Անցած շաբաթ երկու ծնունդ ունեինք: Նույնը օրըՙ հուլիսի 4-ին, ծնվել է Ամերիկան, եւ ծնվել է Մհեր Մկրտչյանը: Ամերիկան դարձավ է 240 տարեկան, Մհեր Մկրտչյանըՙ 86: Երբ Մհեր Մկրտչյանը ծնվեց, Ամերիկան 154 տարեկան ջահել երկիր էր, չնայած այնպես չէ, որ հիմա հինավուրց է դարձել:
Թե ինչո՞ւ է Մհեր Մկիրտչյանը հենց հուլիսի 4-ին ծնվել, դժվար է ասել, ընդ որում Մկրտչյանը չի ծնվել ոչ Ֆրեզնոյում, ոչ էլ Կալիֆոռնիայի «Արմենիայում», ծնվել է Գյումրիում, ավելի ճիշտՙ Լենինականում, ինչը նշանակում է, որ իր ծնունդով նա ավելի շատ կապ ունի սովետական երկրի հետ, քանՙ Ամերիկայի: Եթե, իհարկե, Լենինականը կապ ունեցել է սովետական երկրի հետ, առավել եւսՙ Մկրտչյանը, ում հայրըՙ Մուշից էր, մայրըՙ Վանից, որոնք ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով Հայաստան էին, իսկ սովետական երկրի ցանկությամբՙ ոչ: Ինչեւէ:
Ո՞վ կարող է ասել, մեզ հիմա ավելի շատ ի՞նչ է պետքՙ Մհեր Մկրտչյա՞ն, թե՞ Ամերիկա գնալ: Ամերիկա դառնալ տարբերակն անգամ քննարկման չեմ դնում, քանի որ Ամերիկա մենք չենք դառնա, որովհետեւ Ամերիկայում ռուսական ռազմաբազա չկա: Առաջին տարբերակը նշանակում է դիմանալ եւ սպասելՙ հույսով, որ կամ մեզնից կամ մեր ընկերներից, կամ մեզ անծանոթներից նոր Մհեր Մկրտչյան կծնվի, որն էլ կմեծանա, դպրոց կգնա, հետո կորոշի դերասան դառնալ, այսինքն դա նրա համար արդեն որոշված կլինիՙ ինչպես քրիստոնյաներն ու մահմեդականներն են ասումՙ ի վերուստ, ու հետո մենքՙ «բարով եկար» դեմքի արտահայտությամբ ուրախ-զվարթ կքայլենք մեր քաղաքի փողոցներումՙ Մհեր Մկրտչյան ունենքՙ պարգեւատրված սպասումի եւ դիմանալու գիտակցությամբ: Երկրորդ տարբերակը, որքան էլ տարօրինակ հնչի, կիրկին դիմանալն ու սպասելն է, բայց այս անգամ ԱՄՆ դեսպանատան դիմաց, հյուպատոսարանի մուտքի մոտ, հերթով, շոգին, հոգնած, հույսով, որ հյուպատոսը, ով ասում են չինացու աչքեր ունի, ՕՔ կխփի մեր անձնագրում եւ մենք անմիջապես տեղում կդառնանք սփյուռքահայ, կոնկրետՙ ամերիկահայ, Սարոյանի սիրահար, ու հայրենիքն ու մասիսներն արդեն կարոտցած սպիտակ մազերով մի պապիկ, կամ տատիկ, որը շուտով կմեկնի Ամերիկաՙ խոստանալով, որ մեզ էլ կտանի…
Ուրեմն երկու տարբերակն էլ ենթադրում է սպասել ու դիմանալ: Ճարպիկներն, անշուշտ, կարող են սպասելու եւ դիմանալու ժամանակահատվածում «նավսյակի» անգլերեն սովորել, որովհետեւ փաստ չէ, որ մինչեւ ԱՄՆ մուտքի վիզա խփող չինացու աչքերով պարոնի մոտ մտնելու իրենց հերթը հասնի, Մհեր Մկրտչյան է ծնված լինելու: Իսկ Ամերիկայումՙ առանց անգլերենի իմացության ոչինչ չես կարող անել: Օրինակ, եթե Վիլյամ Սարոյանն անգամ Ամերիկայում անգլերեն չիմանար, գրականություն չէր կարող ստեղծել:
Բայց եթե ենթադրենք Ամերիկա գնալը մեր փրկությունն է, ապա փրկությո՞ւն է արդյոք նոր Մհեր Մկրտչյանի ծնունդը: Լավ, ենթադրենք ծնվում է, հենց ծնվում էՙ սիրվում է, քանի մեծանում էՙ ավելի է սիրվում, վերջումՙ արդեն մեծամասնությունը պաշտում ենք, հետո՞, Քրիստոսին էլ է մեր մեծամասնությունը պաշտում, բայց էլի գնում են Ամերիկաՙ տեսնելով այդ երկիրը որպես փրկություն: Ուրեմն ինչ-որ մեկին սիրելը, անգամՙ պաշտելը հարցի լուծում չէ, եթե իհարկե Ամերիկա գնալը հարց է, ոչ թեՙ պատասխան: Ի վերջո չի կարելի ասել, որ Ամերիկա գնացածներն այստեղ ոչ մեկին չէին սիրում-պաշտում, ոչ մեկին կամ ոչ մի բան: Օրինակ, Ձախ Հարութը այստեղ պաշտում է Երեւանը, նամանավանդ գիշերով, իսկ, ենթադրենք, Արմենչիկըՙ հատկապես սիրում է հայկական արտադրության պեչենիները, բայց դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ չգնալու համար սիրելը, անգամՙ պաշտելը քիչ է:
Ուրիշ բան է պետք գնալու դեմն առնելու համար, եթե, իհարկե մենք ուզում ենք դրա դեմն առնել, ոչ թե հայերեն-անգլերեն բառարանը թեւներիս տակ հերթ ենք կանգնել ԱՄՆ դեսպանատան դիմաց: Իմ կարծիքով այդ բանը կոչվում է ամերիկացիություն: Բանն այն է, որ ամերիկացի, օրինակՙ Ջեքը, իր օրը, եթե անգամ պլանավորում է, ապա այսպեսՙ առավոտյան աշխատանքի, հետոՙ երեխաներին բերել տուն, հետո գնալ խանութ (եթե շաբաթ-կիրակի է), հետո շան հետ երեկոյան զբոսանք, հետո ընկերների հետ հավաքույթՙ որեւէ բարում (եթե ուրբաթ, շաբաթ, կիրակի է): Տարբերությունն զգացի՞ք: Այսինքն ամերիկացիՙ ենթադրենք Ջեքը, որ, ի դեպ, 40 տարեկան հասուն տղամարդ է, անգամ կին ունիՙ Ամանդան, ով մասնագիտությամբ մանկական հոգեբան է եւ աշխատում է տեղի մանկապարտեզներից մեկում, իր ողջ օրվա ընթացքում չի մտածում, թե բա լավ, եթե Թրամփն անցնի, ես ի՞նչ պիտի անեմ, բա կարողա՞ Ամանդային գործից հանեն: Առավոտյան աշխատանքի գնալիս նա իր մեքենայի ռադիոյի ձայնը չի կտրում, քանի որ ոչ թե ամերիկյան Սենատի նիստի մասին թողարկումն է լսում, որտեղ սենատոր Ռոբերթսը սենատոր Մարտինեսին սրիկա է անվանում, իսկ վերջինս էլ շիշը ուղարկում է Ռոբերթսի գլխին, բանավոր անշուշտ, այլ Ջո Քոքերի երգերից մեկն է լսում եւ հիշում այն օրը, երբ առաջին անգամ տեսավ Ամանդային, եւ երգեց «Դու այնքան գեղեցիկ ես ինձ համար» երգը, մտքում անշուշտ, քանի որ ոչ ինքը, ոչ էլ Ամանդան ագռավներ չեն սիրում: Երեխաներին տուն բերելիս էլ Ջեքը ոչ թե հանում է սիգարետն ու վառելով այնՙ որդուն խրատում, որ եթե մի անգամ ձեռքդ սիգարետ տեսնեմՙ գլուխդ կկտրեմ, զուգահեռ էլ երեխաներին սաստում, որ ծպտում չհանեն, քանի որ ինքը կնոջՙ Հայկուշի հետ է խոսում եւ նզովում վերջինիս, որ այդ օրը ինքն է ստիպված երեխաներին տուն բերել, քանի որ այդ ընթացքում ինքը չորս «պասաժիռ» հաստատ կորցրեց, ինչը հիմա, մանավանդ, երբ Yandex տաքսին հայտնվել է, առնվազն անմտություն է, այլ զրուցում է իր երեխաների հետ: Օրինակՙ պարզում, թե նրանք այդ օրը ի՞նչ են ստացել, ի՞նչ են արել, ո՞ւմ եւ, ինչն ավելի կարեւոր է, ի՞նչ սիրեցին, կողքի դպրոցի հետ բեյսբոլի խաղն ինչպե՞ս ավարտվեց, գոլ խփեցի՞ն,… Ու անկախ նրանից, թե գոլ խփողների մեջ իր երեխաների անունները կան, թե ոչ, հայտնում է նրանց, որ երեկոյան բոլորով գնալու են քաղաքի այգիներից մեկըՙ մարզվելու: Եւ վերջապես, ընկերների հետ հավաքույթի ժամանակ Ջեքը չի մտածում, թե ում որքան քցեն էլի, կամ, եթե Մերուժն իրենց քցի ու փողը չտա, իրենք Մերուժի հորեղբոր տղայինՙ Վարդանին ի՞նչ անեն, այլ մտածում էՙ խմելու մասին, ավելինՙ խմածի բաղադրության մասին, համեմատելով այն երեկ խմած իսկական շոտլանդական վիսկու հետ, որն այսօր պարզվեցՙ իսկական շոտլանդական վիսկի չէր, քանի որ այսօր են նրանք իսկական շոտլանդական վիսկի խմում: Խմելը վնասակա՞ր է, իհարկե վնասակար է, բայց տվայտվելը, ազգի բոլոր ցավերն իր վրա վերցնելը, աջ ձեռքումՙ պետության ղեկավարման ղեկը, ձախումՙ հարեւանի կնոջ… ձեռքը բռնելը, եւ ով մեզ հետ չէՙ սրիկա չէ գոռալը, իմ կարծիքով վնասակար չէ, քանի որ տեղում սպանում է:
Ուրեմն մեզ Ջեք է հարկավոր, կարող է լինել Ջեք Դենիելս, բայց ավելի լավ է, որ լինեն շատ Ջեքեր, որոնք ամեն առավոտ աշխատանքի են գնում, կեսօրին երեխաներին տուն են բերում, երեկոյան շան հետ զբոսանքի են գնում, ընկերներին են հանդիպում, Քոքեր են լսում, խմում են, գիտեն, թե ինչ են խմում եւ որը պակաս կարեւոր չէՙ որքան են խմում, եւ այդ ողջ ընթացքում երկիր են կառուցում, ոչ թե խոսում են երկիր կառուցելու մասին:
Կարծո՞ւմ եք Մհեր Մկրտչյանը կկարողանա՞ր խաղալ այսՙ Ջեքի դերը: Կարծում եմՙ կկարողանար, ավելինՙ եթե նման ֆիլմ նկարվեր ու իրեն Ջեքի դերը չտային, ինքը կպահանջեր ու կստանար այդ դերը: