Հեղինակի ջերմ մակագրությամբ վերջերս ստացա մերօրյա սփյուռքահայ ժրաջան ուսումնասիրող, իմ լավագույն բարեկամ Հակոբ Վարդիվառյանի «Մեծ երազի ճամբուն ուղեւորները եւ համապարփակ պատմութիւն Ռամկավար ազատական կուսակցութեան» Բ հատորը: Այն նվիրված է ՌԱԿ-ը գոյացնող Վերակազմյալ Հնչակյան ու Ազատական կուսակցությունների եւ Գաղափարակցական ու Հայ ազգային ազատական միությունների պատմության լուսաբանմանը:
Ասեմ, որ հատորն իր տարողությամբ ու արծարծված խնդիրներով իսկապես սպասված էր ու խիստ անհրաժեշտ: Այնպես որ, շտապում եմ իմ` հետազոտող-ընթերցողիս անունից գորովալից շնորհակալությունս հայտնել հեղինակին կատարած այսքան ծավալուն, սրտացավ ու բարեխիղճ գործի համար: Աշխատանք, որն առանց չափազանցելու կարող է պատիվ բերել մեծ հեղինակային խմբի եւ արժանի է ամենայն դրվատանքի: Տողերիս հեղինակն էլ պատմաբան է եւ մեկ անգամ չէ, որ անցել է փաստեր ու վկայություններ հայհայթելու ծանր ու դժվարին փորձությունների բովով, տեղյակ է, թե ինչ մեծ ջանքեր են պահանջվում փաստահեղեների միջից զատել կարեւորները եւ ամփոփ խոսք ասել: Այնպես որ, պատկերացնում եմ, թե բիզնես-աշխատանքով մշտապես ծանրաբեռնված ու բազմազբաղ բարեկամս որքան գիշերներ է լուսացրել գրասեղանի առջեւ…
Թեեւ այդ մասին հեղինակը ոչինչ չի ասում, սակայն միանգամայն պատճառաբանված է, որ աշխատության Վերակազմյալ Հնչակյան կուսակցության պատմության լուսաբանմանը նվիրված Ա բաժինը բացվում է «Հայերն Ամերիկայի մեջ» ենթաբաժնով: Քանի որ 1880-ական թվականներից «ի խնդիր հացի ու ազատութեան» եւ հատկապես «1896ի կոտորածները, որ գաղթականներու հսկայ ալիք մը նետած էին Ատլանտեանի այս ափերուն վրայ», դարձավ այն հենքն ու մարդկային շտեմարանը, որ մեր ժողովրդին նվիրեց վերակազմյալների փառավոր կոհորտան: Նվիրյալների մի ողջ սերունդ, որն իր ժողովրդի ու հայրենիքի ազատության սուրբ գործի համար նվիրաբերեց ամեն ինչ եւ իր սխալներով ու թերացումներով հանդերձ, մշտապես մնաց պայքարի առաջին գծում:
Վերակազմյալների պատմության լուսաբանումն իրավացիորեն սկսելով Հնչակյան կուսակցության հիմնադրումից եւ ներկայացնելով նրանց ծրագիրը` հեղինակը միանգամայն ճիշտ դիտարկում է կատարում գրելով, որ դրա լեզուն «արեւելահայերէնի ու արեւմտահայերէնի խառնուրդ» էր եւ այդ երկվությունը դրսեւորվում էր նաեւ նրա գաղափարախոսության մեջ: Կարեւոր հանգամանք, որն էլ հետագայում հիմք դարձավ կուսակցության տարբեր հատվածների բաժանման համար, որի արդյունքում էլ ստեղծվեց Վերակազմյալ Հնչակյան կուսակցությունը: Երկու թեւն էլ ուներ մեկ հիմնական նպատակ` ազատագրել հայ ժողովրդին թուրքական գեհենից, տարաձայնություններն այդ բաղձալի նպատակին հասնելու միջոցների մեջ էին: Վերակազմյալները, որոնք բացառապես արեւմտահայեր էին, «կը կազմէին իրաւ մտավորականութիւնը Հնչակեան կուսակցութեան», լավ գիտեին երկիրն ու օսմանյան իշխանությունների հայատյաց էությունը, նրանցից շատերն իրենց մաշկի վրա էին զգացել այդ բռնապետության հարվածները, ժամանակավրեպ էին համարում ու մերժում էին Հին կամ նազարբեկյանական հնչակյանների որդեգրած սոցիալիզմի վարդապետությունը եւ ավելի իրատեսական միջոցներ էին առաջարկում: Իսկ ամերիկահայերի զգալի մասը, որ նոր-նոր էր գաղթել երկրից ու մտահոգ էր սեփական ժողովրդի ճակատագրով, դարձան հավատավոր վերակազմյալներ. «Կուսակցութեան Ամերիկայի շրջանակը Վերակազմեալներու խմորման հնոցն էր» (Էջ 63):
Իր առջեւ դրված խնդիրն ամբողջական ներկայացնելու անհրաժեշտության գիտակցումից ելնելով հեղինակը բավականին հանգամանալից շարադրել է ամերիկահայ գաղթօջախի ձեւավորման պատմությունը, մասնավորապես 19-րդ դարի 80-ական թվականներից սկսված հայերի զանգվածային ներգաղթի գործընթացի պայմաններում: Ընդգծելով Ուստրի` որպես ԱՄՆ-ում առաջին հայակենտրոն քաղաքի, Բոստոնի`որպես հայ քաղաքական մտքի օրրանի եւ մեր բոլոր կուսակցությունների կենտրոնատեղիի կարեւոր դերակատարություններին, Հ. Վարդիվառյանն անդրադարձներ է կատարել նաեւ վերակազմյալ մամուլին ու դրա երախտավորներին, «Մեծ Երազի ճամբուն համբուրելի ուղեւորներուն» կենսագրություններին զուգընթաց ներկայացրել կարեւոր բոլոր իրադարձությունները: Հետաքրքրական է, որ առերեւույթ հեղինակը ներկայանում է պարզ արձանագրողի դերում, սակայն իրականում դիպուկ, տեղին ու հստակ բնորոշումներով արտահայտում է իր մոտեցումներն ու տեսակետները թե՛ իրադարձությունների ու փաստերի եւ թե՛ գործիչների վերաբերյալ: Իսկ շատ դեպքերում նրբանկատորեն դա արել է աննկատ, տողարանքներում:
Անկասկած, Հ. Վարդիվառյանի կարեւոր ներդրում կարելի է համարել նաեւ այն, որ մանրամասն ու փաստարկված ներկայացնում է վերակազմյալների երկփեղկման գործընթացն ու բացահայտում դրա խորքային պատճառները: Իրողություն, որ ցայսօր այնքան էլ հստակեցված չէր հայ պատմագիտության մեջ: «Դժբախտաբար, Վերակազմեալ Հնչակեան կուսակցութեան մէջ ալ կը սկսի յառաջանալ պառակտում ծայրայեղ յեղափոխականներուն պատճառով, գրում է հեղինակը, որուն գլուխն էր Ալեքսան (Վահէ) Արզուեան, յեղափոխութեան համար ամէն միջոց ներելի եւ գործադրելի կը դաւանէր» եւ «Չափաւորականներ Տամատեանի գլխաւորութեամբ կը դաւանէին, թէ կայ սահման մը, որմէ անդին չի կրնար անցնիլ յեղափոխութիւնը» (Էջ 82): Այնուհետեւ շարունակելով իր պարզաբանումները Հ. Վարդիվառյանը շեշտում է, որ հնչակյանների ու վերակազմյալների տարբեր հատվածների միջեւ հակասություններն այն աստիճան սրվեցին, որ վերաճեցին եղբայրասպանության, որին զոհ գնացին մի շարք պայծառ դեմքեր, ինչպիսիք էին Ա. Արփիարյանը, Գ. Չիթեճյանը եւ ուրիշներ:
«Ականաւոր Վերակազմեալներ»-ն, անկասկած, սույն աշխատության շահեկան ենթաբաժիններից է: Եթե կուսակցության հիմնադրման, բաժանում-միացումների իրողություններն այս կամ այն չափով հայ պատմագիտության մեջ պարզաբանված են, ապա նշանավոր վերակազմյալների փաղանգի ներկայացումը բոլորովին նորույթ է եւ հիրավի գնահատելի փաստ: Այստեղ ամբողջական գույներով ներկայանում են վերակազմյալ նշանավոր շատ գործիչներ: Առավել մանրամասն ներկայացված է Վահե Արզույանը, ում մասին շատ փաստեր առաջին անգամ են դառնում ընթերցողի սեփականությունը: Հետաքրքրական է, որ ներկայացնելով Արզույանին, հեղինակը չժխտելով նրա ծայրահեղական նկրտումները, փորձում է դրանք բացատրել ազատագրական պայքարին օգտակար լինելու անհրաժեշտությամբ: Ընդհանուր առմամբ սա թերեւս առաջին անգամ է, որ Արզույանն ավելի շատ բնութագրվում է դրական գույներով:
Հեղափոխական երկրորդ սերնդի ներկայացուցիչ Հրաչ Երվանդը եւս ներկայացվում է դրական բնութագրումներով: Հեղինակը համարելով նրան «ՌԱԿ-ի միութեան դայեակներէն մին» (Էջ 145) նշում է, որ «Կուսակցութիւնը անոր համար երբեք նպատակ չեղաւ, այլ միջոց մը միայն ազգային վսեմ նպատակներու իրականացման համար, նա եղաւ ու մնաց կորովի հրապարակագիրը, մնաց մեծ իտէալիստը, միաժամանակ` իրապաշտը», նա դարձավ «ամբողջ սփյուռքահայութեան գաղափարական տեսաբանը` վերապրումի՛ նշանաբանով, նոր պատմութի՛ւն կերտելու վճռականութեամբ» (Էջ 151):
Այս բաժնում հառնում է նաեւ կամավորական շարժման գործուն մասնակից, ամենադժվարին պահերին սեփական ժողովրդի կողքին ու նրա համար գործած Ջիմ Չանգալյանի անզուգական կերպարը: Հեղինակը նորահայտ փաստերով ներկայացնում է նրա ու Արմենակ Եկարյանի ազգօգուտ գործողությունները Վանի գաղթի, այնուհետեւ Ադանայի ցավալի իրադարձությունների ընթացքում: «Հեռաւոր Երկիր», «Տալւորիկ» հայրենասիրական երգերի հեղինակ, «ազգային պատմութեան ամենէն հետաքրքրաշարժ դեմքերէն» (Էջ 215) Անտոն Ռշտունին, «Հայոց իրաւունքների անխոնջ փրոփականտիչ» Միհրան Սվազլը, հայ գրի բծախնդիր ու խստապահանջ մտավորական, «Ուխտուածները» շահեկան շարքի հեղինակ Պետրոս Տեփոյանը եւ այլք: Անդրադարձ կա նաեւ վերակազմյալ մամուլին ու դրա երախտավորներին:
Գաղափարակցական միությանը նվիրված բաժնում հեղինակն իրավացիորեն ցավ է հայտնում, որ բացի ծրագրից իրեն չի հաջողվել որեւէ այլ փաստաթուղթ գտնել այս միության մասին, այնուհետեւ ականավոր գաղափարակցականներից ներկայացնում Հ. Խուշպուլյանին եւ Ա. Շիտանյանին: Նկատենք, որ չէր էլ կարող գտնել, քանի որ այդ միությունը դեռ նոր-նոր էր ստեղծվել, իսկ Եգիպտոսում միավորման բանակցություններ սկսվեցին, որոնց արդյունքում ստեղծվեց Հայ Սահմանադրական ռամկավար կուսակցությունը, որին էլ մաս կազմեց Գաղափարակցական միությունը:
Հատորի հաջորդ բաժինը նվիրված է Ազատական կուսակցությանը, որն, ինչպես հայտնի է, ձեւավորվեց վերակազմյալների երփեղկման արդյունքում` նրա արմատական թեւը ներկայացնող գործիչների կողմից: Այս կուսակցության քաղաքական նպատակ էր հայտարարվում իրականացնել բացարձակ ու ամբողջական «ազատագրութիւնը Հայուն սեփական Հայրենիքին` իր պատմական ընդարձակագոյն սահմաններուն մէջ, ԱՆԿԱԽ ու ԱՆԲԱԺԱՆ կազմով եւ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ կառավարութեամբ» (ընդգծումները բնագրինն են, Էջ 295):
Հայ Ազգային Ազատական միությանը նվիված բաժնում հեղինակը թարմ գույներով ներկայացնում է այս միության ստեղծման պատճառներն ու դրա խաղացած կարեւորագույն դերակատարությունը ՌԱ կուսակցության հիմնադրման գործում: Նշենք, որ հեղինակի կողմից նշանակալի ներդրում է ականավոր միութենականների մասին ենթաբաժինը: Քանի որ այստեղ նորույթն ավելի շատ է եւ ընթերցողի ու մասնագետների համար անշուշտ ավելի պահանջված: Եթե ռամկավար որոշ գործիչներ, ինչպիսին էր օրինակ Արշակ Չոպանյանը, ծանոթ ու գնահատված է ողջ հայ ժողովրդի կողմից, ապա նրանցից շատերը հայտնի են միայն նեղ միջավայրում, ուստի նրանց մասին այս շարադրանքն անշուշտ դրական արձագանքների կարժանանա:
Նշենք, որ աշխատանքում տեղ են գտել որոշ թերություններ, հատկապես շատ են անհարկի կրկնությունները: Աշխատության տարբեր բաժիններում երբեմն հանդիպում են նույնական հատվածներ, ինչպես օրինակ` 93, 99, 125, 228, 284, 352 էջերում, գործիչներին թվարկելիս մի դեպքում անուն-ազգանունն ամբողջական է գրվում, մի այլ դեպքում անվան միայն սկզբնատառը (Էջ 33) եւ այլն, որոնք այսպիսի մեծածավալ ուսումնասիրության համար միանգամայն անխուսափելի են եւ ամենեւին չեն ստվերում կատարված այն ահռելի հետազոտական եւ հավաքչական աշխատանքը, որն այնքան ջանասիրությամբ հանձն է առել հեղինակը:
Վստահ եմ, որ այս հատորը եւս սպասված էր: Կանցնի որոշ ժամանակ եւ այն փնտրելի կդառնա հայոց եւ հատկապես հայ ավանդական կուսակցությունների պատմությամբ հետաքրքրվողների համար: Հատորը գալիս է լրացնելու այն բացը, որը միշտ առկա է եղել ՌԱԿ եւ այն բաղկացնող կազմակերպությունների պատմության պարագայում: Ավելացնեմ, որ սա հաջողված եւ փաստառատ ուսումնասիրություն է, որն ապագայում հիմք կդառնա նոր ու նորովի հետազոտությունների համար:
Եվս մեկ անգամ շնորհակալություն այսպիսի բեղուն, տքնաջան ու բարեխիղճ աշխատանքի համար, եւ ինչպես նման դեպքերում են ասում` վարձքդ կատար:
Երեւան