Ադրբեջանցի լրագրողը հետաքննում է իր երկրի իշխանությունների գործողությունները կապված վիճելի տարածքների շրջափակման խորացման հետ։ Անգլերենից ստորեւ թարգմանաբար լույս ընծայվող հոդվածը, որը ներկայացնում ենք նույնությամբ եւ առանց կրճատումների ու փոփոխությունների, լույս է տեսել «Բաց ժողովրդավարություն. ազատ մտածողություն աշխարհի համար» (Open Democracy. Free thinking for the world) կայքէջում։
Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ադրբեջանցի ցուցարարների կողմից, որոնք պնդում են, թե բնապահպաններ են, շարունակվում է արդեն գրեթե երկու ամիս, ինչը հումանիտար ճգնաժամ է առաջացրել վիճելի տարածքներում եւ հարուցել է միջազգային հանրության դատապարտումը։
Լաչինի միջանցքը՝ միակ ճանապարհը, որն անցնելով Ադրբեջանի Ղարաբաղյան լեռնաշղթայի միջով կապում է 120 հազար էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը (կամ ուղղակի Ղարաբաղը) Հայաստանի հետ, շրջափակված է դեկտեմբերի կեսերից ի վեր։
Անցյալ շաբաթ (հունվարի 19-ին) Եվրախորհրդարանը Ադրբեջանի իշխանություններին կոչ արեց բացել ճանապարհը, սակայն մինչեւ այժմ որեւէ փոփոխություն այս առումով չի նկատվում։
Ցուցարարները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության վերահսկողության տարածքներում անօրինական հանքարդյունաբերություն է իրականացվում եւ պահանջում են թույլ տալ ադրբեջանցի մասնագետներին վերահսկել բոլոր հանքարդյունաբերական գործառնությունները։ Ցուցարարները Լաչինի միջանցքը փակել են անհրաժեշտ միջոցներով հագեցած վրանային ճամբարով․ անցնել թույլատրվում է միայն ռուս խաղաղապահներին եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին։
Այսպես կոչված «բնապահպանների» շարքերում նկատվել են քաղծառայողներ, քաղաքացիական հագուստով զինվորականներ, իշխանամետ ՀԿ-ների եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնցից որեւէ մեկը նախկինում երբեւէ չի մասնակցել Ադրբեջանում տեղի ունեցած որեւէ բնապահպանական բողոքի ակցիայի։ Շրջափակումը լուսաբանելու նպատակով տեղում են նաեւ պետական լրատվամիջոցների լրագրողներ։
Սնունդի եւ դեղորայքի մատակարարման ընդհատումը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է առաջացրել։ Մրգի եւ բանջարեղենի պաշարները գնալով նվազում են, մանկական կերը, համաձայն տեղեկությունների, արդեն սպառվել է, տարածքի դե ֆակտո իշխանությունները սննդի կտրոններ են թողարկել եւ փորձում են կարգավորել հիմնական ապրանքների՝ ձեթի, մակարոնեղենի, բրնձի, շաքարավազի եւ հնդկաձավարի սպառումը։ Պարբերաբար ընդհատվում է նաեւ Լեռնային Ղարաբաղ էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը, որոնց հոսքագծերը անցնում են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներով։
Ռուս խաղաղապահները ճանապարհը բացելու հարցում իրենց պասիվ կեցվածքի համար պարբերաբար քննադատության են ենթարկվում միջազգային հանրության կողմից, իսկ հունվարի 19-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը նրանցից ուղիղ պահանջեց քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։ Տարածքում խաղաղապահները տեղակայվել են 2020թ․ Ղարաբաղյան երկրորդ պաետրազմի ավարտից անմիջապես հետո եւ կոչված են ապահովել ճանապարհով ազատ երթեւեկը։
ԵՄ բանաձեւը ստեղծված իրավիճակում մեղադրում է Ադրբեջանին։ Եվրամիության Խորհրդարանի կողմից բանաձեւի ընդունման նախորդ օրը Էստոնիայից պատգամավոր Մարինա Կալյուրանդը հորդորեց Ադրբեջանին ձեռնպահ մնալ «ամենաբարձր մակարդակով» հայերի նկատմամբ խտրականություն եւ ատելության խոսք տարածելուց։
Կալյուրանդի ելույթը վերաբերում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համեմատաբար վերջերս հղած վերջնագրին, որով նա Ղարաբաղի հայերին առաջարկում էր Ադրբեջանի անձնագիր ստանալ կամ հեռանալ։
Հունվարի 10-ի հեռուստահարցազրույցում Ալիեւը ասել էր հետեւյալը․ «Նրանց համար, ովքեր ուզում են ապրել [Լեռնային Ղարաբաղում] Ադրբեջանի դրոշի տակ, կստեղծվեն բոլոր պայմանները։ Ադրբեջանի քաղաքացիների հետ հավասար կերաշխավորվեն նաեւ նրանց իրավունքներն ու անվտանգությունը։
Իսկ նրանց համար, ովքեր չեն ուզում դառնալ մեր երկրի քաղաքացի, ճանապարհը փակ չէ, բաց է։ Նրանք կարող են հեռանալ։ Կարող են ինքնուրույն հեռանալ, կամ հեռանալ [ռուս] խաղաղապահների մեքենաներով, կամ էլ ավտոբուսներով։ Ճանապարհը [դեպի Հայաստան] բաց է»։
Ալիեւն այս հայտարարությամբ կարծես թե խոստովանում է, որ Ադրբեջանի իշխանությունները վերահսկում են շրջափակումը, եւ որ դրա նպատակներից մեկը Ղարաբաղի նկատմամբ ամբողջական վերահսկողության հասնելն է, հակառակ երկրի պաշտոնյաների այն պնդումներին, թե իրենք մասնակից չեն գործողությունների կազմակերպմանը եւ դա «քաղհասարակության բողոքի ակցիա է»։
Նրանց համար, ովքեր դրսից են հետեւում իրավիճակին տարածաշրջանում, Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու նախագահի առաջարկը կարող է գայթակղիչ թվալ։ Երկիրը հարուստ է նավթով, ոսկով եւ այլ պաշարներով, իսկ կյանքի կենսամակարդակը որոշ առումներով ավելի բարձր է, քան հարեւան երկրներում։ Ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Ադրբեջանը մեծացրել է առեւտուրը Ռուսաստանի հետ՝ միաժամանակ շահավետ գազային պայմանագրեր կնքելով եվրոպական երկրների հետ, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ադրբեջանն անվանել է «վստահելի գործընկեր»։ Ադրբեջանը գրավիչ է նաեւ օտարերկրյա ներդրողների համար։
Այդ դեպքում ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղի հայերը գերադասում մնալ փոքրիկ, աղքատ, չճանաչված պետության քաղաքացի, շրջապատված թշնամական բանակով, կախման մեջ միակ ճանապարհով հասցվող նյութական մատակարարումներից։ Ինչո՞ւ նրանց վստահություն չեն ներշնչում իրենց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու Ալիեւի խոստումները։
Քաղաքացիական իրավունքների խախտումներ
Ադրբեջանի իշխանությունը «Human Rights Watch», «Amnesty International», «Լրագրողներ առանց սահմանների» եւ այլ կազմակերպությունների կողմից պարբերաբար քննադատության է ենթարկվում մարդու իրավունքների համակարգված խախտումների եւ կոռուպցիայի համար։
«Freedom House»-ի ամեն տարի թարմացվող «Ազատությունն աշխարհում» զեկույցում Հայաստանը, եւ նույնիսկ չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մակարդակով զգալիորեն գերազանցում են Ադրբեջանին։
Ընտրություններն Ադրբեջանում համակարգային կերպով կեղծվում են բոլոր մակարդակներում, ինչը նշանակում է, որ երկրի քաղաքացիները ձայնի իրավունք չունեն ոչ միայն երկրի նախագահի ընտրության հարցում, այլեւ անգամ խորհրդարանում իրենց ներկայացուցչի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։
Քաղաքական ընդդիմությանը կա՛մ թույլ չի տրվում որեւէ գործունեություն ծավալել, կա՛մ էլ հանուն իրենց անվտանգության նրանք ստիպված են դադարեցնել իշխանություններին քննադատելը։ Հակակառավարական գործիչները պարբերական ճնշումների են ենթարկվում կամ բանտարկվում են շինծու մեղադրանքներով․ համաձայն իրավապաշտպան ակտիվիստների՝ ներկայումս Ադրբեջանի բանտերում մոտ 100 քաղբանտարկյալ կա։
Իրավապահ համակարգը ամբողջապես վերահսկվում է պետության կողմից։ Ոստիկանությունը եւ ԱԱԾ ուժերը գործում են անպատիժ, պարբերաբար խախտելով մարդու իրավունքներն ու ազգային օրենսդրությունը՝ զբաղվելով կաշառակերությամբ, ծեծելով եւ խոշտանգելով մարդկանց։ Հունվարի սկզբին Բաքվի ոստիկանությունը կոպիտ ուժ կիրառելով ցրեց ի պաշտպանություն ընդդիմադիր ակտիվիստ Բախտիյար Հաջիեւի կազմակերպված ցույցը, որն անցյալ տարվա դեկտեմբերից ազատազրկված է ներքին գործերի նախարարությանը քննադատելու համար։
Հետապնդումների են ենթարկվում նաեւ լրագրողները․ նրանց բանտարկում են, շանտաժի են ենթարկում կամ ստիպում են լքել երկիրը։ Անգամ նրանք, ովքեր հաջողացրել են փախչել արտերկիր, առեւանգվում են կամ մահափորձերի են ենթարկվում։ Անցյալ տարի նախագահի կողմից վավերացված զանգվածային լրագրության մասին նոր, դրակոնյան օրենքը որեւէ կասկած չի թողնում, որ իշխանությունները ցանկանում են ոչնչացնել անկախ լրատվամիջոցներին։
Հայատյացություն
Ղարաբաղում ապրող այն հայերը, որոնք կհամաձայնեն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, անընդհատ կբախվեն հակահայ հռետորաբանության եւ հայատյացության, ինչը խրախուսվում է պետական մակարդակով։
Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը 1988-ից 1994թ տեղի ունեցած Ղարաբաղյան առաջին պատերազմում իրականացրել են ռազմական հանցագործություններ եւ էթնիկ զտումներ, թեպետ այսօր երկուսն էլ հերքում են իրենց քաղաքացիների կողմից իրականացված սպանությունները։ Ադրբեջանի իշխանությունները միշտ այդ փաստն օգտագործել են քարոզչական նպատակներով՝ սեփական քաղաքացիների մեջ խորացնելու հայերի նկատմամբ ատելությունը։
Ադրբեջանական մամուլում հայերի մասին հիշատակվում է բացառապես բացասական կոնտեքստում, որպես ստոր պատմական թշնամիներ, դպրոցական դասագրքերում նրանք միշտ դավաճանում են ադրբեջանցիներին։ Ադրբեջանցի պատմաբան Արիֆ Յունուսի համոզմամբ, հայերին Ադրբեջանում ներկայացնում են որպես «հանցագործների, ագրեսորների, դավաճան եւ կեղծավոր մարդկանց»։ Նա եւ կինը՝ իրավապաշտպան ակտիվիստ Լեյլան 2014-ին մեղադրվեցին հօգուտ Հայաստանի լրտեսության մեջ եւ մեկ տարուց ավելի անցկացրին բանտում։ Պետական լրատվամիջոցները պնդում էին, որ Յունուսի մայրը հայ է, եւ նա՛ է «ադրբեջանցիների հանդեպ ատելություն սերմանել նրա մեջ»։
Ադրբեջանցի հեղինակները անգամ փորձում են արդարացնել հայերի նկատմամբ իրենց օգտագործած ատելության խոսքը։ Բաքվի պետական համալսարանի Սլավոնական երկրների պատմության ամբիոնի վարիչ Թոֆիգ Վելիեւն օրինակ պնդում է, որ ատելության խոսքն օգտագործում է, որպեսզի արտահայտի իրականությունը։ «Այդպիսի արտահայտությունները ճշգրիտ նկարագրում են հայերին։ Եթե ես նրանց այս կերպ չբնութագրեմ, ապա կխեղաթյուրեմ պատմությունը»։
Ադրբեջանը փորձում է վերաշարադրել նաեւ Լեռնային Ղարաբաղի պատմությունը՝ ներկայացնելով հայերին, որոնք ապրում են այս տարածքում մ.թ.ա. 6-րդ դարից ի վեր, որպես եկվորների։ Պետական մակարդակով քարոզվում է, որ ռուսներն են հայերին 19-րդ դարում վերաբնակեցրել Կովկասում եւ Ղարաբաղում, որպեսզի դրանով պայքարեն ադրբեջանցիների դեմ։
Ադրբեջանը նաեւ հերքում է տարածքում հայկական մշակութային ժառանգության գոյության փաստը։ Հայկական եկեղեցիները եւ այլ կրոնական ու մշակութային կառույցները վերագրվում են «Կովկասյան Ալբանիային», որն իբր նախկինում գոյություն է ունեցել ժամանակակից Ադրբեջանի տարածքում։ Հայկական պատմական հուշարձանները եւս համակարգված ոչնչացման են ենթարկվում։ 2005թ․ այդպես ոչնչացվեց Ադրբեջանի եւ Իրանի սահմանին գտնվող Ջուղայի ընդարձակ գերեզմանատունը։ 9-ից 17-րդ դարերով թվագրված հարյուրավոր հայկական խաչքարեր (տապանաքարեր) ջարդվեցին եւ նետվեցին գետը։
Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Բաքվի հավաստիացումներին առավել քան դժվար է հավատալ, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը այսօր էլ հրաժարվում է հետաքննել առաջին ղարաբաղյան պատերազմի եւ դրան հաջորդած բախումների ընթացքում քաղաքացիական բնակչության եւ գերեվարված զինվորների դաժան սպանությունները։
Իսկ 2012թ., երբ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը վերադարձավ Ադրբեջան, նրան հերոսին վայել ընդունելության արժանացրին։ Ութ տարի առաջ Սաֆարովը Հունգարիայում ՆԱՏՕ-ի վարժանքներից մեկի ժամանակ կացինով գլխատել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովին, որը հայտարարել էր, որ Մարգարյանին սպանել է ազգային ատելության հողի վրա, Բուդապեշտում ցմահ բանտարկության էին դատապարտել, սակայն հետագայում արտահանձնել էին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ազատ արձակեցին եւ ներում շնորհեցին։
Քիչ իրավունքներ ազգային փոքրամասնությունների համար
Միայն հայերը չեն խտրականության ենթարկվում Ադրբեջանում, որ պնդում է, թե բազմամշակութային քաղաքականություն է իրականացնում եւ ֆորմալ կերպով հանդիսանում է Ազգային Փոքրամասնությունների Պաշտպանության Եվրոպական Շրջանակային Կոնվենցիայի անդամ։
Իրականում Ադրբեջանում լուրջ խնդիրներ կան ազգային փոքրամասնությունների լեզուների եւ մշակույթների պաշտպանության հարցում։ Փոքրամասնությունները երկրի բնակչության 10 տոկոսն են կազմում, սակայն կրթական համակարգը ամբողջապես կողմնորոշված է դեպի էթնիկ ադրբեջանցիների պահանջները։
Էթնիկ փոքրամասնությունների բնակության շրջաններում ապրող աշակերտներին չի արգելվում սովորել իրենց լեզուն, սակայն այդպիսի դասերը շատ քիչ են, ուսումնական նյութերը՝ հնացած, իսկ ուսուցիչները՝ վատ որակավորում ունեն։ Բացառություն են կազմում ռուսներն ու վրացիները։ Որոշ ազգային փոքրամասնություններ, ինչպես օրինակ թաթերը, առհասարակ զրկված են սեփական լեզուն սովորելու հնարավորությունից։
Բացի այդ, բնիկ ժողովուրդների մասին գրեթե չի հիշատակվում պատմության դասագրքերում։ Դպրոցական դասագրքերից մեկը աշակերտներին սովորեցնում է, թե «Ադրբեջանցի թուրքերը Կովկասի եւ հատկապես Լեռնային Ղարաբաղի բնիկներն են, քանի որ այնտեղ ապրել են մ․թ․ա․ առաջին հազարամյակից»։ Մինչդեռ իրականում ժամանակակից Ադրբեջանը նախկինում բնակեցված է եղել հյուսիս-արեւելյան կովկասյան լեզուներով եւ հայերենով խոսող ցեղերով։ Թուրքերի ակտիվ վերաբնակեցումը տարածշրջանում սկսվել է միայն 10-րդ դարում։
Քաղաքական եւ տնտեսական լծակները եւս, նույնիսկ ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված տարածքներում, գտնվում են էթնիկ ադրբեջանցիների ձեռքին։ Թալիշները, որոնք իրանական էթնիկ խումբ են, իրավունք չունեն ռեստորանների ցուցանակներում կամ տեղական պատմության դասագրքերում օգտագործել «թալիշ» բառը, բացի այդ թալիշերենով անգամ որեւէ հեռուստահաղորդում չկա տեղական հեռուստաալիքներով։
Նրանք, ովքեր փորձում են ուշադրություն հրավիրել նման խնդիրների վրա, ենթարկվում են հալածանքների, մեղադրվում անջատողականության եւ երբեմն ավելի մեծ մեղքերի մեջ։ Հայտնի թալիշ ակտիվիստներ լրագրող Նովրուզալի Մամադովը եւ պատմաբան Ֆախրադդին Աբբասովը, մահացան բանտում համապատասխանաբար 2009 եւ 2020 թվականներին։ Այլ թալիշ ակտիվիստներ պնդում էին, որ նրանք քաղբանտարկյալներ են եւ նրանց մահը կասկածների տեղիք է տալիս։ Նմանատիպ դեպքեր են կատարվել նաեւ լեզգին եւ այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։
Եվ այսպես, Ադրբեջանը վարում է բնիկ ժողովուրդներով բնակեցված տարածքները յուրացնելու եւ ասիմիլացնելու քաղաքականություն, իսկ ռուս խաղաղապահներից պահանջում Հայաստանի քաղաքների եւ գյուղերի համար օգտագործել ադրբեջանական տեղանուններ։
Հնարավո՞ր է արդյոք հասնել խաղաղության
Առանձնապես զարմանալի չէ, որ Ղարաբաղի հայերը ցանկություն չունեն ընդունել պաշտոնական Բաքվի՝ քաղաքացիության առաջարկը։
Սակայն Ղարաբաղի հայ բնակչության համար Ադրբեջանում անվտանգ գոյությունը կարելի է հնարավոր համարել գոնե տեսականորեն։ Շատ ադրբեջանցիներ հոգնել են թշնամանքից եւ պատերազմներից, նրանք խաղաղություն են ուզում, եւ վստահ են, որ կարող են գոյակցել հայերի հետ կողք կողքի։
Սակայն դրա համար երկիրը պետք է իրական քայլեր ձեռնարկի ժողովրդվարության ուղղությամբ եւ հրաժարվի սեփական ազգային-հայրենասիրական ինքնությունը հայատյացության խոսույթի վրա կառուցելուց։ Իսկ մինչ այդ Ադրբեջանը շարունակում է խորացնել հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում, մինչդեռ դրա փոխարեն կարող էր պայմաններ ստեղծել երկու երկրների միջեւ խաղաղության հասնելու համար։
ԲԱՇԻՐ ԿԻՏԱՉԱԵՎ
Հունվարի 25, 2023
Անգլերենից թարգմանեց՝ ՌՈՒԶԱՆ ԱԶԻԶՅԱՆԸ