Նոր խորհրդարանը կաշխատի նոր, այժմյանից էականորեն տարբերվող կանոնակարգով: Ազգային ժողովի` այժմ առկա մարմիններին ավելացել է նոր կառույց` ԱԺ խորհուրդը, որը գումարվելու է հերթական նստաշրջանի երկուշաբթի օրերը, ձեւավորելով օրակարգն ու քննարկելիք հարցերի հաջորդականությունը: Նոր գումարման խորհրդարանում նստաշրջանի առաջին եւ վերջին հերթական նիստերն են միայն գումարվելու երկուշաբթիից հինգշաբթի, իսկ մյուս նիստերը` երեք շաբաթը մեկ անգամՙ երեքշաբթիից ուրբաթ: Ընդ որում` հերթական նիստերը կտեւեն ժամը 10:00-ից մինչեւ 18:00, օրակարգը չսպառելու դեպքում դրանք կարող են շարունակվել այնքան (բայց երեք օրից ոչ ավելի), մինչեւ հարցերը սպառվեն: Օրենքները երկու ընթերցում են անցնելու, երրորդ ընթերցման անհրաժեշտություն կծագի, երբ հեղինակը դիմի ԱԺ-ին` այն խմբագրելու անհրաժեշտությունից ելնելով:
ԱԺ-ն նաեւ ստեղծելու է վերահսկողական մարմին` ԱԺ քննիչ հանձնաժողով, երբ դա, հանրային հետաքրքրության հարցերին առնչվող փաստերը պարզելու համար, անհրաժեշտ համարի պատգամավորների մեկ քառորդը, սա գործիք է` ստեղծված ընդդիմության համար:
Արտահերթ նիստեր եւս գումարվելու են, որտեղ առավելաբար քննարկվելու են հանձնաժողովներով անցած նախագծեր: Ազգային ժողովը նաեւ օժտվում է կառավարությանն ու վարչապետին անվստահություն հայտնելու մեխանիզմներով: Կանոնակարգ-օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորներն առաջարկում էին իրենց վճարովի օգնականների թիվն ավելացնել, իսկ գործուղման մեկնած պատգամավորի քվեարկելու լիազորությունը, գրավոր համաձայնության առկայությամբ, փոխանցել խմբակցության ղեկավարին: Խմբակցությունից պատգամավորի հեռանալ-չհեռանալու մեխանիզմներին եւս անդրադարձներ եղան: Էականորեն կրճատվում է պատգամավորների ելույթի եւ հարց տալու համար հատկացված ժամանակը: