Իրաքի իշխանությունները օրերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջեցին, որ թուրքական զորքը անհապաղ եւ անվերապահորեն դուրս բերվի երկրի հյուսիսից: «Դա համարվում է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների կոպիտ խախտում եւ Իրաքի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ոտնահարում», նշեց Իրաքի դեսպան Մուհամմեդ Ալի ալ-Խաքինՙ ԱՄՆ-ի դեսպան եւ դեկտեմբերին ՄԱԿ-ի ԱԽ նախագահ Սամանթա Փաուերին գրած նամակում:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Իրաքն ունի ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու իրավունք, բայց դա «չի լինի ազնիվ քայլ»: Որքան էլ տարօրինակ թվա, նույնպիսի դիրք բռնեց նաեւ միջազգային իրավունքի ջերմեռանդ պաշտպան ԱՄՆ-ը: Այն հարցին, թե ԱՄՆ-ը ինչու չի ազդում ՆԱՏՕ-ի եւ հակաահաբեկչական կոալիցիայի գծով իր գործընկերոջ վրա, պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Կիրբին պատասխանեց, որ կողմերը պետք է ինքնուրույն հաղթահարեն ծագած խնդիրը: Երբ RT հեռուստաալիքի թղթակիցը ակնարկեց միջազգային իրավունքը եւ Բաղդադի նկատմամբ ԱՄՆ-ի պարտավորությունները, Կիրբին դա անվանեց հիմար հարցադրում:
Տվյալ հարցում ռուսական կողմն ունի տրամագծորեն հակառակ դիրքորոշում: Դաշնության խոհրդի պաշտպանութան եւ անվտանգության հանձնախմբի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցեւիչը հայտարարեց, որ ԱԽ-ն պարտավոր է Թուրքիայից պաշտոնապես պահանջել Իրաքից զորքի դուրսբերում: «Եթե Էրդողանին հիմա չկանգնեցնենք, ապա վաղը մեզ կսպասեն նոր սադրանքներ», ասաց նաՙ ավելացնելով, որ «Էրդողանին թվում է, թե ինքը ամեն ինչ կմարսի»:
Բացառված չէ, որ հենց այդպես էլ լինի: Անկարայի գլխավոր դաշնակից ԱՄՆ-ը Թուրքիայի ղեկավարությանը նույնիսկ չդատապարտեց ռուսական «Սու-24»-ի ոչնչացումից հետո: Իսկ երբ դեկտեմբերի 4-ին թուրքերի տանկային գումարտակը մոտեցավ Մոսուլին եւ քաղաքի մոտակայքում հիմնավորվեց իբր քուրդ աշխարհազորայինների պատրաստմանն օժանդակելու համար, Վաշինգտոնը բնավ չարձագանքեց, երբ Իրաքի վարչապետը ՆԱՏՕ-ին խնդրեց ազդել Անկարայի վրա:
Մինչդեռ վերջին երկու տարում Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ ԱՄՆ-ը բազմաթիվ հայտարարություններ է արել երկրների ինքնիշխանության խախտումների անթույլատրելիության վերաբերյալ: Բայց ԱՄՆ-ի դաշնակիցներին դա կարծես թե չի վերաբերում: Իսկ գուցե տվյալ դեպքում իրավիճակը դո՞ւրս է եկել վերահսկողությունից:
ՌԴ Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի «Մերձավոր Արեւելք-Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Ստանիսլավ Տարասովը նշում է, որ տարածաշրջանում Սիրիայից հետո Իրաքը դարձել է շահերի բախման նոր կետ: Ռուսական ռմբակոծիչ խփելովՙ Անկարան փորձեց Ռուսաստան-ՆԱՏՕ առճակատում հրահրել: Երբ այդ սադրանքը ձախողվեց, թուրքերը քայլ ձեռնարկեցին Իրաքի դեմ:
Դեռ անցյալ դարավերջին Անկարա-Բաղդադ համաձայնություն էր կայացվել Իրաքի տարածքում PKK-ի դեմ թուրքական օդուժի կամ հատուկ ջոկատների հարվածների հնարավորության վերաբերյալ: Սակայն վերջերս Բաղդադը այլեւս աչք չի փակում քուրդ անջատականների հետ Անկարայի կապերի եւ էներգակիրների տեղափոխման վրա: Թուրքական զորքը Մոսուլի շրջան է մտել առանց Բաղդադին տեղեկացնելու, դրանով իսկ հարուցելով վերջինիս վրդովմունքը եւ դիրքորոշման փոփոխությունը: Տարասովի կարծիքով, այդ փոփոխության պատճառն այն է, որ Բաղդադը զգաց Թեհրանի եւ Մոսկվայի աջակցությունը: Ներկայումս Իրաք-Իրան համագործակցությունը խորանում է, եւ Իրաքը սկսում է իրեն պահել ինչպես վայել է միջազգային իրավունքի սուբյեկտին: Երկու կոալիցիաների շահերը բախվում են Իրաքի հյուսիսում:
Ղրիմի առնչությամբ Ռուսաստանին դատապարտող ԱՄՆ-ը Իրաքի ինքնիշխանության խախտման դեպքում լռում է: Պատճառը դաշնակից Թուրքիային չնեղացնելու ձգտումն է: Այդուհանդերձ ԱՄՆ-ը փորձում է ինչ-որ ձեւով զսպել թուրքերին: Խոսքը թուրք-սիրիական սահմանի 98 կլիոմետրանոց հատվածը փակելու մասին է: Դրա համար անհրաժեշտ է մոտ 30 հազար զինվոր: Թուրքերը նման ազատ ուժեր չունեն, եւ Արեւմուտքը պատրաստ է տրամադրել դրանք: Դա կլինի Անկարայի սիրիական նկրտումների հերթական ձախողումը:
ԱՄՆ-ը ունի իր արկածախնդիր դաշնակից Էրդողանի վրա ազդելու տնտեսական եւ ռազմական լծակներ, սակայն դրանք գործի չի դնում, թերեւս սպասելով այն պահին, երբ Թուրքիան կհասնի անդառնալիության կետին: Պատահական չէ, որ ներկայումս մեծ ուշադրություն է դարձվում քրդերին: Սիրիա-Իրաք-Թուրքիա եռանկյունում կարող է ստեղծվել քրդական պետություն, որի նախօրինակը առկա է Իրաքի հյուսիսում: Այդ դեպքում Թուրքիան կկորցնի իր արեւելյան վիլայեթներից մի քանիսը: Բացի դրանից, Թուրքիան հեղաշրջումների երկիր է: Սակայն թուրք ղեկավարների քարոզչությունը եւ գրեթե ամենօրյա ամպագոռգոռ ելույթները բթացնում են մարդկանց զգոնությունը: Այս տարի ընդդիմությանը ճնշելով եւ ժողովրդին ահաբեկելով (ինչպես նաեւ սաուդցիներից 10 մլն դոլար ստանալով)ՙ Էրդողանի կուսակցությունը մի կերպ հաղթահարեց 50 տոկոսի սահմանագիծը: Բայց հասարակությունը պառակտված է, եւ ոչ բոլոր իշխանական խմբավորումներն են պաշտպանում Էրդողանի քաղաքականությունը:
Թուրքիայում չի բացառվում ոչ մի սցենար. պետական հեղաշրջում, քաղաքացիական պատերազմ, երկրի մասնատում: