Խորհրդային կայսրության անկումից հետո թվով շատ քիչ մեկնաբաններ էին ակնկալում, որ սառը պատերազմը կվերակենդանանա եւ կհասնի ներկայի թեժ մակարդակին: Ժամանակին նախագահ Ռոնալդ Ռեյգանը վստահեցրել էր բոլորին, որ ՆԱՏՕ-ն չի ընդարձակվի եւ չի սպառնա Ռուսաստանին, բայց այդ հավաստիացումը երկար կյանք չունեցավ, եւ ՆԱՏՕ-ն ոչ միայն իր մեջ ներառեց Արեւելյան Եվրոպայի նախկին խորհրդային բլոկի երկրներին, այլեւ սկսեց պաշտպանական հրթիռային հենակետեր կառուցել Լեհաստանում, Ռուսաստանի սահմանին, «եվրոպական դաշնակիցներին պաշտպանելու համար խաբեբա երկրներից»: Սա, ի դեպ, հակառակ այն փաստին, որ Արեւմուտքի հետ կնքած պայմանավորվածության համաձայն, Թեհրանը պարտավորվում էր ոչնչացնել միջուկային զենքի իր մահաբեր զինանոցը:
Յոթանասուն երկար տարիներ միջազգային քաղաքականության խնդիրն էր սահմանափակել Խորհրդային Միության առաջխաղացումը: Այսօր այդ սահմանափակումներն ուղղված են Ռուսաստանի Դաշնության դեմ, որպեսզի նորից չդառնա գերտերություն: Բայց առողջ դատողությունը հուշում է, որ որեւէ երկիր, որի գոյությունը վտանգված է, անպայմանորեն ձգտելու է վերազինվել: Եվ սա է ներկայումս կատարվում աշխարհաքաղաքական արենայումՙ վերընձյուղելով Թուրքիայի նման սառը պատերազմի նախկին մարտիկներին:
Ամեն անգամ, որ Արեւմուտքը որոշի սարդանք հրահրել աշխարհի որեւէ անկյունում, նա անկասկած կարիք է ունենալու Թուրքիայի նման մի երկրի, որին հետագայում պարգեւատրելու է անտեսելով նրա (Անկարայի) արկածախնդրությունները երկրից դուրս կամ բռնություններըՙ երկրի ներսում:
Իր բնութագրական սահմանումով եւ պայմանագրային համաձայնություններով ՆԱՏՕ-ն պաշտպանողական կառույց է, բայց այդ սկզբունքը շատ թույլ ձեւով է կիրառվում Թուրքիայի դեպքում: Մ. Նահանգներն ու Եվրոպան անընդհատ Ռուսաստանին հիշեցնում եւ զգուշացնում են, որ քանի Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, ուստի նրա օդային տարածքի նույնիսկ երեք-րոպեանոց խախտումը նշանակում է ՆԱՏՕ-ի սահմանների խախտում: Բայց Թուրքիան Կիպրոս կղզու ամբողջական տարածքի 39 տոկոսն է օկուպացրել 1974 թվից սկսած եւ ՆԱՏՕ-ական ոչ մի սկզբունք չի արձագանքում դրան:
Նույնը կատարվում է այսօր Իրաքում: Երկու հազար թուրք զինյալներ անօրինական ձեւով տեղակայվել են Մոսուլի մոտակայքում, եւ հակառակ Իրաքի վարչապետի բնութագրմանը, որ կատարվածը ներխուժում է եւ խախտում է ինքնիշխան պետության իրավունքները, ոչ մի ՆԱՏՕ-ական սկզբունք չի սաստում Թուրքիային:
Նույն սցենարը գործում է նաեւ Սիրիայում: Ավելին, որոշ քաղաքագետներ Եվրոպայում համարում են, որ Թուրքիայի հանցագործությունը ծառայում է Սիրիայի տարածքի որոշ մի մասի «ազատագրմանը»:
Երկակի ստանդարտների այս կիրառումը շատ հարմար է քաղաքական կամակատարների համար: Բացի բոլոր սկզբունքների փաստական խախտումներից նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը նաեւ ավելի համարձակ երազներ է փայփայում վերականգնելու նախկին Օսմանյան կայսրությունըՙ վերանվաճելով բոլոր այն երկրները, որոնք հազարավոր տարիներ գտնվել են օսմանյան լծի ներքո որպես հպատակներ:
Իր արտասահմանյան արկածախնդրություններից անպատիժ մնալուց հետո, նախագահ Էրդողանը զայրույթը թափեց իր սեփական ժողովրդի վրա: Ամռանը տեղի ունեցած կեղծ հեղաշրջման փորձը «աստվածատուր հնարավորություն» բնութագրելով, նա դուրս է եկել ուրվականների որսի, որի գլխավոր թիրախը քուրդ ժողովուրդն է: Զանգվածային ձերբակալությունները, աշխատանքից վտարելներն ու հակաօրինական սպանությունները գլխապտույտ առաջացնող թվերի են հասել: 105 հազար մարդ մատնված է հարկադրված գործազրկության, 74 հազարը գտնվում են բանտերում, իսկ 34 հազարն էլ կալանավորված է դեռեւս վարույթում գտնվող հայցերի կապակցությամբ: Հետաքննություններ են կատարվում 40 հազար մարդու գործով, 2,346 մտավորականներ ազատվել են գործից, 133 լրագրողներ բանտարկված են, իսկ 2,308 ուրիշներՙ ժամանակավորապես հեռացվել աշխատանքից: Փակվել են 16 հեռուստակայաններ, երեք լրահոս աղբյուրներ, 47 թերթեր եւ 23 ռադիոկայաններ:
Զարմանալ կարելի է, թե ինչպե՞ս է ժողովուրդը քվեարկում հօգուտ Էրդողանի եւ նրա իսլամիստական կուսակցությանըՙ որպեսզի շարունակեն մնալ իշխանության ղեկին: Պատասխանը պարզ է. Էրդողանը վարպետացել է վախ սերմանելու մեջ: Վերջերս էր, որ նա իր հիացմունքն էր արտահայտել Հիտլերի նկատմամբ, որ վախի վրա էր հիմնել իր նացիստական կայսրությունը:
Այդուհանդերձ փաստ է, որ վախի վրա հիմնված եւ ոչ մի համակարգ կամ վարչակարգ երկար դիմանալ չի կարող: Նացիստական Գերմանիան փլուզվեց, ճապոնական միլիտարիզմը կործանվեց եւ նույնիսկ ավելի երկար դիմացող Խորհրդային կայսրությունն իր մայրամուտն ապրեց:
Էրդողանի կառավարությունն էլ կարծես շատ առաջ գնաց: Համբերության բաժակը լցվեց, երբ ընդդիմադիր «Ջումհուրիետ» օրաթերթի խմբագիր Ջան Դյունդարի ձեբակալման կարգադրագիրը ստորագրվեց եւ քրդամետ HDP կուսակցության երկու առաջնորդներՙ Սելահեդդին Դեմիրդաշն ու Ֆիգեն Յուկսեկդաղը բանտարկվեցինՙ HDP-ի 11 այլ անդամների հետ: Անցյալ մայիսին էլ, ինչպես գիտենք, իշխող AKP կուսակցությունը կարողացել էր խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկել HDP-ի պատգամավորներին: Այժմ Դիյարբեքիրի երկու համաքաղաքապետերն էլ են բանտարկված:
Գերմանիայում ապրող Դյունդարը մի հարցազրույցի ժամանակ ասել է. «Թուրքիան ստիպված է լինելու ընդտրություն կատարել ժողովրդավարության եւ ճնշումների միջեւ: Եվրոպան նույնպես ընտրություն պետք է կատարի: Ցանկանո՞ւմ է Թուրքիային տեսնել որպես ճնշումներ բանեցնող վարչակարգի, թե՞ որպես ժողովրդավարական եւ աշխարհիկ ու ազատ երկրի: Դա լակմուսաթուղթի փորձարկում է լինելու ինչպես Գերմանիայի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի համար»:
HDP կուսակցությունից մեկ ուրիշ պատգամավորՙ հայազգի Կարո Փայլանը վերջերս Մ. Նահանգներում էր: Թուրքիա վերադառնալուց հետո, նրան չթույլատրեցին մեկնել Մարսել, Ֆրանսիա, մասնակցելու մի միջոցառման: Յուրաքանչյուր հայի սրտում վախ կա նրա կյանքի նկատմամբ, քանի որ նա եւս ընտրել է Հրանտ Դինքի ճանապարհը:
Ամբողջ աշխարհում եւ հատկապես Եվրոպայում բողոքի ցույցեր են տեղի ունենում կանոնավորապես: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս 40 հազար հայց է ստացել ընդդեմ Թուրքիայի: Մինչ այդ 7,500 հայցեր արդեն քննարկվել էին կառույցում:
«Ջումհուրիետ» թերթի փակման առթիվ Անգելա Մերկելի հնչեցրած քննադատությունը սվիններով ընդունեցին Թուրքիայի կառավարական լրատվամիջոցները: Նրան մեղադրեցին «ահաբեկիչներին պաշտպանելու» մեջ: «Այդ բնութագրումը այժմ տրվում է բոլոր նրանց, ովքեր դեմ են կառավարությանը, պետությանը, ներառյալ նույնիսկ Գերմանիային, որին կառավարությունը երեկ հռչակեց ահաբեկիչներին սատարող», գրված էր «Էլ Մոնիտորում» հրատարակված անստորագիր մի նամակում, որի եզրակացությունը հետեւյալն էր. «Թուրքիան հետեւողականորեն ընթանում է դեպի ֆաշիզմը»:
Արձագանքելով Թուրքիայում կատարվող իրադարձություններին, Եվրոմիության արտաքին քաղաքականության ղեկավարՙ Ֆեդերիկա Մողերինին նշել է, որ «չափազանց մտահոգված է» ձերբակալությունների առնչությամբ: Նա իր մտահոգությունը հայտնել է Թուրքիայի արտաքին գերատեսչության եւ Եվրոմիության գործերի նախարարների հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Իսկապես լուրջ մտագոհություն կա Եվրոպայում եւ Մ. Նահանգներում Թուրքիայում ապրող քուրդ եւ ընդհանրապես թուրք ժողովուրդների ճակատագրերի նկատմամբ, որոնք կառավարական տեռորի խելացնոր մղձավանջի մեջ են ապրում: Բայց Եվրոպայում կառավարությունները միակարծիք չեն այն հարցում, թե ինչպես պետք է վարվեն վերահսկողությունից դուրս եկած այդ իրավիճակի հետ:
AKP կուսակցության եւ կառավարության վարքագիծը բնութագրելիս, օրինակ, Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբոռնը բարկացած նշեց. «Անկեղծ ասած, միջոցներ կան, իհարկե, որոնք օգտագործվեցին նացիստների ժամանակներում, բայց դրանք իրոք չափազանց վատ ավարտ կունենան»: Նա առաջարկեց տնտեսական բեռնարգելքներ կիրառել, հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ Եվրոմիության անդամակցության ձգտող Թուրքիայի արտահանումների 50 տոկոսը Եվրոմիություն է գնում, իսկ Թուրքիայում ներդրումների 60 տոկոսը գալիս է այդ բլոկից: «Բայց կգա ժամանակը, երբ մենք այլընտրանք չենք ունենա, բացի բեռնարգելքներ դնելուց, որպեսզի կարողանանք հակակշռել մարդու իրավունքների խախտման անտանելի կացությունը (Թուրքիայում)», ասաց նա:
Թուրքիայի արտգործնախարար Մեվլուտ Չավուշօղլուի Գերմանիայի կառավարության հասցեին ուղղված կշտամբանքները կուլ տալուց հետո, ներքին գործերի նախարար Թոմաս դը Մայզիերը կարեւորելով քաղաքագետների եւ մտավորականների ձերբակալումների, ինչպես նաեւ մամուլի եւ խոսքի սահմանափակումների դեմ ուղղված քննադատության հարցը, այդուհանդերձ նշել է, որ պետք է նաեւ հաշվի առնել այն, որ Թուրքիան, լինելով Սիրիայի սահմանակիցը, գլխավոր դաշնակիցն է ահաբեկչության դեմ մղվող պայքարում: «Ճիշտ մոտեցումը կլինի տարբեր հայեցակարգ մշակելՙ հաշվի առնելով նաեւ մեր շահերը», ասել է նա:
Մյուս կողմից կանցլեր Մերկելի խոսնակը նշել է, որ Բեռլինը չի մասնակցի հնարավոր բեռնարգելքներ մշակելու քննարկումներին:
Ամերիկայի պետքարտուղարության քննադատությունը նույնպես բավական թույլ էր: Խոսնակ Ջոն Քիրբին ասաց, որ «Մ. Նահանգները խորապես մտահոգված է խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների կալանավորման եւ… համացանցի հասանելիության կառավարական սահմանափակումների առնչությամբ»: Նա նաեւ քննադատեց նախանցյալ ուրբաթ օրվա ռմբակոծությունները եւ PKK-ին հորդորեց «դադարեցնել անիմաստ եւ դաժան հարձակումները»:
Այս բոլորին գումարած, Մոսկվան բանակցում է Անկարայի հետՙ կրկնապատկելու համար իր բնական գազի վաճառքը այդ երկիր, եւ թուրքական բանակին նոր պաշտպանական հրթիռային համակարգ տրամադրելու համար:
Ամբողջ Եվրոպայով մեկ եւ Մ. Նահանգների որոշ քաղաքներում մարդիկ բողոքի իրենց ձայնն են հնչեցնում ստեղծված իրավիճակի առնչությամբ: Իսկ որտե՞ղ է հայերիս զորակցությունը քրդերին: Ինչո՞ւ քուրդերն աջակցելու են մեր հատուցման պահանջներին վաղը, երբ այսօր մենք անտարբեր ենք իրենց պատուհասած ծանր վիճակի հանդեպ: Նույնիսկ Հայաստանի կառավարությունը պետք է դատապարտի Թուրքիայում մարդու իրավունքների խախտումները, իսկ սփյուռքահայությունը պետք է մասնակցի քուրդերի քաղաքական բողոք-ցույցերին: Թուրքիայում ինչպես մեր ազգի 75 հազար եղբայրների ու քույրերի, այնպես էլ 22 միլիոն քուրդերի կյանքը վտանգված է:
Թուրքիայում տիրող իրավիճակի մասին պատկերացումներն ի մի բերելու համար բավական է մեջբերել մի հատված «Վաշինգտոն փոստ» պարբերականում հրատարակված Ասլի Այդինտասբաշի հոդվածից: Նա գրում է. «Թուրքիայի մասին պատմությունը արագորեն դառնում է մի սրտաճմլիկ սագա նորափթիթ մահմեդական ժողովրդավարության մասին, որը դեն է շպրտում առաջընթացի պատմական հնարավորությունը, որպեսզի հաստատի մերձավորարեւելյան բռնատիրության ծանոթ մի մոդելՙ տուրք տալով անցյալ ժամանակների անհատի պաշտամունքի գայթակղությանը: Մեկ տասնամյակ առաջ աշխարհը ողջունում էր Թուրքիայի իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը (AKP)ՙ իր բարեփոխումների եւ դեպի Եվրոմիության անդամակցություն կատարած առաջընթաց քայլերի համար: Ես ինքս գովաբանում էի AKP-ի «մահմեդական ժողովրդավարության» նոր բրենդը, որն այդ ժամանակ հուսալի այլընտրանք էր թվում ե՛ւ քեմալական կարծրատիպային աշխարհիկության, ե՛ւ արմատական իսլամության միջեւ: Մեկ տասնամյակ անց Թուրքիան հազիվ է կարողանում քաղաքակիրթ հարաբերություններ վարել իր արեւմտյան դաշնակիցների հետՙ արագորեն գահավիժելով օրինական երկրի իր դիրքից եւ դառնալով Եվրոպայի աչքի փուշը»:
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, Armenian Mirror-Spectator