Դանիայի խորհրդարանը երեկ իր լիագումար նիստում քվեարկության դրեց «Հայոց ցեղասպանության մասին» վերնագրով բանաձեւը: Դանիայի խորհրդարանն այն ընդունեց ձայներիՙ 89 կողմ, 9 դեմ եւ 11 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Նշենք, որ բանաձեւը դանիական խորհրդարանում քննարկվել էր հունվարի 19-ին:
Բանաձեւով, սակայն, Դանիան ոչ թե ճանաչում է Հայոց ցեղասպանությունըՙ որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն, այլՙ «Խորհրդարանն ափսոսանք է հայտնում առ այն, որ թուրքական օրենսդրությունն արգելում է քաղաքացիներին եւ ԶԼՄ-ներին օգտագործել «ցեղասպանություն» եզրույթն իրադարձությունների առնչությամբ եւ կարծում է, որ սա ե՛ւ գիտական, ե՛ւ խոսքի ազատության անողջամիտ սահմանափակում է` առանց այս եզրույթն օգտագործելու»:
Բանաձեւով խորհրդարանը վերահաստատել է 2015 թվականի մայիսի 19-ի իր որոշումը, որը դատապարտում էր «հայերի նկատմամբ իրականացված ջարդերը եւ այլ բռնությունները»:
Զուգահեռաբար, Իսպանիային մաս կազմող Կատալոնիայի Սաբադել քաղաքի քաղաքապետարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները երեկ ստորագրել են համատեղ հայտարարություն, որի համաձայն Օսմանյան կայսրությունում 1915-ին հայերի հետ տեղի ունեցած իրադարձությունները բնորոշվել է որպես ցեղասպանություն եւ հանցագործություն մարդկության դեմ: Հայտարարաության տեքստում մասնավորաբար ասվում է. «Մարդկության դեմ գործած ցանկացած հանցանք պետք է դատապարտվի, որպեսզի նման բաներ չկրկնվեն աշխարհի ոչ մի անկյունում, որեւէ ազգի, ռասայի կամ դավանանքի ներկայացուցիչների հետ: Սաբադելի քաղաքային իշխանությունները պաշտոնապես ճանաչում են Հայոց ցեղասպանությունը»:
Օբամայի 18-րդ խոստումը
Ամերիկյան հեղինակավոր The Washington Post-ի թղթակից Քիմ Սոֆենն անդրադարձել է ԱՄՆ` արդեն նախկին նախագահ Բարաք Օբամայի 8-ամյա նախագահությանըՙ թվելով դեռեւս նախագահական քարոզարշավի ժամանակ նրա տված խոստումները: Նա առանձնացրել է Օբամայի խոստումներըՙ ըստ «իրականացված», «չիրականացված» եւ «փոխզիջումներով» բաժինների:
Ըստ The Washington Post-ի թղթակցի, Օբաման իրականացրել է քարոզարշավի շրջանակներում արած 11 խոստում, փոխզիջումների գնալովՙ իրականացրել կամ այդ հարցում ընդհանուր եզրակացության հանգել 12 խոստումների շուրջ:
Ըստ լրագրողիՙ Օբաման չի իրականացրել իր խոստումներից 17-ը: Այսպիսով` նա չի իրականացրել իր խոստումների մեծ մասը:
Ուշագրավ է, որ լրագրողն այդ բաժանումներն անելիս ներկայացրել եւ մանրամասնել է Օբամայի խոստումները, սակայն ոչ մի անդրադարձ չի կատարել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, որը նույնպես ընդգրկված էր ԱՄՆ նախկին նախագահի ընտրական քարոզարշավի խոստումների ցանկում:
Հոդվածի ներքեւում մեկնաբանություն արած` Տիգրան Գրիգորյան անունով օգտատերն իր վրդովմունքն է հայտնել այդ կապակցությամբ` հիշեցնելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Օբամայի խոստման մասին: Նա, որպես փաստ, տեղադրել է վերոնշյալ խոստումիՙ Youtube-ում զետեղված տեսանյութը:
«Օբաման իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում խոստացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա ուներ դա անելու 8 հնարավորություն: Աշխարհում ամբողջ հայությունն այն ճանաչում է ամեն ապրիլի 24-ին, սակայն նա հրաժարվեց դա անել»,- գրել է հայ օգտատերը:
Իսկ սարդն ո՞վ է
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ ինքն այս պահին դեռ չգիտիՙ մասնակցելո՞ւ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Միայն նշել է, որ բանակցությունների մեջ է որոշ քաղաքական ուժերի եւ գործիչների հետ, որոնց ավարտից հետո միայն կհստակեցնի իր քաղաքական պլանները:
Ապա պարոն Ղուկասյանը խոսել է հայաստանյան ընդհանուր քաղաքական դաշտից: Գյումրու նախկին քաղաքապետն ասել է. «Այս քաղաքականությունը, որ ՀՀ-ում հիմա ստեղծված է, դա մի քաղաքական սարդոստայն է, եւ ընդհանրապես, հայ ժողովրդին հարիր չէ այս քաղաքականությունը, մենք ավելի լավ ազգ ենք, կարող էինք ավելի գեղեցիկ քաղաքականություն ստեղծել ՀՀ-ում: Ցավոք, շատ վատն է մեր քաղաքականությունը` ոչ միայն այսօրվա, այլեւ վերջին մի քանի տարիների»:
Պարոն Ղուկասյանի այս ձեւակերպումներն ընդունենք որպես Գյումրվա նոր անեկդոտ, պարզապես հետաքրքրական է մեկ հարց, ո՞վ է ուրեմն սարդը: