Հայկական պետական մանկավարժական համալսարանում հունիսի 17-ին կայացավ Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային հարցը ՀՊՄՀ-ի նոր ռեկտորի ընտրությունն էր:
Նախքան քվեարկությունը, ՀՊՄՀ-ի Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, խորհրդի անդամ Կամո Վարդանյանը ներկայացրեց միակ թեկնածու Ռուբեն Միրզախանյանի կենսագրությունը, գիտական անցած ուղին, մանկավարժական, հասարակական-քաղաքական գործունեությունըՙ պրոֆեսորադասախոսական կազմի անունից վստահեցնելով, որ նա իր մարդկային ունակություններով եւ մասնագիտական կարողություններով համապատասխանում է բուհի ռեկտորի պաշտոնում վերընտրվելուն:
Ընտրության կարգի համաձայն, ռեկտորի պաշտոնում առաջադրված թեկնածու Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց բուհի ռազմավարական ծրագրի ուղղությունները, մասնավորապեսՙ ուսման որակի բարելավում, բուհի միջազգայնացում եւ գիտահետազոտական ուղղությունների զարգացում: Սրանք այն կարեւորագույն ուղղություններն են, որոնց լուծումը ռեկտորի կարծիքով անհրաժեշտություն է եւ հրատապ:
«Առաջավոր յուրաքանչյուր փորձի կրկնօրինակում ապարդյուն է եւ վտանգավոր, եթե հարմարեցված չէ կրթական ազգային առանձնահատկություններին»,- նշեց ռեկտորն ու Հոգաբարձուների խորհրդի անդամներին ներկայացրեց վերջին տարիներին բուհում կիրառվող գիտելիքների ստուգման, որակավորման քննությունների անցկացման ձեւերն ու ուսուցման գործընթացի նոր մեթոդները:
Անդրադառնալով բուհում գիտահետազոտական ուղղությունը եւս զարգացնելունՙ ռեկտորն ընդգծեցՙ անելու են ամեն ինչ, որ դասախոսն ուսանողներին դիտարկի որպես կրտսեր գործընկեր եւ նրանց մեջ փնտրի իրեն փոխարինողներին: Ռեկտորն իր խոսքում կարեւորեց նաեւ բուհ-դպրոց կապի բարելավումըՙ ընդգծելով, որ համալսարանը պետք է ուղղակիորեն կապ ունենա դպրոցական ծրագրերի հետ. «Ինչպիսին կլինի դպրոցը, այնպիսին կլինի պետությունը»:
Խորհրդի անդամները ելույթի վերաբերյալ ռեկտորին ուղղեցին հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին բուհի ռազմավարական ծրագրի եւ պետության կրթական ազգային ծրագրի համապատասխանությանը, լսարանային ֆոնդի պակասին եւ այլն:
Խորհրդի անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը համալսարանում աշխատել է տարբեր ռեկտորների ղեկավարության ներքո, սակայն խոստովանում էՙ Ռուբեն Միրզախանյանը նոր որակ հաղորդեց համալսարանին: Պրոֆեսորը միեւնույն ժամանակ ընդգծեցՙ գիտահետազոտական ինստիտուտների հետ կապը քիչ է, ինչը շատ կարեւոր է բոլոր մասնագիտությունների գծով գիտագործնական զարգացման համար:
«23 տարի էՙ իմ կյանքը կապվել է այս բուհի հետ. ուսանող, ասպիրանտ, ապա դասախոսՙ մինչ օրս: Այս ընթացքում ՀՊՄՀ-ն շատ բան է տեսել, որի համար իմ երախտագիտությունն եմ հայտնում բուհի նախկին ռեկտորներին եւս: Սա Մեսրոպ Մաշտոցի ժառանգորդների բուհն է, ուստի պետք է հասնել նրան, որ մանկավարժի մասնագիտությունը լինի ամենապահանջվածը. դրանից է կախված մեր պետության ապագան»,- նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՊՄՀ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ, դասախոս Էդուարդ Շարմազանովը ՙ հավելելով, որ լավ գիտելիք ունեցողը դեռ մանկավարժ չէ. ուսուցիչը պետք է վերապատրաստվի ամեն տարիՙ համընթաց քայլելով նոր ժամանակներին եւ արժեքային համակարգին:
ԿԳ փոխնախարար, բուհի Հոգաբարձուների խորհրդի անդամ Մանուկ Մկրտչյանը եւս բարձր գնահատեց վերջին տարիներին բուհում կատարված, ինչպես նաեւ ռեկտորի թեկնածու Ռուբեն Միրզախանյանի աշխատանքը եւ հանդես եկավ մի քանի առաջարկներով, մասնավորապեսՙ ՀՊՄՀ-ում բացել Զինվորական պատրաստվածության ամբիոն:
Հոգաբարձուների խորհրդի անդամ, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ իր ելույթում ընդգծեց մշակութային ամենատարբեր ձեռնարկներում, ծրագրերում եւ միջոցառումներում բուհի ակտիվ մասնակցությունըՙ առաջարկելով մանկավարժական ուղղվածությունն առավել կրկնապատկել հատկապես գրադարանագիտություն, թանգարանագիտություն մասնագիտություններում, որոնց վերաբերյալ մասնագետներ պատրաստում է բացառապես Մանկավարժական համալսարանը:
Պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Ավետիք Գեւորգյանը ուսանողների եւ Ուսանողական խորհրդի անունից շնորհակալություն հայտնեց Ռուբեն Միրզախանյանին իր պաշտոնավարման տարիներին ուսանողակենտրոն քաղաքականություն վարելու համարՙ վստահեցնելով, որ հենց այդ ընթացքում է բուհը ներքին եւ արտաքին հարթակներում ունեցել բազում ձեռքբերումներ եւ նվաճումներ:
Կարգի համաձայնՙ խորհրդի անդամները ընտրեցին գաղտնի քվեարկությամբ. 3 անդամներից կազմված հաշվիչ հանձնաժողովը, ամփոփելով արդյունքները, հայտարարեցՙ 19 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով 5 տարի ժամկետով ՀՊՄՀ-ի ռեկտոր ընտրվեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը :
Նորընտիր ռեկտորը շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին վստահության համար եւ խոստացավՙ գիտակցելով մանկավարժական խոշորագույն հաստատության առջեւ դրված պատասխանատվությունըՙ արդարացնել նրանց սպասումները:
Խորհրդի նիստի ընթացիկ հարցերի օրակարգում Ռուբեն Միրզախանյանը Խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանին, անդամներին ներկայացրեց մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ինֆորմատիկայի եւ կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետում կառուցվածքային փոփոխությունները, Գարեգին Նժդեհի 20 հասցեում գտնվող բուհի մասնաշենքի շինարարության եւ հիմնանորոգման վերաբերյալ եւ այլ հարցեր:
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց Ռուբեն Միրզախանյանին ռեկտորի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթեց հաջողություններ եւ նոր ձեռքբերումներ:
Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորում է ընկեր Ռուբեն Միրզախանյանին եւ մաղթում արդյունավետ պաշտոնավարում:
«Ազգ»ի խմբագրությունը միանում է շնորհավորանքներին: