Պետության անվտանգությունն էլ առաջնային պետք է լինի մնացած ամեն ինչի նկատմամբ
Բուհական կրթությունը եւ զինծառայությունը միմյանց հակադրելու սովորույթը մեզանում վաղուցՙ խորհրդային տարիներից է գալիս: Բանն այն է, որ հաճախակի փոփոխվել է ուսանողներիՙ բանակում ծառայելու կարգը: Եղել են տարիներ, երբ բուհում սովորողներն ընդհանրապես չեն զորակոչվել բանակ, նրանք ռազմական ուսուցում են անցել զինվորական ամբիոններում եւ դարձել պահեստազորի սպաներ: Եղել է, երբ, ընդհակառակը, բուհում սովորողներին 18 տարին լրանալուն պես զորակոչել են բանակ, որից վերադառնալուց հետո նրանք շարունակել են իրենց ուսումը: Խորհրդային վերջին տարիներին եղավ մի պահ, երբ բանակում ծառայող բոլոր ուսանողներին, մինչ ծառայության ավարտը զորացրեցին եւ նրանցից ոմանք ծառայեցին 1 տարի, ոմանքՙ 6 ամիս, մյուսներըՙ 1,5 տարի:
Հայաստանի Հանրապետության անկախության տարիներին 18 տարին լրացած բոլոր ուսանողներին բանակ զորակոչելու նախագիծ 1998-ին խորհրդարան ներկայացրեց այն ժամանակ պաշպանության նախարար Վազգեն Սարգսյանը, որին ընդդիմացավ այն ժամանակվա խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանը: Եվս մեկ անգամ, ասպիրանտուրայում սովորելու համար տրվող տարկետումը վերացնելու առաջարկ եղավ 2003-ին: Այդ ժամանակ էլ, «թողեք զբաղվենք գիտությամբ» կարգախոսով զինվորական ծառայության դեմ բողոքող ուսանողների պահանջով այդ նախագիծը նույնպես չընդունվեց:
Հերթական նախագիծը, որով բոլոր 18 տարեկան տղաներին, այդ թվում ուսանողներին բանակում ծառայելու մասին ներկայացրեց ընդդիմադիր պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Կառավարությանը դրական եզրակացություն տվեց դրան, բայց հարցը մնաց առկախ: Մինչ ապրիլի առաջին օրերի ռազմական գործողությունների աննախադեպ ծավալումը, այս նախագծի ճակատագիրը նույնպես անորոշ էր: Հայաստանյան բուհերում մասնագիտությունների մեծ մասի գծով տրվում է զինծառայությունից տարկետման իրավունք: Դա նույնպես բացատրվում է ուսումնական գործընթացի անընդհատությունը եւ գիտության զարգացումն ապահովելու հանգամանքով: Միայն վերջին շաբաթվա ընթացքում 18 տարին լրացած բուհերի ուսանողների համար հարցը վերջապես սկսվեց լուրջ քննարկվել: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ այդ հարցի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է նախապատրաստվում: Արդյունքում, այս պահին այս հարցում ձեւավորվեց միասնական մոտեցում իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, ինչը միանշանակ ողջունելի է: Սակայն այս անգամ եւս հայտնվեցին տարատեսակ «փորձագետները», «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները եւ «իրավապաշտպանները»:
Ըստ վերջիններիս, բուհում սովորելու միջոցով բանակից խուսափողների թիվը մեծ չէ, կոռուպցիոն ռիսկերն այստեղ չնչին են, ուսանողներին բանակ զորակոչելը կրթության որակի վրա բացասական ազդեցություն կունենա, աշխատանքի շուկայում խոչընդոտներ կստեղծի, միայն բանակի թվի համալրման խնդիր կլուծի եւ այլն: Ակնհայտ է, որ եթե չլիներ հարցի վերաբերյալ քաղաքական դաշտի միասնական նախաձեռնությունը, նրանք հակառակը կասեին: Մինչդեռ փաստ է, որ բուհերում, այդ թվում արտասահմանյան բուհերում ուսումը շատերի համար դարձել է զինծառայությունից խուսափելու օրինական ճանապարհը:
Հատկապես արտասահմանում ուսումը շարունակողների զգալի մասը ոչ միայն խուսափում է հայկական բանակում ծառայելուց, այլ ընդհանրապես Հայաստան վերադառնալուց: Որոշ դեպքերում էլ նրանց ուսումը արտերկրի լավագույն բուհերում ֆինանսավորվում է պետության կողմիցՙ «Լույս» հիմնադրամի միջոցով: Միանշանակ է, որ այստեղ արմատական լուծումների կարիք կաՙ առնվազն զինծառայության հետ կապված խնդրի առնչությամբ, չխոսելով արդեն պետական միջոցներով արտերկրում սովորելու եւ երկիր չվերադառնալու խնդրի լուծման անհրաժեշտության մասին:
Գիտությամբ զբաղվելու մասին թեզը չի դիմանում ոչ մի քննադատության: Հենց գիտությունն է առաջին հերթին տուժում, երբ դրանով որոշում են «զբաղվել» նրանք, ում խնդիրը բուհում սովորելու միջոցով, ասպիրանտուրա անցնելուց հետո ընդհանրապես բանակում ծառայելուց ազատվելն է: Ինչ որ չի երեւում, թե որքան է «շահել» մեր գիտությունը նման «զբաղվողների» շնորհիվ, իսկ թե ինչ կոռուպցիոն ռիսկեր կան այստեղ, թերեւս կասկածի ենթակա չէ: Բոլորին 18 տարեկանից զորակոչելու պարագայում գիտության մեջ այլեւս չեն սողոսկի բանակային ծառայությունից «թռնողները», ինչը միանշանակ դրական ազդեցության կունենա առաջին հերթին գիտության համար:
Բուհում ուսման անընդհատությունը բանակում ծառայության պատճառով խաթարվելը նույնպես հիմնազուրկ պատճառաբանություն է: Կրթական գործընթացն ավելի արդյունավետ է լինում, երբ ուսանողն առաջին կուրսն ավարտելուց հետո մեկնում է ծառայության, ապա վերադառնում ուսումը շարունակելու, քան, երբ նա մեկնում է ծառայության բուհն ավարտելուց հետո: Ծառայության տարիներին նա մոռանում է մասնագիտական որոշ գիտելիքներ եւ հմտություներ, բայց վերադառնալուց հետո ուսումը շարունակելով, արագորեն վերակագնում է դրանք եւ շարունակում զարգացնել: Բուհն ավարտելուց հետո ծառայելով, դա տեղի չի ունենում եւ մասնագիտական շատ գիտելիքներ եւ հմտություններ այլեւս չեն վերականգնվում:
Երբ որպես մեղադրանք ասում են, թե բանակի համալրման խնդիր են ցանկանում լուծել բոլոր 18 տարեկանների համար ծառայությունը պարտադիր դարձնելով, դա առնվազն բարոյական չէ: Ի՞նչ է, բանակը համալրելը վատ բա՞ն է, կամ ինչո՞ւ 2000 հոգի կամ դրա մի մասը պետք է չծառայի, իսկ մյուսները` ծառայեն: Ուսանողներին բանակ զորակոչելու գլխավոր կռվանը նաեւ այն է, որ այդ դեպքում արդարության, այդ թվում սոցիալական, սկզբունքն է գործում:
Միանշանակ է, որ ցանկացած դեպքում պետության անվտանգությունը պետք է գերակայի, հատկապես Հայաստանի (ներառյալ Լեռնային Ղարաբաղը) աշխարհաքաղաքական վիճակում գտնվող երկրի համար: Այդ առումով բոլորի համար զինծառայության նույն տարիք սահմանելը ամենաճիշտ լուծումն է: Թե՛ գիտությունը, թե՛ տնտեսությունը, թե՛ մյուս ոլորտները առաջին հերթին պետք է ուղղվեն երկրի անվտանգության ապահովման խնդրին: Քիչ հավանական է, որ 18 տարեկանում գիտական հայտնագործություններ կատարողների այնպիսի առատություն լինի, ինչպիսին հիմա բուհերում տարկետման իրավունք ունեցողների թիվն է: Եթե ունենանք գիտական հանճարներ, որոնք շատ ավելի մեծ օգուտ կտան երկրին, քան երկու տարի բանակում ծառայելով, ապա դժվար չի լինի կառավարության հատուկ որոշմամբ նրանց ազատել զինծառայությունից, օգտագործելով նրանց գիտելիքներն ու հայտնագործությունները: