Գյումրու Տեքստիլի մայլի հարեւանները փետրվարի վերջին կիրակի առավոտյան «բարլուսից» հետո իրար ասացին.
– Ըշտը մեր Տիգրան Համասյանը Լեննագան է էգեՙ Ֆանտաններ:
– Տիգրանը գուկա, դու ըսաՙ ղեգավարները գան:
Իրենց համերկրացու այցով ոգեւորվել էին ոչ միայն Տեքստիլի, այլեւ Գյումրու մյուս թաղամասերի բնակիչները: Համասյանի համերգը երկար-բարակ նախապատմություն չունի. PR կոմպանիաներ, ազդագրեր, քարոզչության այլ ձեւեր չեն կիրառվել: Երաժիշտը ցանկություն է հայտնել օգնել Գյումրու անօթեւան ընտանիքներին, որոնք երկրաշարժից մինչեւ հիմա գրեթե բաց երկնքի տակ են ապրում: Իր անձնական իրերից որեւէ բան աճուրդով վաճառելու առաջարկի փոխարեն որոշել էր համերգով հանդես գալ հենց «Ֆանտաններ» տնակային ավանում: Գաղափարը պարզ էր ու խորհրդանշական. մարդիկ արդեն մոտ երեսուն տարի անմարդկային պայմաններում են ապրում, ուրեմն համերգն էլ թող լինի հենց նրանց բնակության վայրումՙ ի տես բոլորի: Այնտեղ, ուր երեխաներ են ծնվում ու ապրում, ծնվում է եւ երաժշտություն:
Տիգրան Համասյանի քաղաքացիական կեցվածքին ու ակտիվ նախաձեռնություններին ծանոթ ենք այլ ծրագրերից եւս: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նա համերգաշարով ներկայացավ տարբեր երկրներում, այդ թվումՙ Թուրքիայում: Հանրությունն անցյալ տարի նրան տեսավ նաեւ Կասկադումՙ քաղցկեղով հիվանդ երեխաների համար արյուն հանձնելիս: Հանրահայտ մարդկանց մասնակցությունը բերագործական կամ հասարակական հնչեղություն ունեցող ծրագրերում սովորաբար շոշափելի արդյունքներ է տալիս: Սա վաղուց ընդունված օրինաչափություն է աշխարհի շատ երկրներում: Ու ամենեւին էլ դատապարտելի չէ, երբ հայտնի մարդիկ դրանով նաեւ իրենց PR-ն են անում, ու փոխադարձաբար շահում է նաեւ հանրությունը, լուծվում է համընդհանուր գերակա շահին ծառայող այս կամ այն խնդիրը կամ ձեռք է մեկնվում օգնության կարիք ունեցող թեկուզ մեկ մարդու: Տիգրան Համասյանը, ապրելով դրսում, յուրացրել, իրենն է դարձրել նաեւ բարեգործություն կոչվող մշակույթը, որը եվրոպացիների ու ամերիկացիների առօրյայի մի մասն է: Իսկ հատկապես հայտնի մարդիկ հաճախ են կանգնում բարեգործական նախաձեռնությունների ակունքներում, նրանք հիմնդրամներ են բացում, հատուկ քարոզարշավների մասնակցում, ելույթ ունենում հանրության առաջ: Նրանց անունն արդեն իսկ բավական է, որ հանրության համար օրինակ ծառայեն, ու բարեգործական ծրագրերը հաջողեն: Հիշենք երջանկահիշատակ Ֆլորա Մարտիրոսյանիՙ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջՙ «Այլեւս երբեք» համերգաշարերը ԱՄՆ-ում: Հենց միայն այն, որ դահլիճում նստած էին աշխարհահռչակ դերասաններ Շերոն Սթոունը, Մայքլ Սթոունը, իսկ համերգին մասնակցում էին Սթիվի Ուանդրը, Էրիկ Բենեթը, համերգաշարը լուսաբանվեց միջազգային տարբեր լրատվամիջոցների կողմից ու հավակնում էր անցկացվել եվրոպական տարբեր երկրներում: Պարզ է, որ հայերիս կողմից սիրված Ֆլորա Մարտիրոսյանին միջազգային նախագիծը հաջողվեց ոչ իր հեղինակության կամ երգարվեստի շնորհիվ:
Ճիշտ PR-ի դեպքում ամենաանհավանական թվացող ծրագիրն անգամ հնարավոր է կյանքի կոչել: Գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի մտահղացումըՙ հանրային մարդկանց անձնական իրերն աճուրդի հանել ու այդ գումարը տրամադրել «ՏՕՏ Գյումրի» ծրագրին, եւս, փաստորեն, հիմնված է ճիշտ մտածված PR-ի ու հանրության շրջանում ճանաչում ունեցող մարդկանց անունն օգտագործելու մեթոդի վրա: Համասյանն իր վերնաշապիկը վաճառելու փոխարեն դաշնամուրն ուղղակի դրեց ջարդուխուրդ եղած տնակներից մեկի կողքին ու արեց այն, ինչն ապացուցել է, որ կարող է անել: Սկսեց նվագել, ինչպես նվագեց Արեւմտյան Հայաստանի Սբ. Խաչ, Սբ. Աստվածածին, Սբ. Կիրակոս եւ այլ եկեղեցիներում, նաեւ Ստամբուլումՙ կարեւորելով ոչ թե հանդիսատեսի թիվը, այլ ազգային պատկանելությունն ու այն, որ ինքը հայ հոգեւոր երաժշտություն է հնչեցնում թուրքերի քթի տակ, նրանց զավթած հայկական երկրի հայկական կիսավեր եկեղեցիներում:
Համասյանիՙ Գյումրիի համերգից ընդամենը րոպեներ անց համացանցում կարծիքներ էին հնչում, թե երիտասարդ երաժիշտը ե՛ւ իր հայրենիքում, ե՛ւ դրսում համակիրների մեծ բանակ ձեռք բերեց, նպատակային աշխատեց իր PR-ի համար: Կարճ ժամանակում տեղի եւ արտասահմանյան մանուլն այնքան ակտիվորեն սկսեց շրջանառել նրա անունը, ինչպես, եթե նա ելույթ ունենար աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, որի համար, բնականաբար, ավելի մեծ ջանքեր ու ռեսուրսներ պիտի օգտագործեր: Տիգրանին միացավ Հայկ Մարությանը, կամ ինչպես հանրությունն է նրան ճանաչում, Կարգին Հայկոն: Ի դեպ, նա եւս աչքի է ընկնում ակտիվությամբ ու քաղաքացիական ընդգծված կեցվածքով: Նրան եւս համացանցում կսմթողներ եղան: Ինչպես Համասյանին, այնպես էլ Հայկ Մարությանին ուղղված հիացական արձագանքների կողքին հնչեցին նաեւ PR փնտրող կարծիքներ: Կարգին Հայկոն Գյումրու անօթեւանների ծրագրին նվիրաբերեց կես միլիոն դրամ, ավելինՙ հաջորդ օրը նա եւ իր համախոհները Հյուսիսային պողոտայում շարունակցին դրամահավաքության ակցիան: Հանգանակվեց մոտ երկու միլիոն դրամ: Կարեւորըՙ Տիգրան Համասյանն ու նրա հետեւորդները թասիբի գցեցին որոշ պաշտոնյաների, այդ թվումՙ Գյումրու քաղաքապետին եւ մի պատգամավորի, որը խոստացել է բնակարան նվիրել անօթեւաններին:
Երեք հազար անօթեւան բնակիչ ունի Գյումրին: «Ֆանտաններ» տնակային ավանն այդ քաղաքում հետնախորշ է հիշեցնում: «ՏՕՏ Գյումրի» ծրագրի նպատակն է տասներեք ընտանիքի համար բնակարաններ ձեռք բերել: Եթե մինչեւ հիմա դա չեն արել իշխանությունները, ապա միգուցե արվի մարդասիրական-բարեգործական միջոցներով: Պետք է, չէ՞, հարցը լուծել. դա բոլորս ենք գիտակցում:
Գյումրին հռչակեցին աղետի գոտի, հիմա արդենՙ ամոթի գոտի, այս ընթացքում գյումրեցիներին ձեռք մեկնեց նաեւ ՎիվաՍել ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանըՙ բնակարաններ նվիրելով անօթեւաններին: Սա էլ է, անշուշտ, PR որակվում, բայց հարց լուծող, ցավի ոտք կոտրող PR է:
Օրերս տեղեկություն հրապարակվեց, որ Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի միջոցներով ձեռք է բերվել Վիլյամ Սարոյանիՙ Ֆերզնոյի առանձնատունը, որը հետագայում վերածվելու է տուն-թանգարանի: Դե արի ու ասա, որ Արթուր Ջանիբեկյանն իր PR-ն է արել: Անցյալ տարի, երբ Սարոյանի տունն աճուրդի հանվեց, ու Հայաստանում սրտի ցավով հետեւում էինք ընթացքին ու արդյունքներին, ա՜խ էինք քաշում, որ մի բարերար հայտնվի ու տունը գնի: Չհայտնվեց, պետությունն էլ հայտարարեց, որ այդ պահին չի կարող գումար գտնելՙ Սարոյանի առանձնատունը պատահական գնորդի ձեռքը չգցելու համար: Այն մի ամերիկացի գնեց, իսկ հիմա Արթուր Ջանիբեկյանն է վերագնել: Ի դեպ նա այն նույն Արթուր Ջանիբեկյանն է, որը դեռ աճուրդի չհանված Նարեկացու ձեռագիրը գնեց ու նվիրեց մատենադարանին: Բարձր արժեքները գնահատող ու պահպանող, մարդասիրության արժեհամակարգ կրող նման բարերարների արարքները բխեցնել զուտ PR-ի չորուցամաք օրենքներից, առնվազն անբարոյականություն է: Հիշենք նաեւ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնումն ու նորոգումը Ռուբեն Վարդանյանի ջանքերով: Մեծ ուշադրություն ու ջանքեր պետք չէ գործադրելՙ նկատելու համար, որ այս բարերարները մեծ մասամբ դրսում ապրած կամ ապրող մարդիկ են: Սխալ կլինի ասել, թե նրանք այնքան հարուստ են, որ իրենց նվիրաբերած գումարն աչքներին չի երեւում: Մեր երկրում քի՞չ հարուստներ կան, որոնք առավոտից երեկո մարդկանց հերթի են կանգնեցնում, նսեմացնում, թե ինչ է երեք հատ լավաշ են նվիրելու: Բարեգործությունը դաստիարակության, կրթության, ներքին արժեհամակարգի, գիտակցական մակարդակի, հոգեւոր ու մտավոր չափանիշների բնական արտահայտություններից մեկն է: Եթե դրա գիտակցումը չկա, ուրեմն եւ չի էլ կարող կարեւորվել ու, առավել եւս, դրսեւորվել: Պարզ օրինակՙ Թաթա Սիմոնյանը, որ տասնյակ հազարավոր դոլարներ է աշխատում մի մեծահարուստի տղայի հարսանիքին երգելով, կամ նույնըՙ Աշոտ Ղազարյանը, լսած կա՞ք, որ բարեգործական քիչ թե շատ լուրջ հանգանակություն անեն: Այս շարքի անունները դուք էլ կարող եք թվարկել: Ի վերջո, բարեգործության համար պարտադիր չէ միլիոնատեր լինել, պետք է ընդամենը բարեգործության գիտակցում ունենալ: Այդ գիտակցումը երբեք ու երբեք խղճահարությունից ու տռզած քսակներից չի բխում, այլ բխում է մարդու ապրելու կերպից ու արժեհամակարգից: