Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը ձայների 295 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց բանաձեւ , որով դիմում է կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ: Սենատի մոտ հետեւում էինք քննարկումներին այդ լուրը լսելուց ծափողջույններով մեր շնորհակալությունը հայտնեցինք Ֆրանսիայի Սենատին:
Մեր շահերը պաշտպանող սենատորները միացան ցուցարարներիս եւ իրենց ելույթներով կրկին հաստատեցին իրենց դիրքորոշումը:
Նույնը տեղի ունեցավ նոյեմբերի 30-ին, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունեց Ադրբեջանի նկատմամբ պատժանիջոցներ առաջարկող բանաձեւ, որի հիմնական կետերն են
«-Պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից եւ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը
– Կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ ապահովել նրանց վերադարձը հայրենիք
– Առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական եւ տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաեւ կնախատեսեն բռնարգելք կիրառել Ադրբեջանից գազի եւ նավթի ներկրման հարցում
– Վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը եւ առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ
– Առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը»:
Արդեն մեկ ամիս է Արցախը շրջափակման մեջ է:
Այս օրերին համոզվեցինք, որ միայն թղթի վրա ձեւակերպված, բայց օրենքի ուժ չունեցող բանաձեւերի մեր երկիրն այլեւս չպետք է հավատա:
2001թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ շարունակական, ապրիլի 24-ին, Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ ելույթ ունեցած ոչ մի նախագահ հանդես չեկավ հայտարարությամբ, նշելով որ Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը շարունակվում է Արցախում այս անգամ Թուրքիայի եւ Ադրբեջանի հայատյաց սովամահության քաղաքականությամբ:
Հունվարի 10-ին հայ համայնքը Ֆրանսիայի ԱԺ մոտ ներկայացրեց Արցախում տիրող ներկա իրավիճակը, մեր շահերը պաշտպանող պատգամավորներն ու սենատորները իրենց ելույթներով կրկին դատապարտեցին Ալիեւին հատկապես շեշտը դնելով նրա ցեղասպան քաղաքականությանը, սակայն, համոզված եմ, որ այսքանից հետո որեւէ դրական տեղաշարժ չի լինի:
Համայն հայության ջանքերով Հայոց ցեղասպանության հարցը միջազգային բարձր ատյաններում դարձավ օրակարգային հիմնահարց, բազմաթիվ երկրներ ընդունեցին Հայոց ցեղասպանության փաստը, այն համարելով 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունը:
Այդ օրվանից Թուրքիան եւ Ադրբեջանը վարեցին բացարձակ հայատյաց քաղաքականություն: Հիշենք Բաքվի ու Սումգայիթի ջարդերը:
Տարիների հեռվից, երբ փորձում ենք հասկանալ, թե ինչպիսի արյունալի ճանապարհ ենք անցել, մեզ այլեւս չեն ոգեւորում որեւէ երկրի ճանաչում, օրենքի ընդունում կամ դատապարտում, իրականում մենք մենակ ենք եւ մեր հույսը պետք է մեր վրա դնենք:
44-օրյա պատերազմը հինգ հազար երիտասարդի նահատակությամբ ու իր անդառնալի հետեւանքներով ցնցեց համայն հայությանը:
Այդ օրերին, Հայաստան-Արցախ-Սփյուռք ոտքի ելան համայն աշխարհի ուշադրությունը սեւեռելու Արցախին:
Ոչ մեկը չմիջամտեց, որ կանգնեցնի պատերազմը: Այս հանգամանքն Ալիեւին ոգեւորեց եւ նա առանց հապաղելու փորձում է տիրանալ Արցախին՝ այս անգամ սովի մատնելու ճանապարհով:
Այս օրերին, ֆրանսիական ոչ մի հեռուստաընկերություն չանդրադարձավ Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, տպագիր մամուլում մի քանի հրապարակումներ կան, որոնք չեզոք կերպով ներկայացմում են իրավիճակը, մինչդեռ ֆրանսիական հայտնի BFM TV – ին 24 ժամ անընդմեջ դատապարտելով Պուտինին ներկայացնում է ռուս – ուկրաինական պատերազմը բոլոր մանրամասներով:
Ի՞նչ ենք սպասում օտար զանգվածային լրատվամիջոցներից , երբ Հայաստանի հանրային հեռուստաընկությունը դեկտեմբեր 25 – ից մինչեւ հիմա քեֆ-ուրախության մեջ է:
Արցախցին դիմանում է, էլի կդիմանա, բայց մինչեւ ե՞րբ:
Թուրքը չոքել է մեր դռանը, միասնության ուժը դարձել է սին խոսք:
«Մենք հզոր ենք, մենք անկոտրում ենք, մենք առաջին քրիստոնյա ազգն ենք…»: Դարեր շարունակ մենք մեզ գովաբանելով ապրել ենք, հաճախ էլ ծաղրել մեր հարեւան հակառակորդին:
Հիմա էլ, այս ճգնաժամային իրավիճակում դեռ մեր մեջ թշնամի ու բարեկամ ենք փնտրում, բա ո՞ւր մնաց մեր ողջախոհությունը:
Էլ ի՞նչ արհավիրք պիտի լինի, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք մի բռունցք դառնանք:
Սթափության հենքով ավարտելու համար, առանց մեկնաբանության, մեջբերեմ Քառօրյա պատերազմի օրերին 2016թ. ապրիլի 26-ին Փարիզի ՆՈՐ ՅԱՌԱՋ թերթում տպագրված ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՎ ԶԻՆԵՆՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ հոդվածիս վերջաբանը: «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ծիծեռնակաբերդում իր հարգանքի տուրքն է մատուցում անմեղ նահատակների հիշատակին, իր ելույթով դատապարտում Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը եւ նույն կեցվածքով, Փարիզում, Անմար կրակի առջեւ, հնչեցնելով Ադրբեջանի հիմնը, Ալիեւի հետ սգում է Խոջալուի խաղաղ բնակիչների դեմ հայերի կողմից իրագործված ցեղապանությունը, երբ նույն Օլանդի հետ, համապատասխան մարմիններում խոսվել է այն մասին,որ դա կազմակերպվել է Ադրբեջանի կողմից: Մյուս, ամենահետաքրքրական փաստն այն է, որ Ամերիկայի 21 նահանգ ճանաչել է «Խոջալուի ցեղասպանությունը», իսկ 49 նահանգ՝ 1915-ի Ցեղասպանությունը:
ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ
Փարիզ, 11.01.2023թ