Եւ ղարաբաղցու «դուխը»
Նախքան Սանկտ Պետերբուրգում կայանալիք Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպման կազմակերպման մասին հայտնի կդառնար, կար տեղեկութուն այն մասին, որ հունիսի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հյուրընկալելու է Ֆրանսիան, որտեղ տեղի է ունենալուՙ «ԼՂ հարցով գագաթաժողով»: Երբ հայտնի դարձավ, որ Սարգսյանն եւ Ալիեւը մեկնելու են, բայց ոչ թե Ֆրանսիա, այլՙ Պետերբուրգ, պարզ դարձավ նաեւ, որ այդ հանդիպմանը չի մասնակցելու ԵԱՀԿ-ն, որի Մինսկի խումբը 20 տարուց ավել է փորձում է կարգավորել այս հակամարտությունը: Այդուհանդերձ, չի կարելի ասել, որ պետերբուրգյան հանդիպումն անցավ առանց կոնկրետ ֆրանսիական մասնակցության: Բանն այն է, որ Կոնստանտինյան պալատի, որտեղ էլ տեղի է ունեցել երեք նախագահների հանդիպումը, ճարտարապետը ֆրանսիացի Ժան Բատիստ Լեբլոնն է, ով պալատը նախագծել է Պետրոս Առաջինի կարգադրությամբ, որին էլ պատկանել է այն, նախքան 1797-ին Պավել Առաջինը պալատը կնվիրեր իր երկրորդ որդունՙ իշխան Կոնստանտին Պավլովիչին, որից էլ ծագում է պալատի այսօրվա անվանումը:
Շուրջ երկու ժամից պալատի դռները բացվեցին եւ սկզբում դուրս եկան նախագահների անվտանգության ծառայողները, ապա Սերժ Սարգսյանը, հետո Իլհամ Ալիեւը, իսկ վերջում Վլադիմիր Պուտինը, ով իր օգնականներից պարզելով, որ նախագահներին տեղափոխող մեքենաները տեղում են, հրաժեշտ տվեց, սկզբում Իլհամ Ալիեւին, նրան ամուր գրկելով, ապաՙ Սերժ Սարգսյանին, որին եւս Պուտինը գրկեց, կրկինՙ ամուր: Ապա տեղի է ունենում Սարգսյան-Ալիեւը ձեռքսեղմումը, բայց ի տարբերություն գրկախառնություններիՙ ոչ ամուր, նախագահները ժպտում են, Պուտինը գոհ է, Կոստանտինյան պալատըՙ հրաշալի է, Պետերբուրգում եղանակըՙ եւս, մի խոսքովՙ բոլորի տրամադրությունները բարձ են, բացի ՀՀ մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից, քանի որ վերջինս հավանաբար այդ պահին եւ դրանից հետո մոտ մեկ ժամ ինտերնետ չի ունենում, որպեսզի իր twitter-յան էջում տեղեկացնի, որ Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումն արդեն իսկ ավարտվել է:
Սաՙ ինչ վերաբերում է արարողակարգին, չնայած մի կարեւոր բան մոռացանք, պալատի այն սրահում, որտեղ բանակցել են նախագահները, մեծ կլոր սեղանի շուրջ Ալիեւը նստած էր Պուտինի աջ կողմում, Սարգսյանըՙ ձախ, իրարից բավականին հեռու, ինչը գոնե մեծ քաղաքականության մեջ նշանակում է, որ հակամարտող կողմերը դեռ շատ հեռու են հակամարտության փոխընդունելի լուծումը գտնելուց:
Ավելի ուշ, Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ինչպես փոխանցում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքըՙ «համանախագահներին է փոխանցել իր տպավորություններըՙ Պետերբուրգյան հանդիպումից»: Նույնը հավանաբար արել է Իլհամ Ալիեւը:
Այսինքն, եթե, ենթադրենք, երեք նախագահների հանդիպման ժամանակ տեղի է ունեցել մի բան, կամ ձեռք է բերվել ինչ-որ պայմանավորվածություն, որի մասին ՀՀ նախագահը Մինսկի խմբի համանախագահող եռյակին չի ասել, կոնկրետ այդ եռյակիՙ ամերիկա-ֆրանսիական հատվածին, ապա Ուորլիքն ու Անդրիոն Օբամային եւ Օլանդին այդ մասին ոչինչ չեն ասի, վերջիններս էլ չեն իմանա, կիմանան միայն Սարգսյանը, Պուտինը եւ Ալիեւը: Իսկ սա արդեն նշանակում է, որ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան շատ բան չեն իմանա բանակցությունների իրական արդյունքների մասին, քանի որ այդ բանակցությունների ականատեսը չեն, այլ պարզապես դրանց մասին իրենց հետ կիսվում են ստացած տպավորություններում, այսինքն խիստ սուբյեկտիվ եւ ոչ ամբողջական:
Նշանակում է, որ եթե Պուտինը Պետերբուրգ կանչելով եւ առանց ԵԱՀԿ-ի հանդիպում կազմակերպելով նպատակ ուներ ոչ թե ակտիվ միջնորդելու, այլ ինքնուրույն միջնորդելու, ապա պետք է փաստենք, որ Պուտինն իր այս նպատակին, որը կարծես թե միակն էրՙ Պետերբուրգի հանդիպման հետ կապված, հասավ: Ընդ որում, այն որ Պուտինը հենց ինքնուրույն միջնորդելու խնդիր էր լուծում, ապացուցվում է երեք նախագահների համատեղ հայտարարության տեքստի հետեւյալ ձեւակերպմամբ. «Նախագահները նշեցին իրենց կանոնավոր շփումների կարեւոր նշանակությունը եւ պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձեւաչափովՙ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի»: Պարզ է չէ՞, որ եթե այս հայտարարության տակ կա երեք նախագահների ստորագրություն, ուրեմն երեք նախագահներն են նշել իրենց կանոնավոր շփումների կարեւոր նշանակության մասին եւ երեք նախագահներով են պայմանավորվել շարունակել այդ շփումները նման (եռակողմ) ձեւաչափով: Հասկանալի է, որ այս ամենը տեղի է ունենալուՙ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների, բայց, տիկնայք եւ պարոնայք, այդ ի՞նչ աշխատանք է տանելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, եթե Սարգսյանը, Պուտինն եւ Ալիեւը պայմանավորվել ենՙ շարունակել իրենց շփումները նման ձեւաչափովՙ կարեւորելով այդ շփումների նշանակությունը: Պարզ չէ՞, որ նախագահների այս եռյակը Փարիզում, կամ Վաշինգտոնում չի հանդիպելու, այլՙ ռուսական հողում եւ հենց երեքով, քանի որ հենց երեքով են պայմանավորվել: Երեքով, այսինքնՙ առանց Փարիզ եւ Վաշինգտոն, բայց դա հեչ, առանցՙ Ստեփանակերտ:
Բանակցություններում միջնորդական ձեւաչափի այս փոփոխությունը թերեւս ամենակարեւորն էրՙ Պետերբուրգյան հանդիպումից: Իսկ այս «ի լրումն»-ը հենց միջնորդական ձեւաչափի փոփոխություն է, եթե ոչ հիմա, ապա այդ նպատակով արված:
Նախագահների համատեղ հայտարարության տեքստում խոսվում է նաեւ այն մասին, որ նախագահները համաձայնել են ավելացնել միջազգային դիտորդների թվաքականը, ընդ որումՙ չի շեշտվում, որ խոսքը ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմի ավելացման մասին է: Փոխարենն օգտագործվում է խիստ ընդգրկումՙ միջազգային բառը, այն պարագայում, երբ, օրինակ, ռուս դիտորդները ԼՂ-ում եւս համարվում են միջազգային ե՛ւ մեզ համար, ե՛ւ ադրբեջանցիների:
Մնացյալը ստանդարտ ձեւակերպումներ են, որոնք երեւի տեղ են գտնում աշխարհի բոլոր հակամարտող երկրների նախագահների համատեղ հայտարարություններում:
Կարեւորն այն է, որ Պետերբուրգը պետք էր Պուտինին, որպեսզի Մոսկվան ստանա Մինսկի խմբին ի լրումն գործելուՙ հակամարտող կողմերի փաստացի համաձայնությունը, այլ կերպՙ մանդատ, եւ Պուտինը ստացավ այդ մանդատը, մնացյալըՙ ի լրումն են, այդ թվում Սարգսյան-Ալիեւ ձեռքսեղմումը, որից առաջարկում եմ ողբերգություն չսարքել, մանավանդ, որ ֆրանսիացիներն օրինակ ողբերգություն չեն սարքում, որ ազգությամբ ֆրանսիացի Ժան Բատիստը ռուսների համար պալատ է նախագծում, որտեղ շատ տարիներ անց Ռուսաստանի նախագահը չի ցանկանալու սեղան նստել ֆրանսիացու հետ, թեկուզ բանակցային, չնայած ռուս դիվանագետներից մեկը ռուսաստանյան լրատվամիջոցներին հայտնել է, որ նախագահները նաեւ ճաշել են Կոնստանտինյան պալատումՙ ի լրումն: