Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հաշվել են՝ ընտանիքից հեռու են եղել 2 ամիս ու մեկ օր

Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը։ 

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի արցախյան առաքելության միջնորդությամբ այսօր Գորիսից Ստեփանակերտ է ժամանել 20 մարդ: Ընտանիքների վերամիավորման ծրագրի իրականացման գործընթացում հաշվի են առնվում կարևոր առաջնահերթություններ:

«Խմբերի մեջ են մտնում ծնողներ և անչափահաս երեխաներ,որոնք բաժանված են իրարից:Առաջնահերթ են նաև հիվանդները,որոնք մնացել են իրենց խնամակալներից հեռու: Եվ կարևոր է նշել, որ բոլոր ցուցակները կազմվում են օպերատիվ շտաբի հետ», – ասում է ԿԽՄԿ արցախյան առաքելության  տեղեկատվության  բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։

Ընտանիքի անդամներին դիմավորում են անհամբերությամբ, ոմանք նաև փուչիկներով, իսկ Մարիան՝ ծաղկեփնջով: 

«Ես եկել եմ դիմավորեմ տատիկիս, երեք ամիս է չեմ տեսել նրան, Էս ծաղիկների փունջը նրան եմ բերել: Շատ երջանիկ եմ», – ասում է Մարիան։

Գոհար Ասլանյանը նշում է՝ Արցախից հեռու է գտնվել երկու ամիս, մեկ օր: Դեկտեմբերի 12-ին ճանապարհվել է ու մնացել կես ճամփին:

«Մեզ տեղափոխեցին Գորիս: Շատ շնորհակալ ենք հյուրանոցի աշխատողներից»,ասում է Գոհար Ասլանյանը։

Հիմա էլ շնորհակալ է Կարմիչ Խաչին, որ կազմակերպել են իրենց տունդարձը: Ասում է՝ շատ դժվար էր հայրենի տնից – տեղից կտրված։

«Ինչու է աղմկում գետը» ֆիլմում Հրաչյա Ներսիսյանը  կարոտով նայում էր իր օջախին, բայց չէր կարողանում հասնել: Այ նույնն էլ մենք էինք: Հիմա շնորհակալ եմ իրենց, որ մեզ տեղ հասցրին», – ասում է Գոհար Ասլանյանը։

Էթերի Մուսայելյանն  ասում է, որ  ընտանիքների վերամիավորման ծրագրով դեռևս 900  շահառու կա  գրանցված:  

«Առ այսօր ավելի քան 200 մարդ հնարավորութուն է ունեցել վերամիավորվելու ընտանիքների հետ: Մենք պատրաստակամ ենք շարունակել, քանի որ սա էլ է մտում կարևոր մարդասիրական հարցերի շրջանակում»,ասում է ԿԽՄԿ արցախյան առաքելության  տեղեկատվության  բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։