Անդրադարձ նավթի միջազգային գների նվազման պատճառներին եւ դրանով պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներին
Նավթի գների շարունակվող անկումը իր շտկումներն է մտցնում մոլորակի աշխարհաքաղաքական իրավիճակի մեջ: «Սեւ ոսկին» միշտ էլ պետությունների քաղաքական շահերի կիզակետում է եղել, ինչը հաճախ հանգեցրել է ռազմական բախումների եւ հեղաշրջումների: Ինչպե՞ս է ազդում նավթի գների անկումը մեր տարածաշրջանի, նավթային եկամուտների շնորհիվ ագրեսիվ վարքագիծ դրսեւորող հարեւան Ադրբեջանի, ինչպես նաեւ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի եւ մեր երկրի տնտեսական իրավիճակների վրա: Այս հարցերի շուրջ զրուցեցինք պատմական գիտությունների թեկնածու, էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի հետ: (*)
– Ինչո՞ւ նավթի գները վերջին մեկ տարվա ընթացքում սկսեցին նվազել:
– Նավթի 1 բարելը ներկայումս կազմում է մոտ 34 դոլար, իսկ Brent տեսակինը` 36 դոլար: Պատճառներից հիմնականը ԱՄՆ-ի կողմից նավթի արդյունահանման ավելացումն է եւ արտահանման արգելքի վերացնելը: Այդ երկիրը հայտարարեց, որ սկսում է նավթ արտահանել: 1975-ից ԱՄՆ կոնգրեսի որոշմամբ նավթի եւ գազի արտահանումը որպես ռազմավարական նշանակություն ունեցող հումք արգելված էր: Այդ արգելքի վերացումից հետո ԱՄՆ-ն, աշխարհում նավթի ամենախոշոր սպառողից վերածվել է ամենախոշոր արդյունահանողի: 2014-ի տվյալներով նավթի արդյունահանմամբ ԱՄՆ առաջ է անցել թե՛ Սաուդյան Արաբիայից, թե՛ Ռուսաստանից: Նավթի ծավալների աճը ԱՄՆ-ում պայմանավորված է թերթաքարային նավթի արդյունահանման աննախադեպ ավելացմամբ: 2010-ին ԱՄՆ-ն ապահովում էր նավթի ներքին պահանջարկի 62 տոկոսը, իսկ 2014-ին` 96 տոկոսը: Սա էլ հանգեցրել է նավթի համաշխարհային շուկայում ներկայումս ստեղծված կացությանը, որտեղ առաջարկը 2 մլն բարել օրական ծավալով գերազանցում է պահանջարկը:
– Նավթի ցածր գները սակայն բացասաբար են ազդում նաեւ թերթաքարային նավթի արդյունահանմանը, որի ինքնարժեքն ավելի բարձր է:
– Նավթի գնի անկումը հարվածում է այն տեսակներին, որոնք թանկ են: Օրինակ` ռուսական նավթը, ադրբեջանականը, որը ծովի խորքում է, նաեւ Կանադայում եւ Վենեսուելայում արդյունահանվող նավթը, թանկ են արժենում: Ավելի էժան է Պարսից ծոցից արդյունահանվող նավթը: Թերթաքարային նավթի արդյունահանումը բարդ տեխնոլոգիա է, բայց ԱՄՆ-ն այս ճյուղի աջակցման հատուկ ծրագրեր ունի, ինչը օգնում է թերթաքարային նավթ արդյունահանողներին առայժմ պահպանել իրենց դիրքը շուկայում: Ընդհանրապես համաշխարհային շուկայում նավթի ծավալների սպառման նվազման միտում կա: Օրինակ, եթե 2000-ին ընդհանուր էներգետիկ շուկայում նավթի բաժինը 60 տոկոս էր, ապա 2014-ին նվազել է մինչեւ 40 տոկոսի: Աճում են գազի սպառման ծավալները: Կարելի է ասել նավթը սկսում է երկրորդ պլան մղվել: Ավելացել են միջուկային էներգետիկայի, վերականգնողական էներգետիկայի ծավալները:
Առկա է նաեւ մեկ այլ միտում` բենզինի կիրառման ոլորտի նվազումը: Ներկայումս նավթի սպառման մոտ 80 տոկոսը կիրառվում է բենզինի արտադրության մեջ, բայց կտրուկ աճել են հիբրիդային եւ էլեկտրական շարժիչներով մեքենաների արտադրությունը, ներկայումս կազմելով ընդհանուրի մոտ 4 տոկոսը:
– Բնական է, մեզ առաջին հերթին հետաքրքրում է, թե ինչպե՞ս կազդի նավթի գների անկումը Ադրբեջանի տնտեսական վիճակի վրա:
– Ադրբեջանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 50 տոկոսը նավթագազային հատվածն է, իսկ մյուս երկու ճյուղերը` սպասարկումը եւ շինարարությունը նույնպես կախված են այդ ճյուղից: Այսինքն, այդ երկրի տնտեսության մոտ 85 տոկոսը կախում ունի նավթից եւ գազից: Ադրբեջանից արտահանման 95 տոկոսը նույնպես նավթագազային հատվածն է, բյուջեի էլ 75 տոկոսը ձեւավերվում է այդ ճյուղի եկամուտներից: Եկող տարվա` 2016-ի Ադրբեջանի բյուջեն հաստատվել է 15 մլրդ դոլարի չափով, այն դեպքում, երբ 2015-ին բյուջեի եկամուտների չափը 25 մլրդ դոլար էր: Ավելին, եկող տարվա բյուջեի հիմքում դրվել է 60 դոլար 1 բարել նավթի դիմաց գինն այն դեպքում, երբ ինչպես արդեն նշեցինք, նավթի Brent տեսակի գինը մոտենում է դրա կեսին` մոտ 36 դոլար: Գների նման մակարդակի պահպանման պայմաններում Ադրբեջանը դժվար թե կարողանա ապահովել անգամ այդքան կրճատված բյուջեի իր եկամուտները:
– Որքա՞ն են նախատեսվել եկող տարվա ռազմական ծախսերը Ադրբեջանում:
– Ռազմական ծախսերը 2016-ի պետական բյուջեում նախտեսված են մոտ 1,8 մլրդ դոլարի չափով: 2015-ին այդ թիվը 3,5 մլրդ դոլար էր: Ադրբեջանը երկար ժամանակ ցանկանում էր կայուն պահել ազգային արժույթի փոխարժեքը, ինչի համար ԿԲ-ն իր ռեզերվներից պարբերաբար արտարժութային վաճառքներ էր իրականացնում: Բառացիորեն օրերս այդ երկրի Կենտրոնական բանկը որոշեց ադրբեջանական մանաթը «լողացող» դարձնել, ինչի պատճառով առաջին իսկ օրը այն դոլարի նկատմամբ աննախադեպ կտրուկ` մոտ 50 տոկոսով արժեզրկվեց. հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին էլ արժեզրկվել էր 30%-ով, այսինքն մեկ տարվա կտրվածքով 80% արժեզրկման մասին է խոսքը: Ամենամեծ ծախսը Ադրբեջանի համար TANAP գազամուղի կառուցումն է (մոտ 12 մլրդ դոլար), որի հիմնական բաժինը Ադրբեջանի նավթային պետական ընկերության վրա է: Սա նույնպես լրացուցիչ ճնշում է առաջացնում պետության պարտավորությունների կատարման առումով: Այսինքն, կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանը գտնվում է խորքային ֆինանսատնտեսական ճգնաժամի եզրին: Առայժմ իրավիճակը վերահսկելի է նավթային պետական հիմնադրամի ռեզերվների շնորհիվ, որտեղ 36 մլրդ դոլար կա կուտակված, բայց նրա եկամուտները նույնպես նվազում են, իսկ ծախսերը` ավելանում: Ի դեպ, նավթարդյունաբերությունն ընդհանրապես աշխատատար չէ, եւ Ադրբեջանում այդ ոլորտում ներգրավված է աշխատող բնակչության մոտ 2 տոկոսը:
– Նավթային պաշարները Ադրբեջանին որքա՞ն կբավարարեն եւ ի՞նչ ծավալներով:
– Ադրբեջանի ապացուցված նավթի պաշարները, ըստ «Բրիթիշ փետրոլիումի» 2014-ի տարեկան զեկույցի, որ հնարավոր է արդյունահանել եւ վաճառել, մոտ 7 մլրդ բարել է կամ 1 մլրդ տոննա, ինչը կազմում է համաշխարհային նավթի պաշարների 0,4 տոկոսը, գազը մոտ 1,2 տրլն խմ, ինչը կազմում է համաշխարհային պաշարների 0,6 տոկոսը: Ըստ նույն զեկույցի, առկա նավթի պաշարները Ադրբեջանին կբավարարեն եւս 18 տարի: Միաժամանակ, նշենք, որ սկսած 2010-ից արդյունահանման ծավալները նվազել են մոտ 20 տոկոսով եւ այդ գործընթացը շարունակվելու միտում ունի:
– Նավթի գների անկումը ազդում է նաեւ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի տնտեսության վրա, իսկ մեր տնտեսությունը մեծապես ազդվում է Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներից: Այս առումով, նավթի գների նվազումը ի՞նչ մարտահրավերներ կարող է առաջացնել մեզ համար:
– Ռուսաստանի արտահանման մոտ 50 տոկոսը նավթն ու գազն է, բյուջեի մոտ 50 տոկոսը նույնպես ձեւավորվում է այդ հատվածից եկած եկամուտներից: Սակայն պետք է նշել, որ Ռուսաստանի ՀՆԱ-ում նավթագազային սեկտորը ընդամենը 18% է (2013թ. գներով): Նավթի գների անկումը բացասաբար է ազդում նաեւ Ռուսաստանի տնտեսության վրա, որից, ի դեպ, նա ավելի շատ է տուժում, քան արեւմտյան պատժամիջոցներից: Հայաստանի վրա նավթի գների անկումը երկակի ազդեցություն է ունենում: Առաջին` նպաստում է բենզինի գների որոշ չափով նվազմանը, քանի որ բենզինի ու դիզվառելիքի գնի գոյացումը 20-30 տոկոսով պայմանավորված է նավթի գնով, մնացածը տեղափոխման, նավթի վերամշակման ծախսերն են, հարկերը: Երկրորդ` քանի որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կապված է ռուսական տնտեսությունից, սա արդեն բերել է Ռուսաստանի Դաշնությունից մասնավոր փոխանցումների նվազմանը, իսկ ռուբլու թուլացումն ու այդ երկրում գնողունակության անկումը հանգեցրել է մեր երկրից արտահանման ծավալների նվազմանը:
– Ի՞նչ կարելի է սպասել նավթի գների վարքագծից եկող տարի:
– Կանխատեսումներ անելը դժվար է, բայց կարծում եմ, որ առաջիկա երեք տարիներին նավթի գնի կտրուկ բարձրացում եւ վերադարձ 100 դոլարին պետք չի սպասել: Հավանական է գների որոշակի կայունացում մինչեւ 50 դոլարի սահմաններում: Սակայն չի բացառվում նաեւ գների հետագա նվազումը: Նավթի գնագոյացման վրա ազդում են մի քանի գործոններ: Առաջինը` լինելով բորսային ապրանք, տեղի են ունենում սպեկուլյատիվ խաղեր բորսայում, որոնց շնորհիվ միջնորդները խոշոր գումարներ են շահում: Երկրորդը` բնակլիմայական պայմաններն են: Օրինակ` տաք ձմեռվա կանխատեսումը նույնպես ազդում է նավթի գնի նվազման վրա: Այնուհետեւ, նավթը միակ ապրանքն է, որ վաճառվում է դոլարով, հետեւաբար դոլարի տատանումները նույնպես ազդում են նավթի գնի վրա: Աշխարհաքաղաքական գործոնը վերջապես` ինչը հատկապես վերջին տարիներին լուրջ փոփոխությունների է ենթարկվել: Եթե նախկինում Մերձավոր Արեւելքում յուրաքանչյուր ճգնաժամ բերում էր նավթի գների բարձրացման, ապա հիմա իրավիճակը փոխվել է` պայմանավորված ԱՄՆ դերի մեծացմամբ նավթի շուկայում:
*) Արմեն Մանվելյանը Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության փոխատենապետն է: Եղել է «Ազգ»ի աշխատակիցՙ արտաքին քաղաքականության գծով: Շուտով լույս կտեսնի նրա աշխատությունը տարածաշրջանի էներգաուղիների եւ պաշարների մասին: Խմբ.։