Հետեւություններ անհաջող հեղաշրջումից հետո
Թուրքիայում ձախողված հեղաշրջումը մեծ հետաքրքրություն է առաջացրել նամանավանդ Մերձավոր Արեւելքում: Լիբանանյան «Աս-Սաֆիր» թերթը այն անվանում է «տարածաշրջանային քաղաքական երկրաշարժ», քանի որ Թուրքիայում իրադարձությունների հետագա զարգացումից է կախված տարածաշրջանային անվտանգության փխրուն համակարգի գոյատեւումը կամ փլուզումը: Անշուշտ, փորձագետները դեռ պետք է մանրակրկիտ վերլուծեն բոլոր գործոնները, բայց արդեն իսկ հնարավոր է կատարել որոշ նախնական հետեւություններ, ինչը կարեւոր է նոր իրավիճակի գնահատման համար:
Առաջին հետեւություն: Թուրքիայի պատմության մեջ շատ են զինվորական հեղաշրջումները: Զինվորականները միշտ ամուր պահել են իշխանությունը եւ քանիցս հաջող հեղաշրջումներ են արել: Հուլիսի լույս 16-ի անհաջող հեղաշրջումը «անսովոր» է հետեւյալ պատճառներով. ա) նախորդ հեղաշրջումների ժամանակ բանակը հանդես էր գալիս որպես միասնական ուժ, հակադրվելով երկիրը մերթ դեպի ձախ, մերթ էլ դեպի իսլամիզմ տանող եւ քեմալիզմից հեռացող իշխանություններին: Այս անգամ բանակը պառակտված է եւ, շվեդ փորձագետ Պոնտուս Վալլինի կարծիքով, իշխանությունները «լիովին չեն վերահսկում զինված ուժերը, իսկ սպայակազմը պառակտված է», բ) տարօրինակն այն է, որ ո՛չ խռովարարների, ո՛չ էլ Էրդողանի հաղթանակը երկրում չի երաշխավորի ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքների պահպանությունը:
Երկրորդ հետեւություն: Հեղաշրջման փորձը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Թուրքիան խրված է հարեւան Սիրիայում եւ Իրաքում ծավալված պատերազմների մեջ, իսկ երկրի հարավ-արեւելքում առկա է զինված դիմակայություն քրդերի հետ: Ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ նման տարրերի զուգորդություն անցյալում չի եղել: Աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենիՙ այսպես կոչված «մեղմ իսլամի» կողմնակցի «Հիզմեթ» շարժման հետեւորդներին ահաբեկիչներ անվանելովՙ Էրդողանը միաժամանակ «Իսլամական պետության» գրոհայիններին թույլատրում էր ազատորեն հատել թուրք-սիրիական սահմանը, բջիջներ ստեղծել Թուրքիայում, մինչեւ որ երկիրն ինքը ենթարկվեց համակարգային ահաբեկչական գրոհի:
Ֆոնային բնութագրի գծերից մեկն էլ այն է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձը հաջորդեց ֆրանսիական Նիսի ահաբեկությանը եւ տեղի ունեցավ Վ. Պուտինի եւ Ս. Լավրովի հետ Ջ. Քերրիի մոսկովյան հանդիպման ժամանակ: «Նյու Յորք թայմս» թերթը հաղորդեց, որ այդ ժամանակ «քննարկվում էր ռազմական համագործակցության ընդլայնման համաձայնագրի նախագիծ, որի շրջանակներում առաջին անգամ կհամակարգվեն Սիրիայում ամերիկյան եւ ռուսական օդուժի գրոհները «Իսլամական պետության» եւ «Ալ-Ղաիդային» հարած «Ան-Նուսրա ճակատ» խմբավորման դիրքերի վրա»:
Սիրիացի ապստամբների վրա հենվելու Թուրքիայի փորձերը ձախողում կրեցին, իսկ սիրիացի քրդերի աշխարհազորը նորանոր տարածքներ է նվաճում թուրք-սիրիական սահմանի երկայնքով, ընդգծում է REGNUM գործակալության վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:
Երրորդ հետեւություն: Անկարայի իշխանություններն ազդարարում են «նոր Թուրքիայի Հանրապետության ծնունդը», բայց Էրդողանին հասցվել է քաղաքական ծանր հարված, եւ հետայսու նա իր իշխանությունը կամրապնդի միայն «բանակն ու հասարակությունը գյուլենիզմից մաքրելու» պատրվակով քաղաքական հետապնդումներ իրականացնելու միջոցով: Այլ պայմաններում նա կարող էր հասնել իր նպատակինՙ կառավարման նախագահական համակարգի հաստատմանը, սակայն զինված ուժերն այժմ թուլացած են, ինչը կարող է խորացնել երկրի փլուզման գործընթացները կամ այն դասել Իրաքի եւ Սիրիայի հետ միեւնույն շարքում: Եթե Էրդողանը դա չկանգնեցնի, ապա վաղ թե ուշ իրեն այնուամենայնիվ կտապալեն: Քաղաքական ուժգին հարված է հասցված նաեւ նրա «Արդարության եւ զարգացման կուսակցության» վարկին: Էրդողանը փաստորեն հրահրեց հեղաշրջում եւ գցեց երկրի միջազգային վարկը, զինված դիմակայության մեջ դնելով հասարակության տարբեր խավերին, ինչպես նաեւ ի չիք դարձրեց խաղաղ երկխոսությունը քրդերի հետ, որոնց գործողություններից այսօր Թուրքիայում շատ բան է կախված: Սիրիայում քրդերի ուժեղացումից հետո Թուրքիան ստիպված կլինի քրդական հարցը լուծել իր տարածքում, բայցՙ ոչ իր սցենարով, ընդգծում է Տարասովը:
Չորրորդ հետեւություն: Հեղաշրջման փորձը տեղի ունեցավ այն պահին, երբ միջազգային ասպարեզում մեկուսացած Էրդողանը նոր-նոր սկսել էր կարգավորել հարաբերությունները Իսրայելի եւ Ռուսաստանի հետ, ընդսմին նվազեցնելով տեսանելի ապագայում Եվրոմիությանը հարելու հնարավորությունները:
Ըստ երեւույթին, այս հանգամանքը եւս գործելու առիթ տվեց Էրդողանի հակառակորդներին: Արեւմուտքի հրատարակություններից մեկի գնահատմամբՙ Թուրքիային տանում էին եւ նա ինքն էր գնում դեպի քաղաքացիական պատերազմ, թեեւ վերջինս քողարկված ձեւով միշտ առկա է եղել կրոնական, էթնիկական, հանրապետական եւ ժողովրդավարական ոլորտներում: Հեղաշրջման փորձը այդ դեպքերի բարձրակետն է: Բայց որքան էլ հակաժողովրդավարական լինի իշխանությունը, հեղաշրջումը հակաժողովրդավարության գագաթնակետն է: