետ, որի արդյունքում կստեղծվեր անկախ եւ միացյալ Հայաստանը` մոտավորապես 160 հազ.քառ. կմ տարածքով:
Հայաստանը եւ Թուրքիան ընդունեցին Վիլսոնի իրավարարական պայմանակարգը:
Տարաբախտաբար, Սեւրի պայմանագիրը կիրառվեց մասամբ, միայն վերեւում նշված առաջին երկու կետերով, որոնք վերաբերում էին թուրքերին եւ արաբներին: Ինչ վերաբերում է պայմանագրի հայկական եւ քրդական մասերին, ապա Թուրքիայում իշխանությունը վերցրած քեմալականները, վայելելով բոլշեւիկյան Ռուսատանի լենինյան ղեկավարության լայն քաղաքական ու ռազմական աջակցությունը, մերժեցին ճանաչել Սեւրի պայմանագիրը, որն ամրագրվեց Լոզանի 1923թ. պայմանագրով:
Ահա այսպես պատմության բարեհաճ այդ պատեհ առիթը ձեռքից բաց թողնվեց:
IV.Արեւմտյան Հայաստանի հիմնախնդրի կարգավորման հնարավոր տարբերակները
Նկատառումներ եւ առաջարկություններ
Հայաստանը, որքանով մեզ հայտնի է, երբեւիցե չի ունեցել որեւէ հայեցակարգ քրդական հարցում` Արեւմտյան Հայաստանի հիմնախնդիրների կարգավորման տեսանկյունից: Դա ավելի քան զարմանալի է, քանի որ լրացել է արդեն մեկ դար այն պահից, երբ քրդերի մասնակցությամբ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը եւ նրանք դարձան Արեւմտյան Հայաստանի հիմնական բնակիչները: Մինչդեռ նման հայեցակարգի մշակումն ավելի քան անհրաժեշտ է ինչպես հայերի ազգային անվտանգության ապահովման , այնպես էլ հայ ժողովրդի` Արեւմտյան Հայաստանի բնիկների օրինական իրավունքները վերականգնելու իմաստով: Դա անհրաժեշտ է անել որպեսզի Հայաստանը դառնա ողջ հայության լիարժեք եւ ամբողջական երկիրն ու պետությունը:
Ելնելով այդ իրողություններից անհրաժեշտ ենք համարում.
1. Հայաստանի իշխանությունների առաջնահերթ, գերակա եւ անհետաձգելի խնդիրներից մեկը համարել քրդական հարցի նկատմամբ հայկական հայեցակարգի մշակումը, որը պետք է դրվի Հայաստանի Երրորդ Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքում` որպես նրա կարեւոր ուղղություններից մեկը:
2. Այդ հարցը պետք է համարվի ոչ միայն Հայաստանի Երրորդ Հանրապետության, այլեւ համայն հայության գերակա խնդիր:
3. Հայեցակարգը մշակելու համար ստեղծել համահայկական հանձնաժողով Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքահայության ներկայացուցիչների եւ մասնագետների լիարժեք մասնակցությամբ, որի աշխատանքները պետք է համակարգի ՀՀ Նախագահը:
4. ՀՀ Արտաքին գործերի նախարարության կամ Ազգային անվտանգության խորհրդի կազմում ստեղծել հատուկ մարմին, որի հիմնական խնդիրն է լինելու հարցի համակողմանի, խորքային ուսումնասիրությունը, ներկայացվող առաջարկությունների մշակումն ու նախապատրաստաումը, միջազգային իրադրության նպաստավոր կամ աննպաստ լինելու, ուժերի փոխհարաբերակցության եւ այլ հանգամանքների վերլուծությունը` դրանք Հայեցակարգային հանձնաժողովին ներկայացնելու համար:
5. Հայեցակարգի հիմնադրույթները համայն հայության կողմից ընդունելի լինելու եւ միասնական տեսակետ մշակելու համար Հայաստանում եւ Սփյուռքում անցկացնել քննարկումներ եւ խորհրդակցություններ, ի հարկին նաեւ փակ քննարկումներ:
6. Քրդական հարցում հայկական հայեցակարգը մշակելիս ելակետային համարել հետեւյալ իրողությունները
ա/ Արեւմտյան Հայաստանը բնակեցված է հիմնականում քրդերով եւ ըստ էության գտնվում է նրանց տիրապետության ներքո:
բ/ քրդերը ոչ միայն պատրաստ չեն եւ չեն ցանկանում դա համարել հայկական տարածք, այլեւ հավակնում են դրան` որպես իրենց տարածքի:
գ/ թյուրիմացությունների տեղիք չտալու համար հստակ եւ անվերապահորեն շեշտել, որ Արեւմտյան Հայաստանը երբեք քրդերի բնօրրանը չի եղել, նրանց երկիրը չէ եւ չի կարող լինել:
7. Խիստ գաղտնի պայմաններում կապեր հաստատել Թուրքիայում քրդական ղեկավարության հետ եւ նրա լիազոր ներկայացուցիչների հետ քննարկել Արեւմտյան Հայաստանի հիմնախնդրի կարգավորման շրջանակները:
8. Բացահայտել եւ պարզել , թե ո՞ր երկրները եւ միջազգային կազմակերպությունները որպես երրորդ կողմ կարող են մասնակից լինել հարցի արդարացի կարգավորման գործընթացին եւ իրենց բարի ծառայություններն առաջարկել կողմերին:
V. Հիմնախնդրի կարգավորման հնարավոր տարբերակները
Նշված հարցի շուրջը ստեղծվել է բարդ ու խառնաշփոթ իրավիճակ եւ Հայաստանը գործ է ունենալու մի այնպիսի անպատասխանատու երկրի հետ, ինչպիսին Թուրքիան է, որը թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամի բնութագրմամբ հանդիսանում է ցեղասպանության ժխտման ինդուստրիայի հիմնադիրը: Ուստի սին հույսեր չպետք է տածել, թե հնարավոր է հիմնախնդրի համեմատաբար արագ կամ դյուրին լուծում: Մանավանդ մեր օրերում, երբ Թուրքիայի կառավարությունը Էրդողանի գլխավորությամբ սկսել է կիրառել նեօսմանիզմի քաղաքականությունը: Այդուհանդերձ այդ հանգամանքը եւ այլ դժվարություններ չեն կարող արդարացում հանդիսանալ, եթե հայությունն իր երեք ճյուղավորումներով` Հայաստանի Հանրապետություն, Արցախ եւ Սփյուռք, ընկրկի դրանց առջեւ եւ հրաժարվի հայության գոյության համար կենսական անհրաժեշտություն ներկայացնող հայեցակարգի մշակումից:
Ինչքան էլ որ քրդերն ուժեղ լինեն, միեւնույն է, նրանք, հավասարապես նաեւ հայերը, չեն կարող անտեսել Թուրքիան որպես պետություն, որի շրջանակներում եւ իրավական ենթակայության տակ են գտնվում Արեւմտյան Հայաստանը կազմող տարածքները: Ուստի հայեցակարգը մշակելիս այդ պարագան հաշվի առնելը հույժ անհրաժեշտություն է:
Առաջարկելով հիմնախնդրի կարգավորման տարբերակներ, չպետք է այնքան միամիտ լինել եւ ենթադրել, թե դրանք ինքնին, ինքնաբերաբար կարող են հաջողություն ապահովել: Պատմության մեջ նման բաներ տեղի չեն ունենում: Ամեն ինչ պայքար է եւ պատրաստ պետք է լինել բոլոր ուղղություններով համբերատար, հետեւողական ու երկարատեւ պայքար մղելու համար: Այդ հավատով ու գիտակցությամբ ստորեւ ներկայացնում ենք մեր ռաջարկությունները` որպես հայկական հայեցակարգի տարբերակներ քննարկելու, ընդգծում ենք` քննարկելու համար:
Տարբերակ Առաջին. Արեւմտահայերի վերադարձն իրենց բնակավայրեր :
Այս տարբերակը Արեւմտյան Հայաստանը հայերի` նրա օրինական տերերի տնօրինության տակ վերադարձնելու տարբերակներից մեկն է: Նա ունի երեք կարեւոր առանձնահատկություն: Առաջին, դա հարցի ոչ արյունահեղ ճանապարհով կարգավորելու տարբերակ է, ինչն ինքնին դրական երեւույթ է: Երկրորդ, դա համապատասխանում է արդի միջազգային իրավունքի նորմերին, որը պարտադիր է համարում բռնի տեղահանված ժողովուրդներին հնարավորություն տալ վերադառնալու իրենց բնակության նախկին վայրերը: Միջազգային իրավունքը դառնում է այդ տարբերակի խաղաղ եւ հետեւողական կիրառման երաշխավոր: Երրորդ, այդ տարբերակի իրագործումը հնարավոր է, եթե տվյալ պետությունը, այս պարագայումՙ Թուրքիան, համաձայնվի կամ ստիպված լինի համաձայնվել նրա հետ: Այդ տարբերակի իրագործման համար անհրաժեշտ է նաեւ քրդերի համաձայնությունը, ինչին կարելի է հասնել թուրքական իշխանությունների, Հայաստանի Հանրապետության, ԵՄ-ի, ՄԱԿ-ի համատեղ ջանքերով, մեծ տերությունների, առաջին հերթին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, հավասարապես նաեւ Չինաստանի ու Հնդկաստանի աջակցությամբ:
Տարբերակ Երկրորդ . Տարածքային ինքնավարություն
յս տարբերակը կարելի է գործողության մեջ դնել այն պարագայում, եթե Թուրքիան մերժի ճանաչել Արեւմտյան Հայաստանի անկախությունը կամ Հայաստանի Հանրապետության հետ միավորվելու նրա իրավունքը, բայց համաձայնվի հայերի վերադարձին իրենց նախկին բնակավայրերը եւ նրանց շնորհիվ քաղաքացիություն: Այդ դեպքում տարածքային ինքնավարությունը կհամարվի որպես հայերի կեցության, նրանց ազգային, հասարակական եւ տնտեսական կյանքի կազմակերպման modus vivendi, ինչ-որ չափով կկարգավորի եւ կկանոնակարգի հայերի գոյությունը թուրքական պետության շրջանակներում եւ կհաստատի հայերի տեղական մարմինների եւ թուրքական իշխանությունների միջեւ ուղղաձիգ հարաբերություններ:
Տարբերակ Երրորդ . Մշակութային ինքնավարություն
թե թուրքական կառավարությունը մերժի իրենց բնօրրանը վերադարձած հայերին տալ տարածքային ինքնավարություն, որը ժամանակակից իրավագիտությունը դիտում է որպես պետական կազմավորման յուրահատուկ ձեւ, ապա այդ դեպքում ասպարեզ կարող է իջնել մշակութային ինքնավարության տարբերակը` որպես հայերի հոգեւոր, կրթական եւ մշակութային կյանքի կազմակերպման մոդել, ազգային արժեքների, սովորույթների եւ կենցաղի յուրահատկությունների, ազգային ինքնության պահպանումը ու զարգացումն ապահովող համակարգ:
Այս տարբերակը քննարկելիս պետք է նկատի ունենալ, որ բոլոր քրդերը մինչեւ վերջին մարդը չէ, որ կլքեն նոր պայմաններում հայտնված Արեւմտյան Հայաստանը: Որոշ քանակի քրդեր կմնան այնտեղ եւ նրանց իրավունքները պետք է երաշխավորվեն ու պահպանվեն ` առաջին հերթին ազգային մշակութային եւ հոգեւոր կրոնական հարցերում: Կարծում ենք, որ դա հնարավոր է ապահովել Արեւմտյան Հայաստանում Մշակութային ինքնավարություն հաստատելու պարագայում:
Տարբերակ Չորրորդ. Ֆինանսական-նյութական փոխհատուցում
թե թուրքական կողմը պատրաստ չլինի թույլատրել 1915թ. բռնահանված հայերին վերադառնալու իրենց բնօրրանը եւ մերժի նրանց տրամադրել ինչպես տարածքային, այնպես էլ մշակութային ինքնավարություն, ապա այդ պարագայում հայկական կողմը` Հայաստանի Հանրապետությունը, Արցախը եւ Սփյուռքը թուրքական կողմին պետք է ներկայացնի մեկուկես միլիոն սպանված եւ մոտ մեկ միլիոն բռնի արտաքսված հայերի ժառանգներին ֆինանսական եւ նյութական համարժեք փոխհատուցում տալու պահանջ, որը պետք է կազմի Հայկական հայեցակարգի օրգանական մասը:
Դրա համար կպահանջվի խստագույն, մանրակրկիտ եւ հավաստի հաշվարկ, որի համար պետք է ներգրավել նաեւ օտարերկրյա հեղինակավոր մասնագետների ու կազմակերպությունների: Այդ գործառույթը պետք է կատարվի միջազգային համապատասխան կազմակերպությունների վերահսկողության ներքո, եւ հաստատվի նրանց կողմից:
Իդեալական Տարբերակ` Արեւմտյան Հայաստանի անկախության կամ Հայաստանի Հանրապետությանը միավորվելու տարբերակ
ինչեւ այժմ ներկայացված տարբերակների հիմքում Արեւմտյան Հայաստանի հիմնախնդրի կարգավորումն է թուրքական պետության շրջանակներում, ինչը, հասկանալի է, չի կարող լիովին բավարարել հայությանը, թեեւ հայության հնարավոր վերադարձը Արեւմտյան Հայաստան կարելի է համարել պատմական նշանակություն ունեցող իրադարձություն: Մյուս կողմից, վերոնշյալ բոլոր չորս տարբերակներն էլ պետք է դիտել ոչ թե հարցի վերջնական, այլ միայն ու միայն հանգրվանային լուծում: Հիմնախնդրի վերջնական կարգավորումը, որը մենք անվանում ենք իդեալական, կարող է լինել կա՛մ Արեւմտյան Հայաստանի անկախացումը եւ Հայաստանի Հանրապետությունից ու Արցախից հետո որպես հայկական երրորդ պետություն աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվելը, կա՛մ նրա միավորումը Հայաստանի Հանրապետության հետ, որը Սփյուռքի հետ ձեռք-ձեռքի տված կկազմակերպի հայության ներգաղթը Արեւմտյան Հայաստան եւ կապահովի նրա վերահայացումը:
Առաջին հայացքից այս տարբերակը կարող է համարվել ցնորամտություն, սակայն, այդուհանդերձ, ոչ անհնար: Պատմությունն ավելի անհավատալի թվացող երեւույթների ու իրադարձությունների հեղինակը եւ միաժամանակ վկան է: Նա շարունակում է իր բնական հունով ընթանալ եւ մարդկությանը նորանոր ու ավելի անհնար թվացող անակնկալներ մատուցել: Ուրեմն պետք է զինվել համբերությամբ եւ սպասել պատմական այդ բախտորոշ պահին:
Ի՞նչ նկատի ունենք անակնկալ ասելով:
Իմ մասնագիտության բերումով ես եղել եմ բազմաթիվ միջազգային հեղինակավոր գիտաժողովների, կոնգրեսների, ֆորումների եւ նման այլ գիտական քննարկումների մասնակից, հանդիպել եւ զրույցներ ունեցել ականավոր գիտնական-մասնագետների հետ, ովքեր շատ հաճախ եղել են իրենց կառավարությունների խորհրդատուներ: Քննարկումների մի մասը փակ բնույթի է եղել, որի ընթացքում մտքերի անկաշկանդ փոխանակություններ են տեղի ունեցել այնպիսի հարցերի շուրջը , որոնք սովորաբար գիտաժողովների ամբիոններից բացահայտ չեն հնչում: Նման մի կարեւոր եւ շատ նեղ կազմով փակ բնույթի քննարկում տեղի ունեցավ 2000թ. Մոնրեալում, Կանադա, գումարված արեւելագետների XXXVI միջազգային կոնգրեսի (ICANAS) շրջանակներում, որի մասնակիցն է եղել տողերիս հեղինակը` որպես ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն: Այդտեղ գլոբալացման, ճգնաժամերի եւ այլ խնդիրների հետ միասին քննարկման առարկա դարձավ որոշ պետությունների տրոհման հարցը: Այդ վերջին հարցի քննարկման նախաձեռնողները եղան ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի ներկայացուցիչները: Նրանք, վկայակոչելով ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) կանխագուշակումները, նշեցին, որ աշխարհում կան մեկ տասնյակից ավելի բազմազգ պետություններ, որոնք ենթակա են տրոհման: Դրա հիմքում, ինչպես նշեցին նրանք, ըստ ԿՀՎ-ի ենթադրությունների, ընկած են ազգային-էթնիկական, երբեմն նաեւ կրոնական-կոնֆեսիոնալ հակասությունները, որոնք անխուսափելիորեն հանգեցնելու են նման տիպի պետությունների քայքայմանը եւ տրոհմանը: Եվ որպես օրնակ նշվեցին Չինաստանը, Ռուսաստանը, Ինդոնեզիան, Իրաքը, Իրանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրներ: Նրանց հաղորդման համաձայն ԿՀՎ-ի ցուցակում տրոհման ենթակա առաջին պետությունը Ինդոնեզիան էր: Եվ, իրոք, առաջինն Ինդոնեզիայից անջատվեց եւ իր անկախությունը հռչակեց Արեւելյան Թիմորը, որը ստացավ միջազգային ճանաչում եւ դարձավ ՄԱԿ-ի անդամ: Դա վկայում է վերոնշյալ տեղեկատվության հավաստիության մասին:
Պատմաբան-քաղաքագետները չեն բացառում Թուրքիայի տրոհումը քաղաքական, ռազմական եւ սոցիալական կատակլիզմների, ազգային-էթնիկական լարվածության արդյունքում: Հանրահայտ է այն բացառիկ լարվածությունը, որ տիրում է Թուրքիայում ազգային-էթնիկական եւ կրոնական հողի վրա: Ազգային փոքրամասնությունների` հույների, հայերի, ասորիների իրավունքները չեն հարգվում եւ բռնի ուժով նրանց հետ հաշվեհարդար տեսնելը, հետապնդումները, բացահայտ եւ թաքնված հալածանքները սովորական առօրյա երեւույթներ են ժամանակակից Թուրքիայում, որը դարձել է այդ երկրի ներքին անկայունության մշտական գործոն: Սակայն ամենավտանգավորը քրդերի բացահայտ պայքարի մեջ մտնելն է թուրքական իշխանությունների հետ, որը սովորաբար ընդունում է զինված պայքարի բնույթ: Թեկուզ եւ անլեգալ ձեւով շարունակում է գործել Քրդական բանվորական կուսակցությունը (PKK), որը, չնայած նրա ղեկավար Օջալանի նենգ ձերբակալությանը, զենքը վայր չի դրել եւ շարունակում է պայքարը քրդերի իրավունքների համար: Քրդերի ճնշող մեծամասնությունը անկախ քրդական պետություն ստեղծելու կողմնակից է, իսկ մի մասն էլ քրդական ինքնավարության հաստատմանը Թուրքիայում, բայց այնպիսի լայն իրավունքներով , որն ընդհուպ մոտենում է անկախության կարգավիճակին: Փաստորեն քրդական գործոնն այսօր դարձել է թուրքական միասնական պետության տրոհման հիմնական գործոնը` ազգային եւ կրոնական փոքրամասնությունների դժգոհության համընդհանուր ֆոնի վրա: Իսկ եթե դրան ավելացնենք նաեւ Թուրքիայի իսլամացման բավականին արագընթաց գործնթացը եւ մուսուլման-քրիստոնյա լարվածության ուժեղացումը, ապա չի կարելի բացառել այդ հողի վրա Թուրքիայի` որպես պետության տրոհումը:
Կանադայում տեղի ունեցած այդ փակ խորհրդակցությունից անցել է մոտ 15 տարի: Սակայն Թուրքիայի եւ մի շարք այլ պետությունների տրոհման հարցը մոռացության չի տրվել եւ շարունակում է մնալ մասնագետների ուշադրության կենտրոնում: Դրա ապացույցն է հանդիսանում Ռեգնում (REGNUM) տեղեկատվական գործակալության 2011թ. հունվարի 21-ի հաղորդումն առ այն, որ ամերիկյան մասնագետները` Կանզասի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Սեմ Բելն իր նյույորքյան գործընկերների` Ամանդա Մերդինի եւ Բինգհամթոնի պրոֆեսոր Դեյվիդ Քինգրանելի հետ մշակել են մի նոր մոդել, որը հավաստիության շատ բարձր աստիճանով հնարավորություն է տալիս նախագուշակել Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի տարբեր երկրներում հնարավոր քաղաքական խռովությունները եւ միջէթնիկական բախումները: Փորձագետները հաստատում են, որ կանխագուշակման նոր մոդելը կարող է կանխատեսել, թե առաջիկա հինգ տարում որ երկրում կարող են տեղի ունենալ քաղաքական խռովություններ եւ միջէթնիկական բախումներ: Մոդելը մշակվել է Open Innovation ընկերության պատվերով: Ի հաստատումն այդ թեզի, նշվում է, որ քաղաքագետները կանխագուշակել էին իրադարձությունները Թունիսում, որն արդեն տեղի է ունեցել, որի արդյունքում 2011թ. հունվարին Թունիսի պրեզիդենտը փախավ եւ արաբական այդ երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն Եվ դա հանդիսացավ սկիզբը համաարաբական ըմբոստության, որն իր մեջ ներառավ Եգիպտոսը, Սիրիան, Եմենը, Լիբիան, Ալժիրը, Բահրեյնը եւ այս կամ այն չափով նաեւ արաբական մյուս երկրները: Նոր մոդելի հեղինակներից Մերդինը նշում է. «Հետաքրքրական է, որ մեր մոդելը կանխագուշակում է քաղաքական բախումներ ոչ միայն այնպիսի պետություններում ինչպես Հոնդուրասը եւ Իրանը, այլեւ արեւմտյան քաղաքակրթություններում: Օրինակ, մեր մոդելի համաձայն քաղաքացիական խռովություն էր սպասվում Իռլանդիայում, որը եւ տեղի ունեցավ Միջազգային արժութային հիմնադրամի վարկերի պատճառով»: Մոդելը կանխագուշակել էր նաեւ Սուդանի տրոհումը, որը նույնպես արդեն կարելի է համարել կատարված: Այդ մոդելի համար օգտագործվում են աշխարհի 150 երկրների տեղեկատվական աղբյուրները:
Ըստ այդ մոդելի կազմվել է այն երկրների ցուցակը , որտեղ սպասվում են քաղաքացիական խռովություններ կամ միջէթնիկական բախումներ, կամ թե՛ մեկը եւ թե՛ մյուսը, եւ նրանց տրոհումը: Ցուցակում ընդգրկված են Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի, Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայի, Ասիայի եւ Օվիանիայի 37 պետություններ, այդ թվում (ըստ մոդելի հեղինակների համարակալման` 1. Իրան, 3.Ռուսաստան, 4. Վրաստան, 5. Իսրայել, 6. Թուրքիա, 11. Չինաստան, 14. Ուկրաինա, 15. Ինդոնեզիա, 27. Բելառուս, 31. Սուդան եւ այլն): Մեզ մնում է ավելացնել, որ այն բոլոր երկրները, որոնք նշված էին ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ցուցակում, իրենց տեղն են գտել նաեւ ամերիկյան քաղաքագետ-մասնագետների մշակած քաղաքացիական խռովությունների եւ միջէթնիկական բախումների վերաբերյալ Նոր մոդելի հեղինակների կազմած ցուցակում:
Հայկական հայեցակարգն այս բոլոր հանգամանքները մշտապես պետք է նկատի ունենա, իսկ Հայաստանի իշխանությունները պետք է արթուն լինեն եւ ակնդետ հետեւեն դեպքերի զարգացմանը, ելակետ ունենալով նաեւ Թուրքիայի տրոհման հավանականությունը, որի վերաբեյալ իրենց համոզվածությունն են հայտնել այնպիսի երկու հեղինակավոր մարմիններ, ինչպես ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը եւ ԱՄն-ի քաղաքագետների նոր հայտնագործությունը ` Նոր մոդելի մշակումները:
Ահա այսպիսին են ընդհանուր գծերով քրդական գործոնի վերաբերյալ մեր կողմից առաջարկվող Հայկական հայեցակարգի սկզբունքային հիմնադրույթները, Արեւմտյան Հայաստանի հիմնախնդրի կարգավորման տարբերակները եւ այդ հարցում Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի գործունեության հիմնական ուղենիշները: