Ողջ կյանքս հիացել եմ 20-րդ դարի հայ ականավոր գրող Կոստան Զարյանի գրական ժառանգությամբ եւ գունեղ կենսագրությամբ, ինչպես նաեւ Զարյան ընտանիքի անսովոր պատմությամբ՝ նրանց բազմամշակութայնությամբ, բազմազան տաղանդներով եւ ընդգրկուն աշխարհագրությամբ: Այս ընտանիքի սերունդներն այժմ ապրում են տարբեր երկրներում՝ Իտալիայից մինչեւ Ուկրաինա, Թաիլանդից մինչեւ Կանադա, Կիպրոսից մինչեւ Հարավային Աֆրիկա…
Իմ զրուցակիցը նրանցից մեկն է՝ Սիրվարդ Զարյանը՝ մանկավարժ, բանաստեղծ եւ նկարիչ: Կոստան Զարյանի երկրորդ որդու՝ ճարտարապետ Արմեն Զարյանի չորս զավակներից ավագը՝ Սիրվարդը, ապրել է չորս մայրցամաքներում: Ծնվել է Մարոկկոյում (Տանժեր), մանկությունն անցկացրել է Իտալիայում (Հռոմ), դեռահասության տարիները՝ Խորհրդային Հայաստանում (Երեւան): Միառժամանակ բնակվել եւ աշխատել է Աֆրիկայում (Եթովպիա, Եգիպտոս, Սուդան), իսկ այժմ ապրում է Կանադայում (Մոնրեալ)…
–Սիրելի՛ Սիրվարդ, ձեզ հետ այս հարցազրույցը շատ հուզիչ է ինձ համար: Կոստան Զարյանն իմ ամենասիրելի հայ գրողն է: 20 տարեկանից նրան անընդհատ ընթերցում ու վերընթերցում եմ: Մի անգամ ձեր հայրն ասել է, որ Զարյանն իր երկրում պատժված գրող է, քանի որ նրա ստեղծագործությունները Հայաստանում գրեթե անհայտ են: Փառք Աստծո, այդ տարիներն անցել են, թեեւ Զարյանի որոշ գործեր տակավին կարիք ունեն բացահայտման: Դուք 17 տարեկան էիք, երբ Կոստան Զարյանը հեռացավ կյանքից: Ի՞նչ հիշողություններ ունեք պապիկից:
-Կոստան պապս շատ էր ճամփորդում: Իտալիայում իմ մանկության տարիներին նա կնոջ՝ ամերիկացի նկարչուհի Ֆրենսիս Բրուքսի հետ մի քանի անգամ եկել է Հռոմ, որտեղ ապրում էր մեր ընտանիքը: Հռոմում եղած ժամանակ նա մնում էր հորաքրոջս՝ քանդակագործ Նվարդ Զարյանի եւ նրա ընտանիքի հետ: Կոստանը հանդիպում էր իր գործընկեր գրողներին եւ արվեստագետներին դել Վենետոյի սրճարաններում կամ գնում էր Նվարդի «Լա կասապանկա» պատկերասրահը Բաբուինո փողոցում, Իսպանիայի հրապարակի անկյունում: Արմենը՝ հայրս, որը հոր հետ հաճախ էր լինում Վիա Վիտորիո Վենետոյի սրճարաններում, իր օրագրում գրել է Կոստանի եւ Գլաուկո Վիացիի հանդիպումների մասին: Վիացին հայտնի գրականագետ էր իտալական գրական շրջանակներում: Հակառակ իր իտալական անունին՝ նա Հուսիկ Հովսեփ Աշրաֆյանն էր: Շուտով նրանց միացավ Կոստանի հին ընկերներից Անտոնիո Ջուլիո Բրագալիան, որը հայտնի թատերագետ էր, «Անկախ թատրոն» ընկերության հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը: Բրագալիան մի անգամ Վիացիին ասել է. «Ինչո՞ւ չեք գրում Կոստան Զարյանի «Երեք երգ» պոեմի մասին: Գիտե՞ք, որ Թոմաս Սթերնս Էլիոթն իր «Սպանություն Մայր տաճարում» երկը գրել է «Երեք երգի», մասնավորապես «Ձայներ եկեղեցում» մասի ազդեցությամբ»:
Հռոմում գտնվելու ողջ ընթացքում Կոստանը հանդիպում էր իր առաջին կնոջ՝ Թագուհու հետ: Վերջինս նրա լավագույն գրական խորհրդատուն էր, եւ Կոստանը միշտ ցանկանում էր լսել նրա կարծիքը: Թագուհին եւ Կլարա Կառլինին «Նավը լեռան վրա» վեպը թարգմանեցին իտալերեն, բայց ես այն երբեք չեմ տեսել: Կլարա Կառինին Աննայի (Թագուհու քրոջ) միակ դուստրն էր, հայրը` Կառլո Կառլինին, իտալական բանակի պաշտոնյա էր, որը զոհվեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ասիագոյի ճակատամարտում:
Իտալիայից ես լավ հիշում եմ իմ Թագուհի տատիկին, իտալերեն՝ «նոննային»: Նա իր վերջին տարիները մեծ մասամբ անցկացրել է Չինչինատոյում՝ Տիրենյան ծովի ափին գտնվող մի փոքրիկ գյուղում: Հայրս՝ Արմենն է նախագծել այդ տունը եւ կազմակերպել կառուցումը: Այդ փոքրիկ առանձնատունը Թագուհին անվանեց «Վիլլա Սիրուն»: Այն ժամանակ այդ վայրը բավականին վայրի էր, ուներ ընդամենը մի քանի ցրված ավազոտ արահետներ՝ եզրագծված մոշի խիտ թփերով: Աղի եւ հազրեվարդի ուժեղ հոտն ազդարարում էր ծովի մերձավորությունը: Թագուհու առանձնատունն ուներ նաեւ մեծ այգի՝ մի հսկայական նվենիով, որի տակ կար ցեմենտե յուրահատուկ սեղան՝ ձեւավորված բազմաթիվ ծովային խեցիներով: Մենք «նոննայի» հետ էինք անցկացնում մեր ուրախ ամառային արձակուրդները: Վիեննայից մեզ հաճախ միանում էին մեր զարմիկները՝ Ռուզանն ու Հայկը: Երկու ամիս տունը լի էր ծիծաղով ու քրքիջով, մանավանդ երբ փորձում էինք հասկանալ մեր գերմանախոս զարմիկների ավստրիական բարբառը: Որպես հատուկ ժեստ Թագուհին մեզ համար դաշնամուրով նվագում էր Բախի եւ Շոպենի՝ իր սիրելի ստեղծագործություններից մի քանիսը:
Երբ 1963-ի ամռանը եկանք Հայաստան, Կոստան պապն արդեն հաստատվել էր Աբովյան փողոցի իր բնակարանում: Ցավոք, նա ապրում էր միայնակ, ինչը նախատեսված չէր: Ֆրենսիսը տառապում էր սպիտակարյունությամբ, եւ տեղի հիվանդանոցում բուժումը չօգնեց: Նա որոշեց մի վերջին փորձ էլ կատարել եւ մեկնեց Հոլանդիա՝ հույս ունենալով բուժվել: Ամստերդամում նրա կողքին էին Հովան որդին եւ երկու քույրերը: Ընդամենը մի քանի ամիս անց Ֆրենսիսը կյանքից հեռացավ 63 տարեկանում: Դա ծանր հարված էր պապիկի համար: Ամեն ինչ վատթարացավ, երբ Կոստանին թույլ չտվեցին հեռանալ Խորհրդային Հայաստանից՝ կնոջ հուղարկավորությանը մասնակցելու:
–Ես հիշում եմ Ֆրենսիսի գեղանկարներից մեկը ձեր երեւանյան բնակարանում: Նաեւ նրա մասին ակնարկը, որ գրել էր վրացական ծագումով ռուս գրող Ռիմա Կանդելակին, հրատարակված «Սովետական Հայաստան» ամսագրում…
-Ինձ համար Ֆրենսիսը միշտ եղել է հետաքրքրական անձնավորություն եւ ուշագրավ նկարիչ, որի նախնիներն իսկ սերնդեսերունդ ամերիկացիներ են եղել: Կոստանի առաջին եւ երկրորդ կանայք՝ Թագուհին եւ Ֆրենսիսը, հավասարաչափ մեծ դեր են ունեցել՝ մշտապես թիկունք լինելով մեծ մտածող ու գրող ամուսնուն, որը միշտ ճանապարհորդում էր եւ լի էր նախագծերով: Այդ երկու արվեստագիտուհիները չէին ձգտում լինել միայն կին եւ մայր, այլ համապատասխանաբար տեղյակ էին իրենց գեղարվեստական կոչումին: Համերգային դաշնակահարուհի եւ նկարչուհի Ֆրենսիսն իր գեղարվեստական կոչումը զգացել է տասնհինգ տարեկանում: Եղել է ճանաչված ծովանկարիչ Արմին Հանսենի աշակերտուհին: Նա Սան Ֆրանցիսկոյում «Կալիֆոռնիա» ապահովագրական ընկերության հիմնադիր եւ տնօրեն Ջորջ Վ. Բրուքսի կրտսեր դուստրն էր: Մայրը՝ Օլիվիա Է. Հարիսը, բնիկ Օրովիլից, սերել է Հյուսիսային Կալիֆոռնիայի Չիկո քաղաքում ցորեն աճեցնողների ընտանիքից: Ֆրենսիսը մեկնել է Եվրոպա, արվեստ է սովորել Գերմանիայում, ապա՝ Փարիզում եւ Իտալիայում, ինչը չափազանց հազվադեպ ձեռքբերում էր այդ օրերին կնոջ համար: Մոնթերեյ Բեյում գտնվելու ժամանակ Ֆրենսիսը հաճախ պատկերել է ներգաղթած բանվորների կյանքը եւ Սալինասի սարդինաձկան պահածոների գործարանները: Սա մեզ անմիջապես հիշեցնում է Ջոն Սթայնբեքի ժամանակաշրջանն ու ծանոթ վայրերը: Ջոն Սթայնբեքի հայրը՝ Ջոն Էռնսթը, որոշ ժամանակ եղել է «Սփերի ալյուրի ֆրեզերային բիզնեսի» կառավարիչը, իսկ Ֆրենսիսի ավագ քույրը՝ Լորենը, Ֆրեդ Վ. Սփերիի կինն էր: Հետաքրքրական կլինի մի օր պարզել, թե մեզ համար ինչեր է պահել պատմությունը: Միեւնույն ժամանակ, փակելով Ֆրենսիսի ընտանեկան պատմությունը, նշեմ, որ Ֆրենսիսի եւ Կոստանի առաջին հանդիպումը ներկայացված է Զարյանի «Վենետիկյան նորավեպում», որը վերջերս իտալերեն է թարգմանել եղբայրս՝ Արա Զարյանը: Թերեզա Տենտորին այն բեմականացրել է, 2022 թվականի սեպտեմբերին այն ներկայացրեց «Տերեպիա» թատերախումբը Թիենի նահանգային թատրոնում: Այս բեմադրությանը մասնակցել են Կոստանի թոռներից երկուսը՝ Արան որպես համակարգող եւ իմ քույր Անաիսը՝ որպես կատարող: 2019-ին Վիչենցայի հոյակապ «Ֆորեստերիա դի Վիլլա Վալմարանա այ Նանի» առանձնատանը «Տերեպիան» Երեւանի «Էպսիդոն» թատերախումբի հետ համատեղ ներկայացրել է Կոստան Զարյանի «Երեք երգ»-ից «Գարունը»: Այս անգամ ներկայացմանը մասնակցել է Կոստանի ծոռնուհի Ակիրան…
Կոստան Զարյանը, տարիներ շարունակ Խորհրդային Հայաստանում ապրելով հիասթափության ու մենակության մեջ, վերագտնում է իր արժանի տեղը հայ գրականության մեջ: Զարյանին թարմ հեռանկարային հայացք է հղել գրաքննադատ Երվանդ (Յուրի) Տեր-Խաչատրյանը, որի վճռականության եւ գիտելիքների շնորհիվ Երեւանում հրատարակվեցին Կոստան Զարյանի ավելի քան 12 հատոր գրքերը՝ բանաստեղծություններ, էսսեներ, գրականության եւ արվեստի վերաբերյալ քննադատական աշխատություններ:
–Մի քանի տարի առաջ Արա Զարյանը «Ազգ» շաբաթաթերթում հրատարակեց մի հետաքրքրական հատված Թագուհի Զարյանի հուշերից: Մտածո՞ւմ եք «Տատիկի օրագիրն» ամբողջությամբ թարգմանելու մասին:
-Երեք տարի առաջ ես եւ քույրս՝ Անաիսը, սկսեցինք թարգմանել Թագուհու հուշերը ֆրանսերենից հայերեն: Դա շարունակական սիրո աշխատանք է, որը մենք ավարտին կհասցնենք: Իմ տեղեկություններով՝ Թագուհին իր երկու որդիների եւ դստեր համար երեք ձեռագիր տետր է գրել: Երբ հայրս՝ Արմենը, որոշեց ընտանիքով գաղթել Խորհրդային Հայաստան, վերցրեց Թագուհու հուշերի պատճենը եւ երկու ճամպրուկ՝ լեցուն Կոստանի նամակագրությամբ ու անտիպ ձեռագրերով: Մեկ տարի անց, երբ մենք բացեցինք ճամպրուկները, պարզեցինք, թե որքա՛ն հոգատարություն է դրսեւորել Թագուհին՝ դասավորելու Կոստանի հսկայական նամակագրությունը իր ժամանակի բազմաթիվ գրողների, արվեստագետների եւ պատմաբանների հետ: Նամակների ու բացիկների ամեն մի կապոց փաթաթված էր սպիտակ թղթով եւ կապված՝ մետաքսե սեւ թելով: Ճամպրուկները նույնպես իրենց պատմությունն ունեն: Դրանք պատկանել են Լուիջի Չիմարային, երբ նա հյուրախաղերի էր մեկնում իր դերասանական խմբի հետ: Հորաքույր Նվարդը՝ նկարիչ եւ քանդակագործ, ամուսնացել է Մարիո Չիմարայի հետ, որը Մաֆայի եւ Շիպիոնեի հետ մեկտեղ 1940-ականներին հռոմեական նկարիչների դպրոցի քաջ հայտնի արվեստագետներից էր: Իսկ Մարիոն Լուիջի Չիմարայի որդին էր, որը, ինչպես եւ իր եղբայր Ջովաննին, դերասան էր, որ սերել էր կինոյի ու թատրոնի արտիստների ու երաժիշտների հայտնի տոհմից: Պիետրո Չիմարան՝ կրտսեր եղբայրը, կոմպոզիտոր էր, աշակերտել է Օտորինո Ռեսպիգիին (որը, ինչպես հայտնի է, Կոստան Զարյանի բանաստեղծությունների հիման վրա երգեր էր հորինել), երկար տարիներ եղել է Մետրոպոլիտեն օպերայի դիրիժոր:
Ուրախ եմ ասելու, որ երկար տարիներ պահպանելուց հետո 2021 թվականին մենք՝ ես ու քույրս Մոնրեալից (Քվեբեք, Կանադա) եւ եղբայրս Միրանոյից (Իտալիա), կարողացանք Կոստան Զարյանի ողջ արխիվը հանձնել Երեւանի Մատենադարանին:
–Ես վառ հիշողություն ունեմ 1992 թվականին ձեր լուսահոգի հոր՝ ճարտարապետ Արմեն Զարյանի հետ իմ միակ հանդիպումից: Ինձ համար չափազանց հաճելի էր հանդիպել Երեւանում հայ-գերմանական մի ընտանիքի, որի խոսակցական լեզուն իտալերենն էր: Ինչպե՞ս էր արեւմուտքցիների համար խորհրդային փակ հասարակության մեջ ապրելը:
-Խորհրդային Հայաստանում անցկացրած իմ ինը տարիների սուր հիշողություններն արթնացնելը կարող է բավական դժվարին խնդիր լինել: Հայաստանում հայտնվելը, լեզվին չտիրապետելը (միայն հայրս՝ Արմենը գիտեր), վախեցնող էր եւ երբեմն՝ ատելությամբ լի: Արդյունքում ես անցա երկար ինտեգրացիոն գործընթացի միջով: Ինձ համար ամեն ինչ հավասարակշռելու լավագույն միջոցն ինքնապահպանման ռեժիմին անցնելն էր: Ես շարունակ ապրում էի երկու տարբեր իրականության մեջ, մեկը ներսում, Աբովյան փողոցի տանը՝ շրջապատված Հռոմի մեր տան բոլոր ծանոթ իրերով, մյուսը դրսի աշխարհում՝ դպրոց գնալով, ընկերներ ձեռք բերելով, անընդհատ սովորելով՝ ինչպես մաս կազմել մի շատ տարբեր միջավայրի: Արդյունքում՝ միանգամայն նորմալ էր տանը շարունակել իտալերեն խոսել, մինչդեռ մեր ծնողները հաճախ խոսում էին գերմաներեն:
–Ես նաեւ փայփայում եմ ձեր երջանկահիշատակ մոր՝ Մարիա Գավրոնսկի Զարյանի (ֆրաու Մարիայի, ինչպես նրան շատերն էին ճանաչում Երեւանում) հետ իմ բարեկամության հիշողությունները: Յոթ տարի ես պարբերաբար այցելում էի նրան՝ բերելով նրան գերմանական եւ իտալական արվեստի ամսագրեր: Հիանալի եւ անսովոր էր տեսնել նրա կերպարանքը Երեւանի կենտրոնում: Նա գրեթե չէր դժգոհում, որ Իտալիայի իր կյանքը փոխարինվել է Խորհրդային Հայաստանի կյանքով, բայց վստահ եմ, որ դա բավականին ծանր է եղել նրա համար:
-Նկարագրել մորս՝ Մարիայի կյանքը Խորհրդային Հայաստանում, նշանակում է առաջին հերթին խոսել նրա ունակության մասին՝ լիակատար ուժով հաղթահարելու բազում դժվարություններ հանուն ամուսնու եւ ընտանիքի: Ռեժիմն անմարդկային էր, ապրելակերպը՝ դժվար: Որպես մեծ թեթեւացում՝ նրան ձեռք մեկնեցին Երեւանի պետական համալսարանում գերմաներեն դասավանդող երկու հայուհիներ, որոնք սկսեցին մայրիկիս ուսանողներ ուղարկել՝ գերմաներեն պարապելու: Դրա շնորհիվ մեր վիճակը դարձավ պակաս ողբերգական: Շուտով մայրս դասախոսի պաշտոն ստացավ համալսարանում եւ նվիրվեց իր մայրենի լեզվի եւ գերմանական գրականության դասավանդմանը: Նա հիանալի խորհրդատու էր հորս համար, սիրող մայր, որը երկար հերթեր էր կանգնում իր չորս երեխաների սեղանին պատշաճ կերակուր դնելու համար: Նա վճռորոշ դեր ունեցավ Կոստան պապիս հոգ տանելու հարցում, հատկապես այն բանից հետո, երբ նրա վրա հարձակում գործեցին իր բնակարանում, եւ նա խնամքի կարիք ուներ: Մայրս մեր տանն ընդունում էր տեղացի բազմաթիվ արվեստագետների եւ ճարտարապետների, անգամ եթե նրա համար դժվար էր հասկանալ նրանց զրույցները: Նա ուրախ էր, երբ տարիներ շարունակ Հռոմից եւ Միլանից իտալացի ճարտարապետներ էին ամեն ամառ գալիս Երեւան: Մեր տունը դարձավ բազմաթիվ նախագծերի ծնունդի կենտրոն, եւ արդյունքը եղավ հայ հնագույն ճարտարապետությանը նվիրված փաստաթղթերի հոյակապ մատենաշարը, որ համակարգում էին Արմեն Զարյանը եւ Գիտությունների Ակադեմիան: Այս համագործակցության արդյունքում, ի թիվս շատ բաների, հրատարակվեցին գրքեր եւ կազմակերպվեցին հայ արվեստին նվիրված գիտաժողովներ Իտալիայում եւ Երեւանում: Այս յուրահատուկ մթնոլորտը մեծ ազդեցություն ունեցավ եղբորս՝ Արայի վրա: Երիտասարդ տղա՝ նա հնարավորություն ունեցավ միանալու հորս եւ իտալացի ճարտարապետներին՝ նրանց բազմաթիվ դաշտային ճամփորդությունների ժամանակ՝ ուսումնասիրելու, լուսանկարելու եւ չափագրելու հին հայկական եկեղեցիները: Հետագայում Արան ուսանեց ճարտարապետություն եւ Հայաստան կատարած իր այցերի ընթացքում տարիներ շարունակ զբաղվում է եկեղեցական որմնանկարների վերականգնմամբ՝ Իտալիայում հրատարակելով հրաշալի գրքեր եւ բազմաթիվ դասախոսություններ կարդալով:
Երբ հայրս մահացավ իր ութսունամյա տարեդարձից երեք ամիս առաջ՝ 1994 թվականին, մայրս՝ Մարիան, մերժեց իր զավակների հրավերները՝ միանալու մեզ Իտալիայում, Կանադայում կամ Ուկրաինայում, որտեղ ապրում է մեր կրտսեր եղբայր Վալտերը: Մենք այլ ելք չունեինք, քան կատարել նրա վերջին ցանկությունը:
–Իմ գրադարանում ունեմ ձեր հայերեն բանաստեղծությունների գիրքը՝ «Նախաստեղծ ձայները», որը ֆրաու Մարիան ինձ նվիրել է, ինչպես ինքն է գերմաներեն մակագրել, «ի նշան մեր բարեկամության»: Եվ հիմա ինձ համար անսովոր է անգլերեն վարել այս զրույցը ձեզ հետ, մի հեղինակի, որը մաքուր գրական հայերենով բանաստեղծություններ է գրել Եռաբլուրի, Սեւանի, Քարինտակ գյուղի եւ շատ այլ բաների մասին:
-Իմ գրական հայերենի համար ես թանկ վճարեցի: Ինչպես արդեն ասացի, ես հայերեն սովորեցի Երեւանում, 1960-ականներին: Դպրոցում հատուկ դասարաններ չկային՝ հայերեն չխոսող երեխաներին ներգրավելու համար: Ես իմ միջավայրից նոր բառեր էի «հավաքում»՝ փորձելով հասկանալ դրանց իմաստը: Հայերենն այն ժամանակ Երեւանում բավականին խառն էր, հիմնականում՝ տեղական ժարգոնների եւ թուրքերեն ու ռուսերեն բազմաթիվ բառերի խառնուրդ: Ես պարզապես չէի կարողանում տարբերել այս խառնուրդը մաքուր հայերեն բառերից: Ինձ համար այդ ամենը հայերեն էր: Երբ նշանվեցի ապագա ամուսնուս հետ, որ սիրիահայ էր, նա սկսեց հղկել իմ հայերենը, մինչեւ հասա պատշաճ մակարդակի: Երբ ես հեռացա Հայաստանից, ստիպված էի արագ սովորել արեւմտահայերեն՝ տատիկիս ու հորս լեզուն: Ես սկսեցի կարդալ Թեոդիկի հրաշալի տարեցույցները, Եղիա Տեմիրճիպաշյան եւ Շահան Շահնուր: Լավ «ուսուցիչներ» ունեցա:
–Ձեր պոեզիան ոճով ինձ հաճախ հիշեցնում է Կոստան Զարյանին: Իսկապես, ես միայն ձեր պապի եւ ձեր բանաստեղծությունների մեջ եմ գտել այնպիսի բառ, ինչպիսին է «ցարասին», որի տարածված բառը «կեչին» է:
-Յուրաքանչյուր գրող եւ նկարիչ ունի իր յուրահատուկ ոճը: Իմ ընտրած բառերն ընտրված են խնամքով` ըստ բանաստեղծության բովանդակության եւ հնչերանգի: Կարեւոր է, որ դրանք բարձրաձայնեն իմ զգացմունքներն ու հույզերը: Այո՛, ես օգտագործում եմ փոխաբերական լեզու, այլաբանություններ եւ խորհրդապաշտություն: Իմ ոճն է, որ լավագույնս համապատասխանում է բովանդակությանը: Բանաստեղծություններիս մեջ ես օգտագործում եմ բնության բազմաթիվ պատկերներ, որոնք լավագույնս արտահայտում են իմ ներքին ռիթմը: Երբ Սյուզեն Զոնթագին խնդրել են իր ամենակարեւոր խորհուրդները տալ իր գրական արհեստի վերաբերյալ, նա պատասխանել է. «Մի քանի բան կա: Սիրե՛ք բառերը, տանջվե՛ք նախադասություններ կազմելիս: Եվ ուշադրությո՛ւն դարձրեք աշխարհի վրա»:
«Նախաստեղծ ձայները» նվիրված է ծնողներիս, եւ, բարեբախտաբար, հայրս մահից առաջ կարողացավ տեսնել այն:
–Դուք ապրել եք աշխարհագրական եւ մշակութային առումով տարբեր երկրներում: Ի՞նչ է ձեզ տվել ձեր ծննդավայր Մարոկկոն: Գիտեմ, որ իսպաներենն է եղել ձեր առաջին լեզուն: Եվ ի՞նչ են տվել մնացած երկրները, որտեղ ապրել եք:
-1950-ականներին, երբ տնտեսական հրաշքը եռում էր, այն ժամանակ երիտասարդ ճարտարապետ Արմեն Զարյանը Հռոմում աշխատում էր ճարտարապետ Մեսինայի արվեստանոցում: Նա մասնակցել է Տանժերում բնակարանային թաղամաս կառուցելու միջազգային մրցույթին եւ շահել է պայմանագիրը եւ շինարարության համաձայնագիրը: Այս պատճառով ես ծնվել եմ Տանժերում: Այն ժամանակ դա միջազգային քաղաք էր, եւ մենք ապրում էինք իսպանական թաղամասում: Ես շատ փոքր էի, երբ մենք Տանժերից Իտալիա մեկնեցինք տարաբախտ «Անդրեա Դորիա» նավով (այն, ինչպես հայտնի է, խորտակվել է 1956 թվականին):
Յուրաքանչյուր երկիր, որտեղ ես ապրել եւ աշխատել եմ՝ սկսած քսան տարեկանից, ինձ տվել է յուրահատուկ փորձառություն, գիտելիքներ եւ անմոռանալի հիշողություններ: Եթովպիան առանձնահատուկ տեղ ունի իմ սրտում, իմ առաջնեկ Հերը ծնվել է Ադիս Աբեբայում: Մեզ շատ լավ ընդունեց տեղի ծաղկուն հայ համայնքը. եթովպահայերն ուղղակի հիասքանչ էին: Ցավոք սրտի, մեր ժամանելուց մեկ տարի անց պետական հեղաշրջում տեղի ունեցավ իշխող կայսրի դեմ: Հարուստ ու հպարտ հայ համայնքը մեծ հարված ստացավ, եւ շատերը հեռացան: Գեւորգոֆ հայկական դպրոցի մեր աշակերտների մեծ մասը լքեցին երկիրը, եւ ժամանակն էր հավաքվել ու հեռանալ: Եգիպտոսում մենք բացառիկ հնարավորություն ունեցանք ճանապարհորդելու եւ տեսնելու հնագույն բուրգերի, տաճարների եւ հուշարձանների մեծ մասը: Ես սիրով եմ հիշում մեր ճամփորդական արկածներից մեկը մեր սիրելի ընկերոջ՝ նկարիչ Շանթ Ավետիսյանի հետ: Նրա բազմաթիվ զրույցները ֆրանսիացի եգիպտագետ եւ միստիկ Շվալեր դե Լյուբիչի՝ Հին Եգիպտոսի հոգեւոր եւ տիեզերաբանական ընկալումների եւ մարդկային գիտակցության էվոլյուցիայում նրա տեղի մասին, ինձ պարգեւեցին նոր, ավելի լայն ըմբռնումներ: Մեկ այլ հուզիչ իրադարձություն էր Կահիրեում «Գայանե» բալետի առաջնախաղը՝ հայազգի մենապարուհի Սոնյա Սարգիսի (Չամքերթենյան) գլխավոր դերակատարմամբ, Վիլեն Գալստյանի բեմադրությամբ եւ Ռոբերտ Էլիբեկյանի բեմանկարչությամբ: Այն, ինչ նրանք կարողացան անել, պարզապես ապշեցուցիչ էր: Անմոռանալի էր Վիլյամ Սարոյանի այցը Կահիրեի Գալուստյան հայկական դպրոց եւ գրատախտակին նրա թողած ուղերձը: Մենք Եգիպտոսից ճամփորդեցինք Լիբանան, Նիգերիա, որի հյուսիսային Կադունա քաղաքում ծնվեց իմ երկրորդ որդի Տիրը (Դիրր): Այս բոլոր երկրները, նրանց տարբեր մշակույթները, բազմաթիվ հետաքրքրական հանդիպումներն ու մարտահրավերները կազմում են իմ կյանքի արկածախնդրության մի մասը:
–Սուդանի հայ համայնքը, որն այժմ շատ փոքր է, քիչ է հայտնի: Ի՞նչ հիշողություններ ունեք այդ գաղթօջախից:
-Սուդանը մեր վերջին կայանն էր՝ նախքան Կանադա արտագաղթելը: Ութսունականների սկզբին մենք այնտեղ ապրեցինք մոտ երկու տարի: Այն ժամանակ հայ համայնքը մոտ 50 հոգի էր: Սուրբ Գրիգոր եկեղեցին, Ազգային վարժարանը եւ մեր տունը մի համալիրի մեջ էին, որի շուրջը կային բարձր պարիսպներ եւ մի ծանր մետաղյա դարպաս: Շուտով ուժի մեջ մտավ շարիաթի օրենքը, եւ շատ հայեր հեռացան: Կյանքը շատ դժվարացավ, սնունդն ու վառելիքը սակավ էին: Մեզ ավելի կայուն մի վայր էր պետք, եւ այս անգամ որոշեցինք գաղթել անվտանգ մի երկիր, մեր որդիներին կայուն ապագա ապահովել: Երբ մենք մեկնեցինք Սուդանից 1985-ին, այնտեղ մնացել էին միայն քահանան, նրա ընտանիքը եւ մի քանի երեխա: Դպրոցի տնօրենի ու ուսուցիչների կարիք այլեւս չկար:
–Շարունակո՞ւմ եք բանաստեղծություններ գրել: Ի՞նչ լեզվով:
-Ես ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ ուժեղ էր ընթերցանության եւ դասական երաժշտություն լսելու մշակույթը: Բացահայտել եմ տեսողական արվեստներ, ճարտարապետական եւ ինտերիերի ձեւավորման բազմաթիվ նմուշներ: Երեւանում իմ պատանեկության տարիներին գրքի հանդեպ մեծ գնահատանք կար: Ես հաճախ էի հայտնվում Աբովյան փողոցի գրախանութի հերթում՝ նոր հրատարակություն ձեռք բերելու ցանկությամբ: Այսօր համացանցն ունի ամենայն լավագույնը, մեծ առավելություն է այդքան շատ տեղեկատվություն ունենալը, բայց կարդալն ինձ համար մնում է թանկագին մի բան: Պատասխանելով ձեր հարցին՝ ես ժամանակս անց եմ կացնում կարդալով, նկարելով եւ գրելով, երբեմն հայերեն, բայց հիմնականում՝ իտալերեն:
–Ես մեկ անգամ եմ հանդիպել ձեր հանգուցյալ ամուսնուն՝ գրականագետ, գրող եւ մանկավարժ Մանուել Քեոսեյանին: Ենթադրում եմ, որ նրա եւ Զարյան ընտանիքի «գրական գեները» փոխանցվել են ձեր որդուն՝ Տիրին: Ֆեյսբուքում կարդացել եմ Տիրի արտասովոր բանաստեղծությունները…
-Տիրն ի ծնե արվեստագետ է: Երիտասարդ տարիքում նա զբաղվում էր խեցեգործությամբ, նկարչությամբ, գրելով, իսկ ավելի ուշ՝ խորատիպ տպագրության տեխնիկայով: Գրելը նրա կյանքի անբաժան մասն է: Նա գրում է անգլերեն եւ ֆրանսերեն, բայց հիմնականում՝ անգլերեն: Նա արեւելյան փիլիսոփայության եւ պոեզիայի սիրահար է: Տիրն իր գրածներն առցանց տեղադրում է «All Poetry» կայքում: Նրա բանաստեղծությունները կարելի է գտնել »Ուշ գիշերվա բանաստեղծներ» ժողովածուում: Հուսով ենք՝ շուտով հրատարակել նրա բանաստեղծությունները:
–Հաջողությո՛ւն Տիրի բանաստեղծական գրքին, Սիրվա՛րդ: Եվ ես ցանկանում եմ, որ Անաիսը եւ դուք մոտ ապագայում ավարտեք ձեր տատիկի հուշերի թարգմանությունը եւ հրատարակեք այն որպես փայլուն նվեր Կոստան Զարյանի գրականության բոլոր սիրահարներին…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ Սիրվարդ Զարյանը Սանտա Մարինելլայում, Իտալիա, հորաքրոջ՝ Նվարդ Զարյանի ստեղծագործության առջեւ: