Մինչեւ 2008-ը Հայաստանը ցածր արտաքին պարտքի բեռ ունեցող երկրների թվում էր: 2007-ին, մեր երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 9,2 մլրդ դոլար էր (տարեկան միջին փոխարժեքը 1 դոլարը 342 դրամ), իսկ արտաքին պարտքըՙ 1 մլրդ 448 մլն դոլար կամ համախառն ներքին արդյունքի 15 տոկոսը: Սակայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարվանիցՙ 2009-ից սկսած Հայաստանի արտաքին պարտքային բեռը նկատելիորեն ավելացավ: 2009-ին մեր երկրի ՀՆԱ-ն կազմեց 8,6 մլրդ դոլար (տարեկան միջին փոխարժեքը 1 դոլարը 363 դրամ), իսկ արտաքին պարտքը ավելացավ մինչեւ 2 մլրդ 996 մլն դոլարի, կազմելով համախառն ներքին արդյունքի 34 տոկոսը:
Եթե ճգնաժամի եւ դրան հաջորդած տավա ընթացքում արտաքին պարտքի բեռի ավելացումը պայմանավորված էր ծախսերի կրճատում եւ սոցիալական իրավիճակի վատթարացում թույլ չտալու նպատակահարմարությամբ, ապա վերջին երկու տարիներինՙ տնտեսական ակտիվության խթանման անհրաժեշտությամբ: Ընդհանրապես, վարկ վերցնել տնտեսություն աշխուժացնել, թե՞ չվերցնել եւ արտաքին պարտքի բեռը չավելացնել, այս երկընտրանքը միշտ էլ առկա է: Միանշանակ պատասխան այս հարցին չկաՙ կան իրավիճակներ, երբ հրատապ է վարկեր վերցնելը եւ իրավիճակներ, երբ այլեւս պետք է հնարավորինս զերծ մնալ դրանից: Այլ հարց է , թե կոնկրետ ի՞նչ նպատակով կարելի է վարկեր վերցնել, ինչ նպատակովՙ ոչ: Ամեն դեպքում, հետճգնաժամային շրջանում Հայաստանի վերցրած վարկերից հետո, 2015-ին 10,5 մլրդ դոլար ՀՆԱ-ի պարագայում, մեր արտաքին պարտքը հասավ 4 մլրդ 317 մլն դոլարի կամ ՀՆԱ 41 տոկոսին:
Ինչ վերաբերում է այս տարվան, ապա, ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կանխատեսմամբ, տարեվերջին Հայաստանի արտաքին պարտքը կհասնի ՀՆԱ-ի 49 տոկոսին: 2016-ի 10 ամիսների արդյունքով, Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 4 մլրդ 543 մլն դոլար, որը, թեեւ նախորդ ամսվա համեմատ նվազել է 48,5 մլն դոլարով, բայց անցյալ տարեվերջի համեմատ ավելացել է մոտ 227 մլն դոլարով:
Եթե նկատի ունենանք, որ տնտեսական աճի տեմպը այս պահի դրությամբ 0,4 տոկոս է, ապա կարելի է ասել, որ եկել է այն պահը, երբ պետք է դիմել երկրորդ տարբերակինՙ զերծ մնալ վարկերի հախուռն ձեռք բերումից: Հակառակ դեպքում, երբ չունենք տնտեսական աճի բարձր տեմպ, արտաքին պարտքի նույնքան էլ հախուռն աճը այն կարող է դարձնել ռիսկային: Զարգացումների նման ընթացք թույլ չտալու մասին վարչապետը, ֆինանսների նախարարը եւ կառավարության այլ ներկայացուցիչներ արդեն հայտնել են: Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունն այս հարցում նախորդ երկու կառավարությունների մոտեցումից արմատապես տարբերվող որոշում է կայացրելՙ վարկեր վերցնել ըստ առաջնահերթությունների, իսկ վարկերի իրացման գրասենյակներըՙ ԾԻԳ-երը կրճատել եւ փոխադրել խնայողական ռեժիմի:
Օրերս կառավարությունում դոնոր կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ վարչապետն անդրադարձել է այդ հարցին: Նա տեղեկացրել է, որ արդեն լուծարվել են 5 ԾԻԳ-եր եւ սկսվելու է դրանց օպտիմալացման հաջորդ փուլը: Միեւնույն ժամանակ, հանդիպման ընթացքում քննարկվել են վարկային ծրագրերի առաջնահերթությունները, որոնց մասին Կարեն Կարապետյանն ասել է, որ ընտրություն է կատարելու, թե ո՞ր վարկային ծրագիրն է համարվելու առաջնահերթ եւ ֆինանսավորման ենթակա:
Այսինքն, ըստ կառավարության նոր մոտեցման, միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկեր վերցնելը չպետք է դառնա խնդիրներին ժամանակավոր լուծում տալու հեշտ, բայց վճարման ծանր բեռ եւ բարդություններ ստեղծող ճանապարհ: Ինչ վերաբերում է, թե ի՞նչ նպատակների համար պետք է վարկեր վերցնել, ապա պատասխանը միանշանակ էՙ բացառապես կենսական անհրաժեշտության կարիքների բավարարման եւ հետագա արդյունք ապահովող ծրագրերի համար: Դրանք են ենթակառուցվածքներիՙ ջրամբարների, ճանապարհների, էներգետիկ օբյեկտների կառուցում եւ հիմնանորոգում, ջրամատակարարման բարելավում, բիզնեսի, հատկապես փոքր եւ միջին բիզնեսի եւ առավելապես արտադրական եւ գյուղատնտեսական ոլորտների ձեռնարկությունների վարկավորման համար արտոնյալ պայմաններով վարկեր, գյուղատնտեսության համար գյուղտեխնիկայի, սերմացուի, պարարտանյութերի ձեռք բերման համար վարկեր, միջպետական արտոնյալ վարկեր, որոնք ուղղված են մեր երկրի պաշտպանության ամրապնդմանը, ինչպես Ռուսաստանից զինտեխնիկա ձեռք բերելու նպատակով վերցված 200 մլն դոլարի արտոնյալ վարկն էր եւ մեր էներգետիկ անվտանգությունն ապահովելու նպատակով դարձյալ Ռուսաստանից Հայկական ԱԷԿ-ի գործունեության ժամկետի երկարացման համար ձեռք բերած 270 մլն դոլար արժողությամբ արտոնյալ վարկը (30 մլն դոլար էլ դրամաշնորհ) եւ այլն:
Մյուս կողմից, պետք է ընդհանրապես բացառել զանազան խորհրդատվական ծառայությունների, տարբեր նախարարություններում, պետական գերատեսչություններում «կառուցվածքային բարեփոխումներ» անվամբ կասկածելի արդյունավետությամբ, իսկ իրականում փոշիացվող ծրագրերի, պարտք մարելու նպատակով նոր վարկեր վերցնելու, բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նպատակով եւ նմանատիպ այլ գործողությունների ֆինանսավորումից: Ընդհանրապես, վարկ վերցնելը պետք է ընկալվի որպես ծայրահեղ անհրաժեշտության քայլ, եթե մեր միջոցներով չենք կարողանում իրականացնել այս կամ այնՙ հատկապես խոշոր եւ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերը: