Գինի ստանալու համար խաղողը ճզմում են: ճնշման արդյունքում է ձեւավորվում նաեւ ալմաստը, ձիթապտղից՝ ձիթայուղը: Սերմերն աճում են մթության մեջ:
Ավարտվեց վայրիվերումներով լի 2022-ը: Հայաստանում եւ Արցախում դժվարին կացություն ունենք, ուստի բնականաբար դրանից ելք պետք է փնտրենք: Իսկ ելք գտնելու համար հարկավոր է նախ հասկանալ, թե ինչու եւ ինչ գործոնների հետեւանքով ստեղծվեց այդ ծանր կացությունը: Այսինքն, բժշկական բառաձեւով նախ հարկավոր է ախտորոշել եւ հետո միայն անցնել հիմնախնդրի բուժմանը: Ախտորոշան համար բանալի կարող է ծառայել այն, որ ,հայ ժողովուրդն անկախ իրավիճակներից միշտ արեւ է երգում («Արեգակն արդար»), բայց քնամոլ է («Ի ննջմանէ ծանրութեան»), իդեալիստ է, բայց դրամատենչ, հայրենասեր է, բայց անձնապաշտ, իմացական է, բայց ոչ կռահող, խելք ունի, բայց ո՛չ երեւակայություն, սիրում է գիտությունը, բայց ծուլանում է նրանից օգտվել, գոռոզ է, բայց հարմարվում է նվաստության, քաջ է, բայց խորտակումի զգացում չունի, խիստ է, բայց անկարգապահ, երազատես է, բայց ներկային գերի, ուժի պաշտամունք ունի, բայց ոչ հզորության կամք, կենսաբանական հզորականություն ունի, բայց ոչ կազմակերպական հակում, մշակութային տենչ ունի, բայց ոչ քաղաքական կորով, արդարամիտ է, բայց ոչ ճշմարտասեր, ցեղ է, բայց գերադասում է ժողովրդի բարոյականը:
Զգացումների շփոթ է հայ ժողովուրդը, շուռ եկած էություն:
Իսկ թուրքը հայի հակապատկերն է` կենսաբանական տկարություն եւ ուժի ծարավ, անհանճար ոգի եւ քաղաքական կամք, անմաքուր սիրտ եւ գրավիչ լեզու, բութ միտք եւ կարգապահական հակում, վախի զգացում եւ խորտակումի մոլուցք: Հայը խորքով է արժեքավոր, թուրքը` մակերեսով, նա էությամբ է բարձր, սա` արտահայտության ձեւով: Հայը հոյակապ ցեղ է եւ անպիտան ժողովուրդ, թուրքը ստորին ցեղ է եւ սքանչելի ժողովուրդ» («Ցեղ եւ Հայրենիք» ամսագիր, Պլովդիվ, թիվ 3, 1936 թ.):
Շուրջ հարյուր տարի է անցել, սակայն գրեթե ոչինչ չի փոխվել, քանի որ այդ ընթացքում պետականություն ունեցանք, սակայն ազգային գաղափարախոսություն՝ ոչ: Ավելին, այն համարեցինք կեղծ կատեգորիա եւ լուսանցքից էլ դուրս թողեցինք: Կարճ ասած, մենք այդպես էլ գոնե ինքներս մեզ համար չհստակեցրինք, թե ինչ ենք ուզում, դեպի ուր ենք գնում եւ որն է մեր գլխավոր նպատակը: Եվ նախորդ դարերի նման խարխափելով անորոշության ծովում առաջ ենք շարժվում լոկ իներցիայի ուժով:
Ազգային հիմնանպատակները ձեւակերպելուն չհավակնելով հանդերձ՝ այնուամենայնիվ մեկ հոդվածի սահմաններում կփորձեմ որոշ կարեւոր հարցեր պարզաբանել: Առավել եւս, որ վերջին տարիներին ով ասես եւ ինչ ասես գրում, շփոթի է մատնում ժողովրդին: Այդ շփոթն էլ ավելի է խորացել վերջին օրերին:
Այսօր առավել քան երբեւէ հստակ է, որ Ռուսաստանը (ինչ-որ չափով նաեւ Իրանը) այն պետությունն է Երկիր մոլորակի վրա, որն իր շահերից ելնելով չի համարում մեզ Ադրբեջանի մաս: Ուստի պատահական չէ, որ հենց միայն ՌԴ-ն է խաղաղարարի առաքելություն (լավ թե վատ՝ դա այլ քննարկման թեմա է) կատարում Արցախում: Ավելին, արդեն երեք դար է, որ ռուսը տարածաշրջանում է եւ ունի իր կենսական (ոմանք դա կանվանեն «կայսերական») շահերն այստեղ: Դա անվիճելի փաստ է: Նույնքան անվիճելի է, որ լավ-վատ, բայց երկու տարուց ավելի՝ Արցախը կա միայն ՌԴ շնորհիվ: Այսինքն, սա այն դեպքն է, որ Արցախի շահերը համընկնում են Ռուսաստանի շահերի հետ: Այս եւ այլ կարեւոր իրողություններն անտեսող վերջին օրերին մեծ ծավալի հասցրած հակառուսական հիստերիան, կարծում եմ, թանկ է նստելու մեզ վրա ո՛չ թե ռուսների վրեժխնդրության պատճառով, այլ որ հեռացնելով ռուսական կոնտինգենտը (համակազմ)՝ զրկվելու ենք մեր կարեւոր տնից՝ Արցախից:
Փորձագետները միաբերան հաստատում են, որ Հայաստանը մինչեւ 2022 թ. ուկրաինական պատերազմը բնավ չէր դիտարկվում որպես «գրավիչ» հանգրվան օտարերկրացիների համար: Սակայն այս ողբերգական իրադարձությունը անսպասելիորեն բերեց նրան, որ մի քանի տասնյակ հազար օտարերկրացիներ, հիմնականում Ռուսաստանից, անցած տարի նախընտրեցին տեղափոխվել նաեւ Հայաստան: Որովհետեւ հանկարծ պարզվեց, որ մեր երկիրն ունի մի շարք օբյեկտիվ առավելություններ՝ անշարժ գույքի շուկան բավական տարողունակ է եւ մատչելի, բանկային համակարգը ճկուն է, նոր ընկերություններ գրանցել եւ գործարկելը բարդ չէ, մանավանդ ռուսալեզու մարդկանց համար կյանքի միջավայրն էլ բավական գրավիչ է: Քանի որ նրանք լեզվական եւ մշակութային իմաստով մեծ խոչընդոտների այստեղ չեն բախվում: Այս ամենը ստացվել է ինչ-որ չափով ինքնաբերաբար, բայց եթե փորձենք առկա իրողությունները պրոյեկտել դեպի ապագա, ապա հնարավոր է համակարգված կերպով այնպես զարգացնել կյանքի եւ բիզնես միջավայրը, որ այն դառնա գրավիչ ոչ միայն պատերազմի պայմաններում, այլեւ որեւէ ժամանակ, եւ ոչ միայն ռուսալեզու անձանց, այլեւ եվրոպացիների, հնդիկների, իրանցիների եւ այլոց համար: Հեռանկարում կարելի է հասնել նաեւ նրան, որ մեր երկրում մշտապես բնակվեն տասնյակ հազարավոր օտարերկրացիներ, հիմնականում գործարար ոլորտի ներկայացուցիչներ, այստեղ պահեն եւ այստեղից կառավարեն իրենց կապիտալը, ստեղծեն աշխատատեղեր եւ նոր տնտեսական հնարավորություններ: Դրան կարող է վերադրվել նաեւ հայկական կապիտալը, որը կարող է աշխատել աշխարհի ցանկացած կետում, բայց կառավարվել Հայաստանից, քանի որ նրա բանկային համակարգն ավելի ճկուն է եւ առաջադեմ, մասնագիտական աշխատուժը՝ կրթված, էժան եւ դինամիկ, տեխնոլոգիական ոլորտը պատրաստ է բարդ խնդիրներ լուծել, իսկ ազատական միջավայրը հավելյալ առավելություններ է ընձեռում գործունեության համար: Եթե սրան հավելենք մի կողմից Արեւմուտքի, իսկ մյուս կողմից Ռուսաստանի, Իրանի եւ Հնդկաստանի միջեւ ծառայությունների, տեխնոլոգիաների եւ կապիտալի տարանցիկ հանգրվան դառնալու հնարավորությունը, ապա պատկերն ամբողջանում է եւ դառնում բավական իրատեսական, թեեւ այն նյութականացնելը եւս վիթխարի ջանքեր եւ տարիների աշխատանք կպահանջի:
Այս ամենով հանդերձ, սակայն, հայ քաղաքական միտքը դեռեւս սպառիչ պատասխան չի տվել այն հարցին, թե ինչպես է պետք դուրս գալ այս աշխարհաքաղաքական եւ արժեքային փակուղուց: Ներկայումս իշխող վարչակարգի եւ նրա տարբեր արբանյակների հիմնական թեզն այն է, որ Հայաստանը չունի բավարար ռեսուրս՝ դիմագրավելու նեոթուրանական նախագծին, ուստի նրա միակ հեռանկարը հավաքական Արեւմուտքի հովանավորությամբ այդ նախագծի մաս դառնալն է, եւ դրանով իր գոյությունն ապահովելը: Այդ տրամաբանության մեջ են տեղավորվում նրա բարեհաճությունը ստանալու ակնկալիքով անվերջանալի զիջումները թուրք-ադրբեջանական տանդեմին: Մերօրյա ընդդիմության հիմնական թեզն էլ այն է, որ ընդհակառակը, պետք է հենվել Ռուսաստանի եւ մասամբ Իրանի վրա, եւ մաս դառնալով ձեւավորվող Հյուսիս-Հարավ առանցքին՝ հակազդել այդ նեոթուրանական ծրագրին:
Այս երկու մոտեցումներն էլ, սակայն, անվտանգության լիարժեք լուծում չեն ապահովում: Առաջինի դեպքում որեւէ երաշխիք չկա, որ թուրք-ադրբեջանական տանդեմը, դառնալով Հայաստանի փաստացի սուվերենը, երկարաժամկետ հեռանկարում կհանդուրժի իր վասալի գոյությունն ու միջազգային իրավասուբյեկտ լինելը: Եվ եթե նույնիսկ առժամանակ համաձայնվի հավաքական Արեւմուտքի ճնշման ներքո առերեւույթ խաղաղության պայմանագիր էլ կնքել, նրա հաջորդ գործողությունը լինելու է Արցախի հայաթափումը, իսկ դրանից հետո հերթը հասնելու է Սյունիքին, Վայոց ձորին եւ Հայաստանի այլ, համեմատաբար նոսր բնակեցված արեւելյան տարածքներին, որի նկատմամբ հավակնությունները Ադրբեջանը բնավ չի թաքցնում:
Երկրորդ տարբերակը, հարկավ, մեզ համար արտաքուստ ավելի բարենպաստ է, սակայն առանցքային բացն այստեղ այն է, որ թե Ռուսաստանը, նաեւ Իրանը, այսօր ունեն լրջագույն խնդիրներ հավաքական Արեւմուտքի հետ: Դա արագ սպառում է նրանց ռեսուրսները եւ նույնիսկ վտանգի տակ դնում այդ երկրներից յուրաքանչյուրում իշխող վարչակարգերի կայունությունը, եւ որպես հետեւանք՝ նրանց կարողությունը՝ հիմնարար դերակատարություն պահպանել մեր տարածաշրջանում: Դրա առաջին նախանշանները մենք տեսանք 2020 թ. Արցախյան պատերազմում, երբ ռուս-իրանական տանդեմը փաստացի զիջեց իր դիրքերը թուրք-ադրբեջանականին, եւ արդյունքում զոհաբերեց նաեւ հայության կենսական շահերը՝ ընդամենը ժամանակավոր դադար շահելու հեռանակարով, նույնը մենք տեսնում ենք այս օրերին, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ:
Դեռեւս որոշակիորեն սաղմնային վիճակում հայ քաղաքական մտքում առկա է նաեւ երրորդ ուղղությունը: Դրա հիմքում է այն գաղափարը, թե հայությունը լինելով աշխարհասփյուռ ազգ, որը որոշակի ռեսուրսներ եւ ազդեցություն ունի տարբեր խոշոր երկրներում, Հայաստանի Հանրապետությունը պետք է հավակնի գլոբալ դերակատարության եւ փորձի դառնալ արժեքավոր ողջ աշխարհի համար: Դա Հայաստանին հավելյալ մեծ ռեսուրսներ կտա եւ կօգնի հաղթահարելու աշխարհագրական դիրքով պայմանավորված իր սահմանափակումները: Գաղափարը նոր չէ, սակայն դրա հիմնական ջատագովներից ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը վերջերս իր «Անհաղթահարելի ցանկություն» հոդվածում առաջ քաշեց այն թեզը, որ հայերը պետք է հավակնեն աշխարհի մասշտաբով մեծ խնդիրներ լուծելու: Միայն այդ դեպքում, ըստ Մանուկյանի, նախկինի նման, երբ նրանց ձեռքում էր հայտնվել Հնդկաստանից Եվրոպա տարանցիկ առեւտուրը, նրանք կվերականգնեն իրենց գլոբալ կարեւորությունը: Սա շահեկան գաղափար է, սակայն պահանջում է պատասխանել առնվազն երկու կրիտիկական հարցի. առաջինը՝ կոնկրետ ի՞նչ իրատեսական դերակատարության մասին կարող է գնալ խոսքը եւ, մինչեւ այդ դերակատարությանը հասնելը, ինչպես խուսանավել մեզ շրջապատող գիշատիչների միջեւ եւ թույլ չտալ պետության կորուստը:
Ամենացավալին այն է, որ ականջալուր չլինելով ոչ մեկին, գործող վարչախումբը շարունակում է իր նորանոր ձախողումներով բարդացնել Հայաստանի վիճակը եւ էլ ավելի սրել առկա արտաքին մարտահրավերները: Ուստի այսօր ամբողջ սրությամբ մեր առջեւ կանգնած է ազգային նպատակների հստակ ձեւակերպման խնդիրը ու նաեւ այն հարցը, թե ինչպես պահպանենք եւ զարգացնենք մեր անկախ պետությունը: Կարեւոր է նաեւ, թե ինչ հեռահար նպատակների այն պետք է ծառայի, որպեսզի կարողանա մոբիլիզացնել մեր ողջ ազգի ստեղծագործ էներգիան, դառնա ինքնաբավ եւ ինքնուրույն գործոն մեր անհանգիստ տարածաշրջանում:
1990 թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրում Հայաստանի Հանրապետությունը դե յուրե ստանձնում էր հայ ժողովրդի միասնական պետության գործառույթը (ֆունկցիան), եւ որպես այդպիսին, այդ ժողովրդի անվտանգության եւ բարգավաճման ապահովման առանցքային առաքելությունը: Սակայն դե ֆակտո՝ իրականում անցած 32 տարիների ընթացքում, Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն չի դարձել հայ ժողովրդի միասնական պետությունը եւ նրա ձգողականության կենտրոնը, այլեւ նրա իսկ բնակիչների առնվազն մեկ երրորդը՝ մոտ 1,2 միլիոն մարդ, այդ ընթացքում արտագաղթել են երկրից, ենթադրաբար համարելով, որ այն չի կարող իրենց ապահովել ոչ անվտանգության, ոչ էլ բարեկեցության բավարար մակարդակ:
Ավելին, այդ տարիների ընթացքում Հայաստանը աչքի է ընկել աղքատության բարձր մակարդակով, իսկ վերջին տարիներին դրան ավելացել է նաեւ անվտանգության նախկինում ձեւավորված համակարգի փլուզումը, եւ որպես հետեւանք՝ անվտանգային մարտահրավերների կտրուկ սրումը: Ուստի, եթե դիտարկենք Հայաստանի Հանրապետությունը որպես հայ մարդուն անվտանգության եւ բարգավաճման միջավայր ապահովող միասնական համակարգ, ապա այն իր առաքելության որեւէ մասը թե՛ նախկինում, թե՛ այժմ լիարժեք չի կատարում:
Հայաստանի Հանրապետությունը չունի ազգային գաղափարախոսություն, հիմնանպատակ եւ հստակ արժեքային դիրքավորում տարածաշրջանում: Օրինակ, մեր ոխերիմ հարեւան Ադրբեջանը հանդես է գալիս որպես էներգետիկ ռեսուրսների խոշոր արտահանող, Թուրքիան հավակնում է դառնալ տարածաշրջանի ռազմական առաջատար եւ Եվրասիական տրանզիտային տարբեր հոսքերի հիմնական կենտրոն, մեր մյուս հարեւան Վրաստանը՝ որպես տրանզիտային միջանցք եւ զբոսաշրջային կենտրոն, իսկ մենք այս հարցերում պարզապես խարխափում ենք եւ միայն գեղեցկահունչ ճառեր արտասանում: Հարյուր տարի առաջ, նույն Թուրքիան եւ Ադրբեջանը, կարողանալով խլել Հայաստանի Հանրապետության տարածքի զգալի մասը, նրան այնպիսի քարտեզ են պարտադրել, որն էապես սահմանափակում է մեր երկրի պաշտպանական, տրանզիտային ու ռեսուրսային հնարավորությունները, եւ այսօր էլ հարկադրում է գոյությունը պահպանել չափազանց անբարենպաստ աշխարհագրական պայմաններում: Եթե առանց արմատական փոփոխությունների այս ամենը շարունակվի, ապա մեր անվտանգային մարտահրավերները ոչ միայն չեն լուծվի, այլեւ կշարունակվեն սրվել, սպառնալով արդեն բուն անկախ պետության գոյությանը, ինչպես դա տեղի ունեցավ հարյուր տարի առաջ այն տարբերությամբ, որ Ռուսաստանն այն ժամանակ լավ-վատ տեր կանգնեց եւ հնարավորություն ընձեռեց ավերակների վրա նոր ու նորովի երկիր կառուցել եւ աննախադեպ քանակական ու որակական թռիչք արձանագրել: Իսկ այսօ՞ր ինչ կլինի, դժվար է ասել…
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր