Աշխարհի քաղաքականությունը մնում է այնպիսին, որ կարող են անգամ մեկ մարդու իրավունքների խախտման համար մի ամբողջ տերության պատժել, իսկ 120 հազար մարդու դեմ շարունակվող ամենաանմարդկային չարագործությունը «չնկատել»: Այս տխուր եզրակացությանն ես հանգում՝ փորձելով գտնել աշխարհի լրատվամիջոցների արձագանքները Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ տրանսպորտային միջանցքի ադրբեջանական արդեն մեկ ամիսն անցնող շրջափակմանը: Այդ արձագանքները քիչ, բայց կան: Մասնավորապես՝ ռուսական լրատվամիջոցներում:
«Լեռնային Ղարաբաղը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ առանց պարենամթերքի ու գազի»,- դեռ դեկտեմբերի 15-ին գրել է, օրինակ, «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի էլեկտրոնային կայքէջը, հավելելով, թե խաղաղապահներն էլ հայտնվել են «մուրճի ու զնդանի արանքում»: Դեկտեմբերյան այլ հրապարակումների թվում «Վեդոմոստի.ռու»-ն, անդրադառնալով ռուս խաղաղապահների եւ նրանցից սպասելիքների խնդրին, մեջ է բերել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի խոսքերը. «Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքը շրջափակելու վճռական գործողությունները կարող են հանգեցնել արյունահեղության, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ռուս խաղաղապահների անգործության մասին՝ չեն թեթեւացնում Մոսկվայի խնդիրը»:
«Լաչինի միջանցքը փակ է մնում արդեն 31-րդ օրը». այսպես է վերնագրել հունվարի 11-ի իր հրապարակումներից մեկը «Կավկազսկի ուզել» էլեկտրոնային պարբերականը, ներկայացնելով այդ պատճառով ստեղծված իրավիճակը եւ ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդումը, թե խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները միջանցքի ապաշրջափակման համար: Իսկ ահա նույն օրվա մեկ այլ հրապարակման մեջ այս պարբերականը մասնավորապես տեղեկացնում է, թե հունվարի 5-ին Ադրբեջանի արտգործնախարարությունը ՄԱԿ-ի Միջազգային դատարան է ուղարկել հայտարարություն, պահանջելով պարտավորեցնել Հայաստանին՝ տվյալներ ներկայացնել ականների տեղադրման մասին եւ արգելել Լաչինի միջանցքի օգտագործումը «զենքեր տեղափոխելու նպատակով»: Ըստ հրապարակման, ադրբեջանական գերատեսչությունն այդ մասին նաեւ ինչ-որ թվեր է նշել (դրանք բերվել են այդ տեղեկատվությունում, այստեղ հարկ չհամարեցինք կրկնել):
Ճշմարտություն չունեցողի «զենքը» անվերջ կրկնվող սուտն է, երբ այդ ստին ականջ կախող կա: «Եվրասիա դեյլի» մոսկովյան լրատվական գործակալությունը, երկու օր առաջ վկայակոչելով «անդրկովկասյան հանրապետության» նույն օրվա ԶԼՄ հաղորդումները, տեղեկացնում է, թե արդբեջանական հիշյալ գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է. «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետեւանքով հայ բնակչության շրջափակման եւ տարածաշրջանում հումանիտար աղետի առաջացման մասին հայտարարությունները բոլորովին անհիմն են»: ՆԱՏՕ-ում ադրբեջանական ներկայացուցչությունն էլ, նույն գործակալության հաղորդմամբ, Երեւանին է մեղադրել միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի համար, հայտարարելով, թե Հայաստանը հուսահատության է մատնվել՝ Լաչինի միջանցքն իր «անօրինական գործունեության համար օգտագործելու անհնարինության» պատճառով: Եվ իբր Հայաստանն է, ըստ այդ առաքելության թվիթերյան գրառման, բազմաթիվ կեղծ պատմություններ տարածում՝ իրադրությունը խեղաթյուրված ներկայացնելու համար…
Ի՞նչ սպասել, երբ նման եւ այս կարգի այլ պնդումների կնքահայրն այդ երկրի ղեկավարն է: Ռուսական հիշյալ գործակալության վկայությամբ, Իլհամ Ալիեւն անցած երեքշաբթի «անազնիվ» է համարել այն պնդումները, թե Լաչինի ճանապարհին տեղի ունեցողը շրջափակում է:
Նման պաշտոնական հայտարարությունները երեւի պաշտոնական պատասխան են պահանջում…
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ