Ուզբեկստանի նոր նախագահ Շավկատ Միրզիյաեւը բոլորովին վերջերս հայտարարեց, որ ինքը հայտնաբերել է, թե ինչպես պետք է վերացնել աղքատությունը: Ճիշտ է, պարոն նախագահը խոսում էր Ուզբեկստանի աղքատության մասին, բայց նրա առաջարկած մեթոդն այնքան անվրեպ ու լավն է թվում, որ կարելի է ներմուծել ու կիրառել այլ երկրներում եւս: Այսպես, դիմելով ուզբեկ ազգաբնակչությանը, նախագահ Միրզիյաեւը նրանց հորդորեց, որ հավ պահեն: Բոլորը, ամեն մեկն ասենքՙ հինգ հավ, եւ քանի որ հավն առանց աքլոր միայն միս է, նաեւՙ առնվազն մեկական աքլոր: Ըստ Ուզբեկստանի նախագահի, հավը իրեն պահելու ծախսեր չի պահանջում, փոխարենը ձու է ածում, ինչն արդեն սնունդ է, իսկ երբ նրանք շատանում են, կարելի է մորթել, իսկ միսըՙ բոլոր ժամանակների մարդու հիմնական սնունդն է: Փաստորեն լուծելով բնակչության սննդի հարցը, նախագահ Միրզիյաեւը հույս ունի, որ այլեւս ոչ մի ուզբեկ իրեն աղքատ չի համարի, քանի որ եւ ձու կունենա, եւ հավ, եւ հավի միս:
Ասեք, որ լավ գաղափար է, գոնե հետաքրքրական է, ընդ որում ոչ թե այն, թե հնարավո՞ր է արդյոք ձվով կշտանալ եւ աղքատ չզգալ, այլ այն, թե ինչպե՞ս են Տաշքենդի կենտրոնում բնակվող հարգարժան ուզբեկներն իրենց բնակարաններում հավ պահելու:
Մեզ որեւէ մեկը նման առաջարկություն չի անում: Կնշանակի կա՛մ հայաստանյան հավի եւ ձվի շուկայում մենաշնորհ է, առնվազն այնտեղ մտնելու տեղ չկա, կամ պարզապես չեն մտածում, որ սա կարող է աղքատության վերացման արդյունավետ միջոց լինել, կամ էլ բոլորս էլ հասկանում ենք, որ մենք աղքատ ենք ոչ թե որովհետեւ ուտելու բան չունենք, այլ բոլորովին այլ պատճառներով:
Ինձ, օրինակ, հայաստանյան աղքատության հնարավոր պատճառներից ուտելու բան չունենալը հիմնավոր չի թվում: Մենք միշտ էլ ուտելու բան ունենք, եթե ոչ սառնարաններում, ապա գոնե խորհրդարանում, կառավարությունում, հանրահավաքների ժամանակ հրապարակների ամբիոններում, եւ վերջապես բարեկամության, գործընկերների, անգամ նեղ ընտանեկան շրջանակներում. իրա՛ր: Ընդ որում ճաշացանկը բազմազան է. կան նյարդեր, խելք, սիրտ, համբերություն, կյանք եւ այլն: Այնպես որ ուտելու հարցում, ավելի ճիշտՙ ուտելիքի, մենք խնդիր չունենք: Սա նշանակում է, որ մեզ հավ պահել ոչ ոք չի առաջարկում, կամ որովհետեւ հավի եւ ձվի շուկայում մենաշնորհ է, կամ էլ քանի որ մենք աղքատ ենք բոլորովին այլ պատճառով, ոչ ուտելիքի բացակայությամբ հիմնավորված:
Անկեղծ ասածՙ Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդ, որքան էլ ցանկանա ժամ առաջ հասնել այս իշխանությունների եւ նրանց հաստատած տոտալիտար բռնապետության ու մենաշնորհների կործանմանը, չի կարող պնդել, որ հավի եւ ձվի հայաստանյան շուկայում մենաշնորհ կա: Այս շուկայում ով ձու ունիՙ վաճառում է: Կամ ով հավ ունիՙ ձու էլ ունի: Ուրեմն խնդիրն այն է, որ մեր աղքատության պատճառը ուտելիքի բացակայությունը չէ: Ավելի ճիշտ, եթե մեզ ամեն օր տասը ձու տան եւ մեկ հավ (գրիլ), միեւնույն էՙ մենք աղքատ կմնանք:
Ուրեմն ո՞րն է պատճառը: Կզարմանաք, բայց շատ ուտելը: Բանն այն է, որ ըստ հաստատված արժեհամակարգիՙ երջանիկ է ոչ թե նա, ով ուտելու բան ունի եւ քնելու տեղ, այլ նա, ով կարողանում է ուտել ոչ միայն այն ինչն իրենն է: Ընդ որում, խոսքը ոչ միայն մի քանիսի մասին է, ովքեր երկրում հայտնի են որպես լավ ուտողներ, այլ այն հաց վաճառողի, օրինակ, որը 200 դրամանոց հացի դիմաց 500 դրամանոց է ստանում եւ 200 դրամ մանր վերադարձնումՙ հույս ունենալով, որ գնորդը չի նկատի պակաս հարյուր դրամը: Հաց վաճառողն էլ հո օլիգարխ չէ՞ կամ մոլատեր, սովորական մարդ է, հազիվ հասցնում է ծայրը ծայրին, հաճախ ցույցերի է գնում, այս ամենից ու բոլորից հոգնել է, համատարած խաբեությունից զզվել է, ամեն տարի մասնակցում է Գրին քարտի խաղարկությանը, բայց ինչպես ամեն հարցում, այդտեղ էլ բախտը չի բերում: Ուրեմն հենց նա հարյուր դրամ շատ է ուտում, ոչ իր հարյուր դրամը: Դուք երեւի երկրորդ անգամ զարմանաք, բայց մենք աղքատ ենք, ոչ թե որովհետեւ մի քանի մեծահարուստներ շատ են ուտում, այլ քանի որ հաց վաճառողներն են շատ ուտում: Բանն այն է, որ մեր ունեցած փողը մեծահարուստներին չի հետաքրքրում, հետեւաբար այն նրանք չէ, որ տանում են: Նրանք էլ են տանում, բայց իրարից: Նաեւ երկրի՞ց, իհարկե նաեւ երկրից, ինչպես մենք, երբ սեփական տունն ունենք, բայց շրջապատում ծիծաղելով պատմում ենք, թե վերջին անգամ 96 թվին ենք (օրինակ) գույքահարկ մուծել:
Դրա համար էլ աղքատ ենք: Եթե հարուստ լինեինքՙ գույքահարկ կմուծեինք, ավելի ճիշտՙ եթե գույքահարկ մուծեինքՙ հարուստ կլինեինք… Երեւի: