2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած հաղթանակի տոնահանդեսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամբիոնի վրա որպես հերոս էր կանգնած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողքին, մինչ ոգեկոչում էր Հայոց ցեղասպանությունը ծրագրողներից մեկի` Էնվեր փաշայի հիշատակը, հայտարարելով` «Մենք այստեղ ենք իրականացնելու մեր նախնիների երազանքը», որ նշանակում էր իր տրամաբանական ավարտին հասցնել հարյուրամյա վաղեմության ցեղասպանական քաղաքականությունը:
Այսօր Էրդողանը ցանկանում է իրեն տարբեր կերպ դրսեւորել, ընդունելով խաղաղարարի ավելի բարյացակամ տեսքը: Նրա մոտիկ ընկերները նույնիսկ առաջարկել են իրեն առաջադրել խաղաղության Նոբելյան մրցանակի: Մի՞թե Էրդողանը զղջացել է արյունահեղ գործունեություն վարելու համար եւ մեղքերին թողություն է հայցում: Իհարկե` ոչ: Պատասխանը ավելի ճիշտ կլինի որոնել առաջիկայում Թուրքիայում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մեջ, որոնք նախատեսված են տեղի ունենալ հունիսի 18-ին, բայց շշուկներ կան, որ թվականը կարող է փոխվել, որպեսզի առավել հարմար լինի գործող նախագահի համար:
Հակառակ արտաքին տպավորություններին, Էրդողանը այնպիսի պետական գործիչներից չէ, որ պատահական է հարվածում: Նրա գործողությունները խստորեն հաշվարկված են եւ հեռահար նպատակներ են հետապնդում: Մինչ օրս նա կարողացել է իր ցանցը հյուսել միջազգային քաղաքականության մեջ: Իր իշխանության օրոք նա կարողացել է իր պատկերացմամբ ձեւավորել Թուրքիայի քաղաքական կյանքն ու նպատակ ունի մի տասնամյակ եւս երկարացնել իր վերահսկողությունը այդ բնագավառում:
Սակայն սպասվող ընտրությունները բազմաթիվ մարտահրավերներ են նետում իր եւ իր երկրի առջեւ: Հասարակության շրջանում անցկացված հարցումների տվյալներով, եթե ընտրություններն այսօր կայանան, Էրդողանը չի կարող հաղթական դուրս գալ:
Էրդողանը ցանկանում է 2023 թվականը դարձնել տոնախմբությունների տարի` նշելով Աթաթուրքի հիմնած Թուրքիայի հանրապետության հարյուրամյակը եւ իրեն հռչակելով նրա ժառանգորդը, կամ ավելի ճիշտ` երկրորդ Սուլթան Սուլեյման հրաշագործը: Նա մտադիր է իրականացնել խոշոր ծրագրեր, որոնց թվում են Դարդանելի վրա 2-րդ ջրանցքի կառուցումը, Ակքոյում ատոմակայանի կառուցումը եւ նման շատ այլ խոշոր նախագծեր:
Վերընտրության հարցում իր առաջ ծառացած մարտահրավերներից մեկը մարդու իրավունքների հարցում իր չափազանց ցածր ցուցանիշն է, իսկ մյուսը` երկրի մահամերձ տնտեսությունն ու օրեցօր աճող փողի արժեզրկումը, որն ըստ Ռոյթեր գործակալության՝ 42 տոկոս է կազմում, լճացած ՀՆԱ-ի պայմաններում: Երրորդ կարեւոր մարտահրավերը տարածաշրջանի հարեւան երկրների եւ աշխարհի գերտերությունների հետ ունեցած իր խնդրահարույց հարաբերություններն են: Այդ պատճառով էլ Էրդողանն այժմ փորձում է բարելավել իր հեղինակությունը:
Մի քանի ամիս առաջ Թուրքիայի տնտեսությունը անկումային վիճակում էր (80 տոկոս արժեզրկման պայմաններում), բայց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգնության հասավ` ի պատասխան Էրդողանի մատուցած ծառայությունների: Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որոշեց չմիանալ Ռուսաստանի դեմ ուղղված Արեւմուտքի պատժամիջոցներին եւ դրա համար վարձատրվեց ուկրաինական ցորեն ստանալու եւ որպես գազի գլխավոր մատակարար հանդես գալու Ռուսաստանի հետ կնքած պայմանագրերով:
Թուրքիան աշխատում է հարթել լարվածությունները իր միջազգային հարաբերություններում: Արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Վաշինգտոն էր այցելել հունվարի 17-ին` լուծելու իր երկրի առկախ խնդիրները Մ. Նահանգների հետ (չնայած ըստ Bloomberg-ում հրապարակված հոդվածի՝ արեւմտյան երկրներից շատերն են արդեն ցանկանում հեռանալ քաղաքական հրապարակից): Վերադարձին Չավուշօղլուն Մոսկվա է ժամանելու` մասնակցելու արտգործնախարարների եռակողմ բանակցություններին` Ռուսաստանի Սերգեյ Լավրովի եւ Սիրիայի Ֆայսալ Մեքդադի հետ: Նրանք Սիրիայի հետ խաղաղություն կնքելու գործարքն են քննարկելու եւ ծրագիր են մշակելու, որ նախագահներ Էրդողանն ու Բաշար Ասադը` իր գլխավոր թշնամին, հանդիպեն իրար: Մի քանի ամիս առաջ Էրդողանը ծրագրում էր օկուպացնել 30 քառ.կմ տարածք Սիրիայում, բայց Մոսկվան եւ Վաշինգտոնը կտրականապես դեմ արտահայտվեցին: Այժմ խոսքը Սիրիայի հետ հաշտեցման եւ նրա տարածքից թուրքական որոշ զորքերի դուրս բերման մասին է:
Էրդողանի խաղաղության նախաձեռնությունը ազդել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վրա: Փոփոխությունը նախ զգացվեց Թուրքիայի հայ համայնքի կյանքում: Երկար տարիներ Թուրքիայի կառավարությունը չէր թույլատրել հայկական եկեղեցիներին եւ բարեգործական միություններին (վաքըֆներին) ընտրություններ անցկացնել, չնայած որ այդ կազմակերպությունների կամ կառույցների ներկայացուցիչները կա՛մ հրաժարական էին տվել, կա՛մ թոշակի անցել, կա՛մ էլ մահացել էին, եւ ղեկավարությունը թողել էին մի քանի ծերունազարդ անդամների տնօրինությանը: Նոր ընտրություններ անցկացնելու թուրքական կառավարությանն ուղղված նրանց դիմումները անհետ կորել էին թուրքական օրենքների եւ կանոնադրությունների բյուզանդական հորձանուտում: Բայց ազգային ընտրությունների նախօրյակին հանկարծ Արդարադատության գերատեսչությունը թույլ տվեց նրանց անցկացնել ընտրություններ: Դրանք տեղի ունեցան վերջերս:
Կառավարության խիստ վերահսկողությունը հասնում է մինչեւ սեփական ունեցվածքի բռնազավթմանը: Դրանցից մեկը Ստամբուլի Սանասարյան Հան շինությունն է, որը բռնագրավվել էր 1930-ին: 2011-ին Ստամբուլի հայոց պատրիարքարանը իրավական գործընթաց նախաձեռնեց վերատիրանալու համար այդ արժեքավոր կառույցին: Երկար քաշքշուկներից հետո Սահմնադրական դատարանը վերջապես անցյալ դեկտեմբերին, հենց Էրդողանի նախագահական գամբիթի նախօրյակին, որոշեց կառույցը վերահանձնել իր իսկական տերերին` հայկական համայնքին:
Մեկ այլ նշանակալի երեւույթ էր այն, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամները վերջերս այցելել են Հայոց պատրիարքարան, պատրիարքին հրավիրելու մարտի 25-ին կայանալիք Հայաստանի եւ Թուրքիայի ազգային թիմերի հանդիպմանը:
Հայաստանի հետ հարաբերություններում պետական մակարդակով այլ դրական զարգացումներ եւս արձանագրվել են: Հունվարի 6-ին, Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացրեց, որ Թուրքիան վերացրել է ուղիղ ավիափոխադրումների վրա դրված արգելքը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «դրական քայլ» է որակել այդ նախաձեռնությունը:
Հայկական կողմից հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն ու թուրքական կողմից նրա պաշտոնակից` նախկին դեսպան Սերդար Քըլըջը շարունակում են հանդիպումները բարելավելու համար հարաբերությունները երկու երկրների միջեւ: Նրանք անցյալ տարվա ընթացքում չորս անգամ են հանդիպել իրար աշխարհի տարբեր մայրաքաղաքներում: Այժմ նրանք որոշել են հաջորդ հանդիպումները կայացնել Հայաստանում եւ Թուրքիայում: Հետեւանքում նրանք համաձայնության են եկել երկու երկրների սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների առջեւ: Հաղորդվում է, որ տեխնիկական աշխատանքներ կատարվում են բացելու ցամաքային սահմանը, չնայած Էրդողանն այդ քայլին նախապայման է դրել, ասելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նախ ստորագրեն խաղաղության պայմանագիրը: Այնպես է թվում, կարծես Թուրքիան Հայաստանին նեղելու պարտականությունը ժամանակավորապես փոխանցել է Բաքվին, որպեսզի ինքն անմեղ տեսքով հանդես գա համաշխարհային քաղաքական հասարակության առջեւ:
Ոչ մի պատճառ չկա ողջունելու Թուրքիայի դրական քայլերը, որովհետեւ երախտագիտության որեւէ արտահայտություն կարող է քաղաքական գործիք դառնալ նրա ձեռքերում եւ ներկայացվել որպես բարյացակամ վերաբերմունք իր զոհերի հանդեպ:
Այժմ պետք է սպասել եւ տեսնել, թե ի՞նչ են լինելու Էրդողանի հաջորդ քայլերը տարածաշրջանում եւ համաշխարհային քաղաքական դաշտում: Ընտրությունները սարերի ետեւում չեն եւ այս պահին կոալիցիաներ են կազմվում: Էրդողանի երկարամյա մրցակիցը Էքրեմ Իմամօղլուն է, Ստամբուլի մարտնչող քաղաքապետը, որ Ստամբուլի քաղաքապետական ընտրություններում (2019-ին) մրցեց Էրդողանի AK կուսակցության թեկնածուի հետ եւ հաղթեց: Էրդողանը ընտրության արդյունքները չեղյալ համարեց եւ նոր ընտրություններ անցկացրեց 2022-ին: Իմամօղլուն այդ անգամ ավելի մեծ հարաբերությամբ հաղթանակ տարավ: Չնայած նա իր թեկնածությունը չի առաջադրել նախագահական ընտրություններում, սակայն Էրդողանը վախենալով այդ հեռանկարից, ձերբակալել է տվել նրան, մեղավոր ճանաչել եւ երկու տարվա առկախված բանտարկության ենթարկել «կառավարական պաշտոնյաներին վիրավորելու» մեղադրանքի հիման վրա:
Մյուս չհայտարարված թեկնածուն Անկարայի ազդեցիկ քաղաքապետ Մանսուր Յավաշն է: «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) 75-ամյա ղեկավար Քեմալ Քիլիջդարօղլուն վերոնշյալ երկու հնարավոր մրցակիցներին կոչ է արել` «ազատել ճանապարհը, ես եմ լինելու ընդդիմադիր թեկնածուն»:
Ներկայիս Էրդողանի «AKP» կուսակցությունը «Ժողովրդի դաշինք» անվան տակ միավորվել է «Գորշ գայլեր» անունով ծանոթ ծայրահեղ ազգայնական «Ազգային շարժում» կուսակցության (MHP) հետ: Ընդդիմությունը միավորվել է «Սեղան 6 հոգու համար» անվամբ կոալիցիայի շուրջ, որի ամենաբազմանդամ կուսակցությունը Քիլիջդարօղլուի` նախկինում Քեմալիստական կուսակցությունն է: Կոալիցիան կազմող 6 կուսակցությունները իրենց շարքերից դուրս են թողել առաջադիմական «Ժողովրդավարական ժողովուրդի կուսակցությանը» (HDP), որովհետեւ վերջինս քրդամետ հակվածություն ունի: Ի դեպ, խորհրդարանի միակ հայազգի պատգամավոր Կարո Փայլանը այդ կուսակցության անդամ է: Կուսակցության երկու առաջնորդները` Սալահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուսկեդաղը խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկված են եւ արդեն երկար տարիներ բանտարկված են շինծու մեղադրանքների հիման վրա:
Բազմաթիվ մտավորականներ, ակադեմիկոսներ եւ քաղաքագետներ երկարաժամկետ բանտարկությունների են արժանացել եւ սպասում են Էրդողանի դարաշրջանի ավարտին, որպեսզի երկիրը դարձնեն իսկական ժողովրդավարական մի հանրապետություն:
Առաջիկա ընտրությունները կորոշեն, թե նրանք կշարունակե՞ն ազատազրկված մնալ, թե՞ ականատես կլինեն Էրդողանի իշխանության ավարտին:
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. բնագրից թարգմանեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)