Իսկապես ռոմանտիկ ազգ ենք: Պատմական այսքան երկար ճանապարհ անցնելուց հետո, անօրինակ այսպիսի փորձությունների, տառապանքների, հուսախաբությունների միջով գոյատեւելուց եւ սխրալի ջանքերով փրկվելուց հետո, միջազգային հարաբերություններում դեռեւս մնում ենք նույն ռոմանտիկը, նույն երազողը, հետեւաբար նաեւՙ միեւնույն երազախաբը…
Երկու օր առաջ, հուլիսի 5-ին, Իսրայելի խորհրդարանում բեմադրված (այս էլ քանիերորդ անգամ) սցենարը, պատգամավորների 80 տոկոսի բացակայությունը մեկուկես տարի առաջ հետաձգված նիստից, նախատեսված քննարկումների փոխարեն սրտառո՜ւչ ելույթներով բավարարվելը, քննարկումները նախաձեռնող «Մերեց» կուսակցության ղեկավար Ջահակա Գալոնիՙ «հավելյալ աղմուկ» չհանելու հորդորը սաղիմահայ համայնքին, խոր հուսախաբության մատնեց մեր ժողովրդին Հայաստանում թե Սփյուռքում: Պատճառը շատ պարզ էրՙ չպատճառաբանված հուսադրո՛ւմը, որը նման պարագաներում սկիզբն է հուսախաբության: Շատերին թվում էր, որ աշխարհի շուրջ 20 երկրների կողմից ճանաչում ստացած Ցեղասպանությունը, մանավանդ Բունդեստագիՙ Գերմանիայի մեղսակցության փաստի ընդունումից եւ Հռոմի պապի կրկնակի հայտարարություններից հետո, Իսրայելը, որպես ցեղասպանության ենթարկված ժողովրդի պետություն, այս անգամ անկասկած միանալու է ճանաչած երկրների ցանկին:
Թերեւս այս լավատեսության հիմքում կար նաեւ այն անուրանալի փաստը, որ Հայոց ցեղասպանության լավագույն մասնագետների շարքում կան Իսրայել Չառնիի եւ Յաիր Աուրոնի նման հեղինակություններ, որոնք, հրեա այլ մտավորականների հետ, տարիներ շարունակ բոլոր պետություններից եւ առաջին հերթին Իսրայելից պահանջել են ճանաչել Ցեղասպանությունը: Այդ ճանաչումը, ինչպես գրել էր Յաիր Աուրոնը հունիսի 28-ին, ոչ թե Թուրքիայի նկատմամբ բարեկամության կամ թշնամանքի արտահայտությունն էր լինելու, այլՙ Իսրայելի բարոյական պատասխանատվության ապացույցը:
Այսուհանդերձ, հենց նույն հեղինակը, Քնեսեթի նիստից դեռեւս 8 օր առաջ նախատեսել էր բանաձեւի տապալումը, հաշվի առնելով Թուրքիայի հետ իր երկրի նորից հաշտվելու փաստը, ինչպես նաեւ կառավարության ու հատկապես արտգործնախարարության հետեւողական ջանքերը թույլ չտալու Հայոց ցեղասպանության շուրջ հանրային լսումներ եւ հատկապես խորհրդարանական քննարկում:
Դա ապացուցվեց նաեւ այս անգամ: Իսրայելական եւ ընդհանրապես հրեական մամուլը, բացի «Հաարեցից», ոչինչ չգրեց հուլիսի 5-ի լսումների տապալման եւ դրանք անորոշ ժամանակով հետաձգելու որոշման մասին: Այդպիսիՙ գրեթե համատարած լռությունը միայն պետական «խմբավարությամբ» եւ հասարակական համաձայնությամբ է լինում: Ու սակայն, այդ փաստը եւս մեկ անգամ ապացուցում է, որ աշխարհի որոշ երկրներ, եւ դրանց մեջՙ ցեղասպանված ժողովրդի երկիր Իսրայելը, արդարության համար երբեք չեն վնասի իրենց շահերը: Մանավանդ պատմական ճշմարտության համար չեն զոհաբերի որեւէ բան, հատկապես երբ չկա ներքին որեւէ ճնշում, պահանջ: Իսրայելի պարագայում, այդ ճնշումը կամ պահանջը բացակայում էր առնվազն 80 տոկոսով…
Հետեւաբար այս եւ նման պարագաներում ավելորդ են մեր հուզումները, ընդվզումները, անգամ քննարկումները, թե արդյոք հրեա ժողովուրդը նաեւ ա՛յս հարցո՞ւմ է տառապում բացառիկության ախտանիշով:
Կարո՞ղ ենք իրավիճակը փոխել. ի՞նչպես, ինչո՞վ, ե՞րբ: Սա՛ պիտի լինի մեր խնդիրը:
Մնացյալը, իսկապես, ռոմանտիզմ է, որը հրաշալի բան է