Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը։
Ուղիղ 35 տարի առաջ այս օրերին Վերածննդի հրապարակը մարդաշատ էր: 1988-ի պահանջն ու ոգին մեկն էր՝ վերամիավորվել մայր Հայաստանին: 35 տարի անց, հիշողության ուժով Ստեփանակերտի կենտրոնական՝ արդեն Վերածննդի հրապարակ են եկել Շարժման ակտիվիստներից մի քանիսը:
«Այն ժամանակ որոշում է ընդունվել, որ փետրվարի 13-ը հռչակվի Վերածննդի օր: Հետագայում փոխվեց, դարձավ փետրվարի 20-ը: Ճիշտը, սակայն, փետրվարի 13-ն է, քանի որ այդ օրը վերածնվեց և բոլորիս ցանկությունը մեկը դարձավ՝ վերամիավորվել մայր Հայաստանին», – ասում է ԱՀ ԱԺ առաջին և երկրորդ գումարման պատգամավոր Աշոտ Սարգսյանը։
Ստեփանակերտում առաջին հավաքը կայացել է 1988 թ.-ի փետրվարի 13-ին: Շարժումը ճնշելու՝ Բաքվի ջանքերը հակառակ ազդեցությունն ունեցան՝ ժողովրդին բերելով հրապարակ: Արդեն անթաքույց Արցախը ցույց տվեց, որ ինքն է տնօրինելու իր ճակատագիրը:
«Կիրովի փողոցով իջնելիս տեսա տեխնիկումի ուսանողները «Միացում Հայաստանին» պաստառներով բարձրանում են դեպի հրապարակ: Միացա նրանց. մեր պայքարն էր միանալ մայր Հայաստանին», – ասում է արցախյան շարժման մասնակից Վազգեն Հայրումյանը։
Շարժման դասերն այսօր էլ արդիական են: Նոր դժվարություններով ու աշխարհաքաղաքական զարգացումներին համահունչ նոր մարտահրավերներով ավագները պատգամում են սեփական հողում ապրելու իրավունքը պաշտպանել մինչև վերջ:
«Մենք գիտենք աշխարհաքաղաքական տեղաշարժերը: Ես վստահ եմ, որ հիմա մենք ավելի ամուր ենք կանգնած, հազարամյակներով ապրել են մեր ապուպապերը, մենք էլ ապրելու ենք, մեր թոռնիկներն ու ծոռնիկներն էլ,» – ասում է արցախյան շարժման մասնակից Վազգեն Հայրումյանը։
1988-ի փետրվարյան դեպքերին նախորդել էին մի շարք իրադարձություններ՝ ստորագրահավաքներ, այցեր, սակայն բեկումնայինը փետրվարի 20-ի՝ ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստն էր, որում որոշում ընդունվեց դիմել ադրբեջանական և հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին՝ նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով:
«Բոլորս էլ գիտենք՝ ինչպիսի մթնոլորտ էր տիրում՝ փոխադարձ սեր, հարգանք, ցավոք սրտի, այսօր հենց դա է բացակայում, որովհետև յուրաքանչյուրը ձգտում է իր ուղղությամբ, տարբեր մոտեցումներ կան», – ասում է ԱՀ ԱԺ առաջին և երկրորդ գումարման պատգամավոր Աշոտ Սարգսյանը։
Միասնականը Արցախը հայկական պահելուն ուղղված պայքարը շարունակելու կամքն անկոտրում է։
Այս հարցում Արցախում բոլորը միակամ են: