Իրականում ամեն բան մեզ գուցե այսչափ ուրախալի չթվար, եթե իրական դրամայի մեջ չապրեինք: Դրամայի հերթական արարը խորհրդարանական ընդդիմությունը գլխավոր դատախազի ներկայությամբ բեմադրեց՝ Ազգային ժողովի դահլիճում թիմակցին մեն-մենակ թողնելով իշխող ուժի ներկայացուցիչների ու տիկին դատախազի մոտ: Թվում է, թե սա քաղաքական բոյկոտ էր, իրականությունը սակայն այն էր, որ պաշտպանության նախկին նախարարը, Զինված ուժերի գներալ-գնդապետն ԱԺ դահլիճում իրեն աջակցող թիմակիցների շունչը չէր զգում:
Ընդդիմադիրները երբեմն-երբեմն «հավես անում են» կանգնել երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնի մոտ ու «քարը քարին չթողնող» քննադատությամբ հանդես գալ, դրան սակայն խաբվել պետք չէ. Ազգային ժողովի միջացնքներում մերթընդմերթ հայտնվող լրագրողներս նաեւ իշխանություն-ընդդիմություն քաղցր-մեղցր երկխոսություն ենք նկատում, չտեսնելու տալիս, ժպտում, անցնում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ նվերն ու ուրախությունը, վստահ եմ, մերօրյա ընդդիմադիրներն են: Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների հետ փոխկապակցված խմբակցության անդամի ամեն մի ելույթի, հարցի ու քննադատության Փաշինյանը՝ «բա ձեր քաղաքական առաջնորդի կառավարման ժամանակ» արտահայտությամբ է հակադրձում ու հերթական անգամ շահած դուրս գալիս: Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանն ու նրանց թիմակիցները վերջիվերջո պետք է հասկանան ու հաշտվեն մտքի հետ՝ հասարակության մի ստվար հատված, անկախ 44-օրյա պատերազմում կրած պարտության ու մեր գլխին անդադար տեղացող տարատեսակ արհավիրքների, միեւնույնն է, իրենց չի սիրում, հարգում ու ընդունում: Հետեւաբար՝ եթե իսկապես համոզված են, որ Հայաստանում տիրող ներկա իրավիճակի միակ հանգուցալուծումն իշխանափոխությունն է, ապա պետք է դաշտը նոր, ավելի թարմ ու չվարկաբեկված ուժերին թողնեն: Այլապես՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները, «բա նախկինների ժամանակ» ասելով, մարդկանց միշտ հիշեցնելու են, թե «ի՜նչ ծանր կապանքներից են ազատել բոլորին»:
Նախորդ տարվա մայիսին, երբ ընդդիմադիրները հերթական անգամ «սիթի-տուր» էին կազմակերպել ու փորձում էին իշխանափոխության հասնել, ՀՀԿ-ական նախկին պատգամավորներից մեկն ինձ հետ զրույցում անկեղծացավ, որ եթե այս անգամ էլ չհաջողեն, ապա իրենց վրա մի մեծ շիրմաքար պետք է դնեն: Նրանք հերթական անգամ չհաջողեցին, ավելին՝ իբրեւ թե «սեփական օրակարգով» խորհրդարան վերադարձան: Շիրմաքարի մասին, բնականաբար, մոռացան, բայց այդ ամենի հետեւանքը Նիկոլ Փաշինյանի իշխանության էլ ավելի ամրապնդումը եղավ:
Ընդդիմադիր որեւէ պատգամավորի եթե հարցնես՝ Փաշինյանն ինչո՞ւ պետք է հրաժարական տա, այսպես կպատասխանի. «Պատերազմը տանուլ է տվել»: Նույն տրամաբանությունից ելնելով, սակայն, ուլտրաընդդիմադիրները չեն ուզում գիտացել ու խոստովանել՝ իրենք էլ ընդդիմադիր շարժումն են երկու անգամ տապալել, հետեւաբար խորհելու լուրջ, բավական լուրջ առիթ ունեն:
Ինչո՞վ են այժմ զբաղված ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները. երբ եղանակը ցրտում է խորհրդարան են գնում, երբ տաքանում է, զբոսնելով փողոց են դուրս գալիս, հերթական անգամ որոշում ավելի ուժգնորեն «դավաճան» կամ «հողատու» վանկարկել: Ստացվում է՝ ընդդիմությունն իշխանությանն է զբաղեցնում, իշխանությունն՝ ընդդիմությանը ծափահարում:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ