Էրդողանի որդու կապը ԻՊ նավթի հետ
Աշխարհի լրատվամիջոցները լայնորեն անդրադարձան նոյեմբերի 24-ի առավոտյան թուրք-սիրիական սահմանի մոտ տեղի ունեցած խայտառակ եւ անչափ վտանգավոր միջադեպին: Թուրքական կործանիչի հրթիռով ոչնչացվեց ռուսական «Սու-24» ռմբակոծիչ, որը Սիրիայում «Իսլամական պետության» որոշ օբյեկտներ ռմբակոծելուց հետո վերադառնում էր երկրի արեւմուտքում գտնվող ռազմակայան: Թուրքիայի իշխանությունները անմիջապես հայտարարեցին, թե ռուսական օդանավը խախտել էր երկրի օդային սահմանը եւ չէր արձագանքել արված նախազգուշացումներին:
«Սու-24»-ի երկու օդաչուներին հաջողվել էր դուրս նետվել խոցված օդանավից եւ անկարգելներով վայրէջք կատարել: Օդաչուներից մեկին իսլամիստները դաժանորեն սպանել էին: Նրանք նաեւ ոչնչացրել էին օդաչուներին փրկելու նպատակով թուրք-սիրիական սահմանի չեզոք գոտի ուղարկված ռուսական երկու ուղղաթիռներից մեկը եւ սպանել փրկարարներից մեկին: Մյուս ուղղաթիռը կարողացել էր փրկել երկրորդ օդաչուին եւ բարեհաջող վերադառնալ:
Թուրքիայի պահանջով նույն օրն եւեթ ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ հրավիրվեց միջադեպի առնչությամբ: Բնականաբար, ՆԱՏՕ-ն չդատապարտեց իր դաշնակցի վարմունքը: Դաշինքի գլխավոր քարտուղար Յան Ստոլտենբերգը նիստից հետո որեւէ ափսոսանք չարտահայտեց լուրջ միջադեպի կապակցությամբ եւ ցավակցության որեւէ խոսք չասաց: Ավելին, նա հայտարարեց, որ Թուրքիան եւ Ռուսաստանը թող հանգիստ պարզեն դեպքի մանրամասնությունները, եւ որ ՆԱՏՕ-ն «կպաշտպանի իր դաշնակցի տարածքային ամբողջականությունը»:
Նոյեմբերի 24-ին արդեն այդ միջադեպից հետո, Վաշինգտոնում տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մամլո ասուլիսը: Օլանդը այնտեղ էր մեկնել «Իսլամական պետության» դեմ կոալիցիա ստեղծելու նպատակով: Օլանդը իր ելույթում մասնավորապես զսպվածության կոչ արեց Ռուսաստանին եւ Թուրքիային, իսկ Օբաման ինքնագոհ ժպիտը դեմքին հերթական անգամ փորձեց նսեմացնել Ռուսաստանի դերըՙ պնդելով, թե նրա հարվածներն ուղղված են ոչ անքան «Իսլամական պետության», որքան «չափավոր ընդդիմության» մարտիկների դեմ: Օբաման նաեւ հայտարարեց, թե ռուսական «Սու-24», ամերիկացիների տվյալների համաձայն, 17 վայրկյան եղել է Թուրքիայի օդային տարածքում:
Սակայն ռուսաստանցի զինվորական փորձագետները վստահ են, որ Թուրքիան վաղուց էր պատրաստվում հարձակում գործել ռուսական որեւէ ռազմօդանավի վրա եւ սպասում էր հարմար պահի: Թուրքական հատուկ ծառայությունները նախօրոք տեղեկություններ էին հավաքել ռուսական ռմբակոծիչների երթուղիների վերաբերյալ: «Սու-24»-ի վրա թուրքական F-16 կործանիչի գրոհը պատահական չի եղել: ՌԴ օդուժի հատուկ հրամանատարության զենիթահրթիռային զորքերի նախկին պետ Սերգեյ Խատիլյովի կարծիքով, ռուսական օդանավը կարող էր ոչնչացվել նաեւ ցամաքային հրթիռային համակարգերով, քանի որ երթուղին լավ հայտնի էր թուրքերին: Հայտնի է, որ «Սու-24»-ը թռչում էր 6 հազար մետր բարձրության վրա: Դա տվյալ դեպքում առավելագույն ցուցանիշ է, բայց ցամաքից միանգամայն հնարավոր է նման թիրախի ոչնչացումը, ասել է Խատիլյովը «Իզվեստիա» թերթի թղթակցին: Եթե ենթադրենք, որ «Սու-24»-ը թռել է գրեթե առավելագույն արագությամբ (2200 կմ/ժամ), ապա թիրախի հայտնաբերումից մինչեւ դրա խոցումը կարող էր անցնել ամենաշատը 4 րոպե: Զենիթահրթիռային զորքերի նախկին պետը կարծում է, որ ռուսաստանցի օդաչուները պարտավոր են նույնիսկ չեզոք երկրի տարածքի վրա կիրառել հակահրթիռային խուսավարումներ: Հարկավոր է գործել արագության նվազեցումներով, դիապազոնների փոփոխմամբ, ջերմային ծուղակների օգտագործմամբ:
ՌԴ հերոս, փորձարկող օդաչու Մագոմեդ Տոլբոեւի կարծիքով, ամեն դեպքում թուրք զինվորականները գործել են կանխամտածված դաժանությամբ: Ռուսական ռմբակոծիչը ոչնչացնելու որեւէ անհրաժեշտություն չի եղել: Եթե օդանավը նույնիսկ խախտած լիներ սահմանը, նախազգուշացումը բավարար կլիներ:
Ամերիկյան CNN հեռուստաընկերության թուրքական մասնաճյուղը ցուցադրել է թուրք-սիրիական սահմանի երկայնքով «Սու-24»-ի իբր անցած երթուղին: Թուրք զինվորականների խոսքերով, «սահմանախախտ» օդանավը խոցվել է F-16 կործանիչի հրթիռով: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե 5 րոպեի ընթացքում իբր10 նախազգուշացում է արվել երկրի օդային տարածք մտնելու անթույլատրելիության մասին: Իրականում CNN-ի ցուցադրած տարածքը 2,5 կմ է, որը «Սու-24»-ը հաղթահարում է նվազ քան 8 վայրկյանում:
ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ «Սու-24»-ը թռիչքն իրականացրել է բացառապես Սիրիայի տարածքում, 6 հազար մետր բարձրության վրա: Դա արձանագրված է վերահսկողության օբյեկտիվ միջոցներով: Խփված օդանավն ընկել է Սիրիայի սահմանամերձ շրջանում գտնվող թուրքմեն գաղթականների ճամբարի վրա: Անկարայի իշխանությունները թուրք-սիրիական սահմանի մոտ տեղաբաշխված թուրքմեններին փորձում են օգտագործել մասնավորապես քրդերի դեմ իրենց ծավալած պայքարում:
Օդանավի միջադեպից հետո ողջ աշխարհը անհամբերությամբ սպասում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթին: Նույն օրվա հետմիջօրեին Ամմանում Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդ Իբն ալ Հուսեյնի հետ հանդիպման ժամանակ Պուտինը նշեց, որ «Սու-24»-ի կործանումը «դուրս է սովորական հակաահաբեկչական պայքարի շրջանակներից»: Ռեգնում գործակալությունը մեջբերում է ՌԴ նախագահի այն հայտարարությունը, թե օդանավի ոչնչացումը «ահաբեկիչների հանցակիցների հարվածն է ՌԴ թիկունքին»: Պուտինն ավելացրել է, որ այդ միջադեպը լուրջ հետեւանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների համար: Նախագահի խոսքերով, «Սու-24»-ը բնավ չէր սպառնում Թուրքիային: Ռուսական ռմբակոծիչը թռչում էր թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա, եւ թուրքական օդուժի F-16 կործանիչի արձակած «օդ-օդ» հրթիռից կործանվելովՙ ընկել է սահմանից 4 կմ հեռու, դարձյալ Սիրիայի տարածքում:
«Սու-24»-ի ոչնչացման կապակցությամբ հետաքրքրական մանրամասնություն է հաղորդում LifeNews կայքէջը: Հայտնի է, որ Թուրքիան «Իսլամական պետության» ահաբեկիչների էժան նավթի գլխավոր գնորդներից մեկն է: Այդ նավթի զգալի մասը վերավաճառվում է այլ երկրների, Թուրքիային բերելով հարյուր միլիոնավոր դոլարների եկամուտ: Թուրքիան հենց սկզբից փորձում էր թույլ չտալ «Իսլամական պետության» դեմ ուղղված պատժիչ գործողություններ: Բացի դրանից, «Իսլամական պետությունը» հարմար գործիք է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալմանը միտված պատերազմում:
Հրատարակության տվյալներով, նախագահ Էրդողանի որդինՙ Բիլալ Էրդողանը, կապված է «Իսլամական պետության» ահաբեկիչների հետ եւ երկրում վերահսկում է նավթային հոսքեր: Հենց այն փաստը, որ ռուսական օդուժը սկսել է զանգվածային հարվածներ հասցնել գրոհայինների նավթահանքերին եւ ավտոշարասյուներին, լցրեց թուրքական իշխանությունների համբերության բաժակը:
Բազմաթիվ փորձագետներ մշտապես խոսում են Անկարայի իշխանությունների վերնախավի եւ «Իսլամական պետության» գրոհայինների համագործակցության մասին: ԶԼՄ-ներում նույնիսկ հայտնվել են լուսանկարներ, որոնցում Բիլալ Էրդողանը կեցվածք է ընդունել «Իսլամական պետության» ղեկավարների կողքին:
Թուրքիան դիտավորյալ խանգարում է Սիրիայում ՌԴ ռազմական գործողության անցկացմանը, քանի որ այդ երկրի տարածքից իսլամիստները Թուրքիա են տեղափոխում էժան նավթ, մինչդեռ ռուսական օդուժը ոչնչացնում է բենզինատար մեքենաների շարասյուներ, նավթամշակման գործարաններ եւ պահեստարաններ: Հայտնի է նաեւ, որ «Իսլամական պետության» գրոհայինները հանգստանում եւ բուժվում են Թուրքիայի տարածքում:
Չորեքշաբթի օրը Սիրիան Թուրքիային մեղադրել է «Սու-24»-ի ոչնչացմամբ իր ինքնիշխանությունը խախտելու մեջ: Այդ մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարարությունը: Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի ղեկավարությանը մեղադրել է երկրի նպատակամետ իսլամականացման մեջ: Ըստ որում, խոսքը իսլամի արմատական ուղղության խրախուսման մասին է, ասել է Պուտինը: Նա նաեւ հավանություն է տվել Թուրքիա մեկնելուց ձեռնպահ մնալու ՌԴ ԱԳՆ հորդորներին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույն օրը Բունդեսթագում հայտարարել է, որ «Սու-24»-ի ոչնչացումը էլ ավելի է սրում Սիրիայի հետ կապված իրավիճակը: Նա ավելացրել է, որ ինքը Թուրքիայի վարչապետին խնդրել է ամեն ինչ անել դրությունը լիցքաթափելու համար:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 25-ին հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել Թուրքիայի հետ: Ընդսմին նա նշել է, որ ռուսական «Սու-24»-ի վրա թուրքական օդուժի ձեռնարկած գրոհը նման է «ծրագրված սադրանքի»: